պիրոմանը

չափազանց թունավոր է թթվածինն ինձ համար,
թեև հեռվից, բայց ես լսում եմ ոչնչի ձայնը, ընդերքից է գալիս,
փաթաթվում ինձ՝ հսկա կապարե շղթաներով, ու ինձ իր մեջ քարշ տալիս,
այս կերպ հրաժեշտի վայրագությունն եմ փորձառել
ու արյունը մայրամուտի,
շնչառությունը գիշերվա
ու թմբիրը սրածայր աստղերի,
որ հազարավոր ասեղների պես երակներիս մեջ են խրվում,
անասելի արվեստը կործանումի,
ու, կարծում եմ, կատարելության եմ հասել այդ հարցում

ի՞նչ են փնտրում այս բոլոր հայացքները, որ թեքվում են ստվերների հետ,
ինչի՞ մասին են դրանք, ցա՞վ են կշռում իմ մեջ,
թե՞ հանդարտությունն են բերել անձրևների,
որքա՜ն ուժասպառ են դրանք,
և աչքերն այս, որ հառում են օ տառի պես
ու ճնշում կոկորդային բաղաձայնի նման,
սա մու՞թն է արդյոք անթափանց,
թե՞ հուսահատությունը մեծ, համապարփակ,
որ երջանկության հեռուներից է գալիս
ու ինձ իր մեջ ներառելով անվերջ՝ այլևս սիրելու ոչ մի բան չի թողնում

լեզուները շատ են, լեզուները՝ կարմիր ու բոսոր,
լիզում են պատերը, առաստաղը, մոխրում իմ հասցեն,
սեղանիս հրեշատակ արձանիկը կարեկցանքով է նայում վերքերիս,
նրա դիմաց տագնապների կծիկ եմ՝ ես իմ մեջ եմ խճճվում,
սակայն վերքերն այս ականատես չեն հանդուրժի,
թեև ամբողջն օգնության ճիչով է լցված,
թեև դեռ տրոփում են
ու այրոցից բերանում համբույրի կծվահամ թողնում

ինչպես ասեմ՝ կյանքը ստվեր է,
շքամուտքում փռված կամ հատակին, ծանրաքաշ ու գեր,
ու կրակն անգամ դրան չի խժռի, ջրում չի խեղդվի,
բարձրահարկից դուրս չես շպրտի,
ո՜նց է ողջ օրն ինձ հետապնդում ու սպանում նրբությունները բոլոր,
ու այն ամենը, ինչի համար վերադառնում են նորից

հանձն եմ առել այս ամբողջն ու մինչև վերջ էլ կտանեմ,
և այս սարսուռն՝ անպատեհ նետված բերանին,
և այս շուրթերը՝ պարպված ինչ-որ բառի սպասման մեջ,
ու կողպումը կոպերի, որ ամբողջ հայացքով երաշտ են տարածում

օդը շիկնում է ու աղմուկով լցվում,
ինձ դժոխքում եմ կողպել,
ու խավարն է, խավարն է միակ զրուցակիցն իմ

 

հարսը

քույր իմ, այս տեսակ փորձառության առաջ անօգուտ եմ,
ողջ օրը հոկտեմբերյան մերկ ճյուղերի

ամլությունը ճանկռում էր օդը՝
իրենց աննպատակ տարուբերման մեջ ինքնամոռաց

հիշում եմ հայացքների հեղեղը,
դրանք խրվում էին ու պոկում մետաղե կեռերի պես

ու կյանքի խաղը զվարթ հոսքն էր՝
արյան ռիթմիկ ցատկը մեր երակներում

ոտքերը դոփում էին գետնին՝ ամեն մեկը ճիշտ մյուսի պես,
ես ոսկորների ողջ ծանրությունն էի զգում

զոհաբերություն էր, ընտիր միստիկա,
թեև շնչահեղձ՝ իր սինթեթիկ պոլիէթիլենե փաթաթանի մեջ

դու ժպտում էիր ու դա կարևոր էր,
արդյո՞ք դեպի երջանկությունն էիր քայլում

որ բախում էր՝ ինչպես բռուցքը կրծքին,
ու խեղդում՝ բթամատը կոկորդին սեղմելու չափ

ծվատվա՞ծ էին ծնկներդ, իսկ ներբաննե՞րդ, թաքցրե՞լ էիր,
սպիտակի ստերիլությունն ինձ սարսափեցնում էր

քամու պատառոտող հարձակումների մեջ
գնում էր ու գալիս, գնում ու գալիս՝ ալիք ալիքի հետևից

նրբություններն այդ ձեռագործ շարժումների՝
չափազանց հանդիսավոր, չափազանց հրապարակային

քեզ անճանաչելի էին դարձնում թե՛ ինձ համար, թե՛ ցանկացած մեկի,
իսկ վերջում ինչ-որ բան նաև կարոտելու էինք, քեզ լավ նայիր

 

սև այրի

ու ես, սեր իմ, հանկարծ քեզնով եմ լցվում, ոնց որ գիշերը ուրվականներով,
չկա ոինչ ավելի բացահայտ, քան այս թանձր մութը,
ու ես լուսնի գունատ հանդերձներում ցանցեր եմ նետում՝
որսալու համար քո մի շարժումը, խոնավը շնչիդ

հարցնեիր ինձ սիրո վայրը,
ու ես քեզ զբոսնելու կտանեի մարմնիս արահետներով,
ուր դու հնագետի ձեռքերով կուսումնասիրես
աչքերն այս՝ երկու տխուր ջրափոսեր,
հետո թեք սարահարթերը պարանոցիս,
քիչ ավելի ներքև կմագլցես բլուներն
ու կանցես որովայնիս բաց լանդշաֆտով՝
գտնելու համար իմ մեջ սկիզբն ամենի

ողջ գիշեր գլիխվայր ճոճվում եմ անհեթեթության մեջ,
կյանքս՝ թելից կախ,
իսկ գիշերից ավելի երկար ձգվում է սպասումը,
որքան դանդաղ են ժամերը, ու որքան կիսատ եմ ես,
հպումներդ երկրաշարժում են աշխարհն իմ ու հեռանում,
ու թող որ անասելի հեռու ես,
բայց ես բարձրացնում եմ ձեռքս ու օրերի հեռանալն եմ ցույց տալիս,
որ ապացույցներն են քո գոյության
ու իրավունք իմ այս արատների

սովորում եմ, թե ով ես դու ու մեկնվում քո ներկայության մեջ,
գետ եմ, որ պառկում է իր աղմուկի հետ համահունչ

ու եթե ուզեմ կիրկեի մերձափնյա ժայռերին կնստեմ, բառերով թակարդներ կհյուսեմ,
եթե ուզեմ կասկածների, տանգնապների վարագույրը կողմ կքաշեմ,
մի փեղկ կբացեմ, գոգին բույսեր ու լռություն կդնեմ, եթե ուզեմ,
ախ, սեր իմ, իմ հասցեն մի տուն է՝ գիշերվա կեսին արթուն պատուհաններով

պատկերացրու միայն՝ ոնց է սերն ինձնից հորդում,
ողողելով կյանքն ու դրանից հետոն,
և դու՝ հմուտ լողորդ,
և ես՝ ընդգրկուն սևակապույտ, ինչպես կալիպսոն

ու այս կերպ հանկարծ մղձավանջն է ավարտվում,
ու այս կերպ հանկարծ դու ես հայտնվում մթի միջից,
ճանապարհները խճճվել են ոտքերիդ, այլևս ոչ մի շարժում,
և ես պոկվում եմ իմ ստվերներից հաջորդ կատարյալ սպանության համար

 

ինքնավնասումներ

չէի կարող կարծել, որ այդչափ հեռու կարող եմ գնալ,
մեռնել չէի ուզում, ուզածս պարզապես դատարկությունն էր,
կաթվածահար էր մարմինս ամբողջ ու բառերս նաև,
ծանր ներկայությունդ գրանիտի պես ինձ գետնին էր սղմել,
շարժվել չէր ստացվում, շնչել չէր ստացվում

հիշողությունները խայթում էին ինձ, ինչպես օձերը թաքստոցներից,
ողջ գիշեր դրանց սառն ու լրպծուն սահքն էի զգում մարմնիս վրայով,
այս անթափանց փոշու ու անդարձելի ավիրումի մեջ՝
վերքերս շռայլորեն բաց ցավի համբույների առաջ,
հետևում էի, թե ինչպես ամեն բան, որ ապրում էր դեռ, սև խոռոչների մեջ է փլուզվում

ոչ մի կերպ չէր ստացվում քեզ գումարել ինձ կամ բաժանել երկուսի,
քո այս անիծյալ քաղաքը ամբողջովին տիղմով էր լցվել,
ու ամեն քայլ նախորդից ավելի դժվար էր տրվում,
ես իմ բաղեղի ցողուններով ինչ-որ բան էի փնտրում կառչելու համար,
բայց և թևաթափ գետնին էի փռված՝ ուղիղ հինգ տարի, եթե ստույգն ասեմ

քեզ ու՞մ տեղն էիր դրել, քո լուսանկարով էջը պատռած է ու նետված,
իմ հասցեն հիմա ոչ հրաժեշտների փողոցն է, ոչ տունը՝ միշտ ամենավերջին,
հասցեն իմ մի վայր է, որտեղից, երբ որ ուզեմ, կարող եմ սկսել կրկին,
հիմա ես գթությամբ եմ նայում իմ այս սպիերին,
դրանք իմ ձեռագրով են, իմ տարբերանշանները, իմ մթությունը կամ ոնց ուզես

իսկ սա առաջին ու վերջին բանաստեղծությունն էր, որ գրում էի քո մասին,
ինչ-որ բան չասվեց, բայց հիվանդությունը եղավ ու անցավ,
ինձ, ինչպես սրվակ, բերնեբերան թույնով ես լցրել,
քայքայվել են դիմագծերը քո հրեշտակի,
նրան, ում հավատում էիր, էլ երբեք չես ճանաչի

  • Hits: 833