Տարբեր առիթներով մեծերը խոսել են իրենց փորձառությունից, թե ինչպես են կարգավորում իրենց օրը, ինչպես են պատրաստվում գրելու: Նրանց գրառումներից հավանաբար կարելի է դասեր քաղել՝ ինչպես կենտրոնացնել էներգիան, ղեկավարել ժամանակը և ստեղծագործական աշխատանքում հասնել առավելագույնին:


Haruki MurakamiՀարուկի Մուրակամի

2004 թվականի  հարցազրույցներից մեկում Հարուկի Մուակամին ներկայացնում է իր ֆիզիկական և մտավոր սովորությունները:

Երբ վեպի վրա եմ աշխատում, արթնանում եմ առավոտյան ժամը չորսին և աշխատում հինգից վեց ժամ: Ցերեկը մոտ 10կմ վազում եմ կամ 1500մ լողում կամ երկուսն էլ, հետո մի քիչ կարդում եմ և մի քիչ երաժշտություն լսում: Պառկում եմ քնելու ժամը իննին:

Օրվա այս ռեժիմը պահում եմ ամեն օր առանց փոփոխության: Կրկնությունն ինքնին կարևոր բան է, այն հիպնոզի տեսակ է: Ինքս ինձ հիպնոսացնում եմ ավելի խորը մտավոր վիճակի հասնելու համար:

Բայց այս կրկնությունը երկար ժամանակ պահելը (վեց ամսից մինչև մեկ տարի), պահանջում է մտավոր և ֆիզիկական մեծ ուժ: Այս իմաստով, երկար վեպ գրելը գոյատևել սովորելու պես է: Ֆիզիկական ուժը նույնքան կարևոր է, որքան գեղարվեստական զգացողությունը:

bukowskyՉարլզ Բուկովսկի

Ես երբեք չեմ գրում առավոտյան: Այդ ժամին անկողնուց դուրս չեմ գալիս: Գիշերը խմում եմ: Փորձում եմ անկողնում մնալ մինչև ժամը տասներկուսը. դա կեսօր է: Սովորաբար, եթե ստիպված եմ լինում արթնանալ ավելի վաղ, ամբողջ օրն ինձ լավ չեմ զգում: Նայում եմ, երբ արդեն տասներկուսն է, վեր եմ կենում, և իմ օրը սկսվում է: Ինչ-որ բան եմ ուտում, և հետո սովորաբար շտապում ուղիղ մարզադաշտ՝ վազելու: Վերադառնում եմ, և Լինդան ինչ-որ բան է պատրաստում ինձ համար, մենք որոշ ժամանակ զրուցում ենք, ուտում և մի քիչ խմում միասին: Հետո մի քանի շշով բարձրանում եմ վերնահարկ և գրում՝ սկսելով մոտավորապես ժամը 9 անց կեսից մինչև գիշերվա մեկն անց կես կամ երկուսն անց կես: Ահա այսքանը: 

millerՀենրի Միլլեր

Առավոտյան

Եթե լավ վիճակում չես, նշումներ կատարիր և դասավորիր. սա խթան կդառնա: Եթե լավ վիճակում ես, գրիր:

Կեսօրին

Վերահսկողության տակ պահիր բաժինները՝ մանրակրկիտ հետևելով բաժինների պլանին: Ոչ մի ներխուժում, ոչ մի հապաղում: Ավարտին հասցրու մի բաժինը ժամանակին ու վերջնական:

Երեկոյան

Հանդիպիր ընկերներիդ: Ընթերցիր սրճարաններում: Բացահայտիր անծանոթ տարածքներ, ոտքով, եթե թաց է, հեծանվով, եթե չոր է: Նկարիր, եթե քեզ լքված ես զգում կամ հոգնած ես: Նշումներ կատարիր: Պլաններ, աղյուսակներ կազմիր:

Նշում: Oրվա ընթացքում բավականաչափ ժամանակ գտիր թանգարաններ պատահական այցելություն կատարելու, պատահական էսքիզներ անելու կամ հեծանվով պատահական զբոսանք կատարելու համար: Շաբաթը մեկ գրադարան գնա նյութերի համար: 

Susan SontagՍյուզան Սոնթագ

Սյուզան Սոնթագը 1977 թվականին իր օրագրում այսպսի որոշում է կայացնում:

Կարթնանամ առավոտյան ժամը ութից ոչ ուշ: (Այս կանոնը կարող եմ խախտել շաբաթը մեկ անգամ): Ամեն օր գրառում եմ կատարելու նոթատետրում: Մարդկանց կասեմ՝ չզանգահարեն ինձ առավոտյան կամ չեմ պատասխանի զանգերին: Ես փորձում եմ ընթերցանությունս սահմանափակել մինչև երեկո: (Ես չափից շատ եմ կարդում՝ խուսափելով գրելուց): Նամակներին պատասխանում եմ շաբաթը մեկ անգամ:

Այնուհետև Paris Review-ի հարցազրույցում գրեթե երկու տասնամյակ անց նա մանրամասնում է իր ռեժիմը:

Ես գրում եմ ֆլոմաստերներով կամ երբեմն մատիտով դեղին կամ սպիտակ նոթատետրում: Ես սիրում եմ ձեռքով գրելու դանդաղությունը: Հետո համակարգչով շարում եմ այն և գրառումներ անում: Եվ նորից տպում եմ՝ ամեն անգամ ուղղումներ կատարելով և՛ ձեռագրում, և՛ անմիջապես մեքենագրած տարբերակում, մինչև չեմ տեսնում, որ ավելի լավ է: Դեռ մինչև հինգ տարի առաջ ամեն ինչ այդպես էր: Դրանից հետո համակարգիչը մտավ իմ կյանք: Երկրորդ կամ երրորդ սևագրից հետո այն հայտնվում է համակարգչում, այնպես որ չեմ վերատպում ամբողջ ձեռագիրն այլևս, բայց շարունակում եմ ձեռքով վերանայել տպած տարբերակը:

Ես պոռթկումներով եմ գրում: Գրում եմ, երբ ստիպված եմ, որովհետև գրելու ճնշումը մեծանում է, և բավականաչափ վստահություն եմ զգում, որ ինչ-որ բան հասունացել է մտքումս և կարող եմ գրի առնել: Բայց հենց մի բան արդեն սկսել եմ գրել, չեմ ուզում որևէ այլ բանով զբաղվել: Տնից դուրս չեմ գալիս, հաճախ մոռանում եմ ուտել, շատ քիչ եմ քնում: Դա շատ անկարգուկանոն աշխատանքի ձև է և ոչ շատ արդյունավետ: Բայց ես շատ հետաքրքրված եմ նաև այլ բաներով: 


Kurt-VonnegutԿուրտ Վոննեգուտ

1965 թվականին Կուրտ Վոննեգուտը նամակ է գրում իր կնոջը՝ Ջեյնին, իր ամենօրյա գրելու սովորույթների մասին, որոնք հետագայում հրատարակվում են «Կուրտ Վոննեգուտ. նամակներ» գրքում:

Իմ չխարսխված կյանքում քուն, քաղցը, աշխատանքը ինքնակարգավորվում են, ինչպես իրենց է հարմար առանց ինձ հետ խորհրդակցելու: Պարզապես ուրախ եմ, որ ինձ հետ չեն խորհրդակցում այդպիսի ձանձրալի մանրամասների շուրջ: Նրանց մշակածը հետևյալն է. ես արթնանաում եմ 5:30, աշխատում մինչև ժամը ութը, նախաճաշում եմ տանը, հետո նորից աշխատում մինչև տասը, զբոսնում եմ քաղաքի մի քանի թաղամասերում, կատարում մի քանի հանձնարարություն, այցելում եմ մոտակա քաղաքային լողավազան, որտեղ լրիվ մենակ եմ լինում, լողում եմ կես ժամ, տուն եմ վերադառնում 11:45, կարդում լրագրերը, կեսօրին ճաշում եմ: Ցերեկը զբաղվում եմ դպրոցի գործերով կամ դասավանդման եմ նախապատրաստվում: Երբ դպրոցից տուն եմ վերադառնում մոտավորապես ժամը 5:30, իմ զրնգացող բանականությունը թմրեցնում եմ շոտլանդական օղու և ջրի մի քանի հարվածներով (5 դոլար խմիչքի պետական խանութում, միակ խմիչքի խանութը՝ չնայած բարերի առատությանը), ընթրիք եմ պատրաստում, կարդում եմ ու ջազ լսում (այստեղ ռադիոյով շատ լավ երաժտություն կարելի է գտնել), հանվում և անկողին եմ մտնում ժամը 10-ին:

Միշտ հրման և փորի մկանային վարժություններ եմ կատարում և ինձ թվում է, որ նիհարել եմ ու մկանուտ եմ դարձել, բայց հնարավոր է, որ չեմ դարձել: Նախորդ գիշեր ժամանակն ու իմ մարմինը որոշեցին, որ կինո եմ գնալու: Ես «The Umbrellas of Cherbourg»-ը դիտեցի, ինչը շատ ծանր տարա: Իմ պես մի անկայուն, միջին տարիքի տղամարդ… դա սրտաճմլիկ էր: Ամեն ինչ շատ լավ է: Ես սիրում եմ, որ սիրտս ճմլվում է: 

Simeon De BovuareՍիմեոն դը Բովուար

Ես միշտ շտապում եմ ընթացքի մեջ լինել, թեպետ հիմնականում չեմ սիրում սկսել օրը: Նախ ես թեյում եմ, հետո մոտավորապես ժամը տասին նստում եմ գործ անելու և աշխատում եմ մինչև ժամը մեկը: Հետո հանդիպում եմ ընկերներիս հետ, որից հետո ժամը հինգին վերադառնում եմ աշխատանքիս և շարունակում այն մինչև ինը: Ես ոչ մի դժվարություն չեմ ունենում նյութի մեջ մտնել նորից ցերեկը: Եթե աշխատանքը լավ է ընթանում, ես քառորդ կամ կես ժամ տրամադրում եմ  կարդալու նախորդ օրվա գրածս և մի քանի ուղղում եմ կատարում: Հետո այդտեղից շարունակում եմ: Որպեսզի գտնեմ ասելիքիս թելը, պետք է կարդամ՝ ինչ  եմ արել մինչ այդ: 

bredbaryՌեյ Բրեդբերի

Ամերիկացի Ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերին 2010 թվականի հարցազրույցում պատմում է գրելու և իր օրվա ռեժիմի մասին:

Իմ կյանքի ամեն օրը իմ կրքերն ինձ գրամեքենայի մոտ են տանում, և այդպես՝ սկսած տասներկու տարեկանից: Այնպես որ երբեք ստիպված չեմ եղել անհագստանալ գրաֆիկի մասին:

Ես ցանկացած վայրում կարող եմ աշխատել: Երբ փոքր էի և եղբորս ու ծնողներիս հետ ապրում էի Լոս Անջելեսի մի փոքր տան մեջ, գրում էի ննջարանում, հյուրասենյակում: Աշխատում էի իմ գրամեքենայով՝ հյուրասենյակում, որտեղ ռադիոն էր, մայրս, հայրս, եղբայրս, որոնք բոլորը միաժամանակ խոսում էին: Հետո, երբ ուզում էի գրել «451 աստիճան Ֆարենհեյթ»-ը, գնացի UCLA /Կալիֆորնիայի համալսարան/ գտա  նկուղային տպագրական սենյակ, որտեղ, երբ տասը ցենտ գցում էիր տպագրական մեքենայի մեջ, կարողանում էիր գնել կես ժամ՝ գրամեքենայով աշխատելու համար: 

faulknerՈւիլյամ Ֆոլքներ

Արվեստը չի մտահոգվում շրջակա միջավայրով, նրա համար կարևոր չէ, թե որտեղ է: Եթե ինձ նկատի ունեք, լավագույն աշխատանքը, որ երբևէ ինձ առաջարկել են` պոռնկանոցի տեր դառնալն է եղել: Իմ կարծիքով, արվեստագետի համար այն աշխատելու լավագույն միջավայրն է: Դա նրան տալիս է կատարյալ տնտեսական ազատություն, նա վախից և քաղցից ազատ է, իր գլխավերևում տանիք ունի և ընդամենը պետք է մի քանի պարզ հաշվարկ կատարի ու ամիսը մեկ անգամ տեղական ոստիկանությանը վճարի: Այնտեղ հանգիստ է առավոտյան ժամերին, որն էլ օրվա լավագույն ժամն է աշխատելու համար: Երեկոյան հասարակական կյանքը հագեցած է, եթե նա ցանկանում է մասնակցել չձանձրանալու համար, դա նրան տալիս է որոշակի դիրք հասարակության մեջ: Նա ոչինչ չունի անելու, որովհետև տիկինը պահում է գրքերը, բոլոր կենվորները կանայք են և հարգանքով կվերաբերվեն նրան և կդիմեն` պարոն: Այսպիսով, միակ միջավայրը, որի կարիքն արվեստագետն ունի, խաղաղությունն է, մենակությունն է և հաճույքը, որ նա կարող է ստանալ ոչ շատ բարձր գնով: Սխալ միջավայրը կբարձրացնի նրա արյանը ճնշումը, նա ավելի շատ հիասթափված և վրդովված պահեր կունենա: Իմ սեփական փորձը ցույց է տվել, որ ինձ աշխատելու համար անհրաժեշտ են թուղթ, ծխախոտ և մի քիչ վիսկի: 

paul austerՓոլ Օսթեր

Սովորաբար: Արթնանում եմ առավոտյան, ամսագիր եմ կարդում, մեկ գավաթ թեյ եմ խմում: Հետո շրջում եմ իմ փոքր բնակարանի շրջակայքում և մոտավորապես վեց ժամ աշխատում: Դրանից հետո ստիպված եմ լինում որոշ գործերով զբաղվել:

Ես բացահայտել եմ, որ վեպ գրելն ամբողջությամբ կլանող փորձություն է՝ ֆիզիկապես և մտավոր առումով, և ես ստիպված եմ դա անել ամեն օր ռիթմը պահելու համար, ինչպես նաև ինձ կենտրոնացած պահելու նյութի վրա, որի հետ աշխատում եմ: Նույնիսկ կիրակի օրը, եթե հնարավոր է լինում: Եթե այդ օրը ոչ մի ընտանեկան իրադարձություն չկա, ես գոնե առավոտյան աշխատում եմ: Ամեն անգամ, որ ճանապարհորդում եմ, ամբողջովին ընկնում եմ տեմպից: Եթե գնում եմ երկու շաբաթով, ինձնից մի ամբողջ շաբաթ է պահանջվում, որ նախկին ռիթմիս վերադառնամ:

Գրելն ինձ համար ֆիզիկական երևույթ է: Ես միշտ այնպիսի զգացողություն ունեմ, որ բառերը դուրս են հորդում մարմնիցս և ոչ թե միայն մտքիցս: Ես ձեռքով եմ գրում, և գրիչը տարածում է բառերը էջի վրա: Ես կարողանում եմ անգամ լսել գրվող բառերը: 

 Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը 
 
  • Hits: 7084

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: