Ֆեդերիկո Գարսիա Լորկա. Բանաստեղծություններ

 

 

Թիթեռ

Եթերային թիթեռ,
ի՜նչ գեղեցիկ ես,
եթերային թիթեռ՝
ոսկեփայլ ու կանաչ:

Եթերային թիթեռ,
մնա՛ օդում, այնտեղ, այնտեղ մնա...

Չես ուզում կանգ առնել,
կանգ առնել չես ուզում:

Եթերային թիթեռ՝
ոսկեփայլ և կանաչ:

Մոմի լույսի պես փայլող
եթերային թիթեռ:

մնա՛ օդում, այնտեղ, այնտեղ...
Այնտե՛ղ մնա:

Օդում ես, չէ՞, թիթեռ:

 

Պարը

Կարմենն է պարում
Սևիլյայի փողոցներում:
Մազերը սպիտակել են,
իսկ բիբերը շողում են:

Աղջիկնե՜ր,
քաշե՛ք վարագույրները:

Մի դեղին օձ է
փաթաթվել գլխի շուրջ,
իսկ նա ասես երազում պարում է
իր նախկին երկրպագուների հետ:

Աղջիկնե՜ր,
քաշե՛ք վարագույրները:

Փողոցներն ամայի են,
իսկ մութ խորշերում գուշակները
անդալուզցիների սրտերում
անցյալի թողած փշերն են փնտրում:

Աղջիկնե՜ր,
քաշե՛ք վարագույրները:

 

 

Զգում եմ

Զգում եմ,
որ եռում է երակներումս
արյունս,
կարմիր բոցը, որ բորբոքում է
իմ սրտում եղած կրքերը:

Կանայք, խնդրում եմ
ջուր լցրեք,
երբ ամեն ինչ այրվում է
միայն մոխիրն է թռչում
դեպի քամին:

 

 

Աղջիկս ծով գնաց....

Աղջիկս ծով գնաց՝
հաշվելու ալիքներն ու ավազի հատիկները,
բայց հանկարծ հանդիպեց
Սևիլյայով հոսող գետին:

Դափնեվարդերի և զանգակների հետ
հինգ նավ էին ճոճվում`
թիերը ջրում,
իսկ առագաստը՝ պարզած քամուն:

Ո՞վ է զարդարված նայում
Սևիլյայի աշտարակի ներսում:
Հինգ հոգի ձայն տվեցին
կլոր օղակների միջով:

Երկինքը վեհ սահում է
գետի վրայով ՝ ափից ափ:
Օդում ճոճվում են
հինգ վարդագույն օղակ:

 

 

Եթե ձեռքերս կարողանային տերևազրկել

Քո անունն եմ տալիս
մութ գիշերներին,
երբ աստղերը գալիս են՝
խմելու լուսնի վրա,
և նիրհում են ճյուղերը
թաքնված սաղարթների:

Ու զգում եմ կարիքը
կրքի ու երաժշտության:
Այդ խենթ ժամացույցն է, որ երգում է
անցյալի մեռած ժամերի մասին:

Քո անունն եմ տալիս
այս մութ գիշերով,
և անունդ հնչում է ինչպես երբեք
այնքա՜ն հեռվից:
Բոլոր աստղերից էլ հեռու
և մեղմ անձրևից էլ վշտալի:

Արդյո՞ք երբևէ այդպես կսիրեմ քեզ:
Ի՞նչ մեղք է գործել իմ սիրտը:
Եթե մառախուղը ցրվի,
ուրիշ ի՞նչ կրքի սպասեմ:
Արդյո՞ք լինելու է խաղաղ և մաքուր:
Եթե մատներս կարողանային
տերևաթափ անել լուսինը:

 

 

Այգաբաց

Իմ ճնշված սիրտը
զգաց արշալույսին մոտ
իր սերերի ցավը
և հեռուների երազանքը:

Արևածագի լույսից ծլում են
կարոտիս սերմերը
և տխրությունն է հառնում
հոգու անտեսանելի խորքերից:

Գիշերվա վիթխարի ծածկը
իր սև քողն է բարձրացնում,
որ թաքցնի օրվա հետ
աստղալի հսկա զենիթը:

Ի՞նչ անեմ այս դաշտերի հետ,
բույներ ու ճյուղեր հավաքելով,
շրջապատված այգաբացով,
իսկ հոգիս պարուրված գիշերով:

Ի՞նչ անեմ, եթե աչքերդ գոց են
պարզ լույսի շողերի առաջ,
և մարմինս չի զգալու
հայացքներիդ ջերմությունը:

Ինչու՞ քեզ կորցրեցի ընդմիշտ
այդ լուսավոր կեսօրին:
Այսօր կուծքս ցամաքած է,
ասես աստղ լինի հանգած:

 

 

Ինքս ինձ ասում եմ, որ ինչ-որ բան պիտի ասեմ

Ինքս ինձ ասում եմ, որ ինչ-որ բան պիտի ասեմ
Բառեր, որոնք տարրալուծվում են բերանում
Թևեր, որոնք հանկարծակի կախիչներ են դառնում
Որտեղ ճիչը մարում է, ձեռքն է մեկնվում
Ինչ-որ մեկը ջնջում է մեր անունը․ այդպես է գրված
Ո՞վ է հանել արձանի աչքերը:
Ո՞վ տվել այս լեզուն,
Ու հետն էլ արտասուքը։

Ինքս ինձ ասում եմ, որ ինչ-որ բան պիտի ասեմ
Դրսում թռչուններն են օրս լցնում
Շուրթերս կախվում են հայելիների նման, այստեղ
Այնտեղ՝ հեռու-հեռվում, հանդիպում են
Հյուսիս-արևելքը կամ հարավ-արևելքը՝ մի կենդանի աչք,
Որն անդադար պտտվում է շուրջբոլորս։

Ես այստեղ եմ՝ փայտյա աստիճաններին,
Այս անձրևոտ եղանակին
Ասելու ինչ-որ բան՝ ասում եմ ինքս ինձ:

 

Իսպաներենից թարգմանեց Անի Գասպարյանը

  • Hits: 4937

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: