• cultural.am
  • Գրականություն
  • Գրականություն
  • Սիրելի Սքոթ, սիրելի Զելդա: Ֆ. Սքոթ և Զելդա Ֆիցջերալդների սիրային նամակները

Սիրելի Սքոթ, սիրելի Զելդա: Ֆ. Սքոթ և Զելդա Ֆիցջերալդների սիրային նամակները

    Ֆիցջերալդի հարբեցողության և Զելդայի հոգեկան հիվանդության, Սքոթի մասնագիտական վերելքների (վայրէջքների) և Զելդայի հասարակական մեկուսացման ընթացքում Սքոթ և Զելդա Ֆիցջերալդների իրար հանդեպ նվիրվածությունը տևել է ավելի քան 22 տարի: Այս երկու հմայիչ և չափազանց տաղանդավոր գրողների սիրո պատմությունը կարելի է տեսնել նրանց իսկ նամակներում, որոնք հրատարակվել են «Սիրելի Սքոթ, սիրելի Զելդա: Ֆ. Սքոթ և Զելդա Ֆիցջերալդների սիրային նամակները» գրքով՝ 333 նամակներում, որտեղ ներկայացված է Ֆիցջերալդների ամուսնության ծավալուն պատմությունը: Նամակները խմբագրել են Ֆիցջերալդի ուսանողները՝ Ջեքսոն Ռ. Բրայերը և Քեթի Վ. Բարքսը:

      1919թ. գարուն, Զելդա Սեյրից Սքոթին
     Սիրելիս, խնդրում եմ, մի ընկճվիր այդքան: Շուտով մենք կամուսնանանք, և այս միայնակ գիշերները հավիտյան կվերջանան: Եվ մինչ մենք առանձին ենք, ես սիրում եմ, սիրում եմ օրվա և գիշերվա ամեն մի րոպեն: Այս ամենից միայն ցավ եմ զգում, և չեմ կարող պատմել քեզ այդ մասին: Եթե միասին լինեինք, դու կզգայիր՝ որքան ուժեղ եմ քեզ սիրում: Դու այնքան քնքուշ ես, երբ մելամաղձոտ ես: Սիրում եմ քո այդ տխուր քնքշությունը, երբ քեզ ցավ եմ պատճառել: Դա էր պատճառներից մեկը, որ չկարողացա երբեք ներել zelda scott fitzgeraldինձ մեր վեճերի համար, որոնք քեզ այդքան անահանգստացրել են: Այդ թանկ, շատ թանկ փոքրիկ հուզումնալից ապրումները, երբ այդքան դժվարությամբ փորձում էի ստիպել քեզ համբուրել ու մոռանալ: Սքոթ, աշխարհում ոչինչ չկա, որ կուզեի քեզանից ու քո թանկարժեք սիրուց ավելի: Բոլոր նյութական բաները ոչինչ են: Ես չէի ցանկանա թշվառ, անգույն գոյությունս քարշ տալ միայն և ամեն ինչ կանեի քո սիրտն ինձ մոտ պահելու համար: Ես չեմ ուզում ապրել, ես նախ ուզում եմ սիրել և հետո ապրել պատահականորեն: Երբեք չմտածես այն բաների մասին, որ չես կարող տալ ինձ: Դու ինձ էիր վստահել աշխարհի ամենասիրասուն սիրտը, դա շատ հիմար արարք էր, ավելի հիմար, քան երբևէ ինչ-որ մեկն արել է: Ինչպե՞ս կարող ես միտումնավոր ապրել առանց ինձ: Եթե մահանայիր, օ՜, սիրելիս, իմ սիրելի, Սքոթ… Դա նման կլիներ կուրանալուն, ես այլևս կյանքի նպատակ չէի ունենա, կլինեի ընդամենը մի գեղեցիկ դեկորացիա: Չե՞ս կարծում, որ հենց քեզ համար եմ ստեղծված: Ինձ թվում է՝ ես քո պատվերն եմ, որ ուղարկվել եմ քեզ, որ կրես: Ուզում եմ, որ ինձ կրես ինչպես մի ժամացույց, թալիսման կամ փոքրիկ ծաղկեփունջ: Իսկ հետո, երբ մենք միայնակ կլինեինք, ուզում եմ՝ հասկանաս, որ ոչինչ չես կարող անել առանց ինձ… Ամբողջ սրտով սիրում եմ քեզ…
 
 
fitzgerald and zelda    1930թ., գարուն, Շվեցիարիա, Նիյոն, Պրագնինսի հիվանդանոց
    Սիրելի Սքոթ
    Իմաստ չունի փորձել քեզ գրել, որովհետև, երբ մի բան եմ գրում այդ օրը, դրանից անմիջապես հետո մեկ այլ բան եմ մտածում: Ուզում եմ քեզ տեսնել: Չգիտեմ ինչու մշտապես ինչ-որ չարիքի կանխազգացում ունեմ: Իմ հանդեպ դաժան է, երբ չես կարողանում բացատրել ինձ, թե որն է խնդիրը և չես ընդունում իմ բացատրությունը: Չեմ ուզում խելքս թռցնել: Երկու անգամ սարսափելի բաներ եղան ինձ հետ ինքնաարտահայտման իմ անկարողության պատճոռով. մի անգամ պերիտոնիտը[1] 1, որն ինձ հաշմանդամ դարձրեց շուրջ երկու տարի և հիմա էլ սա: Չե՞ս ուզում գալ ինձ տեսակցության: Ամեն դեպքում մի բան հստակ է. ես հիմնովին և վերջնական նվաստացած եմ ու կոտրված, եթե դա այն է, ինչ դու ուզում էիր: Մի քանի բաների մասին կուզեի խոսել քեզ հետ:
    Զելդա
 
zelda and scott fitzgerald    Զելդային, Հոլիվուդ, Կալիֆորնիա,
    Հոկտեմբերի 11, 1940թ.
    Զելդա, թանկագինս: Նորից շոգերը սկսվեցին, նույնքան անտանելի, որքան նախորդ տարի և նույն ժամանակ: Շոգն այստեղ չոր է և ոչ թե Մոնտոմերի պես, բացի այդ այն հանկարծակի վրա հասավ: Բոլորը խորապես վիրավորված են, ասես իրենց ռիմբակոծում են: Ամեն օր փորձում եմ սկսել վեպիս վրա աշխատել և ավարտել այն, երկու ամսվա աշխատանք է մնացել: Ժամանակն այնքան արագ է թռչում, որպարզվում է՝ արդեն վեց ամիս է անցել, ինչ «Գիշերն անույշ է»-ն լույս տեսավ: Վախենամ, որ «Գեթսբի» և «Գիշերն անույշ է» վեպերի միջև եղած ինը տարվա տարբերությունը անուղղելի վնաս է հասցրել հեղինակությանս, որովհետև այս ընթացքում ընթերցողների նոր սերունդ է մեծացել, որոնց համար ես պարզապես «Պոստ» պատմվածքների հեղինակ եմ: Չգիտեմ, կկարողանամ արդյոք հետաքրքրել հիմա ինչ-որ մեկին, և հնարավոր է՝ սա իմ ամենավերջին վեպը լինի, բայց ես պետք է գրեմ այն հիմա, քանի որ 50-ից հետո մարդը փոխվում է: Նրա էմոցիոնալ հիշողությունը մեռնում է, միայն մանկությունն է շարունակում ապրել նրա մեջ, իսկ ես դեռ ասելիք ունեմ: Ես ինձ ավելի լավ եմ զգում: Հիվանդությունը երկար ձգվեց և հիմա էլ բացառություն չէ, որ ցանկացած ջանք իմ վրա թանկ կնստի: Ջերմությունը և հազը շաբաթներ տևեցին, բայց մարմինը զարմանալիորեն դիմացկուն է, ոչինչ չի կարող սպանել նրան, քանի դեռ սիրտը կանգ չի առել: Սուրբ Ծննդին ուզում եմ մեկնել Արևելք: Չեմ պատկերացնում՝ ինչ է ինձ սպասվում երեք ամիս հետո, բայց եթե կանխավճար ստանամ իմ վերջին փորձերից մի քանիսի համար, կյանքն այլևս երբեք այդքան տխուր չի թվա ինձ, ինչպես մեկ տարի առաջ էր, երբ վստահ էի, որ Հոլիվուդն իմ անունը սպառված մարդկանց սև ցուցակի մեջ է գցել, թեպետ ես ոչնչով դրան արժանի չէի:
    Քեզ սիրող Սքոթ

                                                                                           Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը
 

[1] Պերիտոնիտ – հիվանդություն, որն իրենից ներկայացնում է որովայնի խոռոչի և այնտեղ գտնվող օրգանների (ստամոքս, լյարդ աղիքներ և այլն) պատերը պատող բարակ թաղանթի բորբոքում:

 

  • Hits: 7139

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: