Ու եթե աշխարհում արդարություն կա, ապա ահա այն՝ այս աղջիկը՝ լրիվ Յոկո Օնոն, հոնքերը՝ տարբեր կողմեր թռած, նույն ակնոցով, մաքուր Յոկո Օնոն՝ բոլոր իմաստներով. ճապոնուհու տեսք ունի։ Խազարուհի է, հենց հին խազարական ցեղից, տատը, կարճ ասած, խազարուհի էր, խազարից ծնված մայրն էլ էր այդպիսին, իսկ հիմա նա չկա, չկա Յոկո աղջկա մայրը։ Տասնյոթ տարեկանում այդ մայրը ցած նետվեց պատշգամբից, չնետվեց, այլ ճաղերի վրայով անցավ ու մնաց կախված՝ ճաղերից կախված դանդաղ մահ։

Մայրն ու քույրը վազեցին ու քաշեցին ձեռքերից, բայց այդ պահին կտրուկ դուրս պրծավ. բոլորի ափերը քրտնած էին. չդիմացավ նրանց եռակցումը, իսկ դուստրը՝ Յոկո աղջնակը, պառկած էր սայլակում. այնքան փոքր էր։

Թե ինչու դուրս պրծավ նրանց ձեռքերից, պարզ է՝ նեղացել էր։ Խմում էր տասնչորս տարեկանից, իսկ խազարներին խմել չի կարելի։ Այնտեղ, որտեղ ռուսը կդիմանա, դադար կտա, խազարը կշարունակի մինչև մեռնելը․ այդպիսի կարծիքի էին հարբեցող ռուսները՝ խազարներին շրջապատող պինդ, խմելու հարցում պինդ ժողովուրդը։ Այսինքն ոնց (մահացած մայր-աղջկա մորն էր բացատրում նրա տարիքով մեծ ընկերուհի Օլյան՝ էլի խառնարյուն), այսինքն ոնց, սիբիրյան ու տափաստանային նվաճված ժողովուրդները պետք է մահու չափ վախենան օղուց, օղին թույլ, հինավուրց գենոֆոնդի բնաջնջողն է, օղին գենետիկ ՁԻԱՀ է, տե՛ս, Աֆրիկան ու Ասիան ՁԻԱՀ-ն է ոչնչացնում, իսկ մեր հնագույն ժողովուրդներին օղին ընդհանրապես արմատախիլ է անում։

Մեր Յոկո Օնոյի մահացած մոր անունը Իռա էր՝ Զեմֆիրա, ու հենց օղին նրան վարի տվեց, ինչպես նաև` մայրն ու քույրը: Մայրը, դե, գեղեցկուհի էր, խելացի էր ու տաղանդավոր, սերում էր այդ հնագույն թագավորության վերնախավից, զբաղվում էր արվեստով ու գնում ժողովրդական ստեղծագործության նմուշների հավաքման պեղումների, մե՛կ ուղևորություններ, մե՛կ կոնֆերանսներ, մե՛կ ցուցահանդեսներ, մե՛կ հյուրեր մինչև կեսգիշեր, մե՛կ բանակցություններ, մե՛կ ամիսներով Մոսկվա՝ ստաժավորման, իսկ խազար ամուսինը խմում էր ու մահացավ ավելի վաղ, տաղանդավոր ռեժիսոր էր։ Աղջիկները՝ Իռան ու Զորյան (Զարեման), էլի տաղանդավոր էին, նկարում ու երգում էին։ Բայց վերջը՝ տասնմեկ ու տաս, հետո տասնչորս ու տասներեք տարեկանում մենակ էին ապրում, հետո սկսվեց բակային շրջապատը, աղջիկների վրա մեծ ազդեցություն ունեցավ միկրոշրջանի մանկական վերնախավը՝ ֆիզիկապես ամենաուժեղ դեռահասները, որոնք արագ յուրացնում են շրջապատի կենսակերպը, այսինքն՝ ոչ թե ծնողների կենսակերպը, այլ համընդհանուր ճանաչում ստացած, համազգային, համաքաղաքային, այսինքն՝ ընդհանուր ռիթմն ու տեմպը։ Իսկ ռիթմը թելադրում է ուրախանալ, քանի դեռ երիտասարդ ես․ մի տեղ դղրդում է երաժշտությունը, հեռուստացույցի էկրանին մերկ պարում են, գինիների բաժնում համաչափ զրնգում են շշերը, բոլորը խմբավորվում են ու ուրախ-զվարթ ծխում ու խմում, հենց այստեղ էլ ամուսնանում են, ու երեխաներից միայն մերժվածները, «կրծողները», ղզիկներն են դասագրքերի վրա կռացած դաս անում, իսկ այ խելոքներն ուրախանում են։

Այս աղջիկները՝ Իռան ու Զորյան, հենց այդպես էլ ուրախանում էին․ մայրն ամեն անգամ գալիս էր, իսկ աղջիկներն արդեն վայրի են, տուն չեն գալիս գիշերելու, մեծն էլ՝ տասնհինգամյա Իռան, մոր վերադարձներից մեկի ժամանակ առաջին իսկ «Բա ինչու՞»-ից հետո շրջվեց ու գնաց Մոսկվա, իբր ձմեռային արձակուրդներն անց կացնելու համար հայտնվեց մոր ընկերուհու մոտ (-Կարելի՞ է, Օ՛լյա մորաքույր, մայրիկը պեղումների է գնացել։ -Իհարկե կարելի է Իռոչկա), և ուրեմն՝ այսպես ապրում է Իռոչկան, հեռուստացույց է նայում խելոք, ապուր է պատրաստում, տունն է հավաքում, մորաքույր Օլյային աշխատանքից գոգնոցով դիմավորում, մոմլաթե սփռոցին անձեռոցիկները փռած, ընթրիքը՝ պատրաստ, հետո անցնում է ևս հինգ-յոթ օր, և երիտասարդ Իռան խնդրում է գնալ զբոսնելու (-Կարո՞ղ եմ ման գալու գնալ։ -Իհարկե Իռոչկա, գնա՛ օդ շնչիր, չորս պատի մեջ նստեցիր, արձակուրդ է, չէ՞»), և Իռան երեք օրով գնում է, վերադառնում է հարբած, ներքևում կտկտում է տաքսու հաշվիչը («Տաքսով եմ եկել, մորաքու՛յր Օլյա, այսքան փող կտա՞ք»), իսկ սպիտակ ճտքակոշիկից արյուն է հոսում՝ ոտքն է կտրել (ու արագ հետ է գալիս տաքսի):

Մորաքույր Օլյան, ամեն դեպքում, միջքաղաքայինով զանգում է Իռայի մոր տուն, և սուտն ու խաբեությունը բացահայտվում են, ու սաստիկ զայրացած մայրը պահանջում է, որ աղջիկը տուն վերադառնա։ Մորաքույր Օլյան ստախոսին տանում է կայարան և իր փողով տոմս գնում ու հետևում, որ գնացքը հեռանա։

Հենց այդտեղ՝ Մոսկվայում, այդ վերադարձի ժամանակ, Իռան հղիացավ ու արդեն հայրենիքում՝ սեպտեմբերին, ծննդաբերեց։ Իռայի մայրը՝ խազարուհի Կատյան, կրտսեր դստեր հետ կռվից հետո, որը զարմուհու ծննդյան կապակցությամբ տանը հարբած պառկած էր, ուրեմն, այդ Կատյան գնաց ծննդատուն «Գնա՛ գրողի ծոցը» գրությամբ, մեղք է, իհարկե, բայց հիմա էլ բան չես փոխի։ Կատյան մտածում էր, թե արդյոք կրտսեր դստեր հարբեցողությունը մեծի ազդեցության հետևանքը չէ, որը հասավ մինչև տասնվեց տարեկանում ծննդաբերելուն։

Իսկ Իռան ընդհակառակը՝ չթողեց իր նորածնին, բայց ծննդատնից էլ դուրս չեկավ՝ հիմնավորելով, որ մայրը չի ընդունում։ Ամբողջ քաղաքով խայտառակություն էր։ Իռան ինքնագլուխ պայմանավորվեց ծննդատան իրավաբանի հետ, ինչ-որ հայտարարություն կազմեց և մեկ ամսից մեկ ամսական աղջնակին հանձնեց մանկատուն, ինքն էլ այնտեղ ընդունվեց որպես սանիտար ու մոր մոտ վերադարձավ հաղթանակած։ Այսինքն հիմա ինքն աշխատում էր, երեխային տուն չբերեց, բայց ոչ էլ հրաժարվեց։

Իռան փոխվել էր՝ լրջացել, խնայում էր կաթը, նույնիսկ հերթապահությունից ազատ հանգստյան օրերին օրական երկու անգամ վազում էր աղջկան կերակրելու, բա ոնց։ Խմելու չափն էլ գիտեր։

Այդ ժամանակ ինչ-որ կերպ զանգեց, հավանաբար, Մոսկվա՝ մորաքույր Օլյային՝ հենց այդ նույն Օլյային, մի հասցե ու անուն տվեց, թե ում հետ է պետք խոսել ու ինչ ասել։ Մորաքույր Օլյան՝ բարիագույն արարած, կատարեց հանձնարարությունն ու խազարական ընտանիքի հորիզոնում հայտնվեց մոսկվացի քսանամյա մի տղա՝ սկզբից հեռախոսից եկող ձայնի տեսքով, հետո եկավ ապրելու, երեխային վերջապես տուն բերեցին, ու երջանիկ, թեև հարբեցող երիտասարդ ընտանիքը տեղավորվեց Կատյաի խազարուհի մոր տանն ու նույնիսկ գրանցվեց։

Կատյան գոհ էր այպիսի լուծումից, թեև նոր փեսան ոչ մի տեղ չէր աշխատում, և երկուսի փոխարեն չորս երեխա պահելը բավականին դժվար դուրս եկավ։ Ինքը մի կերպ կաշվից դուրս էր գալիս, գնում գործուղումների, տանը ծուխը երկինք էր հասնում, Իռայի ու Զորյայի բակային ընկերները հա խոհանոցում նստած խմում էին, ու մեկ էլ հանկարծ կրտսեր դստեր փորն էլ կլորացավ, երբ լրացավ նորապսակների նորածնի յոթ ամիսը, կարճ ասած՝ գժանոց։ Մի երեխա էլ՝ ու էլի տասնվեց տարեկանում։

Ընկերուհի Օլյան, որի մոտ համարյա կրկնակի տատիկ Կատյան հերթական անգամ եկել էր գործուղման ու ճակատագրից բողոքելու, այդ ընկերուհի Օլյան՝ որպես փարատում, սկսեց նույնիսկ ապացույցների մի հնարամիտ ցանց հյուսել, որ իբր խազարուհիները հնում ամուսնանում էին՝ այսինքն գենոֆոնդը վերարտադրում էին շատ վաղ, ու ռուսները՝ ևս․ հիշենք հենց Պուշկինի «Եվգենի Օնեգին»-ի Տատյանայի դայակին․ նա ամուսնացավ տասներեք տարեկանում, իսկ ամուսինն իրենից էլ ջահել էր՝ «իմ Վանյա»-ն։

Պուշկինին հիշեցին, մի բաժակ օղու շուրջ լաց եղան , թեև Պուշկինն այս պատմության մեջ ոչ-մի կերպ չէր տեղավորվում, այլասերվածությունը ուզում ես հին ավանդույթներով, ուզում ես՝ խազարական ժառանգականությամբ, արդարացնես-չարդարացնես՝ նույնն է։ Մի հատ էլ կարելի է հենց նույն Պուշկինի բառերը հիշել «խենթ խազարներ»-ի մասին։ Օլյան ինքն էլ խոստովանեց, որ իր բակում էլ՝ ներքևում, ամեն իրիկուն խմում են ռուս ազգի ներկայացուցիչները՝ էլի մեռնելու չափ, ջահելները՝ շքամուտքում, մեծերը՝ դոմինոյի սեղանի շուրջ։ Իսկ ամենափոքրերը՝ ըստ թերթերի տվյալների՝ ընդհանրապես ձեղնահարկերում ու նկուղներում թաքնված, չնայած, օրինակ ինքը՝ Օլյան, թանգարանի ազգագրության գծով աշխատակից, խմում էր շատ քիչ իր՝ արդեն հասուն տարիքում, պատճառ բերելով առավոտյան գլխացավերը. այդ գործը լավ չէր ստացվում ու ընտանիք այդպես էլ չկառուցեց։ Այ Կատյան ուրիշ բան, որ համ խմել գիտեր, համ էլ խնդրեմ՝ ինչ ընտանիք ուներ։ Ընկերուհիները շարունակում էին զրույցը, ու, ի դեպ, Պուշկինի հարցում բոլոր փաստերը չէին, որ համընկնում էին․ օրինակ՝ դայակի տարիքը «Օնեգին»-ից ու ազգությամբ ռուս լինելը։ Ոչ բոլոր ռուսներն էին ծննդաբերում տասներեք տարեկանում, ու ոչ բոլոր խազարներն են, որ պիտի խենթ լինեն։ Կատյան էլ հո քսան ու քսանմեկ տարեկանում է ծննդաբերել, ինչպես որ հարկն է ու, ի միջի այլոց, ամուսնացած լինելով, և ճակատագրի ու վարքի բոլոր պատմական-գրական, ինչպես նաև ազգագրական արդարացումները ոչ մի դեր չեն խաղում մասնավոր դեպքերում, օրինակներ կան հա՛մ սրա, հա՛մ նրա օգտին։

Այսպես նրանք զրուցեցին օղու բաժակի շուրջ, իսկ Զորյայի փորը հա մեծանում ու մեծանում էր, և երբ Կատյա մայրը վերադարձավ տուն, Զորյան բոլորի ներկայությամբ լացելով գոռաց, որ ապրում-կենակցում է Իրինայի ամուսնու՝ Իլյայի հետ, և երեխան նրանից է լինելու։ Առաջին հայացքից դա հղի կնոջ հիստերիա էր՝ բոլոր ծակերում չլվացված ներքնաշորի վերաբերյալ մոր հերթական վայնասունից հետո․ որևէ տրամաբանական կապ չէր նկատվում գոռոցի ու պատասխանի միջև, բայց Զորյայի արձակած գոռգռոցի հնչերանգի մեջ զգացվում էր հազիվ շոշափելի գոհունակություն։ Այս պահին համընդհանուր ողբ ու կական արձակվեց, Իլյան միանգամից դուրս եկավ ու հեռացավ Մոսկվա․ մինչև հոգու խորքը վիրավորված անվերադարձ հեռացավ երկու երեխաների հայրն ու երկու կանանց ամուսինը (գնացե՛ք բոլորդ գրողի ծոցը), և արդեն ոչ թե խազարական, այլ ամբողջապես հունական ավանդույթների համաձայն տեղի ունեցավ ողբերգական վաղաժամ ծննդաբերություն։ Զորյան ծնեց թերհաս աղջիկ, ընդ որում՝ գայլի երախով։ Վախենալու է հնչում, բայց բովանդակությունը պարզ է՝ երեխան չի կարող կաթ ծծել, բերանում ինչ-որ բան թերաճ է մնացել՝ քիմքը։ Այս ամենին գումարած՝ երեխան կույր էր։ Զորյան թողեց երեխային մանկատանը, և նորածնի հետագա ճակատագիրը անձրևի կաթիլի պես անանուն ու միանգամից ներծծվեց հողի մեջ, անէության մեջ՝ տարրալուծվելով մյուս լքված հաշմանդամ երեխաների ճակատագրերի հետ․ գաղտնիքը շիրմահողի պես գթասրտորեն ծածկեց գայլի երախով մանկան մասին բոլոր մտքերի, զբոսանքների ու կերակրման թեման, իսկ այ Իռոչկան չդիմացավ․ նետվեց հինգերորդ հարկից, հեկեկալով անցավ պատշգամբի ճաղերի միջով, սկզբից երկմտում էր, բայց հենց մայրն ու քույրը վազելով մոտեցան, հենց այդ պահին էլ կախվեց։ Բոլորի ձեռքերը քրտնած էին, տիրում էր խազարական տապ․ բացատրությունն այդպիսին էր, ու Իռան ձեռքից գնաց։

Ինչ վերաբերում է նրա որբ դստերը, ապա նա մեծանում էր Կատյա տատի մոտ, ինչի համար էլ այդ երիտասարդ տատիկը տեղափոխվեց ցուրտ Ռուսաստան՝ մերձմոսկովյան շրջան, ընկերուհի Օլյայի միջոցով դասավորվեց թանգարան աշխատելու, այնտեղ Կատյային ճանաչում ու գնահատում էին, ու այնտեղ էլ նա մահացավ՝ տասներեք տարի անց, այսինքն՝ ոչ թե աշխատավայրում, այլ իր տանը, ինչ-որ տարօրինակ մահով, թոռնուհու աչքի առաջ, ինչ-որ գրիպից, ընդ որում՝ մի քանի ժամում՝ արգելելով աղջկան անգամ իրեն մոտենալ․ հավանաբար վախենում էր վարակել։

Ու թոռնուհին հնազանդորեն չէր մոտենում, խոհանոցում նստած էր, մինչև որ մթնշաղի մեջ չլռեց Կատյա տատի խռպոտ շնչառությունը, Կատյա մոր, ինչպես աղջիկն էր նրան անվանում։

Միայն այդ ժամանակ հնազանդ կամ էլ իներտ Յոկո Օնոն վախեցավ ու գնաց հարևանների մոտ։

Այժմ այդ Յոկո Օնոն ապրում է բառացիորեն ոչ մի տեղ՝ նույն մորաքույր Օլյայի մոտ, մեկսենյականոց բնակարանում, մորաքույր Օլյան փոքր-ինչ ծերացել է իր թանգարանային միջանցիկ քամիների տակ, սնվում է խատուտիկներով՝ բառացիորեն ոչնչով, շեղվեց իր պաշտելի բուդդիզմի կողմը ու բոլոր հիվանդությունները բուժում է ձիու մեզից տիբեթական միջոցով։

Նրանք Յոկոյի հետ վարի տվեցին բնակարանը, այդ բնակտարածքը ժառանգության իրավունքով առաջին հերթին զբաղեցրեց հարբեցող Զորյան, տասնյոթ տարեկանում ինչ-որ ձևով ամուսնացավ, բաժանվեց, սենյակը խմիչքի տվեց, ապրում էր սկզբում մեկի, հետո՝ մյուսի հետ, վերջը եկավ ժառանգության հետևից, ոչ թե ինչ-որ մի տեղից, այլ Ռյազանի գյուղերից, ահա այդպես։ Ներկայացրեց իր իրավունքները։

Փոքրիկ խազարուհի Յոկո Օնոն համարյա տասնչորս տարեկան է, ու եթե կա արդարություն՝ ահա այն․ աղջիկը նկարում է, հրաշալի երգում է, ինչ-որ տեղից գիտի անգլերեն ու գնում է մորաքույր Օլյայի աշխատավայր, երեկոները նստում է համակարգչի դիմաց, խաղում։ Ուզում է իր խաղը ստեղծել՝ նորը։ Մորաքույր Օլյան ամաչելով սողում է տարբեր ատյաններ, ուզում է տաղանդավոր երեխային մի տեղ դասավորել՝ տաղանդավոր որբերի մանկատուն, օրինակ, բայց աղջիկը կտրականապես հրաժարվում է։ Բարդ աղջիկ է՝ ներամփոփ, իներտ, ամեն ինչից ամաչում է, չի կարողանում ինքն իր համար մի բաժակ ջուր տաքացնել։ Բայց ուտում է, փառք Աստծո, կարգին, և դա աղքատ մորաքույր Օլյայի համար խնդիր է։

Իսկ ինչ-որ տեղ իր ժառանգած տանը՝ նստել ու խմում է երիտասարդ երեսունամյա Զորյան, ու ինչ-որ տեղ հավերժական խավարի մեջ, թափառում է իր կույր, մանկատան աղջիկը, իսկ ավելի այն կողմ ՝ անհայտ հեռուներում, ավելի ճիշտ՝ Օլյայի մտքերում, ճախրում է խազարուհի Կատյայի պատկերը, որը բարդ հարց է տալիս Օլյային ժողովուրդների ճակատագրի ու այդ ազգերի տասնհինգամյա դստրերի մասին, այսինքն, ի՞նչ սպասել Յոկո Օնոյի համար, ու կա՞ արդյոք համազգային ճակատագիր, համազգային ճանապարհ ու ազգի վախճան նրա՝ ազգի դեռահասների ձեռքով, թե՝ ոչ, ու կարելի՞ է արդյոք դեռ ինչ-որ հույս ունենալ։

 

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Հովհաննիսյանը

  • Hits: 215