Երբ Սինթիան դարձավ տասնյոթ տարեկան, ամուսնացավ Յուել Վ․ Գ․ Պետերսոնի հետ։ Սկզբնատառերը «Վիլյամ Գորդոն»-ի փոխարեն էին։ Վերջինիս ծնողներն իրեն անվանում էին Վիլյամ, Սինթիայի ծնողները կոչում էին Վ․ Գ․ (հասկացնելով, որ իրենց համար նրա սկզբնատառերը հավակնոտ են), իսկ Սինթիան՝ Փիթ, ինչպես որ բանակի ընկերներն էին դիմում նրան։ Այժմ արդեն ինը տարի էր, ինչ բաժանվել էր Յուել Վ․ Գ․ Պետերսոնից, և այն, թե ինչպես էին կոչում նրան, չեզոք հուշ էր։ Սինթիան ատելություն չէր տածում նրա հանդեպ։ Եթե հաշվի չառնենք անունը, գրեթե չէր հիշում նրան։ Սուրբ ծննդյան տոներին «Փիթ» մակագրությամբ բացիկներ էր ուղարկում Սինթիային, բայց ամուսնալուծությունից հետո ընդամենը մի քանի տարի, իսկ հետո դրանք դադարեցին գալ։ Նրա երկրորդ ամուսնու անունը, ում հետ ամուսնացել էր քսանութ տարեկանում, Լինքոլն Դիվայն էր։ Բաժանվեցին, երբ քսանինն ու կես տարեկան էր։ Նրանից Սուրբ ծննդյան բացիկներ չէր ստանում։ Այժմ պատրաստվում էր ամուսնանալ Չարլի Փայնհերսթի հետ։ Նրա ընտանիքը ատում էր Չարլիին կամ, հավանաբար, երրորդ ամուսնության գաղափարը, իսկ ինքն ատում էր այն, թե ինչպես էր Չարլիի անունն իր գլխում խառնվել Փիթի և Լինքոլնի անունների հետ։ Յուել Վ․ Գ․ Պետերսոն, Լինքոլն Դիվայն, Չարլի Փայնհերսթ․ շարունակ մտածում էր, ասես փորձում էր  մտապահել դրանք։ Ավագ դպրոցում անգլերենի ուսուցիչը ստիպում էր նրան անիմաստ բանաստեղծություններ սովորել։ Ոչ մի կերպ հնարավոր չէր հիշել, թե հետո ինչ էր գալիս այդ բանաստեղծություններում։ Ավագ դպրոցում անընդհատ Դ-եր էր ստանում և չէր հավանում նաև այն աշխատանքը, որ գտել էր ավարտելուց հետո, այդ իսկ պատճառով ուրախ էր ամուսնանալ Փիթի հետ, երբ վերջինս առաջարկություն արեց,  եթե նույնիսկ դա նշանակում էր թողնել իր ընկերներին և ընտանիքը ու ապրել ռազմական բազայում։ Այդ տեղը նրան դուր էր գալիս։ Ծնողներն ասում էին, որ նա երբեք ոչնչից գոհ չէր լինելու։ Նրանք զարմացած էին, երբ պարզվեց, որ Սինթիան ոչ մի բողոք չունի բազայի կյանքից։ Ծանոթացել էր բոլորի կանանց հետ։ Նրանք դիետայի ակումբ ունեին, և Սինթիան քսան ֆունտ նիհարեց ու եկավ այն քաշին, որն ուներ, երբ նոր էր ընդունվել ավագ դպրոց։ Սինթիան նաև տեղական ռադիոկայանում էր աշխատում՝ ձայնագրելով պատմվածքներ ու բանաստեղծություններ։ Այդպես էլ չիմացավ՝ ինչի համար էին դրանք ձայնագրվում, ու հասկացավ, որ գրականությանն ամենևին էլ դեմ չէր, եթե կարող էր ուղղակի ընթերցել այն և չմտածել դրա մասին։ Ազատ ժամանակ Փիթը ընկերների հետ էր շփվում, նրանք գրեթե չէին տեսնվում։ Մեղադրում էր Սինթիային նրանում, որ վերջինս «խակի գույնի սիրեկան» գրավելու համար է նիհարում։ «Մեկը քեզ բավական չէ՞»,- հարցնում էր նա։ Բայց երբ կողքին էր լինում, չէր ուզում սիրել նրան, ազատ ննջասենյակում ծանրաձողերով մարզվում էր։ Սինթիային դուր էր գալիս երկու ննջասենյակ ունենալը։ Ամբողջ տունն էր նրան դուր գալիս: Ներքևի հատվածում փեղկեր չունեցող փայտակերտ տուն էր, բայց ներսից ավելի մեծ էր, քան նրա ծնողների տունը։ Երբ տեղափոխվեցին, բանակի բոլոր կանայք նույն բանն էին ասում, որ ննջասենյակը երկար ազատ չի մնա։ Բայց այն դատարկ մնաց, եթե հաշվի չառնենք ծանրաձողերը և ինչ-որ ճոճաձող, որը Փիթը առաստաղից էր կախել։ Այնուամենայնիվ, բազայում ապրելը հաճելի էր։ Երբեմն Սինթիան կարոտում էր այդ ժամանակները։

Լինքոլնի հետ Սինթիան Կոլումբուսում` Օհայո նահանգում գտնվող մի բնակարանում էր ապրում։ «Լավ է, որ երկրի մյուս ծայրում ես ապրում, - գրում էր հայրը, - որովհետև մայրդ, իհա՛րկե, չի ուզում տեսնել այդ սև մարդուն, որը պնդում է, որ իր հայրը Չերապի հնդկացի է եղել»։ Սինթիան երբեք չէր հանդիպել Լինքոլնի ծնողների հետ, այնպես որ ինքը նույնպես վստահ չէր դրանում։ Լինքոլնի ընկերներից մեկը, որը միշտ ձգտում էր իր սիրեկանը դառնալ, ասում էր, որ Լինքոլն Դիվայնը նույնիսկ նրա իսկական անունը չէ, նա հորինել էր այն և օրինական ձևով փոխել իր հին անունը, երբ քսանմեկ տարեկան է եղել։ «Սանտա Կլաուսին հավատալուն է նման, - ասում էր ընկերը։ - Լինքոլն Դիվայն գոյություն չունի»։

Չարլին տարբերվում էր Փիթից և Լինքոլնից։ Նրանցից ոչ ոք բավականաչափ ուշադրություն չէր դարձնում իրեն, բայց Չարլին ուշադիր էր։ Տարիների ընթացքում վերադարձրել էր այն քսան ֆունտը, որը կորցրել էր, երբ առաջին անգամ ամուսնացավ, ու ևս քսանհինգ ֆունտ էր ավելացրել։ Պետք է իրեն կարգի բերեր մինչև Չարլիի հետ ամուսնանալը, չնայած որ նա հենց հիմա էր ուզում ամուսնանալ։ «Ամեն ինչ ընդունում եմ այնպես, ինչպես որ կա, - ասաց Չարլին։ - Պատրաստին կարելի է ձևափոխել»։ Չարլին դերձակ էր։ Իրականում դերձակ չէր, բայց նրա եղբայրը խանութ ուներ, և հանգստյան օրերին հավելյալ գումար վաստակելու համար Չարլին հագուստ էր ձևափոխում։ Մի անգամ, երբ Սինթիան և Չարլին մի փոքր հարբած էին, երդվեցին մութ գաղտնիքներ պատմել միմյանց։ Սինթիան պատմեց Չարլիին, որ իր և Փիթի ամուսնալուծությունից անմիջապես առաջ ընդհատել է հղիությունը։ Չարլին իսկապես ցնցված էր։ «Երևի դրա համար ես այսքան գիրացել, - ասաց նա։ - Կենդանիների հղիությունն ընդհատելիս նույնպես այդպես է պատահում»։ Սինթիան չգիտեր՝ ինչի մասին էր նա խոսում, և չէր էլ ուզում հարցնել։ Ինքը գրեթե մոռացել էր այդ մասին։ Չարլիի գաղտնիքն այն էր, որ ինքը գիտեր՝ ինչպես կարի մեքենա աշխատեցնել։ Նա կարծում էր, որ դա «կանացի գործ» է։ Սինթիայի համար դա խելագարություն էր։ Ինքը կարևոր մի բան պատմեց, իսկ նա միայն ասաց, որ կարի մեքենայից օգտվել գիտի։

«Բնակարանում չենք ապրի, - ասաց Չարլին։ - Տանը կապրենք։ Ստիպված չես լինի բարձրանալ և իջնել աստիճաններով։ Երկհարկանի տուն կգտնենք։ Այնպիսի թաղամաս չի լինի, որ անընդհատ վատթարանա, այլ այնպիսին, որ անընդհատ բարելավվի։ Պետք չէ, որ նիհարես։ Ինչո՞ւ հենց հիմա չես ամուսնանում ինձ հետ, և մենք կարող ենք տուն գտնել ու համատեղ կյանք սկսել»։

Բայց Սինթիան չէր անելու դա։ Պատրաստվում էր քսան ֆունտ նիհարել ու բավականաչափ գումար հավաքել, որպեսզի կարողանար գեղեցիկ հարսանեկան զգեստ գնել։ Արդեն սկսել էր շպարվել ու մազերը երկարացնել, ինչպես որ խորհուրդ էր տվել գեղեցկության սրահի աշխատակիցը, որպեսզի հարսանիքի օրը ուսերի վրա թափվող գանգուրներ ունենար։ Հարսնացուների համար նախատեսված ամսագրեր էր կարդում, և երկար գանգուրները նրան շատ գեղեցիկ էին թվում։ Չարլին ատում էր ամսագրերը։ Նա կարծում էր, որ ամսագրերն էին ասում Սինթիային քսան ֆունտ նիհարելու մասին, և որ ամսագրերն էին պատասխանատու իրեն սպասեցնելու համար։

Սինթիան մղձավանջներ էր ունենում։ Կրկնվող մղձավանջներից մեկն այն էր, որում նա, գեղեցիկ երկար սպիտակ զգեստ հագած, Չարլիի հետ խորանի մոտ էր կանգնած, սակայն զգեստը բավականաչափ երկար չէր, և բոլորը տեսնում էին, որ նա կշեռքի վրա էր կանգնած։ Իսկ ի՞նչ էր ասում կշեռքը։ Արթնանում էր, ուշադիր մթության մեջ նայում, վեր կենում անկողնուց ու գնում խոհանոց։

Այս գիշեր կարտոֆիլի չիփսերը չեդեր պանրի սոուսի մեջ թաթախելով՝ վերընթերցեց մոր նամակը․ «Դու վատ աղջիկ չես, և չգիտեմ՝ երեք անգամ ամուսնանալն ինչիդ է պետք։ Հայրդ այն սևամորթի հետ ամուսնությունը հաշվի չի առնում, բայց ես պետք է հաշվի առնեմ, և այսպիսով դրանք երեքն են։ Չափից ավելի են ամուսնությունները, Սինթիա՛։ Դու լավ աղջիկ ես ու այժմ բավականաչափ գիտելիքներ ունես, որպեսզի վերադառնաս տուն և ընտանիքիդ կողքին բնակություն հաստատես։ Մենք պատրաստ ենք հոգ տանելու քո մասին՝ նույնիսկ հայրդ, և զգուշացնելու, որպեսզի ևս մի սարսափելի սխալ չգործես»։ Ո՛չ ողջույնի խոսք կար, ո՛չ էլ ստորագրություն։ Հավանաբար մայրը նամակը գրել էր, երբ ինքն էլ էր անքնությամբ տառապել։ Սինթիան ստիպված էր պատասխանել երկտողին, բայց չէր կարծում, որ իր ասածներից գոնե մի բանը կհամոզեր մորը։ Եթե իմանար՝ ծնողները կհամոզվեին, որ ինքը, Չարլիին հանդիպելով, ճիշտ որոշում էր կայացրել, նրան կխնդրեր հանդիպել իր ծնողների հետ։ Բայց նրա ծնողներին դուր էին գալիս մարդիկ, որոնք շատ ասելիք ունեին կամ կարող էին ծիծաղեցնել նրանց (ինչպես ասում էր նրա հայրը՝ «ցրել միապաղաղությունը»), բայց Չարլին շատ ասելիք չուներ։ Չարլին շատ լուրջ մարդ էր։ Նա նույնպես քառասուն տարեկան էր և երբեք ամուսնացած չէր եղել։ Սինթիայի ծնողները կուզենային իմանալ, թե ինչու էր այդպես։ Անհնար էր հաճոյանալ նրանց․ նրանք ատում էին մարդկանց, որոնք ամուսնալուծվել էին, և կասկածամտորեն էին վերաբերվում մարդկանց, որոնք միայնակ էին։ Դրա համար երբեք չէր առաջարկել Չարլիին հանդիպել իր ծնողների հետ։ Վերջիվերջո նա ինքը առաջարկեց։ Սինթիան արդարացումներ էր հորինում, բայց Չարլին գլխի էր ընկնում։ Նա կարծում էր, որ այդ ամենն այն բանի պատճառով է, որ ինքը խոստովանել էր, որ կարում էր։ Սինթիան ամաչում էր նրա համար․ իրական պատճառը դա էր, թե ինչու էր հետաձգում հարսանիքը ու չէր ծանոթացնում իր ծնողների հետ։ «Ո՛չ, - ասաց նա։ - Ո՛չ, Չարլի՛։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ»։ Եվ քանի որ Սինթիան բազմիցս ասել էր այդ, նա համոզված էր։ «Ուրեմն՝ հարսանիքի օ՛ր նշանակիր, - ասաց Չարլին նրան։ - Դու պետք է ասես՝ երբ»։ Սինթիան խոստացավ անել այդ հաջորդ անգամ, երբ հանդիպի Չարլիին, բայց չէր կարողանում սթափ մտածել այն նամակների պատճառով, որոնք մայրը գրում էր նրան, այն պատճառով, որ չէր կարողանում քնել, և այն պատճառով, որ նա ընկճախտի մեջ էր ընկնում՝ քաշ գցելով ու հավաքելով, երբ գիշերը սնվում էր։

Քանի դեռ չէր կարողանում քնել, և  մի քանի խորտիկ դեռ մնում էր, որոնք կարող էր նույն հաջողությամբ ուտել, որոշեց ազնիվ լինել ինքն իր հետ, ինչպես այն գիշեր Չարլիի հետ, երբ նրանք պատմել էին իրենց գաղտնիքները։ Ինքն իրեն հարցրեց, թե ինչու էր ամուսնանում։ Պատասխանի մի հատվածն այն էր, որ նա չէր սիրում իր աշխատանքը։ Մեքենագրուհի էր։ Ու բացի այդ, երեսուներկու տարեկան էր, և եթե մոտ ժամանակներս չամուսնանար, հնարավոր էր, որ այլևս ոչ մեկին չգտներ։ Ինքը և Չարլին միասին տանը կապրեին, և իր ծաղկանոցը կունենար, չնայած որ դա դեռ չէին քննարկել, եթե երեխա ունենար, ստիպված չէր լինի աշխատել։ Արդեն ուշ էր, եթե նա պատրաստվում էր երեխա ունենալ։ Ինքն իրեն հարցեր տալու իմաստ այլևս չկար։ Գլուխը ցավում էր, չափից ավելի էր կերել և մի փոքր վատ էր զգում իրեն, և նշանակություն չուներ, թե ինչ էր մտածում, գիտեր՝ միևնույնն է, ամուսնանալու էր Չարլիի հետ։

Սինթիան ամուսնանալու էր Չարլիի հետ փետրվարի տասին։ Հենց դա էր այն, ինչ ասաց Չարլիին, որովհետև ի վիճակի չէր ամսաթվի մասին մտածելու, և ստիպված էր մի բան ասել․ դա հենց այն էր, ինչ ասելու էր իր տնօրենին՝ պարոն Գրիրին, մեկշաբաթյա արձակուրդ խնդրելիս։

-Կցանկանայինք ամուսնանալ փետրվարի տասին, և եթե կարող եմ, կուզենայի մյուս շաբաթ արձակուրդ վերցնել։

-Փնտրում եմ այդ օրացույցը։

-Ի՞նչ։

-Նստե՛ք և թուլացե՛ք, Սինթիա՛։ Դուք կարող եք մեկ շաբաթով արձակուրդ գնալ, եթե դա այն շաբաթը չէ, երբ․․․

-Պարո՛ն Գրիր, կարող եմ փոխել հարսանիքի օրը։

-Ես չեմ խնդրում այդ մասին։ Խնդրում եմ, նստե՛ք, մինչ ես․․․

-Շնորհակալություն։ Ես դեմ չեմ կանգնելուն։

-Սինթիա՛, թո՛ւյլ տվեք ասել՝ այդ շաբաթ հրաշալի է։

-Շնորհակալություն։

-Եթե Ձեզ դուր է գալիս կանգնել, ի՞նչ կասեք ինձ հետ հոթ-դոգ ուտելու մասին, -ասաց Սինթիային։

Նա զարմացավ։ Ճաշել տնօրենի հետ։ Զգում էր՝ ինչպես են այրվում այտերը։ Նրա գլխում մի խենթ միտք ծագեց․ Սինթիա Գրիր։ Այն միանգամից խառնվեց Պետերսոնին, Դիվայնին, Փայնհերսթին։

Հոթ-դոգ ուտելու վայրում հոթ-դոգ և ֆրի էին ուտում՝ կողք կողքի կանգնած։

-Իմ գործը չէ, - պարոն Գրիրն ասաց նրան, - բայց Դուք ամենահուզված ապագա հարսնացուի նման չեք։ Նկատի ունեմ՝ հուզված եք, բայց․․․

Սինթիան շարունակում էր ուտել։

-Ե՞վ, - հարցրեց պարոն Գրիրը։ - Քաղաքավարությունից ելնելով ասացի, որ իմ գործը չէ։

-Օ՜, ամեն ինչ կարգին է։ Այո՛, ես շատ երջանիկ եմ։ Ամուսնանալուց հետո ես կվերադառնամ աշխատանքի, եթե Դուք դրա համար եք մտահոգվում։

Պարոն Գրիրը ուշադիր նայեց նրան։ Ինչ-որ սխալ բան ասաց։

-Վստահ չեմ, որ մեղրամիս կմեկնենք։ Տուն ենք պատրաստվում գնել։

-Օ՜։ Որևիցե տուն նայե՞լ եք։

-Ո՛չ։ Պետք է փնտրենք։

-Ձեզ հետ շատ դժվար է խոսել, - ասաց պարոն Գրիրը։

-Գիտեմ։ Դանդաղ եմ մտածում։ Տպելիս այնքան շատ սխալներ եմ անում։

Սխալ էր տնօրենին ասել այդ մասին։ Ճիշտ չընկալեց ասվածը։

-Փետրվարը լավ ժամանակ է հանգստի համար, - քաղաքավարի ասաց պարոն Գրիրը։

-Փետրվարն եմ ընտրել, որովհետև դիետա եմ պահում և մինչ այդ կնիհարեմ։

-Օ՜։ Կինս միշտ դիետա է պահում։ Այս նոր դիետայի ընթացքում, որը գտել է, շաբաթական տասնչորս թուրինջ է ուտում։

-Թուրինջի դիետա է։

Պարոն Գրիրը ծիծաղեց։

-Ինչ-որ ծիծաղելի բա՞ն ասացի։

Սինթիան տեսնում էր, որ պարոն Գրիրը շփոթված էր։ Սխալ էր նրան շփոթեցնելը։

-Ճիշտ չեմ կարողանում մտածել, երբ ութ ժամ չեմ քնում ու նույնիսկ չեմ էլ մոտենում քնելուն։ Եվ այս դիետայի ժամանակ միշտ սոված եմ։

-Քաղցա՞ծ եք։ Եվս մեկ հոթ-դոգ կուտե՞ք։

-Հրաշալի կլիներ, - ասաց Սինթիան։

Պարոն Գրիրը ևս մեկ հոթ-դոգ պատվիրեց և խոսեց, մինչ Սինթիան ուտում էր։

-Երբեմն մտածում եմ, որ ավելի լավ է մոռանալ բոլոր այդ դիետաների մասին, - ասում էր նա։ - Եթե այդքան շատ մարդիկ գեր են, ուրեմն՝ ինչ-որ մի բան կա դրանում։

-Բայց ես ավելի ու ավելի եմ գիրանում։

-Հետո ի՞նչ, - ասում էր նա։ - Ի՞նչ կլինի, եթե այդպես լինի։ Թե՞ Ձեր փեսացուին նիհար կանայք են դուր գալիս։

-Նրա համար միևնույն է՝ նիհարում եմ ես, թե ոչ։ Հավանաբար դա նշանակություն չէր ունենա նրա համար։

-Ուրեմն՝ կատարյալ տղամարդ եք գտել։ Շարունակե՛ք ուտել։

Երբ Սինթիան կերավ հոթ-դոգը, պարոն Գրիրը ևս մեկը պատվիրեց նրա համար։

-Աշխարհը լի է սնունդով, իսկ նա շաբաթական տասնչորս թուրինջ է ուտում։

-Ինչո՞ւ չեք ասում, որ դիետա չպահի, պարո՛ն Գրիր։

-Չի լսի ինձ։ Այդ ամսագրերն է կարդում, և ես ոչինչ անել չեմ կարող։

-Չարլին նույնպես ատում է այդ ամսագրերը։ Ինչո՞ւ են տղամարդիկ ատում ամսագրերը։

-Ես ոչ բոլոր ամսագրերն եմ ատում։ «Newsweek» ամսագիրը չեմ ատում։

Սինթիան պատմեց Չարլիին, որ տնօրենն իրեն կեսօրյա նախաճաշի էր հրավիրել։ Սկզբում Չարլին տպավորված էր։ Այնուհետև կարծես հիասթափվեց։ Հավանաբար հիասթափված էր, որ իր տնօրենը իրեն կեսօրյա նախաճաշի չէր հրավիրում։

-Ինչի՞ մասին էիք խոսում, - հարցրեց Չարլին։

-Իմ։ Ասում էր, որ կարող եմ գիրանալ, դա կարևոր չէ։

-Էլ ի՞նչ էր ասում։

-Ասում էր, որ իր կինը թուրինջի դիետա է պահում։

-Դու այնքան էլ շատախոս չես։ Ամեն ինչ կարգի՞ն էր։

-Ասաց, որ չամուսնանամ քեզ հետ։

-Ի՞նչ նկատի ուներ։

-Ասաց՝ գնամ տուն և ուտեմ, ուտեմ, ուտեմ, բայց չամուսնանամ։ Աղջիկներից մեկն ասաց, որ մինչև իր հարսանիքը նրան էլ էր այդպես ասել։

-Ի՞նչ է այդ տղան մտածում։ Այդպես խոսելու իրավունք չունի։

-Այդ աղջիկը նույնպես ամուսնալուծվեց։

-Ի՞նչ ես փորձում ինձ ասել, - ասաց Չարլին։

-Ոչինչ։ Կեսօրյա նախաճաշի մասին եմ պատմում։ Դու ինքդ հարցրիր դրա մասին։

-Դե, ես այդ ամենը չեմ հասկանում։ Կուզեի իմանալ՝ ինչ կա դրա հետևում։

Սինթիան նույնպես չէր հասկանում։ Զգում էր մոտալուտ քունը և հույս ուներ՝ շուտով կքնի։ Նրա երկրորդ ամուսինը՝ Լինքոլնը, կարծում էր, որ ինքն անկարող է որևէ բան հասկանալու։ Հնդկական ուլունքներ ուներ, որոնք վերնաշապիկի տակից էր կրում։ Իրենց ամուսնական առաջին գիշերը մինչև քնելը հանեց դրանք, Սինթիայի դեմքի դիմաց պահեց, թափահարեց դրանք ու ասաց․ «Ի՞նչ է սա»։ Լինքոլն ասել էր, որ ամեն ինչ նրա գլխում էր։  Սինթիան հասկանում էր, որ իրեն վիրավորել էին։ Բայց ինչի՞ համար էր ամուսնացել։ Չէր հասկանում Լինքոլնին, ինչպես և Չարլիին, չէր հասկանում նաև, թե ինչ էր մտածել պարոն Գրիրը։ «Հիշի՛ր, - կրկին լսեց իր անգլերենի ուսուցչի խոսքերը։ - Բոլորն էլ կարող են հիշել»։ Սինթիան սկսեց վերհիշել անցյալի իրադարձությունները․ «Ամուսնացա Փիթի և Լինքոլնի հետ և կամուսնանամ Չարլիի հետ։ Ճաշեցի պարոն Գրիրի հետ։ Տիկին Գրիրը թուրինջ է ուտում»։

-Դե, ի՞նչ ես ծիծաղում, - հարցրեց Չարլին։ - Ինչ-որ մտերմիկ կատա՞կ ունեք դու և Գրիրը, թե՞ այլ բան։

Սինթիան մի հայտարարություն էր տեսել թերթում։ «Ճգնաժամային կենտրոն զանգե՛ք, - ասվում էր այնտեղ։ - Մեզ համար միևնույն չէ»։ Կարծում է՝ ճգնաժամային կենտրոնը լավ գաղափար է, բայց ճգնաժամ չկա։ Ուղղակի չի կարողանում քնել։ Բայց գաղափարը շատ լավն է։ Մտորում է․ «Ի՞նչ կանեի, եթե ինձ մոտ ճգնաժամ լիներ»։ Պետք է մոր նամակին պատասխաներ։ Այսօր մեկ այլ նամակ էր եկել։ Այժմ նրա մայրն ուզում էր ծանոթանալ Չարլիի հետ․ «Աստված վկա, փորձեցի հասկացնել քեզ, բայց հավանաբար չասացի, որ ցանկալի հյուր կլինես տանը և չպետք է այդ հիմարությունն անես, որ պատրաստվում ես անել։ Հայրդ կարծում է, որ դու երբեք իրական երջանկություն չես գտնի, քանի դեռ ժամանակ չես հատկացնում մտածելուն մեկ ամուսնուց մյուսին անցում կատարելիս։ Գիտեմ, որ սերը ստիպում է ծիծաղելի արարքներ գործել, բայց հայրդ ասաց՝ փոխանցեմ քեզ, որ զգում է՝ իրականում չես սիրում այդ մարդուն, և ավելի վատ բան չկա, քան ծիծաղելի արարքներ գործելը, երբ նույնիսկ սիրով չես առաջնորդվում։ Հավանաբար չես ուզում լսել ինձ, դրա համար կարճ կկապեմ, բայց եթե միայնակ վերադառնաս տուն, շատ ուրախ կլինենք։ Եթե քեզ հետ այդ նոր մարդուն էլ բերես, միևնույնն է կգանք կայարան։ Թո՛ւյլ տուր՝ գոնե տեսնենք նրան, մինչ կանես այդ քայլը։ Հայրդ ասաց՝ եթե հանդիպած լիներ Լինքոլնին, նույնը չէր պատահի»։

Սինթիան թղթի մի կտոր է վերցնում։ Վերևում մոր անունը գրելու փոխարեն գրում է․ «Եթե Դուք դեռևս ավագ դպրոցում եք աշխատում, կուզեի՝ իմանայիք, որ ուրախ եմ, որ հեռու եմ դպրոցից և Ձեզանից, և մոռացել եմ բոլոր այն զզվելի բանաստեղծությունները, որ ստիպում էիք հենց այնպես հիշել։ Հարգանքներով՝ Սինթիա Նայթ»։ Թղթի մյուս կտորի վրա գրում է․ «Դեռ սիրո՞ւմ ես ինձ։ Կուզեի՞ր կրկին հանդիպել ինձ հետ»։ Մեկ այլ թուղթ է վերցնում ու երկու զուգահեռ ուղղահայացներ նկարում՝ ներքևում հորիզոնական գծով միացնելով դրանք․ Փիթի ճոճաձողն է։ «Մարդակապիկ», - գրում է Սինթիան։ Առաջին նամակը դնում է ծրարի մեջ ու հասցեագրում ավագ դպրոցի ուսուցչին։ Երկրորդը Լինքոլնի համար է։ Երրորդը Փիթի համար է, որն իր ծնողների մասին է հոգ տանում։ Լինքոլնի հասցեն չգիտի, դրա համար պատռում է թուղթն ու մի կողմ նետում, ինչը ստիպում է նրան արտասվել։ Ինչո՞ւ է արտասվում։ Աշխատավայրում աղջիկներից մեկն ասում է, որ պատճառը ժամանակն է, որում ապրում են։ Այդ աղջիկը Ջորջ Մաքգովերնի քարոզարշավն է վարում։ Բացի այդ՝ նամակներ է գրում ընդդեմ Նիքսոնի։ Սինթիան մեկ այլ թղթի կտոր է հանում ու գրում նախագահ Նիքսոնին․ «Իմ գրասենյակում որոշ աղջիկներ Ձեզ չեն գրի, որովհետև ասում են, որ տարօրինակ նամակ կլինի, և նրանց անունները սև ցուցակում կավելացվեն։ Ես թքած ունեմ, որ ինչ-որ ցուցակում կհայտնվեմ։ Դուք տարօրինակ մարդ եք։ Այնքան բարձր գներ եք սահմանել, որ չեմ կարողանում բիֆշտեքս ուտել»։ Սինթիան չգիտի՝ է՛լ ինչ ասել նախագահին։ «Ձեր կնոջն ասեք, որ նա քարե դեմք ունի», - գրում է նա։ Հասցեագրում է ծրարը, կնիք է դնում դրա վրա ու մինչև քնելը նամակները գցում փոստարկղը։ Սինթիան սկսում է մտածել, որ ամեն ինչի մեղավորը Նիքսոնն է․ ինչ էլ որ դա նշանակի։ Դեռ արտասվում է։ «Գրո՛ղը քեզ տանի, Նիքսո՛ն, - մտածում է Սինթիան։ - Գրո՛ղը տանի»։

Վերջերս՝ այս ամենի ընթացքում, չի քնել Չարլիի հետ։ Երբ վերջինս նրա բնակարան է գալիս, Սինթիան արձակում է նրա վերնաշապիկը, կրծքավանդակի վրայով ձեռքը վեր ու վար է տանում ու քանդում գոտին։

Էլի նամակներ է գրում։ Դրանցից մեկը գրում է «Weight Watchers» կազմակերպության Ժան Նիդեթչին։ «Ի՞նչ կլինի, եթե նորից գիրանաք, եթե չկարողանաք դադարեցնել ուտելը, - գրում է Սինթիան։ - Այդ դեպքում կկորցնեք Ձեր բոլոր փողերը։ Չեք կարողանա հասարակության մեջ դուրս գալ, այլապես նրանք կտեսնեն Ձեզ։ Հույս ունեմ՝ ավելի ու ավելի կգիրանաք ու կմահանաք»։ Երկրորդ նամակը (իրականում՝ նկարը) Չարլիի համար է՝ սիրտ, որի մեջ գրված է «Սինթիա»։ Սխալ է։ Մեկ այլ սիրտ է նկարում ու մեջը գրում «Չարլի»։ Վերջին նամակը մի կնոջ համար է, որին ճանաչում էր, երբ Փիթի հետ էր ամուսնացած։ «Սիրելի՛ Սենդի, - գրում է նա։ - Կներես, որ այսքան երկար ժամանակ չեմ գրել։ Փետրվարի չորսին պատրաստվում եմ ամուսնանալ։ Կարծում եմ՝ ասել էի, որ ես և Լինքոլնը բաժանվել ենք։ Իրոք շատ կուզենայի, որ կողքիս լինեիր և օգնեիր նիհարել մինչև հարսանիքը։ Հուսամ՝ ընտանիքդ լավ է։ Փոքրիկը երևի արդեն քայլում է։ Ինձ մոտ ամեն ինչ կարգին է։ Դե ինչ, պետք է գնամ։ Սիրով՝ Սինթիա»։

Գնացքում են, հարսանիքից առաջ գնում են Սինթիայի ծնողներին այցելության։ Հունվարի վերջն է։ Չարլին մի փոքր գարեջուր էր թափել իր բաճկոնին և երկու անգամ գնացել սանհանգույց՝ մաքրելու այն, չնայած որ Սինթիան ասաց նրան, որ առաջին անգամից հետո ամեն ինչ մաքրվել էր։ Բաճկոնի գրպանում ծալված փողկապ կա։ Սպիտակ շնիկներով կարմիր փողկապ է, որը Սինթիան էր գնել նրա համար։ Նվերներ էր գնում նրա համար, որպեսզի փոխհատուցի այն, թե ինչպես էր երբեմն հետը վարվում։ Քնաբեր հաբեր էր ընդունում, և հիմա, քանի որ մի փոքր հանգստացել է, այլևս հաճախակի չի նյարդայնանում։ Ահա թե բանն ինչ էր․ անքնությունը։ Նույնիսկ ճաշի ժամանակ է կես հատ քնաբեր հաբ ընդունում, ինչը օգնում է նրան ողջ օրվա ընթացքում հանգստություն պահպանել։

-Սիրելի՛ս, կուզե՞ս մեկ այլ վագոն գնալ, որտեղ կկարողանանք մի բան խմել, - հարցնում է Չարլին։

Սինթիան չէր ուզում՝ Չարլին իմանա, որ հաբեր է ընդունում, դրա համար երբ հնարավորություն էր ընձեռվում, պայուսակից մեկ ամբողջական հաբ էր հանում ու կուլ էր տալիս, երբ Չարլին շրջվում էր։ Այժմ նա բավականին թույլ էր։

-Թերևս ավելի ուշ կիջնեմ, - ասում է Սինթիան ու ժպտում նրան։

Երբ Չարլին դուրս է գալիս միջանցք, Սինթիան նրա հետևից է նայում։ Նա ով ասես կարող էր լինել։ Ուղղակի ինչ-որ տղամարդ գնացքում։ Դուռը փակվում է նրա հետևից։

Երիտասարդ տղամարդը, որը միջանցքից այն կողմ է նստած, որսում է նրա հայացքը։ Նա երկար մազեր ունի։

-Թե՞րթ, - ասում է նա։

Սինթիային իր թերթն է առաջարկում։ Զգում է, թե ինչպես են կարմրում իր այտերը, և վերցնում է թերթը՝ չցանկանալով նեղացնել երիտասարդին։ «Որոշ մարդիկ դեմ չէին լինի նեղացնելու նրա նման մարդուն, - մտածում է Սինթիան՝ սեփական արժանապատվության զգացմամբ, - բայց դու միշտ քաղաքավարի ես»։

-Ո՞ւր եք գնում դուք երկուսդ, - հարցնում է նա։

-Պավո՝ Ջորջիա, - ասում է Սինթիան։

-Դե՞ղձ եք ուտելու Ջորջիայում, - հարցնում է նա։

Սինթիան հայացքը հառում է նրան։

-Ուղղակի կատակում եմ, - ասում է երիտասարդ տղամարդը։ - Տատիկս ու պապիկս Ջորջիայում են ապրում։

-Նրանք ամբողջ օրը դե՞ղձ են ուտում, - հարցնում է Սինթիան։

Երիտասարդը ծիծաղում է։ Սինթիան չգիտի, թե ինչն է ճիշտ արել։

-Բայց, Աստվա՛ծ իմ, նրանք հենց այդպե՛ս էլ անում են, - ծոր տալով ասում է նա։

Սինթիան աչքի է անցկացնում թերթը։ Նախագահ Նիքսոնի մասին կոմիքս կա այնտեղ։ Նախագահը հենված է պատին, և ոստիկանը խուզարկում է նրան։ Նա տարբեր մեղքեր է խոստովանում։

-Ընտիր է, չէ՞, - ժպտալով ասում է տղամարդն ու մի փոքր առաջ կռանում։

-Նիքսոնին նամակ եմ գրել, - հանգիստ ասում է Սինթիան։ - Չգիտեմ՝ ինչ են անելու։ Տարբեր տիպի բաներ եմ գրել։

-Դուք դա արե՞լ եք։ Զիլ է։ Նիքսոնի՞ն եք գրել։

-Երբևէ գրե՞լ եք նրան։

-Դե իհա՛րկե։ Անընդհատ գրում եմ նրան։ Հեռագրեր եմ ուղարկում։ Բայց որոշակի ժամանակ է պետք, մինչև նա իրոք կհայտնվի այդ պատի մոտ։

Սինթիան շարունակում է թերթել։ Հայտարարություններով լի էջեր կան այն մարդկանց ձայնագրությունների մասին, որոնց մասին նա չի լսել, և երգիչների մասին, որոնց երբևէ չի լսի։ Երգիչները նման են այդ տղամարդուն։

-Դուք երաժի՞շտ եք, - հարցնում է նա։

-Դե, երբեմն։ Էլեկտրական դաշնամուր եմ նվագում։ Դասական դաշնամուր կարող եմ նվագել։ Դրանով գրեթե չեմ զբաղվում։

-Ժամանակ չկա՞, - ասում է Սինթիան։

-Այո՛։ Ուշադրությունը շեղող գործոնները շատ են։

Սվիտերի տակից տափաշիշ է հանում․

-Եթե չեք ցանկանում Ձեր ընկերոջը միանալ, ի՛նձ հետ խմեք։

Սինթիան տափաշիշն այնքան արագ է վերցնում, որ ոչ ոք չնկատի։ Հենց որ այն նրա ձեռքերում է հայտնվում, չի իմանում ինչ անել․ մնում է միայն խմել։

-Որտեղի՞ց եք գալիս, - հարցնում է տղամարդը։

-Բուֆալոյից։

-Գիսաստղը տեսե՞լ եք, - հարցնում է նա։

-Ո՛չ։ Իսկ Դո՞ւք։

-Ո՛չ, - ասում է նա։ - Երբեմն մտածում եմ, որ գիսաստղ ընդհանրապես գոյություն չունի։ Հնարավոր է՝ քարոզչություն է։

-Եթե Նիքսոնն ասել է, որ գիսաստղ կա, ուրեմն՝ պետք է համոզված լինենք, որ այն գոյություն չունի, - ասում է Սինթիան։

Սեփական ձայնի հնչյունները անծանոթ են նրան։ Տղամարդը ժպտում է։ Կարծես թե նրան դուր է գալիս Նիքսոնի մասին խոսել։

-Ճի՛շտ է, - ասում է նա։ - Հրաշալի է։ Նախագահը տեղեկագիր է հրապարակում այն մասին, որ գիսաստղ կհայտնվի։ Իսկ մենք կարող ենք թուլանալ ու իմանալ, որ ոչինչ բաց չենք թողել։

Սինթիան չի հասկանում, թե նա ինչի մասին է խոսում, այդ իսկ պատճառով ևս մի կում է անում։ Այդպես կարող է ոչինչ չպատասխանել։

-Ես նույնպես կխմեմ դրա համար, - ասում է տղամարդը, և տափաշիշը կրկին նրա մոտ է հայտնվում։

Քանի որ Չարլին, ըստ երևույթին, դեռ մի որոշ ժամանակ պատրաստվում էր մնալ խմելու վագոնում, տղամարդը, որի անունը Փիթեր է, գալիս ու նստում է նրա կողքին։

-Առաջին ամուսնուս անունը Փիթ էր, - ասում է Սինթիան։ - Բանակում էր ծառայում։ Չէր հասկանում, թե ինչ է անում։

Տղամարդը գլխով է անում՝ ինչ-որ բան հաստատելով։ Եթե գլխով է անում, ուրեմն՝ Սինթիան պետք է որ ճիշտ լիներ։ Փիթերն ասում է նրան, որ իր պապիկի մոտ է գնում, որը կաթվածից հետո ապաքինվում է։

-Չի խոսում։ Ասում են՝ կխոսի, բայց դեռևս ոչ մի փոփոխություն։

-Մահու չափ վախենում եմ ծերանալուց, - ասում է Սինթիան։

 -Այո՛, - ասում է Փիթերը։ - Բայց Դուք դեռ ճանապարհ ունեք անցնելու։

-Լինում են պահեր, երբ ինձ համար պարզապես միևնույնն է, թե ինչ է տեղի ունենում, ընդհանրապես ինչ է կատարվում։

Նա դանդաղ գլխով է անում։

- Այնքա՜ն բան է կատարվում, որոնց հետ ոչինչ չենք կարող անել, - ասում է նա։ Ձեռքում մի փոքրիկ գիրք է պահում, որը թերթում է։ Այն կոչվում է «Իմացի՛ր, թե ինչ են նշանակում քո երազները»։

-Երբևէ նման բան կարդացե՞լ եք, - հարցնում է նա։

-Ո՛չ։ Լա՞վն է։

-Գիտեք՝ ինչ է սա, այնպես չէ՞։ Գիրք, որը երազներ է մեկնում։

-Երազ եմ տեսել, - ասում է Սինթիան, - որում հարսանյաց շորով կանգնած եմ խորանի առաջ, բայց գետնին կանգնելու փոխարեն կշեռքի վրա եմ կանգնած։

Փիթերը ծիծաղում ու տարուբերում է գլուխը․

-Ոչ մի արտասովոր բան չկա։ Սովորական ֆրոյդական բաներ են։

-Ի՞նչ նկատի ունեք, - հարցնում է Սինթիան։

-Օ՜, ենթադրենք՝ երազում տեսնում եք, որ ատամները փշրվում են․ դա ամորձատում է նշանակում։ Նմանատիպ բաներ։

-Բայց ի՞նչ եք կարծում, իմ երազն ի՞նչ է նշանակում, - հարցնում է Սինթիան։

-Նույնիսկ չգիտեմ՝ արդյոք կիսով չափ հավատում եմ նրան, ինչ կարդում եմ այս գրքում, թե՝ ոչ, - ասում է նա՝ գրքով ծնկին դխկդխկացնելով։ Գիտի, որ չի տվել Սինթիայի հարցի պատասխանը։ - Միգուցե կշեռքը նշանակում է, որ հնարավորություններն եք կշռադատում։

-Ինչի՞ հնարավորությունները։

-Դե, հարսանեկան զգեստով էիք, ճի՞շտ է։ Կարող  էիք կշռադատել բոլոր հնարավորությունները։

-Ի՞նչ պետք է անեմ, - ասում է Սինթիան։

Նա ծիծաղում է․

-Ես գուշակ չեմ։ Եկե՛ք Ձեր հորոսկոպում նայենք։ Ի՞նչ եք։

-Կույս։

-Կույս, - ասում է նա։ - Պարզ պետք է լիներ։ Կույսերը ծայրաստիճան մանրախույզ են։ Նրանք պետք է կասկածամտորեն մոտեցած լինեին այն երազին, որի մասին Դուք պատմում եք։

Փիթերը գրքից կարդում է․ «Մեծահոգի՛ եղեք ընկերների հանդեպ, բայց թույլ մի՛ տվեք, որ խաբեն Ձեզ։ Անսպասելի հաջողությունը կարող է ավելի փոքր լինել, քան Դուք ակնկալում եք։ Սիրելի անձնավորությունը խնդիներ է առաջացնում։ Մի՛ շտապեք»։

Փիթերը թոթվում է ուսերն ու տափաշիշը փոխանցում Սինթիային։ Շատ անորոշ է։ Սինթիան իսկապես չէր կարողանում հասկանալ։ Նա տեսնում է Լինքոլնին, որը թափահարում էր ուլունքները, բայց այս անգամ մեղքը նրանը չէ, մեղավորը հորոսկոպն է։ Բավականաչափ տեղեկություն չի տալիս։

-Հետիս տղամարդն ուզում է ամուսնանալ ինձ հետ, - խոստովանում է Փիթերին։ - Ի՞նչ պետք է անեմ։

Նա թափահարում է գլուխն ու պատուհանից դուրս նայում։

-Ինձ մի՛ հարցրեք, - ասում է՝ մի փոքր նյարդայնացած։

-Ուրիշ ինչ-որ գրքեր ունե՞ք։

-Ո՛չ, - ասում է նա։ - Բացարձակ։

Լուռ գնում են։

-Կարող եք ձեռնագուշակի մոտ գնալ, - մի որոշ ժամանակ անց ասում է Փիթերը։ - Նա կասի Ձեզ՝ բանն ինչումն է։

- Ձեռնագուշա՞կ։ Իսկապե՞ս։

-Դե՜, ես չգիտեմ։ Եթե նրանց ասածների կեսին հավատանք․․․

-Դուք չե՞ք հավատում նրանց։

-Դե՜, ես նման բաների մասին հիմար կատակներ եմ անում, բայց որոշակի ուշադրություն եմ դարձնում նրան, ինչ սրտովս է, ու մոռանում եմ այն ամենի մասին, ինչ ինձ դուր չի գալիս։ Հորոսկոպը ասում էր հետաձգել երեկվա ճամփորդությունը, և ես այդպես էլ արեցի։

-Ինչո՞ւ չեք հավատում նրանց, - հարցնում է Սինթիան։

-Օ՜, կարծում եմ՝ նրանց մեծամասնությունը ինձանից և Ձեզանից ավել բան չգիտի։

-Այդ դեպքում եկե՛ք դա որպես խաղ անենք, - ասում է Սինթիան։ - Ես հարցեր կտամ, իսկ Դուք կպատասխանեք։

Փիթերը ծիծաղում է։

-Լավ, - ասում է նա։ Ծնկների վրայից բարձրացնում է Սինթիայի ձեռքը և ուշադիր նայում դրան։ Նա շրջում է այն և մռայլվելով ուսումնասիրում մյուս կողմը։

-Ամուսնանա՞մ Չարլիի հետ, - շշնջում է Սինթիան։

-Տեսնում եմ․․․, - սկսում է Փիթերը։ - Տղամարդ եմ տեսնում։ Մի տղամարդ եմ տեսնում․․․խմելու վագոնում։

-Բայց ի՞նչ պետք է անեմ, - շշնջում է նա։ - Պետք է ամուսնանա՞մ նրա հետ։

Փիթերն ուշադիր նայում է նրա ձեռքի ափին և իր մատները դանդաղ իջեցնում նրա մատներին։

-Հնարավոր է, - լուրջ ասում է, երբ իր մատները դիպչում են Սինթիայի մատներին։

Իր ելույթով հիացած՝ Փիթերը սկսում է ծիծաղել։ Դիմացը նստած կինը իր նստատեղի թիկնակի հետևից նայում է, որպեսզի տեսնի, թե ինչ աղմուկ է։ Հիփփիի է տեսնում, որը մի գեր կնոջ ձեռք է բռնել ու խմում է տափաշշից։

- Քոլրիջ, - ասում է Փիթերը։ - Դուք ճանաչո՞ւմ եք բանաստեղծ Քոլրիջին։ Դե՜, նա ասում է, որ, օրինակ, երազում գայլ չենք տեսնում ու հետո վախենում։ Նա ասում է, որ մենք ի սկզբանե վախենում ենք, հասկանո՞ւմ եք, և դրա համար ենք գայլ տեսնում երազում։

Սինթիան սկսում է հասկանալ, բայց հետո կորցնում է ինքնատիրապետումը։ Հաբերի և շատ խմիչքի մեղավորությունն է։ Իրականում երբ Չարլին վերադառնում է, Սինթիան Փիթերի ուսին քնած է։ Տեսարան կամ շատ տեսարաններ, որ Չարլիի նման տղամարդը կարող է սարքել։ Չարլին նույնպես հարբած է, ինչը նրան իսկապես բարկացած դարձնելու փոխարեն փափկացնում է։ Վերջիվերջո մտորելով նստում է միջանցքի մյուս կողմում։ Ուշ երեկոյան, երբ գնացքը մինչև Ջորջիայի կայարանը դանդաղեցնում է ընթացքը, նա ուշադիր պատուհանից դուրս է նայում, ասես ոչինչ չի նկատում։ Փիթերն օգնում է Սինթիային հանել պայուսակը։ Գնացքը կանգ է առել կայարանում, իսկ Չարլին դեռ նստած է ու հայացքը պատուհանից դուրս է հառել՝ նայելով ռելսերի երկայնքով փայլող լույսերին։ Առանց նրան նայելու, առանց իմանալու, թե ինչ է լինելու՝ Սինթիան անցնում է միջանցքով։ Նա վերջինն է իջնում։ Վերջինն է իջնում մինչ գնացքի շարժվելը, իսկ Չարլին դեռևս նստած է։

Սինթիայի ծնողները նայում են՝ ինչպես է գնացքը ռելսերով հեռանում, ասես անցյալ դարից հյուրեր լինեն, որոնք հիացած են այդ մեքենայով։ Իհա՛րկե, նրանք ակնկալում էին տեսնելու Չարլիին, բայց այժմ Սինթիային ունեն։ Նրանք պատրաստ չեն բարյացակամ լինելու, և երեքն էլ լարված՝ լռության մեջ նայում են, թե ինչպես է գնացքն անհետանում։

Այդ գիշեր, պառկելով այն անկողնում, որում մանուկ ժամանակ էր քնում, Սինթիան չի կարողանում քնել։ Վերջապես վեր է կենում ու գնում նստում է խոհանոցի սեղանի մոտ։ «Ինչի՞ մասին եմ նորից փորձում մտածել», - մտորում է նա՝ ավելի կենտրոնանալու համար ձեռքերով փակելով դեմքը։ Խոհանոցում ցուրտ է, իսկ նա ոչ այնքան սոված է, որքան դատարկ։ Գլխում չէ, նա ուզում է գոռալ Լինքոլնին, այլ այնտեղ՝ փորում՝ ինչ որ տեղ ներսում։ Ձեռքերը ծալում է իր դիմաց՝ փորի վրա։ Աչքերը փակվում են։ Մի տեսարան է աչքի առաջ գալիս՝ բարձր սպիտակ լեռ։ Ո՛չ դրա վրա է, ո՛չ էլ պատկերացրածում որևէ տեղ։ Երբ բացում է աչքերը, նայում է սեղանի փայլուն մակերևույթին։ Փակում է աչքերը և կրկին տեսնում ձյունածածկ լեռը՝ բարձր և սպիտակ․ ոչ մի ծառ, միայն լեռ, և նա դողում է դրա սառնությունից։

 

 

Անգլերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

Կարդացեք նաև՝ Էնն Բեթթի. Տուն Մարիի մոտ

  • Hits: 102