Աբովի դանակը՝ ապագայի բկին
Երևան, 6 հունիսի, 1922 թիվ․ «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրվում է երեքի հռչակավոր դեկլարացիան, որի տողերը կրակոցների են նման.
«Մենք հանդես ենք գալիս որպես ախտահանողներ։
Մենք բերում ենք մեզ հետ մաքուր օդ եւ երկաթե առողջություն։
Քաղքենի նացիոնալիզմին մենք հակադրում ենք պրոլետարական ինտերնացիոնալիզմը։
«Անբիծ սիրուն» մենք դեմ ենք դնում սեռական առողջ բնազդը։
Մեզ համար «Անապատներ» դարձել են բազմաժխոր քաղաքներ:
…Այդ նպատակներին հասնելու համար բանաստեղծության մեջ պետք է կիրառել՝
1) Ռիթմը որպես շարժում.
2) Պատկերը (образ) որպես կենցաղի բնորոշում.
3) Ոճը եւ լեզուն որպես նյութի եւ խառնվածքի արտահայտություն…
Հեղինակներ՝ Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով:
Հայ գրականությունը, այսպես ասած, ուշքի բերելու և զարթնեցնելու այս ֆուտուրիստական փորձի վերջին երկու հեղինակներին գրեթե միշտ կապում են Չարենցի անվան հետ: Վշտունին և Աբովն ասես դատապարտված են գոյության բացակայությամբ: Թվում է՝ Չարենցի ողբերգական ճակատագիրը ևս մի փոքր բարդույթավորում է նրանց՝ «բանաստեղծ լինելու կամ թեկուզ կայանալու հնարավորությունը»: Կուլիսային և ոչ կուլիսային խոսակցություններում Վշտունին և Աբովը մնում են «այն մութ ուրիշները», որոնք նվազ, «ոչ պիտանի» դեր են ունեցել հայ գրականության զարգացման շրջափուլերում: Սակայն նրանք հեղինակել են բանաստեղծական ժողովածուներ, այսինքն՝ գրողական սահմանումներ են տվել, որոնք արդեն իսկ հետաքրքրական են: Ազգային գրադարանի պահոցներում Վշտունու և Աբովի գրքերը դեռ կարելի է գտնել: Ես մի փոքր կներկայացնեմ Գևորգ Աբովի «Դանակը բկին» գիրքը:
Աբովը ծնվել է 1897-ի նոյեմբերի 27-ին, Թիֆլիսում։ Սովորել է տեղի Ներսիսյան դպրոցում։ 1928-1931թթ․ եղել է Երևանի առաջին պետական թատրոնի ղեկավարը, 1940-1952թթ․՝ Մատենադարանի տնօրենը: Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, կենսագրություններ: Ռուսերեն առանձին գրքով լույս են տեսել նրա «Խաչատուր Աբովյան», «Գաբրիել Սունդուկյան» գրքերը։ Մահացել է 1965-ի մարտի 11-ին Երևանում։
Նրա երկրորդ գիրքը ՝ «Դանակը բկին», լույս է տեսել Մոսկվայում, 1923 թվականին (54 էջ, շապիկը՝ Մ. Մազմանյանի):
«Դանակը բկինն» առանձնացված բաժիններով պոեմ է հիշեցնում:
Մեկնիչ
Ոմանց
Իմաստը
Տերյանին
Ինքս
Հակադրություն
Յերեկ
Պլակատ
Եգուց
Վերջ առաջին մասի
Այս բաժինների անվանումներն իրար տակ շարելով (որ միտումնավոր արեցի) պարզվում է Աբովի ֆուտուրիստական նոր բանաստեղծություն կառուցելու ոճային խաղը, որովհետև գրքի հենց սկզբում Աբովը մերժում է Տերյանին, նրա ստեղծած բանաստեղծական լեզուն ու աշխարհը՝ սահմանելով իրենը: Աբովը Տերյանի «ցնորքների դիցուհուն», «աստեղային քրոջը» որպես hակադրություն բերում է 1919 թվին տպագրած «Միայն կինը, որ «կենդանի ու շնչող գոյություն» է: Առաջաբանի նմանվող հակատերյանական մուտքում Աբովը գրում է. «Այս հանդգնութինը հայ մեշչանի համար անտանելի եր, ուստի նա «Միայն կինը» ցուցակեց «պոռնոգրաֆիա» բառով: Իսկ այդ «պոռնոգրաֆիան» Տերյանի ստատիկ ու ածականներով մշուշվող լեզվին հակադրեց կոնկրետ յեվ չոր լեզու, բերեց հատու ռիթմ, մեր բանաստեղծութեանը տւեց կենդանի խոսակցական տեմպ, վոչնչացրեց համարեա բոլոր ածականները, բանաստեղծությունը բացառապես կառուցեց բայերով ու գոյականներով, բանաստեղծութեան մեջ մտցրեց ոտար ու հայ խոսակցական բառեր, մեր եստետներին մեծ դժգոհութիւն պատճառեց իր «վոչ բանաստեղծական ֆորմայով»»:
Աբովը միանգամից անցնում է գործողության, որովհետեւ մերժումն անպայման պիտի լուծարվի բանաստեղծական նոր սկզբունքի տարածությունում:
Աբովն եր՝ ով եր,
Վոր ձեզ հերքեց-
յերգեց գռ-
ռաք,
կռ-
ռակ:
Տասնիննը թվին եր դեռ՝
տպեց իր «կինը»
Բերում եր ռումբ ու պրոպե՛լլեր,
Բերում եր գռռաք, կռռակ,
Բերում եր
«գ»-եր,
«կ»- եր
«կիներ», «կոնք» ու կառք։
Գրիգոր Պըլտեանի «Հայկական ֆուտուրիզմ» գրքից. «Աբով, ինչպես Չարենց, ինչպես քիչ մը անդին Վշտունի, լեզուի հնչիւնային եզրը կը դարձնեն ցայտուն, շնորհիւ գրեթե միայն բաղաձայնոյթներու (Աբովի մօտ կատակի աստիճանին կը հասնին ռ-երը, գ-երը, ճ-երը, շչները) կամ մօտիկ յանգերու առատ գործածութեան, ռիթմային միաւորներու կտրատումներուն: Նոյն ատեն՝ պատգամ մը հաղորդելու տենչը տողերը կը վերածէ ռեկլամներու, որոնք նոյնքան յաջող չեն որքան Մոսսլպրոմին համար գրած Մայակովսկիի յայտերը (այլ հարց՝ որ այդ պատգամը ինքն իր պատգամն է շատ յաճախ): Այլ խոսքով Աբովը անկարող է հաշտեցնելու երկու եզրերը, որոնք կարծէք կը կենակցին առանձին-առանձին» (էջ 368-369):
Եթե մի պահ Աբովի հակատերյանական մուտքի մանիֆեստային բնույթը գրքից դուրս դիտարկենք, առաջին և մյուս բոլոր տողերը միանշանակ ճանապարhվում են դեպի հումորը:
Պարսավագիր՝ մերկացնող իր կողմից բացառած հայ պոեզիայի արատավոր սխալը: Բայց երբ վերհիշում ենք նրա սկզբունքների շարադրանքը, հումորը պատահանության է վերածվում, դառնում ծիծաղելի անկատարություն: Թեպետ մինչև վերջ էլ անորսալի է թվում Աբովի ինքնահեգնումը: Եվ ահա գրքի երկրորդ էջում փայլատակում է Աբովի դանակն ու իջնում Տերյանի բկին.
Հիշում եմ-
Տերյան ծերուկը
իր ժանգոտ ծիծն եր
տալիս՝
ծծեք դուք
Առաջին պոետն եմ հայ
վոր հանգը,
վանկը
փոխեցի ռիթմի
Խրոխտ պոետ եմ՝
ռիթմը
փոխել եմ ռումբի:
Վահան Տերյանի հետ բախումը շարունակվում է համանուն «Տերյանին» բաժնում…
Թող կռվեմ քո դեմ՝
ովքեր պաշտել են քեզ,
իսկ ինձ համար
դու մի
պատմական արժեք ես
Վազում են փողոցում
սունկեր սեվապիջակ-
այս մռռուն իրերի մեջ
ինչի՞ն կպչեր աչքդ,
վոր չճչար:
Որպես օծյալ ասպետ, որ նետը փոխել է ռումբով, իրեն նոր Դանթե հռչակած Աբովը փոքրիկ, մի քանի րոպեանոց գրքում փորձում է տեղավորել ֆուտուրիզմի հիմնական գաղափարները: Պլակատային կոչեր է անում, փառաբանում էլեկտրականությունը, քաղաքը, երկաթը, գիտությունը, երկխոսում կնոջ հետ.
- Հիմի
ամեն մի կին
մի գին ունի:
- Կարո՞ղ ես
իր բկին
սղմիր դեղին գինի:
- Կարո՞ղ ե,
Թող երգի մաժոր-
Խոշոր բացի աչքերն իր:
- Յեղել ե,
Կա,
Ու կլինի
վոսկին՝ ծիծաղը կնոջ:
Աբովը գուցե առաջին հայ բանաստեղծ ֆուտուրոլոգն է: «Դանակը բկին» գրքի նախավերջին «Եգուց» բաժնում նա դիմում է գիտության պրոֆեսորին ու կլոնավորման խնդրանք հղում նրան.
Ռադիո հայտարարություններ
(Պրոֆեսսորը սարքում ե մարդիկ նո՛ւյնպես,
Ինչպես հավաբույծը՝ հավ)
- Բալտիկ ծովի մոտ
Գոտ
Պրոֆեսսորը
Այսոր սարքեց մի քննարան:
- Նրան տարեք ձեր սերմը
- Առեք պրոֆեսսոր սերմս,
պատրաստեք շտապ:
Վստահ եմ կխառնեք
ամենալավ ձվին-
ուզում եմ, վոր լինի
ջլաբազուկ վորդի.
թե վոր գտաք
անպետք ե՝
դեն ձգեք:
Ուրիշները
- Պրոֆեսսոր, վո՛տքս փոխեք:
- Պրոֆեսսոր, սի՛րտս փոխեք:
- Կտրեք իմ գլուխը պրոֆեսսոր,
- Դրեք մի ուրիշը:
Աբովի դանակը՝ ապագայի բկին: Դոլի կլոնավորված ոչխարը ժամանակակից գիտատեխնիկական նվաճումներից միայն մեկն է: 2008 թվականին Ավստալիայի ղեկավարությունը մարդկային սաղմի կլոնավորման լիցենզիա տվեց մի ընկերության, որ զբաղվում է արհեստական բեղմնավորմամբ։
Ապագայապաշտների մի շարք կանխատեսումներ արդեն իրականացել են: Կլոնավորման «երազանքով» վառվող Աբովի այս միակ, կենդանի բանաստեղծության հույսը գիտությունն է, նրա անխուսափելի առաջընթացը, որն ուր որ է կյանքի կկոչի գրողի ցանկությունը՝ իր հետ սրբել-տանելով նրա վերջին ապրող գործը, որն իսկական հաղթանակ է Աբովի ու իր գրքի համար: Չէ՞ որ ֆուտուրիստները մերժում էին անցյալը ու չէին խոնարհվում ոչ մի ընդունված մեծության առջև: Ուրեմն մոռացությունն ու արժեքն այլևս խնդիրներ չեն, և Աբովը գնում է ապագայի ետևից՝ փակելով գրականության էջը.
Որերը նույնպես ենք թերթել,
ինչպես դուք՝ Հովնաթան, Քուչակ-
մեր գիրքը կեանքն եր աղմկոտ,
մեր տունը պլոշչադն ու քուչան։
Շնորհալություն Գրականության և արվեստի պատմության թանգարանին՝ լուսանկարներ տրամադրելու համար:
- Hits: 9517