Մանե Գրիգորյան

սեր իմ, համբուրգը ձգվում է...








սեր իմ, համբուրգը ձգվում է նյարդաթելերիս ամբողջ երկայնքով,
առավոտյան նոր արթնացած մարմինս,
որ գիշերը ոչ մի ուրվականով չհաղթահարվեց
և օտար քաղաքի մթությանը տրվեց անձայն ու սառը,
այսօր չափում է համբուրգը
 
տարբեր մարդկանց  մեջ ստվերս այնքան աննկատ է սահում,
և լուռ եմ ես այնքան, որքան լուռ էին հետևումս թողած քաղաքները
 
ճաղատ տղամարդը, խաչը ձեռքին, վազում է աջուձախ,
վերևում ու ներքևում անտարբերության ամբոխն է,
իսկ ավելի վերև` այս ամենին տեղյակը,
նա, ով ոչ մի ջրհեղեղով չի կանգնեցնի նրան,
ով մենակության սուր պահին,
երբ առավոտն ուներ հոտը նեղսրտած կակտուսի,
ում փշերը վերջերս ավելի ու ավելի էին դեպի ներս աճում,
մեղմ համբուրելով պարանոցը ոմն ջահելի,
մտցրեց անդամը մեջը,
ու թեպետ ձեռքերը ճանկռեցին միսը նրա
և նա երկար մնաց այդպես,
և փշաքաղված կատվի ամեն մազով, մազի ծայրով անգամ,
զգաց պահը,
ամեն դեպքում` առավոտը ուշացել էր սարսափելի
 
հանսն էր նա. գերմանիայի զգայուն արգանդը,
որը ոչ բրեմենի վրա  աղմուկով իջնող ափսեներին էր հավատում,
ոչ էլ` ափսեների տակ թաքնված մարդկանց
 
մարդը հանսի համար օրեցօր սաստկացող ծնկների ցավն էր
 
և ճաղատ տղամարդը, սիրելիս, գոռում էր, որ աստված լավն է,
իսկ հիսուսը սուպեր տղա է,
և չկան մշակույթներ քրիստոնեությունից բացի,
և եկեղեցին չի խոսում աստծու մասին
 
սևամորթ կանայք ժպտում էին,
ժպտում ու թափ տալիս ձեռքերը
 
ալելուիա
 
երամից զրկված այս կանայք միամտորեն կարծում են`
գիտեն աստծու մասին,
և ընդհանրապես, այս հիմար պատերազմում,
հաղթողները անտանելի տգեղներն են,
և միայն խոնարհությամբ է հաղթահարվում ցավը
 
սեր իմ, այս բոլորը, այս մահվան չափ մեծ քաղաքում,
լինում է, որպեսզի ինձ հեռացնի քեզանից,
թեպետ դու այնքան լուռ ես եղել
և չես հասկացել` ինչու բանաստեղծությանս արքան
ամենից առաջ կորցրեց ոտքը,
չնայած նրան թվում էր` այդ ամենը վերջում է եղել
 
ես  գիտեմ` դու գոնե մեկ անգամ չես հարցնի,
թե ինչու չեմ գրում անգլուխ  տղաների մասին,
որոնց ձիերը, անկախ ամեն ինչից, բոլոր դեպքերում,
անխտիր մեռնում են
 
վիլման հոտոտում է ալստերի ծաղիկները,
մտածում եմ` շան համար շատ է ռոմանտիկ,
մեկ էլ համփ` կուլ է տալիս նրանց կարմիր ու դեղին,
զանազան գլխիկները
 
ալստերի ջրերի մոտ կանգնած`
կանաչ ցողունները դեռ երկար կհիշեն ծաղկափոշու հոտը
 
սիրելիս, համբուրգը բեկում է ձայնդ,
ծիծաղդ այնքան թույլ եմ լսում,
և բառերդ այնքան խուլ են հնչում
 
չլինի՞ հիվանդ ես,
չլինի՞ այս գարուն օրով վախենում ես գնալ
   
  • Hits: 7015

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: