Տատս հարցնում էր, մինչ կտրում էի մազերը,

թե արդյո՞ք կսգամ, երբ մահանա։

Հեռուստացույցով հեկեկացող աղջիկների

աններդաշնակ խոռ է՝

խմբված ճերմակ,

մայրական սավանների շուրջ։

Նա չի հավատում հետմահու կյանքին

միայն պատշաճ ծիսակարգերին։

Մայրս մտածում է՝ նորից ենք ծնվելու։

Նա չի սիրում ոտքը կախ գցել

արարողություններին, գերեզմանոցներում։

Ասում է, որ մենք

Կրկին կհանդիպենք։

Բայց Յաման*, ընդունելով մեռյալների հոգիները,

իր դատավճիռների սրահում,

ասում է, որ պիտի մոռանանք

մեր նախորդ կյանքերը։

Նա չափում ու բաժանում է

մեզ հասանելիք պատիժը․

կարիք կլինի արտասվել

քսան, քառասուն, գուցե

հարյուր տարի

մինչև կարողանանք

անգույն ու նոր լինել։

Տատիկը դուրս է գալիս լոգարանից։

Հիմա աղջիկները հանդարտվել են։ Մի մարդ

մկրատ է վաճառում։

Ես չորացնում եմ նրան սրբիչով։ Սկզբում մազերը՝

թուխ դեղին ճերմակ փնջերով։

Նրա պարանոցը, ուսերը և դրանց շականակագույն

դիաբետիկ վիրակապները։

Նրա ողնաշարը,

դրա կաթնաթույր դեղին կորը, և ամենաներքևում՝

խամրած մանուշակագույն խալը։

Նա բարձրացնում է կրծքերից մեկը, հետո մյուսը,

որ չորացնեմ։ Դրանք տարիների ընթացքում ձգվել են

մինչև ստամոքսը, մաշկը, որ նուրբ է

բրնձե թղթերից առավել։

Կրծքերից ամեն մեկի վրայով անցնող

երկար երակները

կապույտ են,

աչք ծակող կապույտ,

այնքան պարզ, որ հարյուր տարուց

ավել կպահանջվի դրանք մոռանալու համար։

 

*Յամա - մահվան հինդուիստական աստվածն է, նախնիների թագավորը եւ հոգիների վերջին դատավորը։

 

Անգլերենից թարգմանեց Անահիտ Ղազախեցյանը

  • Hits: 2889

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: