Եւ ցերեկները բավարար լի չեն

Եւ ցերեկները բավարար լի չեն
և գիշերները լի չեն բավարար
Ու կյանքը սահում է դաշտամկան պես՝
Առանց շարժելու խոտերը։

---

Եղիր իմ մեջ սառը քամու
Անվերջանալի հոսանքերի պես, և ոչ
Որպես անցողիկ բաներ՝
Ծաղիկների խինդ։
Պահիր ինձ անարև քարափների
Կարծր մենության մեջ
Եվ մենության մեջ խավար ջրերի։
Թող աստվածները ցածրաձայն խոսեն մեր մասին
Գալիք օրերում,
Օրքուսի ծաղիկները ստվերաշատ
Հիշեն թող Քեզ։

 

Կտավ

Մեռած լեյդիի աչքերը զրուցում են հետս,
Քանզի սերն այս չէր կարելի կորցնել,
և ցանկությունն այս չէր կարելի փարատել համբույրով։

Մեռած լեյդիի աչքերը զրուցում են հետս։


Ռուն

Սիրտ իմ,
Սիրտ այն ամենի, ինչ ճշմարիտ է ներսումս,
Բաբախիր կրկին։

Սեր իմ,
Սեր ամենից զատ, ինչ ճշմարիտ է ներսումս,
Ծագիր կրկին։

 

Սպասում եմ

Որպես գունատ մի ուրվական կանչող
Սպասում եմ ես վտանգից դուրս մինչև նա գնա՝
Քեզ ազատելով քո իսկ հին եսից,
և քո հոգու վրա արդեն ազատ, իմը պիտի ծնի
Այնքան հզոր մտքեր, որքան հնում, երբ մենք
Կանգնած էինք պայծառ, երբ մենք հրճվում էինք աշխարհով։

Սպասում եմ ես, սպասում իմանալով, որ չեմ զգում
Ոչ մի կաթիլ անգամ կատաղության, ոչ մի կաթիլ խանդի
Հանդեպ նրա, որ կապել է քեզ
Կանացիության պատանքով մի նոր։

Խաղաղ լինելով Աստծո ու աստղերի հետ նրա
Ինչո՞ւ պիտ վախենամ խայթոցներից ժամանակի
Կամ զայրույթից ժամի։

Դժգունե՞լ է արդյոք կանաչ գույնը նեղուցների
Կամ էլ երփներանգը պակաս պսպղուն է
Նրանց մեղմ, ներդաշնակ ջրերի մեջ։
Արդյո՞ք քչացել է զվարթությունն ու կյանքը
Այս կիսընտել լակոտների շարքում,
Որ վազվզվում են ուրախ անդունդների եզրին,
Մինչ թագակիր մեկը շինծու հանդերձներով
Առաջնորդում է նրանց խառնամբոխը
Ինքն էլ վախվորած կեղծ փայլերից՝
Իր վերևում։
Հոգում միայն Ցարն է։
Ու թե ծաղրում են նրանք աշխարհն իրենց այս տեղերից,
Արդյո՞ք մոտ չեն նրանք իմաստությանն այնքան,
Որքան որ մենք։

 

L’INVITATION

Հեռու մնա:
Ես մեկն եմ
Որն ազնիվ հոգիներ է փչացնում ու թողնում՝
Պակաս արդար լինելով նրանց ճանաչելու համար:
Հեռացիր ինձնից,
Ես կուրացնող լույս եմ բերում,
Որից երերում են մարդիկ: Ինձնից թույն է ծորում։
Գնա: Ես աչք ծակող կյանք եմ մի,
Գարուն ու աշուն եմ ես:
Ախ, սիրելիս,
Հացահատիկ ավերող կարկուտ եմ ես,
Փլատակում մնացած գանձ:

Ձկնավաճառի կինը. Նամակ


Ըստ Լի Թայ-բոյի

Երբ ես դեռ կարճ մազափունջ ունեի ճակատիս
Ծաղիկներ հավաքելով խաղում էի դարպասի մոտ:
Դու հայտնվեցիր բամբուկե ոտնակներով՝ նմականելով ձիու,
Դու պտտվում էիր իմ շուրջը, խաղում կապույտ սալորներով
Եվ մենք սկսկեցինք ապրել Խոկան գյուղակում,
Երկու փոքր մարդ՝ հաշտ ու առանց կասկածի:

Տասնչորսում մենք ամուսնացանք, Տեր իմ:
Ես երբեք չէի ծիծաղում, ես ամաչում էի:
Ես կախում էի գլուխս՝ նայելով պատին:
Ինձ հազար անգամ կանչում էին, ես չէի շրջվում:

Տասնհինգում ես դադարեցի մռայլվել,
Ուզեցի խառնել քո ունայնությունը իմին
Հավերժ ու հավերժ ու հավերժ:
Ինչու՞ ձգտել դեպի ելքը:

Տասնվեցում դու լքեցիր ինձ,
Նավարկեցիր դեպի հեռավոր Կու տու Յեյն՝ գետի ծածանվող հորձանուտներով:
Դու չկաս արդեն հինգ ամիս:
Վշտացած կապիկներն աղմկում են իմ գլխավերերում:

Դու քարշ էիր տալիս ոտքերդ գնալիս:
Հիմա դարպասին մամուռ է պատել, ուրիշ մամուռ,
Այնքան, որ անհնար է դրանից ազատվել
Տերևներն այս ամառ ժամանակից շուտ հանձնվեցին քամուն:
Թիթեռների զույգը դեղնեց օգոստոսին՝
Արևմտյան այգու խոտի վրա:
Իմ սիրտը ցավում է նրանց համար: Ես ծերանում եմ:
Եթե վերադառնաս Կիանգ գետի ափերով նավարկելով,
Նախապես իմաց տուր,
Ես կգամ քեզ ընդառաջ,
Բայց մինչ և Չո-ֆու-Սա:

 

Անգլերենից թարգմանեցին Անահիտ Ղազախեցյանը և Աստղիկ Հակոբյանը

 

 

  • Hits: 5509

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: