Անպատմելի

Հիմա ուրիշ աչքերով եմ եկել նայելու սիրուն, հիմա, երբ գիտեմ,
որ էլ կանգնած չեմ իր լույսի ներքո,
ուզում եմ հարցնել արդեն նախկին ամուսնուս՝
ինչպե՞ս է չսիրելը,
բայց նա չի ուզում խոսել այդ մասին,
նրա ուզածը լռությունն է ամենի վերջում:
Երբեմն ինձ թվում է՝ արդեն
այստեղ չեմ, որ կանգնեմ իր
երեսուն տարվա տեսանելիության մեջ
և ոչ էլ սիրո տեսադաշտում,
ինձ անտեսանելիությունն է պատել
վիլսոնի խցիկում եղած
նեյտրոնի պես՝
մի մղոն խորությամբ թաղված,
արագացուցչի,
որտեղ այն, ինչ հնարավոր չէ տեսնել,
բխում է տեսանելիից։
Հենց զարթուցիչը լռում էր,
շոյում էի նրան, իմ ձեռքն ասես երգիչ լիներ,
որ երգում էր նրան, նրա մարմինն
իր ամբողջ ուժով:
Եվ այժմ ուզում եմ ասել՝
ինչի՞ նման էր ինձ սիրելը,
երբ նայում էիր ինձ, ի՞նչ էիր տեսնում։
Երբ սիրում էր ինձ,
ես աշխարհը տեսնում էի ներսից,
կարծես գետնափոր տնից
կամ թունելից մի, 
որտեղից սևեռուն նայում էի կեսօրին
և տեսնում փայլուն Օրիոնը։
Երբ մտածում էի, որ ինձ սիրում է,
երբ մտածում էի, որ միացել ենք ոչ միայն
պահի թելադրանքով,
այլ երկար շարունակության,
ֆեմուրից և քարից ծանր կոնֆետների համար,
և հապճեպության համար։
Նա ոչ մի զայրույթ ցույց չի տալիս,
ես ոչ մի զայրույթ ցույց չեմ տալիս
բացի հումորային խայթոցներից,
ամեն ինչ քաղաքավարություն է և սարսափ։
և առաջին պահից հետո, երբ ասում եմ՝
սա նրա՞ մասին է,
ասում է՝ ոչ, սա քո մասին է, մենք նրա մասին չենք խոսում։

 

Սեքս առանց սիրո

Ինչպե՞ս են անում նրանք,
նրանք, որ սիրով են զբաղվում առանց սիրո:
Պարողների պես գեղեցիկ
իրար վրա են սահում,
ինչպես գեղասահորդները սառույցի վրա,
մատներով մխրճվում միմյանց մարմինների մեջ՝
դեմքները սթեյքի, գինու պես կարմիր,
նորածինների պես թաց,
որոնցից մայրերը պատրաստվում են հրաժարվել։
Ինչպե՞ս են գալիս և հասնում Աստծուն,
ինչպես են հասնում խաղաղ ջրերին՝
չսիրելով նրան, որ այնտեղ է՝ իրենց հետ:
Բարձրանում է լույսը դանդաղորեն,
ինչպես իրար կպած մարմինեից դուրս եկող գոլորշի։
Սրանք են ճշմարիտ կրոնները, պուրիստները, կողմերը,
նրանք, ովքեր չեն ընդունի կեղծ Մեսիան,
չեն սիրի քահանային Աստծո փոխարեն,
նրանք չեն շփոթում սիրեկանին սեփական հաճույքի հետ,
նրանք մեծագույն վազորդներ են,
գիտեն, որ մենակ են ճանապարհի մակերեսի, ցրտի, քամու, իրենց կոշիկի համարի,
իրենց ընդհանուր սիրտ-անոթային վիճակի հետ․
և որ դրանք ընդամենը գործոններ են, ինչպես զուգընկերը անկողնում,
այլ ոչ թե ճշմարտություն,
ինչպես  միայնակ մարմինը տիեզերքում՝
ընդդեմ իր լավագույն ժամանակի:

 

Մայրիկիս

Դու իմ առաջին երեխան էիր,
իսկապես։
Երբ քույրերս տեղափոխվում էին հյուրասենյակ,
գիշերով գալիս էիր ինձ մոտ՝
ասես երեխա,
որ չի կարողանում գիշերը քնել
և մոտենում է մոր անկողնուն.
ես մայր դարձա յոթ տարեկանում։
Ինչպես բուժքույրն է նորածնին
դնում մոր թևերի մեջ՝
գալիս էիր երբեմն
և փռում քեզ գոգս,
դու սպունգանման էիր՝
համարյա առանց ոսկորների,
պարկերը մեկ և մյուս՝
թաց փետուրներ քո աչքերի շուրջ։
Որտեղի՞ց է գալիս երեխաների սերը:
Ես քեզ իմ գիրկն էի առնում առանց մտածելու,
և երջանիկ էի՝ այտդ իմ չոր
կողոսկրին հպած,
իմ հարթ պտուկը գույնի մի հարված,
մի բիծ, որտեղ ինչ-որ Աստված բութ մատն էր հպել իր ակնթարթորեն:
Ես անհանգիստ չէի, ոչ էլ դեմ էի,
որ եփած ձվերի հոտ էիր բերում անկողնուց նրա,
այն, ինչ ցանկանում էի
ուժեղ տենդով և գույնով,
քո մարմինը կերակրելն էր,
շարժում մտցնելն էր քո կյանք։
Ո՞րտեղից եմ սովորել դա։
Քեզնից եմ սովորել,
երբ կրծքիդ տակ պահում էիր ինձ ամիսներ շարունակ,
և տալիս տաք, առատ կաթ,
դրանից յոթ տարի էր անցել
և ես ոչինչ չէի մոռացել։

 

Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը 

  • Hits: 458