Նադին Գորդիմերը հարավաֆրիկացի գրող է: Նրա վեպերը, պատմվածքները և էսսեները հիմնականում վերաբերվում են ռասսայական տարանջատման քաղաքականությանը և դրա կործանարար հետևանքներին: 1974-ին Գորդիմերը ստացավ բրիտանական Booker Prize-ը, 1991-ին նրան շնորհվեց գրականության Նոբելյան մրցանակ:

 

 

Հին թղթերի գաղտնարանները նման են գերեզմանների, չպետք է դրանք բացեք։

Նրա մորը դիակիզել էին։ Չկար ոչ մի մարմարե քար, որի վրա փորագրված կլիներ․ «Լեյլա դը Մորնե, ծնվել է, մահացել է, դերասանուհի էր»։

Նա միշտ կեղծում էր իր տարիքն ու անունը։ Անունը, որ նա օգտագործում էր, ի ծնե նրան տրված ազգանունը չէր․ էթնիկ առումով այն չափազանց սահմանափակ էր, որպեսզի դերասանների ցուցակում արտահայտեր նրա եզակիությունը։ Ոչ էլ նրա ամուսնական ազգանունն էր։ Մասնագիտորեն էր ինքն իրեն այդպես կոչել։ Թեև հիսունն անց էր ընդամենը, վաղուց ամուսնալուծված էր, երբ տաքսին բախվեց իր մեքենային, և (ինչպես որ ինքը կասեր իր վերջին խոսքում) իր կարիերայի վարագույրն իջավ։

Նրա դուստր Շառլոթը կրում էր հոր ազգանունը և այնքան մտերիմ էր նրա հետ, որքան երեխան կարող է լինել ամուսնալուծության պարագայում։ Երբ Շառլոթը մեծացավ, զգաց, որ շատ ավելի հոր հետ է կապված, քան մոր հետ, թեև սիրում էր վերջինիս, այսպես ասած, երեխայությունը։ Հնարավոր է՝ դերասանական խաղն իրոք մանկության մտացածին խաղերի շարունակությունն էր, որը որոշակի առումով հրապուրիչ էր։ Բայց։ Բայց ի՞նչ։ Շառլոթը չէր ուզում այդ ուղիով գնալ՝ չնայած այն փաստին, որ նրան կոչել էին այն հերոսուհու անունով, որի շնորհիվ ժամանակին նրա մայրը առաջին հաջողությունն էր ունեցել (Շառլոթ Քորդեյ Պետեր Վայսի «Մարատ/Սադ» պիեսում), և չնայած թատերական ու պարի դասընթացների քաջալերանքին։ Այն ուղին չէր, որով նա կարող էր գնալ, որովհետև բավականաչափ տաղանդավոր չէր․ մոր անխոս մեկնաբանությունը, որ արտահայտվում էր հիասթափությամբ, եթե ոչ կշտամբանքով։ Լեյլա դը Մորնեն չէր կապվում որևէ սիրեկանի հետ, այնքան հեռուն չէր գնում, որ նորից ամուսնանար։ Խորթ հայր չկար, որ խճճեր հարաբերությունները, հավատարմությունը։ Չառլին (ինչպես հայրն էր նրան կոչում) կարող էր ասել հորը․ «Ինչո՞ւ պետք է ակնկալի, որ ես եմ հոգ  տանելու նրա մասին»։

Հայրը նյարդաբան էր։ Միասին ծիծաղում էին մոր ցանկացած կանխորոշված նախապատվության վրա որպես այլընտրանք՝ բժիշկ դառնալու։ Մարդկանց ուղեղնե՞րը փորփրել։ Արմունկով թեթևակի հրում էին միմյանց՝ է՛լ ավելի շատ ծիծաղելով դստեր անբարյացակամության վրա։

Հայրն օգնեց հուշ-երեկո կազմակերպել հուղարկավորության արարողության փոխարեն՝ ինչպես միշտ դստերն օգնելու պատրաստ։ Շառլոթը, իհարկե, չէր ակնկալում կամ ուզում, որ նա գա նախկին կնոջ բնակարան ու դասավորի նրա հագուստները, անձնական իրերը, որոնք պետք է թողնվեին կամ տարվեին։ Ձեռնարկությունից, որտեղ Շառլոթը հաշվապահ էր աշխատում, մի ընկերուհի համաձայնեց օգնել նրան հանգստյան օրերին։ Քաղաքացիական իրավունքի հարցերով երիտասարդ փաստաբանը, որի հետ համակրում էին միմյանց, նույնպես անսպասելիորեն առաջարկեց օգնել․ հավանաբար դա քայլ էր դեպի սիրավեպ, որն ամեն դեպքում կայանալու էր։ Աղջիկները դատարկեցին հագուստի պահարանը։ Ընկերուհին անընդհատ բացականչություններ էր արձակում հագուստի ոճերի լայն ընտրության վերաբերյալ, որ կրում էին այն սերնդի կանայք․ քանի՜ անհատականություն դրանք կարող էին կերտել․ կարծես ընտրելու հնարավորություն ունեին, մինչդեռ հիմա բոլորը «ջինս և շապիկ» հանդերձանքից դուրս չեն գալիս։ Օ՜, դե իհա՛րկե։ Շառլոթի մայրը հայտնի դերասանուհի էր։

Շառլոթը ոչինչ չասաց սրա վերաբերյալ՝ մոր փառասիրության հանդեպ ունեցած հարգանքից ելնելով։ Բայց երբ գնաց հարևան սենյակ, որտեղ փաստաբանը, ըստ ժամանակագրության, դասավորում էր թերթի կտորտանքները, ծրագրերը և Լեյլայի մարմնավորած այն հերոսուհիների լուսանկարները, որոնց համար էր նախատեսված ամբողջ զգեստապահարանը, մի քանի ծրագիր թերթեց և դիտարկում արեց ոչ թե նրան դիմելու նկատառումով, այլ ավելի շատ լսեցնելու․ «Իրականում երբեք նա չի ունեցել այն գլխավոր դերերը, որոնք նա կարծում էր, որ պետք է ունեցած լիներ երիտասարդ ժամանակ իրեն տրված փայլուն խոստումներից հետո։ Երբ սպանեց Մարատին։ Նրա լոգասենյակում, այնպես չէ՞։ Երբեք չեմ տեսել այդ պիեսը»։ Վստահել մոր կարիերայի մասին ճշմարտությունը, դավաճանել Լեյլայի՝ իր մասին ունեցած պատկերացումներին․ հավանաբար սա ևս քայլ է դեպի սիրավեպ։

Երեք երիտասարդները դուրս եկան անցյալի ճիրաններից, որպեսզի սուրճ խմեն և քննարկեն ներկայի հոգսերը։ Ինչպիսի՞ դատական գործեր է վարում քաղաքացիական իրավունքի հարցերով փաստաբանը։ Ի՞նչ նկատի ունի՝ «ոչ սովորական դատավեճ» ասելով։ Ո՛չ կողոպուտ, ո՛չ էլ զավթո՞ւմ։ Արդյոք այս երկու երիտասարդ կանայք զգում էին, որ նրանց նկատմամբ խտրականություն է ցուցաբերվում։ Մի՞թե ընտիր աշխատանքները բաժին են հասել տղամարդկանց։ Թե՞ ամեն ինչ հակառակն է։ Արդյոք սեռական խտրականությունների նկատմամբ անմաքուր խիղճը նշանակում է, որ կանայք այժմ զբաղեցնում են պաշտոններ, որոնց համար նրանք իրականում այդքան չեն աճել։ Ցանկացած մաշկի գույն ունեցող կանայք և սևամորթ տղամարդիկ նո՞ւյնն են։ Այն, ինչը միայն Շառլոթի համար տխուր և տարօրինակ զբաղմունք էր, վերածվեց զվարթ երեկոյի, կարծիքների և կյանքի փորձի աշխույժ փոխանակման։ Լեյլան, վստահաբար, հավանություն կտար․ նա միշտ խրախուսում էր իր հանդիսատեսին։

Կիրակնօրյա երեկոն անցավ ջազ ակումբում՝ խանդավառությունն ու ձանձրույթը խառնելով հիփ-հոփի հետ, Կվայտո։ Միասին անցկացրած մեկ այլ երեկոյից, ճաշից և պարերից հետո (առաջին մարմնական շփումը, որ հաստատում էր փոխադարձ համակրանքը), նա կրկին առաջարկեց իր օգնությունը։ Եվ հանգստյան օրերին կեսօրից հետո նրանք արդեն համբուրվում էին ու դիպչում միմյանց՝ հագուստի կույտերի և թատերական հուշանվերների տուփերի միջև, նրա ձեռքի ծայրը դիպչում էր Շառլոթի կրծքին, բայց չէր տանում (ինչը որ բնական կլիներ) դեպի շալերով ու բարձերով զարդարված գեղեցիկ ու դյութիչ անկողինը։ Ինչ-որ ատավիստական[1] տաբու, հարգանք մահացածի հանդեպ․ կարծես թե նրա մայրը դեռ պառկած էր այնտեղ։

Սիրավեպը մեկ ուրիշ վայրում գտավ անկողին ու շարունակվեց անվստահորեն, բավականին հաճելի, բայց առանց պարտավորվածությունների մեծ ակնկալիքի։ Մեկ գործողությամբ պիես, որը սկսվեց կարիերայի օժանդակող մասի ռեկվիզիտների միջև։

Շառլոթը հրաժարվեց թե՛ գրասենյակային ընկերուհու, թե՛ նրա՝ Լեյլայի իրերը դասավորելու առաջարկներից․ ինչո՞ւ։ Հագուստները հավաքված էին։ Որոշները կարելի էր կրել միայն թատերական միջավայրում, և տրվեցին մի սկսնակ թատերական խմբակի, մյուսներն ուղարկվեցին Փրկության բանակ՝ անապաստան մարդկանց բաժանելու համար։ Հայրը պայմանավորվեց անշարժ գույքի գործակալի հետ, որպեսզի նա հայտարարություն տա բնակարանի վաճառքի մասին։ «Եթե, իհարկե, չես ուզում տեղափոխվել», - առաջարկեց նա։ Բայց բնակարանը շատ մեծ էր։ Չառլին միջոցներ չուներ և չէր էլ ուզում ապրել ոճով, որն իրեն բնորոշ չէ՝ նույնիսկ առանց վարձավճարի։ Նրանք կրկին ծիծաղեցին՝ հասկանալով միմյանց, այլ ոչ թե քննադատելով մորը։ Լեյլան Լեյլան էր։ Հայրը համաձայնեց, բայց կարծես ուրիշ բանի մասին էր մտածում։ Այո՛, Լեյլա։

Բեռնակիրները եկան վերցնելու վաճառքի հանված կահույքը։ Շառլոթը մտորում էր անկողինը որպես ժառանգություն վերցնելու մասին (հրաշալի կլիներ անկյունագծով ընկնել դրա լայնարձակ գիրկը), բայց այն նրա փոքրիկ բնակարանի ննջասենյակի դռնից ներս չէր մտնի։ Երբ տղամարդիկ հեռացան իրենց բեռով, հատակին, որտեղ այդ ամենը դրված էր, հայտնվեցին գունատ տեղեր։ Նա բացեց պատուհանը, որպեսզի փոշին դուրս գնա սենյակից, և շրջվելով հանկարծ տեսավ, որ ինչ-որ բան էր մնացել։ Դատարկ ստվարաթղթե արկղերի մի զույգ, որոնք օգտագործվում են սուպերմարկետից առաքում անելու համար։ Շառլոթը զայրացած գնաց դրանք հավաքելու։ Մեկը դատարկ չէր, կարծես թե նամակներով լի էր։ Ի՞նչը կարող էր քեզ ստիպել որոշ նամակներ պահել, իսկ որոշները՝ ոչ։ Իր համեմատաբար կարճատև կյանքի ընթացքում նետել էր դպրոցական ծիծաղելի երկտողեր, մենյուների հակառակ կողմում խզբզված անպատեհ առաջարկներ, որոնք ժամանակին միամտորեն թվում էին հաճելի, մերժման քաղաքավարի նամակ՝ ի պատասխան աշխատանքի առաջարկի, որն իր որակավորման սահմաններից դուրս էր․ փրկարարական դաս այն մասին, ինչը նրա նկարահանող խումբը կոչում էր իրական աշխարհ։ Այս տուփն, ըստ երևույթին, հիշարժան իրեր էր պարունակում, որոնք տարբերվում էին նրանից, ինչի հետ արդեն առնչվել էինք։ Ծրարները անձնական նամակների տեսք ունեին՝ առձեռն հասցեագրված, առանց ձեռնարկությունների ու բանկերի տպագրված պատկերանիշերի։ Արդյոք Լեյլան ընտանիքի և թատրոնի հետ կապ չունեցող անձնական կյա՞նք է ունեցել։ Ամուսնալուծված ծնողների ծնած մեկ երեխան հազիվ թե «ընտանիք» համարվի։

Շառլոթը (ահա միակ ինքնությունը, որ նա ուներ մոր հետ կապված ցանկացած համատեքստում) ուշադրությամբ ուսումնասիրում էր ծրարները։ Եթե մայրը անձնական կյանք էր ունեցել, այն նյութական սեփականություն չէր, որից կարելի կլիներ ազատվել, ինչպես հագուստներից, որոնք հագնում և հանում են։ Անձնական կյանքը չի կարելի «կտակել» դստերը՝ իբրև ժառանգորդի։ Ինչ նամակներ էլ որ Լեյլան պահեր, դրանք դեռ նրան էին պատկանում։ Ավելի լավ կլինի հանգիստ վառել դրանք, ինչպես որ Լեյլային էին այրել՝ ուղարկելով դրանք նրա մոտ։ Ասում են (ինչ-որ տեղ կարդացել էր), թե ոչ ոք երբեք չի անհետանում մթնոլորտում, ստրատոսֆերայում, ինչպես էլ որ կոչեք տիեզերքը․ ատոմները անսահմանորեն փոքր են, գոյության հասկացողությունից դուրս․ այնտեղ են մնում հավերժ՝ հեռու ամբողջ աշխարհից և բոլոր ժամանակներից։ Երբ թափ տվեց այն տուփը, որ դատարկ չէր, որպեսզի պարունակությունը տեղն ընկնի ու չթափվի, երբ այն բարձրացնեն, հակառակ շրջված մի քանի թուղթ նկատեց։ Դրանք ծրարում գաղտնի պահված չէին։ Շառլոթը վերցրեց դրանք ու շրջեց։ Հոր ձեռագիրն էր, ավելի կոկիկ գրված, քան Չառլին կարող էր ենթադրել։ Ի՞նչ ամսաթիվ էր գրված էջի վերևում այն բնակարանի հասցեի տակ, որն իր տունն էր համարում, երբ փոքրիկ աղջիկ էր։ Քսանչորս տարի առաջվա ամսաթիվ էր։ Իհարկե, նրա ձեռագիրը մի փոքր փոխվել էր․ մարդու կյանքի տարբեր փուլերում այդպես պատահում է։ Չառլին այժմ քսանութ տարեկան էր, ուրեմն չորս տարեկան էր այն ժամանակ, երբ հայրը գրել էր այդ ամսաթիվը։ Պետք է որ դա եղած լինի մինչև ամուսնալուծությունն ու նրա՝ Լեյլայի հետ մեկ ուրիշ տուն տեղափոխվելը։

Թղթի վերին ձախ անկյունում նամակը պաշտոնապես հասցեագրված էր «Kaplan McLeod & Partners» փաստաբանական գրասենյակին, իսկ ավելի կոնկրետ՝ այդ գրասենյակից մեկին․ «Հարգելի՛ Հեմիշ»։ Ինչո՞ւ պետք է Լեյլան կործանված ամուսնությունից գործնական նամակագրություն պահեր, որ նյարդաբանը կարող էր գրել փաստաբանական գրասենյակին, օրինակ, ինչ-որ ավտովթարի հարցով կամ որևէ հիվանդի խորհրդատվության կամ վիրահատության չփոխանցված վճարի համար։ (Կարծես թե հոր մարդկային և բժշկական բարոյականությունը կարող էր նրան դեպի նման քայլի դրդել․․․)։ Երևի ժամանակին այս փաստաթղթերը խառնվել էին իրոք անձնական թղթերի հետ։ Լեյլան և Շառլոթը հաճախ էին բնակարաններ փոխում Շառլոթի մանկության և պատանեկության տարիներին։

Նամակը դրոշմված էր «Պատճեն»․

«Կինս՝ Լեյլա դը Մորնեն, դերասանուհի է, որն իր կարիերայի ընթացքում պտտվել է մի միջավայրում, որն անկախ է եղել այն մեկից, որ ստեղծում են ամուսնացած զույգերը։ Միշտ քաջալերել եմ նրան օգտագործել իր կապերի շնորհիվ ընձեռնվող հնարավորությունները իր տաղանդի հետագա զարգացման համար։ Նա շատ գրավիչ կին է, և ինձ համար պարզ էր, որ պետք է համակերպվեմ, որ նրա գործընկեր դերասանների շրջանում կլինեն տղամարդիկ, որոնք կցանկանան լինել ավելին, քան երկրպագուներ։ Բայց մինչ նա վայելում էր ուշադրությունն ու երբեմն պատասխանում նրբակիրթ սիրախաղով, ոչ մի պատճառ չունեի տեսնելու ավելին, քան բնական բավականություն իր սեփական տեսքից ու տաղանդից։ Երբ միայնակ էինք, ծաղրում էր այդ երկրպագուներին՝ կտրուկ դիտարկումներ անելով նրանց արտաքին տեսքի և հավակնոտության վերաբերյալ, իսկ եթե նրանք դերասաններ, ռեժիսորներ կամ թատերագիրներ էին, ապա նրանց աշխատանքի որակի վերաբերյալ։ Գիտեի, որ չեմ ամուսնացել այնպիսի կնոջ հետ, որը կմնար տանն ու կխնամեր երեխաներին, բայց ժամանակ առ ժամանակ նա բարձրացնում էր այդ թեման։ «Պետք է որդի ունենանք,-ասաց նա, - ինձ համար»։ Հետո նոր դեր էր ստանում ներկայացման մեջ, և հասկանալի է, որ այդ գաղափարը հետաձգվում էր։ Նրա կարիերայի սկիզբը խոստումնալից էր, բայց, այնուամենայնիվ, նրա սպասումները չարդարացվեցին։ Նրան չհաջողվեց ստանալ մի քանի դերեր, որոնք նախապես վստահորեն ակնկալում էր։ Մի օր ուշ գիշերը եկավ տուն և ասաց, որ փոքր դեր են տվել իրեն արտասահմանյան մի պիեսում էդինբուրգյան փառատոնին։ Նրան ընտրել էին, որովհետև գլխավոր դերասանը՝ Ռենդալ Հարիսը, ինքն էր խոսել կինոփորձերի տնօրենի հետ ու ասել, որ նա թատերախմբի ամենատաղանդավոր երիտասարդ դերասանուհին է։ Երջանիկ էի նրա համար, և Մեծ Բրիտանիա մեկնելու նախօրյակին հրաժեշտի երեկույթ կազմակերպեցինք մեր տանը։ Էդինբուրգից հետո որոշ ժամանակ անցկացրեց Լոնդոնում, զանգում էր, որ ասեր, թե որքան անհրաժեշտ ու հիասքանչ էր զգալ այն, ինչը կատարվեց այնտեղ՝ թատրոնում, և ինչպես հասկացա, լսումներին փորձել էր իր հաջողությունը։ Ըստ երևույթին՝ ապարդյուն։

Հնարավոր է՝ մտադրված չէր վերադառնալու։ Բայց վերադարձավ։ Մի քանի շաբաթ անց ասաց ինձ, որ հենց նոր է եղել գինեկոլոգի մոտ, և հաստատվել է, որ հղի է։ Զգացված էի։ Ընդունեցի բեղմնավորման քիչ հավանականությունը։ Ենթադրում էի, որ երբ երեկույթի գիշերը կենակցում էինք, նա ձեռք է առել սովորական նախազգուշական միջոցները։ Հարբած չէինք, նույնիսկ եթե ցնծում էր որպես այն բանի խորհրդանիշ, որ ինչ-որ բան պետք է փոխվեր մեր հավանաբար անհամապատասխան ամուսնությունում։ Մասնագիտությամբ բժիշկ եմ՝ նյարդաբան-վիրաբույժ։

Երբ երեխան ծնվեց, նույն տեսքն ուներ, ինչ ցանկացած կարմրադեմ նորածին, բայց մի քանի ամիս անց բոլորը սկսեցին նկատել, որ նա ճիշտ Լեյլան է՝ նրա մայրը։ Շաբաթ օրը կեսօրից հետո էր, երբ նա աքացի էր տալիս ու մարզիկի նման շարժում էր ձեռքերը, մենք հիանում էինք մեր երեխայի զարգացումով, նրա գեղեցկությամբ, և ես կատակեցի․ «Հաջողակ է, նման չէ ինձ»։ Կինս վերցրեց երեխային իմ գրկից և ասաց․ «Նա քո երեխան չէ»։ Էդինբուրգում ինչ-որ մեկին էր հանդիպել։ Ընդհատեցի՝ զայրացած հարցեր տալով։ «Ո՛չ,- խուսափելով ասում էր, - լավ, Լոնդոնում էր, սիրավեպը Լոնդոնում սկսվեց»։ Գլխավոր դերասանը, որը պնդել էր, որ նա խաղա այդ փոքր դերը, այնտեղ ինչ-որ մեկի հետ էր ծանոթացրել նրան։ Մի քանի օր հետո խոստովանեց, որ դա ոչ թե «ինչ-որ մեկն» էր, այլ գլխավոր դերասանը։ Նա մեր դստեր հայրն էր։ Այս ամենը Լեյլան պատմեց նաև ուրիշներին, մեր ընկերներին, երբ մամուլի շնորհիվ իմացանք, որ դերասան Ռենդալ Հարիսը իր համար անուն է հանում Թոմ Ստոպարդի և Թենեսի Ուիլյամսի պիեսներում։

Չգիտեի՝ ինչին հավատալ։ Նույնիսկ խորհրդակցեցի բժիշկ գործընկերներիս հետ երեխայի ծնունդի հետ կապված հղիության շրջանում հնարավոր շեղումների վերաբերյալ։ Ըստ երևույթին, հնարավոր էր, որ բեղմնավորումը տեղի ունեցած լիներ ինձ հետ կամ մեկ ուրիշ տղամարդու հետ մեր կապից մի քանի օր առաջ կամ հետո։ Լեյլան երբեք մտադրություն չի հայտնել վերցնել երեխային և ապրել այդ տղամարդու հետ։ Չափից ավելի հպարտ էր, որպեսզի թույլ տար՝ բոլորն իմանան, որ այդ տղամարդը չէր ցանկանա նրան կամ իրենց սիրավեպի ենթադրյալ ժառանգին։

Լեյլան իրեն նվիրեց դերասանական կարիերային, և, արդյունքում, անհրաժեշտությունից դրդված, ավելի մտերիմ հարաբերություններ ստեղծվեցին, քան ընդունված է հոր և փոքր աղջնակի միջև, որն այժմ չորս տարեկան է։ Նվիրված եմ նրան ու կարող եմ վկաներ բերել, որոնք կհաստատեն իմ համոզմունքն այն մասին, որ իմ խնամակալության տակ նա շատ ավելի երջանիկ կլինի։

Հույս ունեմ՝ այսքանը բավարար է։ Տեղեկացրե՛ք, եթե էլի ինչ-որ բան հարկավոր լինի, կամ եթե չափից ավելի են մանրամասնությունները։ Բժշկական ժարգոնով եմ սովոր գրելու բժշկական հաշվետվությունները և մտածեցի, որ սա պետք է այլ կերպ գրվի։ Չեմ կարծում, որ Չառլիին ինձ մոտ վերցնելու աննշան հույս կունենամ, որովհետև Լեյլան գործի կդնի իր բոլոր թատերական հմտությունները, որպեսզի երդվի, որ երեխան իմը չէ»։

Այդ շաբաթ օրը․ այն վայրէջք կատարեց ներկայով թալանված բնակարանում և լցրեց այն ցնցող զարմանքով, անցյալի ներկայությամբ։ Այդ շաբաթը Չառլիի համար եկավ ճիշտ նույն կերպ, ինչպես հոր մոտ։ Շառլոթը/Չառլին (ո՞վ է ինքը) հենց նույն կերպ ընկալեց, ինչպես հայրը, այն, ինչ ասել էր Լեյլան (այո՛, մայրը․ երեխայի ծնունդն ապացույց է)։

Ինչպե՞ս ընդունել մի բան, որն անհայտ է քո զգացմունքների բառապաշարի համար։ Շոկը ականջներում զնգոցի է նման․ այն լռեցնելու համար վերադառնում եք առաջին էջին, վերընթերցում նամակը։ Ասվում է այն, ինչ ասվում է։ Այդ սուզումը ուժասպառ է անում ներսից՝ սկսած ուռած, շնչասպառ քթանցքներից մինչև կուրծքը, ստամոքսը, ոտքերը և ձեռքերը, ձեռքեր, որոնք անզգայացել են, բայց շտապում են ճանկել այն, ինչ չի կարող լինել։ Տագնապ։ Այդ թույլ հնչող բառը, որն այդքան սարսափելի իմաստ ունի։ Ինչպե՞ս վարվել նրա հետ, ինչ ասել են ձեզ։ Մի բան, որն այժմ գտնվում է ձեր գոյության խորքում։ Փախչե՞լ դրանից։ Իր վզին է փաթաթել այդ նամակը․ բայց այժմ Լեյլան չկա, դիակիզման կրակի հետ փախել է։ Եվ նա միակն է, ով գիտի․ գիտեր։

Իհարկե, հայրը չստացավ խնամակալությունը։ Նրան շնորհեցին ապահարզանը, իսկ չորսամյա երեխային տվեցին մորը։ Երեխայի համար բնական է ապրել մոր հետ՝ մասնավորապես փոքրիկ աղջկա պարագայում։ Չնայած նրա «վկայությանը», որում հերքվեց նրա հայրությունը՝ երեխայի համար ապրուստադրամ էր վճարում։ Թանկարժեք գիշերօթիկ դպրոցը, թատերական ու պարի դասընթացները, նույնիսկ այն արձակուրդները, որ մոր հետ անցկացրել էր Սեյշելյան կղզիներում, երեք անգամ Իսպանիայում, մեկ անգամ Ֆրանսիայում, մեկ անգամ Հունաստանում։ Հավանաբար առատաձեռնորեն էր վճարել։ Նյարդաբան էր, որը իր մասնագիտական բնագավառում շատ ավելի հաջողակ էր, քան մայրը՝ բեմի վրա։ Բայց նման առատաձեռնության պատճառը չէր կարող դա լինել։

Շառլոթը/Չառլին այդ մասին նույնպես չէր կարող մտածել։ Ծալեց երկու էջերը, ցրված կերպով շոշափեց, որ գտնի ծրարը, որի մեջ դրանք պետք է դրված լինեին, բայց չկար, և ձեռքում պահելով դրանք՝ տուփերը, նամակները՝ Լեյլայի բնակարանը թողեց փակ դռան հետևում։

Նրան մի բան կարելի է հարցնել միայն․ ինչո՞ւ է հայր եղել, նվիրված հայր։

Հոր շաբաթ օրվա վերադարձը։ Այն առավոտյան ժամը երեքին, չորսին արթնացնում էր Շառլոթին, երբ նա այդ ամենի մասին չէր մտածում օրվա ընթացքում, աշխատելիս, քաղաքի իրարանցման միջով մեքենան միայնակ վարելիս, ազատ ժամանակ, ընկերների շրջապատում, որոնց ոչինչ չէր ասվել այդ մասին։ Պարբերաբար հոր հետ ընթրում էին նրա սիրելի ռեստորանում, գնում էին դիտելու այն արտասահմանցի ռեժիսորի ֆիլմերը, որով Շառլոթը հիանում էր, և այդ շաբաթ օրվա նորությունները չէին կարող բարձրաձայնվել․ դրանք անիրական էին։

Մթության մեջ, երբ գիշերային երթևեկությունն ավարտվել էր, իսկ առավոտվանը դեռ չէր սկսել՝ լռություն։

Պատճառը։

Հայրը հավատում էր երեկույթի այդ միակ գիշերը բեղմնավորման հավանականությանը։ Լեյլայի հրաժեշտը։ Թեև նրա ընկերը՝ կենսաբանական բժշկության մասնագետը, ակնարկում էր, որ եթե չգիտես կանացի ցիկլի փուլերը, չես կարող վստահ լինել, բեղմնավորումը կարող էր տեղի ունեցած լինել այդ եզակի գիշերվանից մի քանի օր առաջ կամ հետո։

Ես Չառլին եմ, նրանը։

Պատճառը։

Վատ տրամադրության մեջ հղացած ևս մեկ գիշերային միտք։ Ո՞ւմ տեղն են իրենց դրել, որ ըստ իրենց հարմարության՝ որոշեն, թե ով եմ ես։ Լեյլան իր փառասիրությունը բավարարելու համար, վերջին հաշվով, կարող էր երեխա ունենալ այն դերասանից, որ այնպիսի կարիերա ուներ թատրոնում, որին նա ինքը չէր կարողացել հասնել։ Հայրը իր վիրավորված մաչոյի ինքնասիրությունը բավարարելու համար հրաժարվում էր ընդունել մեկ ուրիշ տղամարդու հայրության հավանականությունը․ ի՛ր սերմնաբջիջը պետք է հաղթող լիներ։

Իսկ առավոտյան մինչև օրվա անցուդարձի գլուխ բարձրացնելը ամաչեց, ամաչեց իր՝ Չառլիի համար, որ նման չար ու էժանագին կերպով էր մտածել հոր մասին։

Հաջորդ պատճառը, որն ինքըստինքյան առաջացավ, հազիվ թե անարդար լիներ, բայց շփոթեցնող ու ցավալի էր իր համար։ Հայրը վճարում էր մի տեսակի ապրուստադրամ, և ևս մեկ այլ տեսակի ապրուստադրամ՝ սիրելով նրան, որպեսզի պահպանի իր տեսած աշխարհի բոլոր սովորույթները․ սպիտակ հագուստով պատկառելի բժիշկներ, որոնց իրենց կանայք ուղեկցում էին բժշկական խորհուրդների ճաշկերույթներին։ Եթե կրկին ամուսնանար, նման կին կլիներ։ Լեյլան Լեյլան էր։ Չարժեր նորից ռիսկի գնալ։

Նամակը, որը պատկանում էր այն դստերը, որը ոչ ոքինը չէր, մի տեղից մյուս տեղն էր տեղափոխվում՝ սվիտերների դարակ, հնդկական զարդատուպ, որտեղ պահում էր իր ականջօղերն ու թևնոցները, Եվրիպիդեսի և Ռասինի, Շոուի և Բրեխտի, Դարիո Ֆոյի, Միլլերի, Արտաուդի, Բեքեթի և, իհարկե, հիշատակված «Մարատ/Սադ»-ի պիեսների հետևում։ Շառլոթի երբեք չկարդացված ժառանգությունը։

Երբ գլխումդ բազում մտքեր են պտտվում, մտորումներիդ առարկան ստիպում է դրա մասին պատմել այն միակ անձնավորությանը, որը դեռ այնքան էլ մեծ նշանակություն չունի։ Սիրային ևս մեկ գիշեր անկողնում, երբ զգոնությունը ֆիզիկական լարվածության հետ միասին թուլացել էր։ Մարկը՝ քաղաքացիական իրավունքի հարցերով փաստաբանը, որը ամուսնալուծական դատավեճի խառնաշփոթում գործում է միայն այն դեպքում, եթե խախտվում են սահմանադրական իրավունքները, նամակի մասին ասաց․ «Պատռի՛ր այն»։ Երբ Շառլոթն առարկեց (այն ուղղակի թղթի կտոր չէր), ասաց․ «ԴՆԹ թեստ արա՛»։ Ինչպե՞ս անել այդ առանց ամբողջ գաղտնիքն իմանալու, որը հոր անցյալն էր։ «Վերցրո՛ւ նրա մազերից մի կտոր»։ Այս ամենը պետք է իրականացվի արյան նմուշի հետ։ Ինչպես որ Աստվածաշնչում ինչ-որ մեկը կտրել էր Սամսոնի մազերը։ Բայց ինչպե՞ս պետք է դա անի։ Գողանա՞լ, մինչ հայրը քնած է։

Պատռի՛ր այն։ Հեշտ խորհուրդ նրանից, ով ոչինչ չէր հասկացել։ Բայց Շառլոթը չարեց այդ։

Սակայն մի հանգամանք ծագեց, որը կարծես ինչ-որ կերպ ստեղծվեց․․․ Իհարկե, դա պատահականություն էր․․․ Տեղի թատրոնը ավանգարդ և դասական պիեսների սեզոնի կազմակերպման համար հրավիրել էր  մի ականավոր դերասանի, որը մի քանի գլխավոր դերեր ինքն էր կատարելու։ Առաջին անգամ էր վերադարձել այն պետություն, այն քաղաք, որտեղ նա ծնվել էր և որտեղից հեռացել էր կարիերան շարունակելու համար։ Այսպես էր ասում նա թերթերին, ռադիոյին ու հեռուստատեսությանը տրված հարցազրույցների ժամանակ․ ինչքա՞ն վաղուց էր դա։ Օ՜, քսանհինգ տարի առաջ։ Ռենդալ Հարիս։ Թերթի լուսանկարները․ դերասանի՝ բազմաթիվ տեսախցիկների համար ընդունված կեցվածքը, միջին տարիքի, բավականին գեղեցիկ, բնավորությունն ընդգծող բերանի հանդուգն, թեթև կորագիծը, զվարճալի կերպով միասին վեր բարձրացված հոնքերը, ճերմակի երանգները այտամորուքում։ Դժվար էր թերթի վրա նշմարել աչքերը։ Հեռուստացույցով՝ կենդանի․ մարմնի վերին հատվածները, տեսադաշտում հայտնվող ժեստերը, դեմքի արտահայտության փոփոխությունները՝ խոշոր պլանով, ներս ընկած երկար աչքերը՝ մոխրագույն, միտումնավոր ուժգնությամբ մթագնող, գրեթե սևով բոցավառվող, որ հանդիպում են ձեր՝ դիտորդների աչքերին։ Ի՞նչ էր ակնկալում։ Ճանաչո՞ւմ։ Շառլոթի։ Նրա` տուփից ծագած Շառլոթի։ Դերասանի բեմական դեմք։

Չէր կարող անտեսել հուզմունքը, երբ մտածում էր այն մասին, որ այն մարդը, ում անունը նշել էր մայրը, քաղաքում է։ Լեյլան Լեյլան էր։ Այո՛։ Եթե Լեյլան չանհետանար ծխի մեջ, կհանդիպե՞ր վերջինիս, կճանաչե՞ր նրան։ Երբևէ տեսե՞լ էր այն երեխային, որն առնվազն երկու տարեկան էր, երբ նա քսանհինգ տարով հեռացավ։ Ի՞նչ է հիշում երկու տարեկան երեխան։ Հանդիպել էր նրան այն ժամանակ, երբ նա երիտասարդ էր, ընդունե՞լ էին արդյոք նրան այդ ապշեցուցիչ հարցական աչքերը։

Սովորաբար թատրոն էր գնում ընկերների կամ քաղաքացիական իրավունքի հարցերով փաստաբան սիրեկանի հետ, չնայած որ վերջինս ֆիլմեր էր նախընտրում․ նրա սահմանափակ նախընտրություններից, որը Շառլոթը վերջին հաշվով կարող էր կիսել նրա հետ։ Ամեն օր, ամեն գիշեր մտածում էր թատրոնի մասին։ Միայն ոչ Մարկի հետ։ Ոչ էլ ընկերներից որևէ մեկի հետ։ Ո՛չ։ Կատաղի պոռթկման մեջ հոր հետ այնտեղ գնալու գայթակղություն առաջացավ, որը չգիտեր, որ դուստրը գիտի այն, ինչ նրան ասել էին այն շաբաթ օրը։ Լեյլան Լեյլան էր։ Թե՛ նրա համար, թե՛ Շառլոթի։

Միայնակ գնաց այն ժամանակ, երբ Ռենդալ Հարիսը գլխավոր դերերից մեկն էր կատարում։ Խանդավառ հայտարարություններ էին։ Լոուրենս Օլիվիեն էր, որը վերամարմնավորվել էր նոր քսանմեկերորդ դարի համար՝ ներկայացման ապակազմավորված ոճ։ Դրամարկղի մոտ հերթի մեջ կանգնած էր, երբ հայտնվեց «Բոլոր տոմսերը վաճառված են» ցուցանակը։ Մեկ ուրիշ երեկոյի համար առցանց տոմս վերցրեց, տեղ, որը նախաբեմից երեք շարք այն կողմ գտնվող շարքում էր։ Թատրոնում զգաց, որ թշնամաբար է տրամադրված։ Ծիծաղելի։ Ուզում էր չհամաձայնել քննադատների հետ։ Ահա թե ինչումն էր բանը։

Ռենդալ Հարիս․ ինչպե՞ս կնկարագրեք ներկայացումը, որին հաջողվում է ամբողջական պատկեր ստեղծել հանդիսատեսի համար․ պիեսի ամբողջ ընթացքում ներկայացվում է մարդու կյանքը ոչ միայն հենց «կերպարում», այլ նաև այն, թե ինչպիսին այն կարող էր լինել մինչև հեղինակի ընտրած իրադարձությունները, և ինչպիսին կարող էր լինել, եթե շարունակվեր։ Ռենդալ Հարիսը արտասովոր դերասան էր, տղամարդ։ Աղջկա ափերը ծափահարող ձեռքերի մեջ այնպես էին բարձրացված, ասես թռիչքի պատրաստվող թռչուններ լինեին։ Երբ նա, իր շուրջը հավաքելով մյուս դերասաններին, դուրս եկավ կանչերին պատասխանելու, Շառլոթը նրա տեսադաշտում չէր, ինչպես որ կլիներ, եթե տեղ վերցներ շարքի մեջտեղում։

Շառլոթը գնում էր բոլոր ներկայացումներին, որտեղ նա ներառված էր թատերախմբում։ Տեղ՝ երկրորդ շարքի մեջտեղում․ առաջինում չափից ավելի ակնհայտ կլիներ։

Չնայած որ երկրպագու չէր, մի երեկո ստորագրություն խնդրողների շարքում հայտնվեց, որոնք թափառում էին ճեմասրահում՝ հույս ունենալով, որ նա այնտեղից կլքի թատրոնը։ Իրոք հայտնվեց՝ թատրոնի տնօրենի հետ ուղևորվելով դեպի բար, մի պահ նրան ուղղված ծրագրերի  ճաղերի միջից պատահաբար որսաց Շառլոթի հայացքը, որ առանձին կանգնած էր նրա երկրպագուների հետևում։ Դեմքին շինծու զվարճանքի ժպիտ էր, որը նախատեսված էր իր տեսադաշտում գտնվող ցանկացած մեկի համար, բայց այդ մեկը Շառլոթն էր։

Նրա դիմաշարժը, քայլվածքը, ժեստերը, բեմի վրա նրա դեմքի տարօրինակությունները, որոնցում Շառլոթը թաքուն հենց նրան էր տեսնում, համարյա ծանոթ էին դարձել նրան։ Թվում էր, թե ինչ-որ կերպ գիտեր դրանք, իսկ այդ մանրամասնությունները՝ իրեն։ Նշաններ։ Եթե դրանք հորինվել են, շատ նման են համոզմունքի։ Դրամարկղում սովորական հարց հնչեց․ «Ամբողջ սեզոնի համար տոմս ունե՞ք»։ Շառլոթը ենթադրեց, որ դրանք գնվել են այն ժամանակ, երբ առաջին անգամ հայտարարվեց Ռենդալ Հարիսի հրավերի մասին։

Շառլոթը մտածեց նամակի մասին։ Պարտական էր նրան այն տպավորության համար, որ նրա ներկայացումները թողել էին իր վրա։ Նրա իշխանությունը կյանքի դրամայի վրա, այնտեղ նրա հետ լինելու հուզմունքը։ Մտքում պտտվող չորրորդ կամ հինգերորդ տարբերակից հետո, որոշվեց հետևյալը։ Եթե ուղարկի թատրոն, ամենայն հավանականությամբ այն հանդերձարանում արագ աչքի կանցկացվի, իսկ նրա հյուրանոցում կա՛մ այլ «հարգանքի տուրքերի» մեջ մոռացության կմատնվի, կա՛մ հետ կուղարկվի Լոնդոն հուշանվերների հավաքածուի համար, որը, թվում է, պետք է դերասաններին։ Բայց նա այն լուսանկարի թեթև կորագծով, բերանն ուներ։

Բնականաբար, Շառլոթը որևէ պատասխան չէր ակնկալում և ոչ էլ ստացավ։

Մի երեկո ներկայացումից հետո Շառլոթը պատահաբար հանդիպեց Լեյլայի մի քանի հին ընկերների՝ դերասանների, որոնք եկել էին նրա հուշ-երեկոյին, և որոնք պնդեցին, որ Շառլոթը բարում նրանց միանա։ Երբ ուշացած ամբոխի մեջ նշմարվեց Ռենդալ Հարիսի անտարակույս ճանաչելի գլուխը, բոլորը գնացին նրան գրկելու ու նրան ընկերոջ՝ թատրոնի տնօրենի հետ սեղանի մոտ տանելու, որտեղ շշերի և բաժակների միջև մնացել էր Շառլոթը։ Ընկերները, Ռենդալ Հարիսի ներկայությունից հուզված, մոռացան ներկայացնել նրան՝ որպես Լեյլայի դստեր, Լեյլայի, որը այն հեռավոր ներկայացման մեջ Քորդեյ էր խաղում, իսկ ինքը՝ Մարատ։ Հավանաբար Լեյլայի մասին մոռացան․ լավագույն բանը, որ կարելի է անել մեռած մարդու հետ, եթե ուզում եք շարունակել կյանքը և անտեսել այնպիսի վտանգները, որպիսին այն մարդասպան տաքսին էր։ Շառլոթի նամակն այդտեղ էր ոչ ավելի, քան պիեսների հատորների հետևում թաքնված մեկ այլ բան։ Նոր ծանոթություն․ ուղղակի ոչ ոքի հանդիպումը հռչակավոր մեկի հետ։ Բայց ոչ ամբողջովին՝ նույնիսկ հռչակավոր դերասանի տեսանկյունից։ Մինչ խոսակցությունը շարունակվում էր, տղամարդը, որ գրեթե նրա դիմացն էր նստած, հիմք ընդունելով իր ներկայության յուրահատուկ մակարդակը, համարեց, որ ընկերասիրական կլիներ որևէ բան ասել երիտասարդ կնոջը, որին ոչ ոք չէր ներգրավում խոսակցության մեջ, և հեշտությամբ ասաց այն, ինչ եկավ մտքին․ «Այդ դուք չէի՞ք, որ վերջին ժամանակներս մի քանի անգամ երկրորդ շարքի ուղիղ մեջտեղում էիք նստած»։ Եվ հետո սկսեցին միասին ծիծաղել, և դա կրկնակի խոստովանություն էր․ Շառլոթի, որ ինքն ամբողջությամբ կենտրոնացած էր նրա վրա, և նրա, որ տեղյակ էր այդ մասին կամ, համենայն դեպս, տեղեկանում էր, երբ տեսնում էր մեկին, ում ուշադրությունը գրավում էր նրան։ Մյուսների ձայների միջից հարցրեց, թե խաղացանկի ո՞ր պիեսներն էր առավել հավանել Շառլոթը, և ի՞նչը կքննադատեր նրանցում, որոնք չէր հավանել։ Նա նշեց մի քանիսը, որոնք Շառլոթը չէր տեսել։ Շառլոթի պատասխանը մեկ այլ խոստովանություն էր․ տեսել էր միայն նրանք, որոնցում նա որևէ դեր էր խաղում։

Երբ խնջույքն ավարտվեց, և բոլորը սկսեցին ուղևորվել ճեմասրահ՝ անընդհատ կանգ առնելով ու շարունակելով քայլել,  շաղակրատելով ու ծիծաղելով,  անընդհատ հերթափոխների արդյունքում հենց նրա դիմաց հայտնվեց Ռենդալ Հարիսի մեջքը։ Արագ շրջվեց, այնպես ճկուն, ինչպես երիտասարդ տղան, և (պետք է որ մի մարդու պոռթկում լիներ, որը սովոր է լինել բնական ու հմայիչ՝ չնայած իր մասնագիտական զգուշավորությանը) խոսեց այնպես, ասես դրա մասին էր մտածում․ «Գիտե՞ք, այդքան հաճոյանալով ինձ՝ շատ բան եք բաց թողել՝ մյուս ներկայացումներին չգնալով։ Մի օր երեկոյան եկե՛ք, կամ էլ կիրակի կեսօրից հետո Վոլե Շոյինկայի ներկայացումն է լինելու, որ Դուք պետք է տեսնեք։ Ռեստորանում մի բան կուտենք, մինչ կուղեկցեմ Ձեզ Ձեր սիրելի տեղը։ Ինձ համար հատկապես հետաքրքիր է հանդիսատեսի արձագանքն այն պիեսի վերաբերյալ, որ ես համարձակություն եմ ունեցել բեմադրել»։

Ներկայացման ամբողջ ընթացքում Ռենդալ Հարիսը նստած էր նրա կողքին, ժամանակ առ ժամանակ որոշ մեկնաբանություններ էր շշնջում՝ հրավիրելով նրա ուշադրությունը այս կամ այն բանի վրա։ Կեսօրի ճաշին լազանյա ուտելիս Շառլոթն ասել էր նրան, որ ինքը հաշվապահ է՝ հաշվարկների էակ, և կարող էր այնպիսի որակավորում չունենալ, որ դատեր դերասանների մարմնավորման և ռեժիսորի արվեստի մասին։ «Գիտեք չէ՞, որ դա սուտ է»։ Ասաց ծանրակշիռ անուշադրությամբ։ Այն բանին հավատալու գայթակղությունը, որ ինչ-որ բան զգաց իր արյան մեջ, դյուրազգացություն։ Իր մորից։ Եկել էր կամ չէր եկել նրան ասելու պահը, որ ինքը Լեյլայի դուստրն էր, չնայած կրում էր Լեյլայի ամուսնու ազգանունը, ազգանուն, որով չէր ներկայանում Լեյլան։

Այժմ գլուխկոտրուկը հետևյալն էր՝ ի՞նչ է լինելու։ Նա ծնվել էր (ո՞րն էր այդ երկար եզրույթը) պարթենոգենեզի[2] արդյունքում։ Թոփսիի նմա՞ն է մեծացել։ Գիտեք՝ դա սուտ է։

Նրա համար՝ որպես իր հյուրի, տեղ հարմարեցրեց խաղացանկի մյուս պիեսների ժամանակ, երբ ինքը գլխավոր դեր էր խաղում։ Սովորական էր, որ ներկայացումից հետո Շառլոթը կուլիսներ էր գալիս։ Երբեմն կանչում էր այնպիսի թատերախմբերի հավաքույթներին, որտեղ հավաքվում էին «նրա հասակակիցները»՝ անուղղակիորեն խոստովանելով, որ ինքը բավականին տարիքն առած է, նրա հոր հասակակիցը։ Ընտիր է։ Ակնհայտ է, որ նա ո՛չ երեխա ունի, ո՛չ էլ մեկ ուրիշին, ոչ մեկի մասին չի հիշատակել։ Արդյոք նա համասեռամո՞լ էր։ Հիմա՞։ Կարո՞ղ է արդյոք տղամարդը փոխել իր սեռական կողմորոշումը կամ երկուսն էլ ընդունել։ Այն, թե ինչպես էր այդքան զարմանալիորեն (կյանքի լարմամբ էլեկտրականացած) ընդունում Շեքսպիրի, Ստրինդբերգի, Բրեխտի, Բեքեթի խոսքերով ստեղծված արարածներին․ օ՜, դուք կոչում եք դրանց՝ ելնելով այն հատորներից, որոնցում պահվում է այն շաբաթ օրվա մասին պատմող նամակը։ «Կարծես հասկանում եք, որ ես, այսինքն՝ մենք՝ դերասաններս, բացարձակապես ռիսկի ենք դիմում, սպանում ենք ինքներս մեզ՝ փորձելով վերջնականապես նույնականացվել կերպարների հետ, ճնշելով ինքներս մեզ, որ թույլ տանք արարչությանը գերակայել։ Մի՞թե երբեք չեք ուզել փորձել։ Չե՞ք մտածել դերասանական խաղի մասին»։

Շառլոթն ասաց․ «Գիտեմ, որ հաշվապահությունն այս ամենի բացարձակ հակադրությունն է։ Նման տաղանդ չունեմ»։

Մխիթարելու ջանք չգործադրեց։ Մեծահոգաբար չքաջալերեց՝ ինչո՞ւ չփորձել։ «Հնարավոր է՝ իրավացի եք։ Ոչինչ չի կարող համեմատվել դերասանի ձախողման հետ։ Այն նման չէ մյուս տեսակի ձախողումներին։ Այն միայն քո ներսում չի տեղի ունենում․ հանդիսատեսի առաջ է կատարվում։ Ավելի լավ է լինել այնպիսին, ինչպիսին որ կաս։ Շատ հետաքրքիր երիտասարդ կին եք։ Չգիտեմ՝ արդյոք գիտե՞ք դա, բայց կարծում եմ՝ գիտեք»։

Ինչպես որ յուրաքանչյուր գրավիչ երիտասարդ կին, հիմնականում վայելում էր այնպիսի ուշադրություն, որը տարիքն առած տղամարդիկ տածում են երիտասարդ կանանց հանդեպ։ Որոշ տղամարդիկ իրենք իրենցով հետաքրքիր են կա՛մ այն պատճառով, որ ինչ-որ կերպ պահում են ուժեղ մնալու խոստումը՝ իրենց սեփական ատամներով լի բերան, ջինսի միջից երևացող ամուր, մկանուտ նստատեղ, կրկնակզակների բացակայություն, գեղեցիկ աչքեր, որոնք շատ բան են տեսել, կա՛մ էլ նրա համար, որ հայտնի են, ականավոր և, այո՛, նույնիսկ հարուստ։ Այս դերասանը, որի չմարող տղամարդկային գեղեցկությունը նրա տաղանդին բնորոշ հատկանիշն է, այժմ հավանաբար ավելի ցանկալի է, քան այն ժամանակ, երբ Պետեր Վայսի պիեսում խաղում էր սկսնակ Մարատի դերը․ բոլոր այն դերերի տակից, որոնք նա ստանձնել էր, դուրս է եկել որպես խիստ շնորհալի անձնավորություն։ Չնայած որ այդ երիտասարդ կնոջ դիմաց նման սովորական դեր չխաղալու ոչ մի տեսանելի պատճառ չկար, ոչ մի նշան չկար, որ նա այդպես է անում։ Շառլոթը գիտեր այդ քայլերը․ դրանք չարվեցին։

Ուշադրությունն ուրիշ բանի վրա էր ուղղված։ Նրանց միջև էր։ Հա՞րց էր սա, թե՞ փաստ։ Չգիտեին, այնպես չէ՞։ Նա գրկաբաց ընդունում էր Շառլոթին, ինչպես հովիկին, որը փչում էր արտասահմանում տարվա այս եղանակին, և որը այժմ փչում էր նրա հին, հայրենի քաղաքում, ու թվում էր՝ թարմացնում էր նրան։ Հայտնի մարդիկ հովանավորյալներ ունեն՝ բազմաքանակ պատասխանատու հասարակական ընդունելության սովորական մասը։ Ասաց Շառլոթին՝ վստահ է, որ ներողամտաբար կընդունվի, որ ցանկացել է վերադառնալ արկածներին, երկրի այն վայրը, որտեղ երեխա ժամանակ հրճվանք էր ապրել, որ ցանկացել է բարձրանալ այնտեղ, ուր կարմիր ճյուղերով, մեծ, փշոտ բույսեր կային։ Շառլոթն ասաց նրան, որ այժմ ճիշտ սեզոնը չէ, այդ բույսերը տարվա այս ժամանակին չեն ծաղկում, բայց կտանի նրան այնտեղ։ Միանգամից ընդունեց այդ երկչոտ առաջարկը, և երկու օրով թողեց թատերախումբը, երբ պիեսները, որոնցում գլխավոր դերակատար էր, չէին կայանալու։ Սահում էին ու բարձրանում այն լեռնագագաթներով, որոնք նա հիշում էր, և երեկոյան պահատնակում նրան ճանաչեցին (ինչն ընդունեցին որպես անխուսափելի հանգամանք), ստորագրություն տվեց թղթի կտորների վրա, իսկ երբ միայնակ մնացին, կատակեց, որ անցյալում նրան սխալմամբ փոփ աստղի տեղ էին դրել, որին նա չէր ճանաչում, բայց պետք է ճանաչեր։ Նրա անգիտակից կենսունակությունը ոգեշնչում էր շրջապատի մարդկանց, որտեղ էլ որ լիներ։ Զարմանալի չէր, որ այդպիսի նորարարական ռեժիսոր էր։ Քննադատները գրում էին, որ նրա ձեռքերում դասական պիեսները՝ նույնիսկ հունական դրամայի ռեզերվները, վերապատկերվում են, կարծես՝ այնպիսինն են, ինչպիսին որ պետք է լինեին, և անցյալում երբեք չէին եղել։ Շառլոթը ոչ թե նրա ստվերում էր կանգնած, այլ նրա լույսի ներքո։ Կարծես՝ ինքն իրեն վերապատկերել էր։ Նա սրամտորեն քննադատում էր այլ մարդկանց հաշվարկները, և այդ պատճառով Շառլոթը կարող էր նրա ներկայությամբ ազատ մտածել, խոսել, ինչը որ ծանր էր համարում նրանց ներկայությամբ, ում հետ աշխատում էր․ կանխատեսելիությունն իր ընկերների շրջանում, որ նա հանդուրժում էր առանց նրանց բորբոքելու։ Այնպես չէ, որ այժմ հաճախ էր հանդիպում ընկերների հետ։ Այժմ նա հետնաբեմի դերասանական կազմի մի մասն էր, դերասանների ընտանիքում նոր անդամ, որ սրճարանում ճաշի ընթացքում հաղորդակից էր դառնում նրանց բամբասանքներին, դերասան-ռեժիսոր կատակներին, որը, արթնացնելով նրանց եռանդուն տաղանդը, այնքան շատ բան էր դուրս քաշում նրանցից։

Չառլիի սովորական ընթրիքները հոր հետ, որոնք հաճախ հետաձգվում էին, կրճատվեցին․ հայրը հասկացավ այդ։ Քիչ բան կար, որի մասին կարող էին խոսել։ Եթե միայն Չառլին չէր ուզում պարծենալ իր նոր կապերով։

Հոր հետ թատրոն գնալու անցանկալի հին մղումն առաջացավ։ Խեղդել էր այն։ Բայց վերադարձավ։ Նրա հետ միասին նստել ու տեսնել տղամարդուն, որ իշխում էր բեմի վրա։ Ինչի՞ համար։ Ի՞նչը լուծում կստանար։ Ինքը Շառլո՞թն էր, թե՞ Չառլին։

Չառլին ասաց․  «Արի՛ գնանք նայելու այն պիեսը, որն այդքան հիանալի արձագանքներ է ստացել։ Ես կգտնեմ տոմսեր»։ Նա չառարկեց․ հավանաբար մոռացել էր, թե ով էր Ռենդալ Հարիսը։

Ներկայացումից հետո հայրը Չառլիին բար տարավ՝ մեծ հետաքրքրությամբ խոսելով պիեսի մասին։ Մի ամբողջ հավերժություն Բեքեթ չէր նայել․ պիեսն ընտիր նայվեց, չէր հնացել։ Չառլին չէր ուզում այնտեղ լինել։ Ասաց, որ արդեն ուշ է։ Ո՛չ, ո՛չ, չէր ուզում խմել․ բարը չափազանց մարդաշատ էր։ Բայց հայրը մեղմորեն համոզում էր․ «Չենք մնա։ Ծարավ եմ, գարեջուր եմ ուզում»։

Ծափահարությունների  տեղատարափ սկսվեց, երբ գլխավոր դերասանն անցավ հիացած հարբեցողների միջով։ Խոսեց ուրիշների հետ, հետո մոտեցավ։

«Ռենդա՛լ, հայրս է»։

«Շնորհավորանքներս։ Հրաշալի ներկայացում էր, քննադատները չեն չափազանցնում»։

Դերասանը խույս տվեց գովասանքից, ասես նրա համար բավական էր լսել այդ մարդկանցից, որոնք չեն հասկանում, թե ինչի հետ է կապված Վլադիմիրի կամ Էստրագոնի այդ ներկայացումը. (ո՞րն էր այն բառը, որ մշտապես օգտագործում էր) ռիսկը։ «Այսօր մի տեսակ էի ինձ զգում։ Մի փոքր կարոտել եմ։ Շառլո՛թ, տեսա՞ր՝ ավելի լավ է ստացվում մոտս, հե՜յ, սիրելիս»։

Հայրը վերցրեց բաժակը, բայց չխմեց։ «Վերջին անգամ Ձեզ տեսել եմ պիեսում, որ ապաստարանում էր բեմադրվել։ Լեյլա դը Մորնեն Շառլոթ Քորդեյն էր»։

Ասաց նրա հայրը։

«Իհարկե, դուք միշտ քննադատների հիերարխիայի կենտրոնում եք նրա համար, թե ինչպես եք դասական ներկայացումներ խաղում, բայց նոր նյութով, առաջ գնացող թատրոնով շատ ավելի եմ հիացած, դերերով, որոնք զրոյից եմ ընկալում»։

«Քանի քանի անգամ եմ Շառլոթ Քորդեյի կողմից դանակահարված նստել այդ լոգասենյակում»։  Այդ զինաթափող շինծու ժպիտը նշմարվեց։

Շառլոթն ասաց այն, ինչ չէր պատմել, ավելի հարմար ժամանակ և իրավիճակ չէր գտել նրան ասելու համար․ «Լեյլա դը Մորնեն մայրս է»։ Այլևս հնարավոր չէր անտեսել անցյալի լարվածությունը, ինչպես որ Դը Սադի ապաստարանի ներկայացումը, որտեղ իր Մարատի համար նա Շառլոթ Քորդեյն էր։ «Ահա՛ թե ինչպես են իմ անունն ընտրել»։

«Դե, դու հաստատ այն Շառլոթը չես, որն իր մոտ դանակ է պահում՝ դրանով փչացնելով իր գեղեցիկ աուրան և վախեցնելով իրեն շրջապատող տղամարդկանց»։ Հոնքերն այնպես բարձրացրեց, կարծես, ցավոք, նրանցից մեկն էր․ դերասանական խաղացանկի հնարք, որին հակասեց ակնթարթային, հազիվ նկատելի հայացքների փոխանակումը Շառլոթի հետ․ սև ադամանդների նման աչքերը, որոնք իրենց ինտենսիվությամբ արտահայտում էին նրա տաղանդը․ բեմական ռեկվիզիտ, որը վերցվել և անմիջապես ազատ էր արձակվել։

Լեյլան Լեյլան էր։

Երբ լուսացույցի մոտ լռության մեջ կանգնած էին, հայրը բացված ափով դիպավ նրա գլխին այն նույն համեստ քնքշանքով, ինչ նրան գիշերօթիկ դպրոց տանելիս։ Եթե նույնիսկ այժմ Շառլոթն այլ կերպ անհանգստանալու իր սեփական պատճառներն ուներ, այդ ամենն այլևս կարևոր չէր։ Շառլոթը պատրաստվում էր հորը տանել նրա բնակարան, բայց երբ շքամուտքի մոտ կանգ առավ, իր կողմից բացեց մեքենայի դուռը, իսկ հայրը՝ իր կողմից, փողոցում մոտեցավ նրան։ Հայրը շրջվեց՝ ի՞նչ է պատահել։ Շառլոթը թեքեց գլուխը՝ ոչի՛նչ։ Մոտեցավ հորը, և վերջինս անգիտակցաբար հասկացավ, որ պետք է իր գիրկն առնի դստերը։ Շառլոթը գրկեց նրան։ Հայրը համբուրեց դստեր այտը, և նա նորից ամուր գրկեց հորը։ ԴՆԹ-ի կարիք չկար։

 

[1] Հին, վաղեմի։

[2] Սեռական բազմացման տեսակ, որի ժամանակ իգական սեռաբջիջը (ձուն) զարգանում է առանց բեղմնավորվելու։

 

 

Անգլերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

  • Hits: 4199

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: