Կինս՝ Մարին, որոշել էր երեկույթ կազմակերպել, սպասարկվող երեկույթ և հրավիրել հին ընկերներին, ինչպես նաև որոշ նոր մարդկանց ու ձախ կողմում ապրող հարևաններին, որոնց հետ շփվում ենք։ Մատակարարի գալուց անմիջապես առաջ զանգում է Մոլի Վանդերգրիֆթը և ասում, որ դուստրը հարյուր երկու աստիճան ջերմություն ունի, և որ ինքն ու ամուսինը, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա գալ։ Նկատում եմ կնոջս հիասթափությունը, մինչ նա մխիթարում է Մոլիին։ Իսկ հետո՝ զանգից մի քանի վայրկյան անց, Մոլիի ամուսնու մեքենան դուրս է գալիս մուտքի մոտից։ Երբ հեռացող մեքենայի ձայն եմ լսում, միշտ առաջին միտքը, որ ծագում է գլխումս, այն է, որ մարդը հեռանում է։ Կնոջս բացատրությունն ավելի պրակտիկ է․ գնում է դեղորայք գնելու։
Կինս ինքն է երկու անգամ հեռացել տանից այն երեք տարիների ընթացքում, ինչ հաշտվել ենք։ Մի անգամ զայրացած հեռացավ, իսկ հաջորդ անգամ իր այցը Վայոմինգ՝ ընկերուհու տուն, մեկ շաբաթից դարձավ վեց շաբաթ, և չնայած չէր ասել, որ չի վերադառնալու, չէի կարող ստիպել նրան ինքնաթիռի տոմս պատվիրել, չէի կարող ստիպել, որպեսզի ասի, որ կարոտում է ինձ, առավել ևս, որ սիրում է։ Սխալ բաներ էի անում։ Թանկարժեք մեքենաներ էի գնում ինձ համար, իսկ նրան հներն էի տալիս, գումար էի տանուլ տալիս մոլախաղերում, հարյուր անգամ ուշանում էի ընթրիքից։ Բայց երբեք չեմ լքել կնոջս։ Այդ նա՛ տեղափոխվեց, երբ որոշել էինք ամուսնալուծվել։ Մեր հաշտվելուց հետո հենց նա էր, որ մեքենայում արտասվեց՝ ի նշան տարաձայնությունների ավարտի։
Ժամանակ առ ժամանակ նման բաները զգացնել են տալիս․ ինչ-որ մի չնչին բան կհիշեցնի ինձ այն բոլոր դեպքերի մասին, երբ նա հեռացել էր կամ սպառնացել, որ կհեռանա։ Կամ մի այնպիսի բան կուզի, որը չենք կարող մեզ թույլ տալ և, ինչպես ես եմ ասում, իր՝ զարմացած ճագարի աչքերով կնայի ինձ։ Մեծ մասամբ ջանասիրաբար փորձում ենք կենսուրախ լինել։ Նա աշխատանք է փնտրում, իսկ ես օրվա վերջում ուղիղ տուն եմ գալիս, և լուծում ենք գտել հեռուստացույցի հեռակառավարման վահանակի խնդրի համար․ մեկ ժամ այն նրա մոտ է, մեկ ժամ՝ իմ։ Երեկոյան երկու ժամից ավել հեռուստացույց չենք դիտում։
Այսօր երեկոյան հեռուստացույց ընդհանրապես չի լինելու կոկտեյլային երեկույթի պատճառով։ Հենց հիմա ուտելիքի մատակարարի մեքենան կայանված է մեր տան առջև, և մատակարարը՝ մի կին, իրերը ներս է բերում՝ օգնելով մի դեռահաս տղայի, որը հավանաբար նրա որդին է։ Տղան այնքան մռայլ է, որքան նրա մայրը` զվարթ։ Կինս և նա ժպտալով գրկում են միմյանց։ Մատակարարը, մատուցարաններով այս ու այն կողմ է գնում։
Կինս ասում է․
-Միգուցե պետք է դուրս գամ և օգնե՞մ, - իսկ հետո ինքն իրեն պատասխանում է, - ո՛չ, դրա համար ես նրան վարձատրում եմ։ - Հետո ինքն իրեն ժպտում է։ -Ինչ ափսոս, որ Վանդերգրիֆթները չեն կարող գալ, - ասում է նա։ - Նրանց համար ինչ-որ բան կպահենք։
Հարցնում եմ, թե արդյոք պետք է, որ երաժշտություն միացնեմ, բայց կինս ասում է, որ ոչ, քանի որ այն կխլացնի խոսակցությունը։ Կա՛մ այդպես, կա՛մ էլ ստիպված կլինեն այնքան բարձր անել այն, որ դա կանհանգստացնի հարևաններին։
Կանգնած եմ հյուրասենյակում ու նայում եմ մատակարարին և տղային։ Վերջինս ներս է մտնում դռնով՝ պարզած ձեռքի վրա պահելով մի քիչ վախենում է։ Մինչ ես հետևում եմ, տիկին Մեյը՝ հարևանուհին, որի հետ չենք խոսում (մի անգամ նա ոստիկանություն էր զանգել, երբ գնացել էինք քնելու և սխալմամբ պատշգամբի լույսը միացված էինք թողել), անցնում է իր խաղալիք պուդելների՝ Աննաքլերի և Էսթերի հետ։ Տիկին Մեյը ձևացնում է, թե իբր չի նկատում, որ մատակարարը երեկույթի ուտելիք է տանում մեր տուն։ Նա կարող է քո միջով նայել ու ստիպել, որ ուրվական զգաս քեզ։ Նույնիսկ շնիկներն են վարժեցվել այդ հայացքին։
Կինս հարցնում է, թե ում եմ ամենից շատ ուզում տեսնել։ Նա գիտի, որ բոլորից շատ ինձ դուր է գալիս Սթիվ Նյուհոլը, քանի որ ընտիր տղա է, բայց նրան զարմացնելու համար ասում եմ․
-Օ՜, հաճելի կլիներ տեսնել Ռայաններին։ Իմանալ նրանց՝ Հունաստան կատարած ճամփորդության մասին։
Մարին փնչացնում է։
-Օր, երբ քեզ հուզում են ճամփորդությունները, - ասում է նա։
Վեճերի համար նա նույնքան պատասխանատու է, որքան ես։ Նրա ձայնում հայտնվում է այդ կտրուկությունը։ Խոսքում ես փորձում եմ քաղաքավարի տոնայնություն պահպանել։ Մարին երբեք դեմ չէ ցինիկ փնչոցներ շպրտելուն ու մի ինչ-որ կտրուկ բան ասելուն։ Այս անգամ որոշում եմ անտեսել դա, պարզապես անտեսել։
Սկզբում չեմ կարողանում գլխի ընկնել, թե ինչպես է պատահել, որ կինս ու մատակարարը այդպես գրկախառնվում ու համբուրում են միմյանց, բայց մինչ նրանք զրուցում են, հիշում եմ, որ մի քանի ամիս առաջ Ալեքսանդրիայում մի խնջույքի ժամանակ է հանդիպել մատակարարին։ Երկուսն էլ գլուխները ինչ-որ կնոջ պատճառով, որին ես չեմ ճանաչում, տարուբերում են (հետևաբար նա պետք է կնոջս ընկերուհին լինի այն ժամանակներից, երբ կինս դեռ աշխատում էր) և ասում, որ չգիտեն մի այնպիսի բժշկի, որ թույլ կտար, որպեսզի ծննդաբերությունը ավելի քան վաթսուն ժամ տևեր։ Մինչ փայլաթիթեղը հեռացնում եմ գրողի տարած ձվերի վրայից, իմանում եմ, որ այժմ այդ կինը լավ է։
Տղան, առանց հրաժեշտ տալու, վերադառնում է մեքենայի մոտ։ Կանգնած եմ նախասենյակում ու դռանն եմ նայում։ Տղան մեքենա է նստում ու շրխկացնելով փակում դուռը։ Արևը մայր է մտնում նրա հետևում։ Վարդանարնջագույն մայրամուտներից մեկը, որից ներշնչվում եմ։ Սակայն արագ հեռանում եմ դռան մոտից, քանի որ գիտեմ, որ մատակարարն արդեն գնում է։ Ճիշտն ասած, ավելի լավ կլինի, եթե ստիպված չլինեմ հաճոյախոսություններ փոխանակել նրա հետ։ Չգիտեմ՝ ինչ ասել մարդկանց, որոնց չեմ ճանաչում։
Մատակարարը գլուխն արագ թեքում է այն սենյակի կողմ, որտեղ կանգնած եմ, և ասում․
-Այսօր երեկոյան ընտիր խնջույք է լինելու։ Կարծում եմ՝ կհավանեք լոբու ահավոր կծու սոուսը։ - Ժպտում է և ի զարմանս ինձ՝ թոթվում ուսերը։ Թոթվումը կարծես ոչ մի ենթատեքստ չունի։
Կինս դուրս է գալիս խոհանոցից՝ կտրատված մսով մատուցարանը բերելով։ Առաջարկում եմ ափսեները բերել, բայց ասում է, որ չմահավան է, և ավելի լավ կլինի, որ ամեն ինչ ինքնուրույն անի։ Այդպես կիմանա, թե ինչը որտեղ է դրել։ Մտածում եմ, թե արդյոք չի կարող ուղղակի նայել սեղանին ու տեսնել, թե որտեղ ինչ է դրել, բայց երբ կինս ինչ-որ բանի է պարտաստվում, հարցեր տալու ժամանակը չէ։ Հունից դուրս կգա ու վատ տրամադրության մեջ կլինի։ Դրա համար դուրս եմ գալիս պատշգամբ ու նայում, թե ինչպես է երկինքը մթնում։
Մատակարարը հեռանալիս ազդանշան է տալիս, և չգիտեմ՝ ինչու (հավանաբար այն պատճառով, որ տղան այդքան ուղիղ է նստած), հիշեցնում է ինձ այն մասին, թե ինչ էր կատարվում, երբ Վաշինգտոն տանող մայրուղու մի մասը նախատեսված էր միայն այն մեքենաների համար, որոնք նվազագույնը երեք ուղևոր էին տեղափոխում․ մարդիկ սկսեցին փչովի տիկնիկներ առնել և նստեցնել նրանց մեքենայի մեջ։ Վերարկուներ և գլխարկներ էին հագցնում նրանց։
-Մերի Վիրուշին և նրա ամուսինը փորձնական բաժանվել են, բայց, միևնույնն է, միասին են գալու խնջույքին, - շեմից ասում է կինս։
-Ինչի՞ համար ես ինձ դա ասում, - ասում եմ ես՝ մեջքով դառնալով մայրամուտին ու տուն վերադառնալով։ - Պարզապես անհարմար եմ զգալու ինձ նրանց կողքին։
-Օ՜, չես մեռնի, - ասում է նա։ Կինս հաճախ է օգտագործում այդ արտահայտությունը։ Նա թղթե ափսեների փաթեթ է տալիս ինձ և խնդրում դրանք երեք մասի բաժանել ու սեղանների երկայնքով շարել։ Խնդրում է պահարանից անձեռոցիկներ հանել և շեղջ-շեղջ դնել սեղանի մեջտեղում՝ մարգարտածաղիկների վազերի միջև։
-Ոչ ոք չպիտի իմանա Վիրուշիների մասին, - ասում է նա՝ բերելով բանջարեղենի սկուտեղը։ Դրանց գույները՝ նարնջագույն, կարմիր, սպիտակ, երկինքն են հիշեցնում ինձ և այն, թե ինչպիսի տեսք ուներ այն մի քանի րոպե առաջ։
-Եվ բացի այդ, - ասում է նա, - խնդրում եմ մի՛ շտապիր նորից լցնել Օրենսի բաժակն ամեն անգամ, երբ այն դատարկվում է։ Նա ծախսերը կրճատելու ջանքեր է գործադրում։
-Դո՛ւ արա դա, - ասում եմ ես։ - Եթե ամեն ինչ այդքան լավ գիտես, ի՛նքդ ամեն ինչ արա։
-Դու միշտ նյարդայնանում ես, երբ մենք զվարճանում ենք, - ասում է նա ու արագ անցնում իմ կողքով։ Երբ վերադառնում է, ասում է, - Մատակարարն իսկապես ընտիր աշխատանք է արել։ Ինձ մնում է միայն լվանալ ափսեները և վաղը դնել պատշգամբում, նա կգա և կտանի դրանք։ Հրաշալի է, չէ՞, - համբուրում է ուսս։ - Պետք է հագնվենք, - ասում է նա։ - Պատրաստվում ես մնալ նրանով, ինչ հիմա հագի՞դ է։
Հագիս սպիտակ ջինս է և տրիկոտաժե կապույտ շապիկ։ Գլխով եմ անում։ Զարմանալի է, բայց նա չի առարկում։ Աստիճաններով բարձրանալիս ասում է․
-Չեմ կարող պատկերացնել օդորակիչի անհրաժեշտությունը, բայց արա այնպե՛ս, ինչպես ճիշտ ես գտնում։
Վերադառնում եմ պատշգամբ և մեկ րոպե այնտեղ մնում։ Երկինքն ավելի է մթնում։ Մեկ կամ երկու կայծոռիկ եմ տեսնում։ Հարևան երեխաներից մեկն անցնում է իր հեծանիվով, որն ամբողջությամբ փայլուն կապույտ է և հետնամասում մարզվելու անիվներ ունի։ Ղեկին նեղ ու երկար ժապավեններ կան։ Կատուն, որը թռչուններ է որսում, շրջում է մոտակայքում։ Երբեմն լցրել եմ ջրային ատրճանակն ու շիթեր արձակել կատվի վրա, երբ ոչ ոք չի նայել։ Նաև կաշեփողն եմ շրջել նրա վրա։ Քայլում է մեր սիզամարգի վրայով։ Պարզապես գիտեմ՝ ինչի մասին է մտածում։
Գնում եմ տուն ու հայացք գցում սեղանի վրա։ Վերևում` լոգասենյակում, ջուրը հոսում է։ Հետաքրքիր է՝ արդյոք Մարին կհագնի իր սարաֆաններից մեկը։ Գեղեցիկ մեջք ունի և հրաշալի տեսք է ունենում, երբ զգեստ է հագնում։ Չնայած նրա խոսքերին՝ ճամփորդում եմ, և հաճախ դա ինձ դուր է գալիս։ Հինգ տարի առաջ Բերմունդյան կղզիներ էինք գնացել։ Այնտեղ նրա համար սարաֆաններ էի գնել։ Նրա չափսերը երբեք չեն փոխվում։
Սեղանին մի ամբողջ վաշտ կերակրելու չափ ուտելիք կա։ Ձմերուկի մի կեսի միջուկը հանված է և լցված սեխի գնդիկներով ու ելակով։ Ելակ եմ վերցնում։ Ընկույզի մեջ փաթաթված պանրային գնդիկների նման ինչ-որ բաներ կան, մի քանի աման սոուսներ, որոնցից որոշների շուրջը բանջարեղեն է շարված, և կրեկերներով լցված ամաններ, որոնք դրված են մյուսների կողքին։ Պռոշուտոյի մեջ փաթաթած անանասի մի կտոր եմ թռցնում։ Ատամի չոփը դնում եմ գրպանս և կտորները միմյանց մոտեցնում, որպեսզի չերևա, որ մեկը պակասում է։ Մատակարարի գալուց առաջ կինս խմիչքը դրել էր պատուհանագոգին։ Վառվելու պատրաստ մոմեր կան, որոնց կողքին լուցկիներ են դրված։ Միգուցե կինս սխալվո՞ւմ է երաժշտության հարցում (ամեն դեպքում վատ չէր լինի, եթե երաժշտություն լիներ այն ընթացքում, երբ առաջին հյուրերը գային)․ բայց ինչո՞ւ վիճել։
Որոշ ժամանակ հետո Մարին ներքև է իջնում։ Սարաֆան չի հագել։ Վուշե կապույտ զգեստ է հագել, որն ինձ երբեք դուր չի եկել, և ճամպրուկ է բերում։ Չի ժպտում։ Նա անսպասելիորեն տանջված տեսք ունի։ Մազերը խոնավ են ու մազակալով հետ են հավաքված։ Թարթում եմ աչքերս՝ այնքան էլ չհավատալով այս ամենին։
-Ոչ մի խնջույք էլ չի լինելու, - ասում է նա։ - Ուզում էի՝ տեսնեիր, թե ինչ է դա՝ ուտելիք պատրաստել (եթե նույնիսկ դու չես պատրաստել այն), իսկ հետո պարզապես սպասել։ Սպասել ու սպասել։ Գուցե այսպես հասկանաս՝ ինչի է դա նման։
Արագ մտածում եմ․ «Կատակում ես»։ Գիտեմ նաև պատասխանը։ Նա չի կատակում։ Բայց ոչ մի ամուսնական խորհրդատու չի համաձայնի նրան, որ այն, ինչ կինս անում է, նորմալ է։
-Դու չես կարող այդքան երեխա լինել, - ասում եմ ես։
Բայց նա արդեն դռան մյուս կողմում է ու գնում է մայթով։ Գիշերաթիթեռները թռչելով տուն են մտում։ Դրանցից մեկը բերանիս մոտով է անցնում՝ մաշկս խուտուտ տալով։
-Ի՞նչ ես ասելու այս ամենի մասին բժիշկ Ֆորդին, - ասում եմ ես։ Նա շրջվում է։
-Ինչո՞ւ բժիշկ Ֆորդին կոկտեյլ խմելու չես հրավիրում, - ասում է նա։ - Թե՞ կարծում ես՝ իրական կյանքը նրա համար չափից ավելի կլինի։
-Հեռանո՞ւմ ես, - հարցնում եմ ես։ Բայց սիրտս կանգ է առնում։ Շունչս կտրվում է։ Այնքան կամաց եմ արտաբերում դա, որ վստահ չեմ՝ նա լսեց։ - Արհամարհո՞ւմ ես ինձ, - բղավում եմ։ Երբ չի պատասխանում, հասկանում եմ, որ արհամարհում է։ Մեքենա է նստում, գործի է գցում շարժիչն ու հեռանում։
Մի պահ այնքան ապշած եմ, որ նստում եմ պատշգամբի բազկաթոռներից մեկին և ուղղակի նայում։ Փողոցում անսովոր լռություն է։ Ճպուռները սկսել են ձայներ հանել։ Մինչ փորձում եմ հանգստանալ, հարևան տղան, հեծանիվի ոտնակները պտտելով, բարձրանում է բլուրն ի վեր։ Հարևանուհու պուդելները սկսում են հաչալ։ Հետո հաչոցը լռում է։
Ինչի՞ մասին է մտածում Մարին։ Չեմ կարողանում հիշել՝ վերջին անգամ երբ եմ ուշացել ճաշից։ Տարիներ առաջ էր։ Տարիներ։
Մոտակայքով Կատրինա Դյուվալն է անցնում։
-Մի՞տչ, - ասում է նա՝ ձեռքը ճակատին մոտեցնելով ու պատշգամբին նայելով։
-Այո՞, - ասում եմ ես։
-Վերջին երկու շաբաթվա ընթացքում կիրակի օրերին թերթ ստացե՞լ եք։
-Այո՛, - պատասխանում եմ ես։
-Մենք դադարեցինք ստանալ, երբ գնացինք Օուշեն Սիթի, ու ոչ մի կերպ չենք կարողանում կրկին ստանալ, - ասում է նա։ - Գիտեմ՝ պետք է ասեի, որ դուք վերցնեիք, բայց դե գիտես Ջեքին։
Ջեքը նրա որդին է, որը մի փոքր հետամնաց է։ Կատրինա Դյուվալը կա՛մ ամեն ինչ անում է, որ գոհացնի Ջեքին, կա՛մ էլ ասում է, որ անում է։ Դա բացատրվում է նրանով, որ Ջեքը բռնակալ է։ Գրեթե բան չգիտեմ նրա մասին՝ բացի նրանից, որ պարզ չի արտասանում բառերը, և մի անգամ ձյունամրրիկի ժամանակ օգնեց ինձ մաքրել ճանապարհը։
-Դե լավ, - ասում է Կատրինա Դյուվալն ու հեռանում։
Հեռվից ռոքնռոլի ելևէջներ են լսվում։ Վանդերգրիֆթների տնից բարձր ծիծաղի ձայն է գալիս։ Ո՞վ է այսպիսի լավ ժամանակ անցկացնում, եթե երեխան հիվանդ է։ Լարված կկոցում եմ աչքերս ու նայում նրանց տանը, բայց այնտեղ, որտեղ պատուհանները լուսավորված են, չափից ավելի պայծառ է, որպեսզի կարողանամ մի բան տեսնել։ Ճիչ և նորից ծիծաղ։ Վեր եմ կենում ու գնում սիզամարգի վրայով։ Թակում եմ դուռը։ Մոլին շնչակտուր բացում է։
-Ողջույն, - ասում եմ ես։ - Գիտեմ, որ հիմար հարց եմ տալիս, բայց կինս հրավիրե՞լ է ձեզ այսօր երեկոյան մի բան խմելու։
-Ո՛չ, - ասում է նա ու հետ տանում ճակատի մազափունջը։ Նրա հետևում անցնում է դուստրը՝ սքեյթբորդ քշելով։ - Հանգստացի՛ր, - բղավում է Մոլին։ Իսկ ինձ ասում է, - Վաղը կգան հատակը մաքրելու։ Յոթերորդ երկնքում է, որ կարող է տանը սքեյթբորդ քշել։
-Այսօր երեկոյան Մարիի հետ հեռախոսով չե՞ք խոսել, - հարցնում եմ ես։
-Մի ամբողջ շաբաթ նույնիսկ չեմ էլ տեսել նրան։ Ամեն ինչ կարգի՞ն է, - ասում է նա։
-Երևի ուրիշին է հրավիրել, - ասում եմ ես։
Փոքրիկ աղջնակը նորից է անցնում սքեյթբորդ քշելով։
-Աստված իմ, - ասում է Մոլին՝ ձեռքով փակելով բերանը։ - Մայքլը Դալլես է գնացել եղբորը դիմավորելու։ Չես կարծում, չէ՞, որ Մարին Մայքլին է ասել, իսկ նա մոռացել է ինձ ասել այդ մասին։
-Ո՛չ, ո՛չ, - ասում եմ ես։ - Հավանաբար սխալվել եմ։
Մոլին իր սովորական լուսաշող ժպիտով ժպտում է, բայց կարող եմ ասել, որ նյարդայնացրի նրան։
Տուն վերադառնալով՝ անջատում եմ լույսն ու կանգնում պատուհանի մոտ՝ երկինք նայելով։ Այս գիշեր աստղեր չկան։ Գուցե գյուղում լինեն, բայց ոչ այստեղ։ Նայում եմ մոմերին և մտածում․ «Սատանա՜ն տանի»։ Չրխկացնում եմ լուցկին, որ վառեմ դրանք։ Առատորեն զարդարված արծաթյա մոմակալների մեջ են դրված․ մորաքրոջս նվերն է, որը Բալթիմորում է ապրում։ Մինչ մոմերը վառվում են, պատուհանին եմ նայում և կրակի ու իմ արտացոլանքն եմ տեսնում։ Հովիկի պատճառով մեղրամոմը կաթում ու կաթում է, դրա համար ևս մի քանի վայրկյան նայում եմ՝ ինչպես են մոմերը վառվում, ու փչում եմ դրանք։ Մոմերը ծխում են, բայց չեմ լիզում մատներս և չեմ սեղմում պատրույգները։ Կրկին փողոց նայելով՝ նստում եմ բազկաթոռին ու աչքս գցում սեղանին։ «Ցույց կտամ նրան, - մտածում եմ ես։ - Երբ նա գա, ե՛ս կհեռանամ»։ Հետո մտածում եմ մի քիչ խմել և ուտել։
Ժամանակն անցնում է, բայց չեմ գնում ու ոչինչ չեմ խմում։ Դեռ չէի դիպել սեղանին, երբ լսեցի, որ մեքենա կանգ առավ։ Առկայծող լույսերը գրավում են ուշադրությունս։ «Շտապօգնությունն է, - մտածում եմ ես։ - Չգիտեմ՝ ինչ-որ կերպ վնասել է իրեն, ու չգիտեմ՝ ինչ-որ բանի համար շտապօգնությունն այստեղ է, և․․․»։
Վեր եմ թռչում։
Դռան առաջ մատակարարն է կանգնած։ Խոժոռվում է։ Ուսերը մի փոքր կորացած են։ Ջինսե կիսաշրջազգեստ է հագել, տոպ և սպորտային կոշիկներ։ Հետևումս՝ տանը, քար լռություն է։ Տեսնում եմ՝ ինչպես է շուրջս նայում՝ հյուրասենյակի լույսի ուղղությամբ։ Ակնհայտ շփոթված է։
-Այս ամենը կատակ է, - ասում եմ ես։ - Կնոջս կատակը։
Նա մռայլվում է։
-Ոչ մի խնջույք չկա, - ասում եմ ես։ - Կինս հեռացել է։
-Կատակում եք, - ասում է մատակարարը։
Այժմ նրա հետևն եմ նայում՝ առկայծող լապտերներով մեքենային։ Տղան մեքենայի դիմացի նստատեղին նստած չէ։
-Ի՞նչ եք անում այստեղ, - հարցնում եմ ես։
-Օ՜, - ասում է նա՝ հայացքն իջեցնելով։ - Իրականում․․․մտածեցի՝ կարող է օգնությանս կարիքն ունենաք, կարող եմ մի փոքր օգնել։
Մռայլվում եմ։
-Գիտեմ՝ ծիծաղելի է հնչում, - ասում է նա, - բայց ես նորեկ եմ այս ոլորտում ու փորձում եմ լավ տպավորություն թողնել։ - Մինչև հիմա չէր նայում ինձ։ - Տեղի քոլեջի հաշվապահությունում էի աշխատում, - ասում է նա, - և ատում էի այդ աշխատանքը։ Դրա համար որոշեցի, որ որպես մատակարար բավականաչափ աշխատանք կունենամ։
-Լավ, նե՛րս եկեք, - մի կողմ քաշվելով՝ ասում եմ ես։
Այդ ընթացքում բզեզներ ներս լցվեցին։
-Օ՜, ո՛չ, - ասում է նա։ - Ցավում եմ, որ խնդիրներ ունեք։ Ես ուղղակի մտածեցի․․․
-Եկե՛ք խմենք, - ասում եմ ես։ -Իսկապես, նե՛րս եկեք և մի բան խմե՛ք։
Նայում է իր մեքենային։
-Մեկ րոպե, - ասում է նա։ Գնում է փողոցով։ Անջատում է լույսերն ու փակում մեքենայի դռները։ Փողոցով հետ է վերադառնում։
-Ամուսինս ասաց, որ չպետք է խառնվեմ, - ասում է նա։ - Ասում է՝ չափից ավելի եմ փորձում գոհացնել մարդկանց, և երբ թույլ ես տալիս մարդկանց հասկանալ, որ անհամբեր ես, երբեք չես ստանում այն, ինչ ակնկալում ես։
-Եկե՛ք մի կողմ թողնենք նրա փիլիսոփայությունը, - ասում եմ ես, - խնդրում եմ, նե՛րս եկեք և խմե՛ք։
-Կարծեցի՝ Ձեր կինը նյարդայնացած է, - ասում է մատակարարը։ - Մտածեցի՝ հուզված է նման մեծ խնջույք կազմակերպելու մտքից և շնորհակալ կլիներ օգնության համար։
Նա երկմտում է, հետո ներս է գալիս։
-Դե, - ասում եմ ես՝ մի կողմ պարզելով ձեռքերս։
Մատակարարը նյարդայնացած ծիծաղում է։ Հետո ես եմ ծիծաղում։
-Գինի՞, - ասում եմ՝ ցույց տալով պատուհանագոգը։
-Հրաշալի կլինի։ Շնորհակալություն, - ասում է նա։
Նստում է, նրա համար մի բաժակ գինի եմ լցնում ու բերում։
-Օ՜, ես ինքս կարող էի անել դա։ Ես այնքան․․․
-Հանգիստ նստե՛ք, - ասում եմ ես։ - Ինչ-որ մեկին պետք է հյուրասիրեմ, այնպես չէ՞։
Ինձ համար բուրբոն եմ լցնում, դույլից մատներով մի քանի սառույցի խորանարդիկ վերցնում ու գցում բաժակիս մեջ։
-Կուզե՞ք խոսել այդ մասին, - հարցնում է մատակարարը։
-Չգիտեմ՝ ինչ ասեմ, - ասում եմ ես՝ մի մատով տեղափոխելով բաժակիս միջի սառույցը։
-Կոլորադոյից եմ այստեղ եկել, - ասում է նա։ - Ինձ համար այստեղ ամեն ինչ տարօրինակ է, անհանգստացնող կամ նման մի բան։ - Հազում է։ - Հնարավոր է՝ այդպես չէ, - ասում է նա։ - Նկատի ունեմ՝ ակնհայտ է, որ երբեք չես իմանա․․․
-Թե ինչ է իրականում կատարվում այլ մարդկանց կյանքում, - ասում եմ ես՝ ավարտելով նրա նախադասությունը։ - Ահա և օրինակը, - բաժակս բարձրացնելով՝ ասում եմ ես։
-Նա կվերադառնա՞, - հարցնում է մատակարարը։
-Չգիտեմ, - պատասխանում եմ ես։ - Իհա՛րկե, առաջներում է՛լ ենք վիճել։ - Մի կում բուրբոն եմ խմում։ - Իհա՛րկե, սա վեճ չէր։ Հավանաբար կասեք՝ կատակ էր նրա կողմից։
-Բավականին զվարճալի է, - ասում է մատակարարը։ - Նա Ձեզ ասել է, որ բոլոր այդ մարդիկ հրավիրված են և․․․
Գլխով արեցի՝ ընդհատելով նրան։
-Այսինքն՝ զվարճալի է, եթե քեզ հետ չի կատարվում, - ասում է նա։
Եվս մի կում եմ անում։ Նայում եմ մատակարարին։ Նիհար, երիտասարդ կին է։ Չի թվում, թե նա ինչ-որ հատուկ հետաքրքրություն ունի սննդի նկատմամբ։ Իրականում, նա ուղղակի բավականին լավիկն է։
Մի որոշ ժամանակ լուռ ենք։ Կողքի տնից եկող ճիչեր եմ լսում և համոզված եմ՝ նա էլ է լսում։ Այնտեղից, որտեղ նստած եմ, կարող եմ պատուհանից դուրս նայել։ Կայծոռիկները լույսի փոքրիկ կետիկներ են նկարում։ Այնտեղից, որտեղ նա է նստած, կարող է միայն ինձ նայել։ Ինձ է նայում, իր խմիչքին, հետո՝ նորից ինձ։
-Նկատի չունեմ, որ այս ամենը Ձեզ համար չպետք է մեծ նշանակություն ունենա, - ասում է նա, - բայց կարծում եմ՝ ինձ համար օգտակար է տեսնել, որ միշտ չէ, որ ամեն ինչ այնպես է, ինչպես որ թվում է։ Այսինքն՝ միգուցե այս քաղաքը ապրելու համար նորմալ տեղ է։ Նկատի ունեմ՝ նույնքան խճճված է, որքան ցանկացած ուրիշ քաղաք։ Միգուցե անարդար կարծրատիպեր են ձևավորվել մոտս։ - Եվս մի կում է անում։ - Իրականում չէի ուզում լքել Կոլորադոն, - ասում է նա։ - Այնտեղ դահուկների մարզիչ էի։ Տղամարդը, որի հետ ապրում եմ, իրականում ամուսինս չէ։ Ես և նա ուզում էինք այստեղ ռեստորանային բիզնես սկսել, բայց ինչ-որ մի բան այնպես չգնաց։ Այստեղ նա լիքը ընկերներ ունի, և նրա որդին էլ է այստեղ, դրա համար մենք նույնպես այստեղ ենք։ Նրա որդին այստեղ է ապրում իր մոր՝ նախկին ընկերուհուս հետ։ Ես գրեթե ոչ մեկի չեմ ճանաչում։
Վերցնում եմ գինու շիշն ու ևս մեկ բաժակ գինի եմ լցնում նրա համար։ Վերջին կումն եմ անում, չխչխկացնում սառույցի խորանարդիկները և իմ բաժակի մեջ էլ եմ գինի լցնում։ Շիշը դնում եմ գետին։
-Ցավում եմ, որ այս ամենի ականատեսը դարձա։ Այստեղ գտնվելս հավանաբար կաշկանդում է Ձեզ, - ասում է նա։
-Ճիշտ չէ, - գրեթե անկեղծորեն ասում եմ ես։ - Ուրախ եմ գոնե ինչ-որ մեկին տեսնել։
Նա շրջվում է և ուսի վրայով աչքի անցկացնում սենյակը։
-Ի՞նչ եք կարծում, Ձեր կինը կվերադառնա՞, - ասում է նա։
-Չեմ կարող ասել, - ասում եմ ես։
Գլխով է անում։
-Զվարճալի է լինել այնպիսի իրավիճակում, երբ ինչ-որ մեկի մասին ինչ-որ բան գիտես, իսկ նրանք քո մասին ոչինչ չգիտեն, այնպես չէ՞։
-Ի՞նչ նկատի ունեք։ Բայց Դուք հենց նոր ինձ պատմեցիք, որ Կոլորադոյից եք եկել ու պատրաստվում էիք ռեստորան բացել։
-Այո՛, - ասում է նա, - բայց ոչ մի անձնական բան։ Դուք հասկացաք՝ ինչ նկատի ունեմ։
-Դե ուրեմն շարունակե՛ք և ինչ-որ անձնական բան պատմե՛ք։
Նա կարմրում է․
-Օ՜, ես դա նկատի չունեի։
-Ինչո՞ւ ոչ, - ասում եմ ես։ - Արդեն իսկ բավականին տարօրինակ գիշեր է, այնպես չէ՞։ Ի՞նչ կլինի, եթե ինչ-որ անձնական բան պատմեք։
Նա եղունգներն է կրծում։ Հավանաբար ավելի երիտասարդ է, քան ես կարծում էի։ Երկար, փայլուն մազեր ունի։ Փորձում եմ լեռնադահուկային լանջին պատկերացնել նրան՝ նայլոնե բաճկոն հագած։ Հանկարծ այս գիշերն ավելի շոգ է թվում։ Այս ամենը ստիպում է ինձ հասկանալ, որ մի քանի ամսից բաճկոններ ենք կրելու։ Անցած նոյեմբեր շատ ձյուն էր եկել։
-Տղան, որի հետ ապրում եմ, պատկերազարդող է, - ասում է։ - Հավանաբար տեսել եք նրա աշխատանքներից որոշները։ Նա փողի կարիք չունի, ուղղակի ուզում է ամեն ինչ ունենալ։ Նկարել։ Ռեստորան ունենալ։ Նա գող է։ Չնայած սովորաբար նա հասկանում է, որ ունի այն ամենը, ինչ ուզում է։ - Մատակարարը խմում է։ - Զվարճանում եմ դա ասելիս, - ասում է նա։ - Չգիտեմ՝ ինչու սկսեցի պատմել Ձեզ այդ մասին։ - Հետո դադարում է խոսել՝ ներողամտաբար ժպտալով։
Նրան համոզելու փոխարեն վեր եմ կենում ու երկու ափսեների մեջ մի քանի բան եմ լցնում․ մի ափսեն դնում եմ աթոռիս կողքի սեղանիկին, մյուսը տալիս եմ նրան։ Եվս մի բաժակ գինի եմ լցնում նրա համար։
-Խեցեղենի գործարանի կողքին արհեստանոց ունի, - ասում է նա։ - Սև փեղկերով այդ մեծ շինությունը։ Ցերեկը զանգում է ինձ, վերցնում եմ զբոսախնջույքի զամբյուղը, ուտում ենք և սիրով զբաղվում։
Բութով ու ցուցամատով երկու մասի եմ բաժանում կրեկերը և ուտում այն։
-Բայց բանը դրանում չէ, - ասում է նա։ - Բանն այն է, որ դա միշտ Wonder Bread[1]-ի նման մի բան է։ Իրոք տարօրինակ է։ Միշտ կտրում եմ հացակեղևը և բոլոնյան երշիկով ու լիքը մայոնեզով սենդվիչներ պատրաստում։ Կա՛մ Ռից կրեկերներով Չիզ Ուիզ սենդվիչներ եմ պատրաստում, կա՛մ գետնանուշի կարագով ու մարշմելոուով։ Kool-Aid[2] ենք խմում կամ ռութբիր[3], կամ նման մի բան։ Մի անգամ հոթ-դոգներ պատրաստեցի, կտրատեցի դրանք, որպեսզի կրեկերներ պատրաստեմ, և շուրջը պանիր շաղ տվեցի։ Դա ունեինք և Dr Pepper։[4] Բանն այն է, որ ճաշը պետք է իրոք զզվելի լիներ։
-Հասկացա, - ասում եմ ես։ - Կարծես թե հասկացա։
-Օ՜, - ասում նա՝ հայացքն իջեցնելով։ - Նկատի ունեմ, որ ակնհայտ է։ Իհարկե, Դուք ամեն ինչ հասկացաք։
Սպասում եմ, որ կխնդրի մի բան պատմել։ Բայց դրա փոխարեն վեր է կենում, գինու մնացորդը լցնում է իր բաժակի մեջ և պատուհանից դուրս նայելով՝ մեջքով դեպի ինձ է կանգում։
Գիտեմ խեցեղենի այդ գործարանը։ Քաղաքի այնքան էլ լավ թաղամասում չի գտնվում այն։ Այդ փողոցում՝ գործարանից մի փոքր ներքև, բար կա, և մի անգամ երեկոյան, երբ դուրս էի գալիս այնտեղից, մի տղա թռավ ինձ վրա։ Հիշում եմ՝ ինչ արագությամբ իր մոտոցիկլով եկավ ինձ վրա, և անիվների ձայնն այնպիսին էր, ասես ոչ թե մոտոցիկլ լիներ, այլ մեծ մեքենա։ Այնուհետև նա հարձակվեց ինձ վրա՝ մե՛րթ հարվածելով, մե՛րթ հրմշտելով, ասես դրամապանակս դուրս պետք է թռչեր թաքստոցից այնպես, ինչպես ծաղրածուի գլուխը տուփի միջից։ «Հետևի գրպանում է», - ասացի ես։ Երբ դա ասացի, ձեռքը մտցրեց գրպանս, հետո ուժեղ հարվածեց կողիս։ «Պառկի՛ր տեղդ», - շշուկ հիշեցնող ձևով ասաց նա։ Եվ ես, մի կողմի վրա կուչ եկած, պառկել էի, ձեռքով փակել էի դեմքս, որպեսզի նա հետ չվերադառնա ու ավելորդ խնդիրներ չստեղծի՝ մտածելով, որ պարզ տեսել եմ նրա դեմքը։ Քթիցս արյուն էր հոսում։ Դրամապանակումս ընդամենը քսան դոլար էր, բանկային քարտերս տանն էի թողել։ Վերջապես վեր կացա ու փորձեցի քայլել։ Խեցեղենի գործարանում լույս էր վառվում, բայց լռությունից հասկացա, որ այնտեղ մարդ չկար, ուղղակի լույսը միացված էին թողել։ Ձեռքս հենեցի շինությանն ու փորձեցի ավելի ուղիղ կանգնել։ Մի պահ սարսափելի ցավ զգացի, այնքան սուր ցավ էր, որ նորից ընկա։ Մի քանի անգամ շունչ քաշեցի, անցավ։ Ապակե մեծ պատուհանից խեցե հովիվներ ու կենդանիներ տեսա․ արձանիկներ, որ դրվելու էին մանկամսուրների մեջ։ Դրանք ներկված չէին․ դեռևս չէին թրծվել, դրա համար էլ բոլորը նույն չափի էին ու սպիտակ, իսկ իշուկները և մարգարեները նման էին միմյանց։ Սուրբ ծնունդից մոտավորապես մեկ շաբաթ առաջ էր, և ես մտածեցի․ «Ինչո՞ւ դեռ պատրաստ չեն։ Դանդաղում են։ Եթե անմիջապես չգան ու չսկսեն պատկերազարդել, չափազանց ուշ կլինի»։ «Մարի՜, Մարի՜», - շշնջացի ես՝ հասկանալով, որ փորձանքի մեջ եմ։ Ինչպես որ կարող էի, քայլելով գնացի, մեքենաս նստեցի և գնացի տուն՝ կնոջս մոտ։
[1] Հացատեսակ, որ ծագել է ԱՄՆ-ում 1921 թվականին։ Այն առաջին հացատեսակն էր, որ 1930 թվականին վաճառքի հանվեց նախապես կտրատված տարբերակով։
[2] Անուշահոտ փոշի, որից հյութ են պատրաստում։
[3] Ռութբիրը կամ արմատային գարեջուրը գազավորված ըմպելիք է, որը պատրաստվում է սասաֆրա ծառի կեղևից։ Ռութբիրի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է, որտեղ այն արտադրվում է երկու տարբերակով՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային։
[4] Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք։
Անգլերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը
- Hits: 4014