ՏԱԹԵՒ ՉԱԽԵԱՆ                                                                                                                                                       

***

Այդ ձմեռ ես չունեի անձնագիր։
Ասել է թե՝ գոյություն չունեի
հարկայինի համար,
ոստիկանության,
տեղական ինքնակառավարման մարմինների,
ու մյուս բոլոր մարմինների, բացի մեկից, որի սրտում
դեռ ապրում էի։
Այդ ձմեռ նրան սրտի կաթվածով
հիվանդանոց տեղափոխեցին։
Այդ ձմեռ անունս հոլովվեց հազար օտարալեզու բերանում՝
Տաթի, Տատյանա, Տանյա, Թինա,
իսկ ազգանունս ճռվողեցին միայն ամենահամարձակները։
Բոլոր այլընտրանքներին համաձայնեցի լուռ`
ինչպես անծանոթի հասակին ու քաշին ես համաձայնում
առաջին հանդիպմանը։
Այդ ձմեռ ես սկսցեի մարզվել, որ չկորցնեմ վերջին կապս նրա հետ,
ով բառեր է ասում իմ բերանով․․․
Իսկ երբ մարզչին հարցրի․ «Ո՞ւր են գնում կորցրածս կիլոները»,
խնդրեց իր պես պարզ տղուն նման բարդ հարցեր չտալ ու,
իր խելքով, կատակեց․ «Ուրախ չե՞ս, որ վերանում ես»։

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԽԱՂԵՐ

Սովորական համակարգչային խաղ է՝
գլխիվայր շուռ տված -

Երրորդ աշխարհում դու ուժեղ ես, ջահել, հազար կյանք ունես,
եւ առաջ ես գնում, որովհետև այդպես է ծրագրավորված խաղը։

Երկրորդ աշխարհի ճամփին կոտորում ես հսկաների,
ջոկում ուտելի սնկերը թունավորներից,
մի սափորում ոսկի գտնում, մյուսում՝ օձ,
մի օձից խորհուրդ հարցնում,
մյուսի գլուխը կտրում,
սողալով, գլորվելով, ցատկելով,
կյանքերդ կորցնելով, առաջանում ես։

Կրակ տեղացող ամպերի միջով,
փշոտ լաբիրինթոսներով,
վիրավոր, բզկտված, մաշված՝
հենց հասնում ես առաջին աշխարհի այդ երազային երկիրը`
կյանքերդ ավարտվում են։

Չնայած մեծ մասսայականությանը՝
խաղն ակնհայտորեն թերի է․
ծրագրավորողները դեռ աշխատում են։

MADE IN CHINA

Ես սովորական տուրիստ էի, որ նոր սիրածի պես
քաղաքի մաշկին ամեն սպի ու խալ բացահայտելիս
հարցնում է՝ ե՞րբ, ո՞նց, ինչո՞ւ։

Ինձ ոչ ոք չէր զգուշացրել,
որ այստեղ չի կարելի հարցնել՝ ինչո՞ւ։

Երբ դադարում ես հարցեր տալ,
կյանքն, իհարկե, ավելի հասկանալի չի դառնում,
բայց փոխարենը հարցի օրգանն է կռկվում,
տարիներով չբացված ծորակի պես ժանգոտվում
ու փակվում։
Ժամանակի հետ,
իրողությունը սովորություն է դառնում,
իսկ սովորությունը, ցավազրկողի պես,
տեղային ցավից զատ դմրեցնում է և ողջ մարմինը։

Արդեն հետդարձի ինքնաթիռում էի,
երբ միտս ընկան
մանկությանս սպին փորիս,
հանած մեխերի դարավոր ծակերը հորս տան պատերին,
խանութների հաջորդականությունը աշխարհի բոլոր մոլերում,
որ ընդունում ես իբրև եղելություն
ու չես հարցնում՝ ինչո՞ւ։


ՍԿՍՆԱԿ ՎԱԶՈՐԴԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Մենք դուրս ենք գալիս շքեղ մեքենաներից
ու վազում եմ դեպի ծառերը`
ամրացնելով մկանները ոստքներիս,
որի շնորհիվ (չգիտես ինչու) ավելի ամուր չենք կանգնում հողին:

Մեր ազդրերը ծառաբնից էլ հաստ են,
քամին տարուբերում է մեր մազերը,
բայցևայնպես, թռչուններն այնտեղ չեն բնավորվում:
Նրանք էլ փախչում են վանդակներից ու նետվում դեպի ծառերը:

Մենք շաբաթական երեք անգամ՝ մեկ ու կես ժամ,
թռչուններն ավելի հաճախ,
հետ չնայելով մտածում ենք, որ
մեկը պիտի հսկի փախուստը,
մեկը պիտի ամուր լինի,
մեկը պիտի մնա կանգնած:

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՁԱՆՁՐՈՒՅԹ ՊՈԵԶԻԱՅԻ (ԵՎՐՈՊԱԿԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ) ՖԵՍՏԻՎԱԼՈՒՄ

Այն կողմերից, որոնց մասին գրում եմ,
այս կողմերում խոսում են լուրերի թողարկման ամենավերջում,
իսկ ավելի հաճախ՝ տողատակում։
Հաճախ՝ նկատի ունեմ քսան տարին մեկ՝
հեղափոխությունից հեղափոխություն։
Իսկ միջհեղափոխական ընդմիջումներին մեր կողմերում
գրում են բանաստեղծություններ
սարի,
քարի,
ծտի,
քարի կողքին աճած ծառին նստած ծտի մասին՝
լրագրողական լեզվով ասած՝ տեղական թեմաներով։
Այն կողմերում, որոնց մասին պատմում եմ,
այս կողմերի մասին լսում են ամեն օր՝ լուրերի առաջաբանում։
Իհարկե, այս կողմերի պոետներն էլ են գրում
սարի,
քարի,
ծտի
քարի կողքին աճած ծառին նստած ծտի մասին,
ինչն, իբրև միջազգային կարևորության հարց, երբեք չի լուսաբանվում։


ՀԱՅՐԵՆԻՔ – ՍՐԲԱՎԱՅՐ

Հայրենիքս - միջանցք, ուր ծայրեծայր ձգվում է հերթը։

Ամենակարիքավորները գալիս են լուսադեմին․-
սրանք հիմնականում տաք են հագնված,
աչքերը ծանրացած են, վրաներից ծխախոտի ու սուրճի հոտ է փչում,
հենվում են պատերին կամ պպզում։

Ավելի ուշ եկածները հարցուփորձ են անում սրանց՝
կարևոր մի բան բաց չթողած լինելու տագնապով։
Նորեկներին միանգամից կտարբերես-
քնել են լիարժեք ու աշխույժ շաղակրատում են,
նայում ժամին, գրպաններն են քրքրում,
փաստաթղթերն են ստուգում, ժամին նայում,
պայուսակը բացում, պայուսակը փակում։

Մուտքի ձգողականությունը՝ երկրի ձգողությունից զորեղ,
ուղղաձիգ հերթը դարձնում է կենտրոնաձիգ հորիզոնական՝
լայնացնելով միջանցքը։

Կամաց-կամաց գալիս են
գործազուրկները, ուսանողները,
միգրանտներն ու մարգինալները,
հղիները, պատերազմի վետերանները․․․
Հերթում անպայման կհանդիպես հորաքրոջդ ամուսնուն,
նախկին յարիդ ներկայիս յարին,
գյուղի բարեկամիդ, կենսաբանության դասատուիդ․․․

Կախված եղանակից՝ միջանցքում աղմուկի ամպեր են կուտակվում,
զայրույթի ամպրոպներ որոտում,
իսկ արևի շողալուն պես բերնից բերան փոխանցվում է լուրը,
թե ահա ․․․շուտով․․․ ասել են․․․ հաստատ․․․ հավաստի աղբյուրից․․․
վերևներից․․․ վերջապես․․․ դիմացեք․․․ անպայման․․․
Իսկ այդ ընթացքում սպասողները ծանոթանում են,
տնավորվում, երեխա ունենում,
որոնք մեծանում են ու հենց միջանցքից էլ բանակ գնում։

Պետությունը բացում է միջանցիկ դպրոց, եկեղեցի,
առաջին անհրաժեշտության նախարարություններ,
գիշերային ակումբ, քյաբաբնոց ու գերեզմանոց։
Ընտանիքի անդամները հերթափոխով քնում ու կանգնում են,
հարևանը հարևանի տեղն է պահում,
ժամանակի ընթացքում կյանքն այնպես է հունի մեջ ընկնում,
որ ամեն հաջորդ սերունդ ավելի է դժվարանում մտաբերել
հավաքվելու պատճառը։

Պատահում է՝ բակում ջիպեր են հայտնվում,
որոնցից լավ հագնված միջահասակ տղամարդիկ
արագաքայլ ճեղքում են հերթն ու վայրկենապես լուծում իրենց հարցերը։
Ժամանակի ընթացքում
այս անօրինության դեմ բողոքող ցուցարարներն էլ են մեռնում։

Սկզբում միջանքցը լքում են անհավատները,
հետո՝ հուսալքվածները,
իսկ վերջում մնում են միայն սրբերը։

 

 

Լուսանկարը՝ Մարեկ Յուրկովի

 

  • Hits: 4371

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: