Հույներն այն Ուտոպիա էին անվանում, որը նշանակում էր «գոյություն չունեցող տեղ»։

Ֆրանցիսկո դե Քվեդո

 

Երկու միանման լեռ գոյություն չունի, բայց հարթավայրն ամեն տեղ նույնն է։ Մի տափաստանային ճանապարհով էի քայլում։ Առանց հատուկ հետաքրքրության ինքս ինձ հարցնում էի՝ արդյոք Օկլահոմայում եմ, Տեխասում, թե այն վայրում, որը գրականագետները պամպաս[1] են կոչում։ Ո՛չ աջ, ո՛չ ձախ կողմում ոչ մի լույս չէի տեսնում։ Ինչպես միշտ անշտապ կրկնում էի Էմիլիո Օրիբեի[2] տողերը․

«Խուճապի հասցնելու չափ անծայրածիր տափաստաններում

Եվ Բրազիլիայի մոտակայքում դրանք շատանում և մեծանում էին»։

Ճանապարհն անհարթ էր։ Սկսեց անձրև մաղել։ Մոտավորապես երկու կամ երեք հարյուր մետր այն կողմ վառված ճրագով տուն տեսա։ Ցածր, ուղղանկյունաձև ու ծառերով պարսպված տուն էր։ Այնպիսի հաղթահասակ մարդ բացեց դուռը, որ գրեթե վախեցա։ Մոխրագույն հագուստ էր հագել։ Ինձ թվաց՝ ինչ-որ մեկին էին սպասում։ Փականք չկար դռան վրա։

Փայտե պատերով երկար սենյակ մտանք։ Առաստաղից լամպ էր կախված, որը դեղին լույս էր սփռում։ Սեղանը, չգիտես ինչու, զարմացրեց ինձ։ Առաջին բանը, որ տեսա, դրա վրա դրված ջրի ժամացույցն էր, որի պողպատի վրա փորագրություններ կային։ Այդ մարդը աթոռներից մեկը մատնացույց արեց։

Տարբեր լեզուներով էի դիմում նրան, բայց չէր հասկանում ինձ։ Լատիներեն խոսեց։ Լարեցի հիշողությունս, որպեսզի վերականգնեմ համալսարանական գիտելիքներս, և պատրաստվեցի երկխոսությանը։

-Հագուստիցդ, - ասաց նա ինձ, - տեսնում եմ, որ ուրիշ դարաշրջանից ես եկել։ Լեզուների բազմազանությունը խթանում էր ազգերի բազմազանությանը և նույնիսկ՝ պատերազմների․ աշխարհը լատիներենին է վերադարձել։ Ոմանք վախենում են, որ այն կրկին տեղի կտա, և աշխարհը կվերադառնա ֆրանսերենին, լիմուզանյան բարբառին[3] կամ պապիամենտոյին[4], սակայն այդ վտանգն այդքան շուտ վրա չի հասնի։ Բոլոր դեպքերում ո՛չ այն, ինչ եղել է, ո՛չ էլ այն, ինչ լինելու է, ինձ չի հուզում։

Լռեցի, իսկ նա ավելացրեց․

-Եթե չես զզվում նրանից, թե ինչպես է ուրիշն ուտում, կընկերակցե՞ս ինձ։

Հասկացա, որ նկատել էր շփոթվածությունս, և համաձայնեցի։

Լայնակի դռներ ունեցող միջանցքով անցանք, որը փոքրիկ խոհանոց էր տանում, որտեղ ամեն ինչ մետաղից էր։ Վերադարձանք սկուտեղի վրա դրված ընթրիքով․ եգիպտացորենի փաթիլներով պնակեր, խաղողի ողկույզ, մի անծանոթ միրգ, որի համն ինձ թուզ հիշեցրեց, և ջրի մեծ սափոր։ Կարծում եմ՝ հաց չկար։ Տանտերը կտրուկ դիմագծեր և անսովոր հայացք ուներ։ Երբեք չեմ մոռանա այդ խիստ և գունատ դեմքը, որ այլևս երբեք չեմ տեսնելու։ Զանազան շարժումներ չէր անում խոսելիս։

Խճճվել էի լատիներենում, բայց վերջապես ասացի նրան․

-Հանկարծակի հայտնվելս քեզ չի՞ զարմացնում։

-Ո՛չ, - պատասխանեց նա, - դարից դար նման այցելություններ լինում են։ Երկար չեն տևում․ ամենաուշը վաղը տանը կլինես։

Նրա ձայնում եղած վստահությունը հանգստացրեց ինձ։ Մտածեցի, որ ճիշտ կլիներ ներկայանալ․

-Էուդորո Ասևեդոն եմ։ Ծնվել եմ 1897 թվականին Բուենոս Այրես քաղաքում։ Յոթանասուն տարեկան եմ։ Ամերիկյան և անգլիական գրականություն եմ դասավանդում ու ֆանտաստիկ պատմվածքներ գրում։

-Հիշում եմ, - պատասխանեց նա, - հետաքրքրությամբ երկու ֆանտաստիկ պատմվածք եմ կարդացել․ «Գուլիվերի ճանապարհորդությունները», որոնք շատերն իրական են համարում, և «Suma Teológica»[5]-ն։ Բայց եկեք չխոսենք փաստերի մասին։ Փաստերն այլևս ոչ ոքի չեն հուզում։ Դրանք դատողության և երևակայության մեկնակետեր են ընդամենը։ Դպրոցներում մեզ կասկածամտություն և մոռացության արվեստ են սովորեցնում։ Առաջին հերթին անձնականի և մասնավորի մոռացություն։ Այնպիսի ժամանակ ենք ապրում, որն անընդհատ լրանում է, բայց փորձում ենք ապրել sub specie aeternitatis[6]։ Անցյալից միայն որոշակի անուններ են մնում, որոնք ժամանակի ընթացքում մոռացության են մատնվում։ Խույս ենք տալիս ավելորդ ճշգրտումներից։ Ո՛չ ժամանակագրություն կա, ո՛չ պատմություն։ Վիճակագրություն նույնպես չկա։ Ասացիր, որ անունդ Էուդորո է, իսկ ես չեմ կարող իմ անունն ասել քեզ, քանի որ ինձ «ոմն մեկն» են կոչում։

-Իսկ հորդ անո՞ւնն ինչ է եղել։

-Նա անուն չի ունեցել։

Պատերից մեկի վրա դարակ նկատեցի։ Պատահականության սկզբունքով մի գիրք բացեցի․ տառերը ձեռագիր էին, պարզ և անծանոթ։ Դրանց անկյունաձև գծերը ռուներ[7] էին հիշեցնում, որոնք, սակայն, միայն արձանագրությունների համար էին օգտագործվում։ Մտածեցի, որ ապագայի մարդիկ ոչ միայն շատ ավելի բարձրահասակ են, այլ նաև շատ ավելի հմուտ։ Բնազդաբար այդ տղամարդու երկար և բարակ մատներին նայեցի։ Նա ասաց ինձ․

-Այժմ այնպիսի մի բան կտեսնես, որ նախկինում երբեք չես տեսել։

Թոմաս Մորի՝  1518 թվականին Բազելում[8] տպագրված «Ուտոպիա» գրքի նմուշը զգուշորեն մեկնեց ինձ, որում շատ էջեր և նկարազարդումներ բացակայում էին։

Ինքնագոհ ասացի․

-Տպագիր գիրք է։ Տանը երկու հազարից ավելի նման գրքեր ունեմ, չնայած որ դրանք սրա պես հին ու արժեքավոր չեն։

Բարձրաձայն կարդացի վերնագիրը։ Տղամարդը ծիծաղեց։

-Ոչ ոք չի կարող երկու հազար գիրք կարդալ։ Չորս դարերի ընթացքում, ինչ ապրել եմ, կես դյուժինը նույնիսկ չեմ կարողացել հաղթահարել։ Բացի այդ ընթերցելն այնքան կարևոր չէ, որքան վերընթերցելը։ Տպագրությունը, որն արդեն վաղուց վերացել է, մարդկության ամենասարսափելի չարիքներից մեկն էր, քանի որ թույլ էր տալիս գլխապտույտ առաջացնելու չափ մեծ քանակությամբ անպիտան տեքստեր բազմացնել։

-Իմ հետաքրքրաշարժ անցյալում, - պատասխանեցի ես, - մի նախապաշարմունք էր գերիշխում․ խայտառակություն էր համարվում անտեղյակ լինելն այն իրադարձություններից, որոնք ամեն օր առավոտից մինչև երեկո տեղի էին ունենում։ Երկրագունդը երևակայական խմբավորումներով էր լցված՝ Կանադա, Բրազիլիա, Շվեյցարական Կոնգո  և Միասնական շուկա։ Գրեթե ոչ ոք չգիտեր այդ վերացական սուբյեկտների նախապատմությունը, բայց բոլոր մանրամասնություններով տեղեկացված էին ուսուցիչների վերջին համաժողովի մասին, դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառների և նախագահական ուղերձների մասին, որոնք գրում էին քարտուղարների քարտուղարները ձևակերպումների իմաստուն անորոշությամբ, որ հատուկ էր այդ ժանրին։ Այդ ամենը կարդացվում էր, որպեսզի մոռացության մատնվեր, որովհետև մի քանի ժամ անց նոր տափակությունները մոռացնել էին տալու հները։ Բոլոր տեսակի գործունեություններից ամենից հրապարակայինը, անկասկած, քաղաքականն էր։ Դեսպաններն ու նախարարներն ասես հաշմանդամներ լինեին, որոնց երկար և աղմկալի մեքենաներով էին տեղափոխում՝ մոտոցիկլիստներով, գրենադերներով[9] և անհամբեր լուսանկարիչներով շրջապատված։ Ինչպես մայրս էր ասում, ասես կտրած լինեին նրանց ոտքերը։ Պատկերները և տպագիր բառերն ավելի իրական էին, քան առարկաները։ Միայն հրապարակվածն էր ճշմարիտ։ Esse est percipi[10]․ այդպիսին էին մեր աշխարհի յուրօրինակ հայեցակարգի սկզբունքները, միջոցներն ու նպատակները։ Իմ անցյալում մարդիկ միամիտ էին․ հավատում էին, որ ապրանքը լավն է, եթե դրա արտադրողն այդպես էր ասում և կրկնում։ Հաճախ նաև կողոպուտներ էին լինում, չնայած որ բոլորը գիտեին, որ փող ունենալը ո՛չ մեծագույն երջանկություն է բերում, ո՛չ էլ մեծագույն հանգստություն։

-Փո՞ղ, - կրկնեց նա։ - Հիմա այլևս չկա աղքատություն, որն անտանելի կլիներ, կամ էլ հարստություն, որը ճղճիմության ամենատհաճ ձևը կլիներ։ Ամեն մեկն իր գործով է զբաղվում։

-Ինչպես ռաբբիները[11], - ասացի ես։

Նա կարծես չհասկացավ և շարունակեց․

-Քաղաքներ նույնպես չկան։ Բաիա Բլանկայի[12] ավերակներից դատելով, որոնք հետաքրքրությունից դրդված եմ ուսումնասիրել՝ կորածը մեծ բան չէ։ Քանի որ չկա ունեցվածք, չկա նաև ժառանգություն։ Երբ մարդ հարյուր տարեկան է դառնում, ունակ է լինում դիմադրելու և՛ մենությանը, և՛ ինքն իրեն։ Արդեն մեծացրել է իր միակ երեխային։

-Միա՞կ, - հարցրի ես։

-Այո՛։ Միակ։ Չարժե մարդկային ցեղը բազմացնել։ Ոմանք կարծում են, թե մարդը Տիեզերքի իմացության աստվածային գործիքն է, բայց ոչ ոք վստահ չի կարող ասել՝ աստվածությունն ինքը գոյություն ունի, թե ոչ։ Կարծում եմ՝ այժմ քննարկվում են այն օգուտները և վնասները, որոնք կարող են երևան գալ աշխարհի բոլոր մարդկանց առանձին կամ ընդհանուր և միաժամանակյա ինքնասպանության հետևանքով։ Սակայն մեր խոսակցության թեմային վերադառնանք։

Գլխով արեցի։

-Հենց որ անհատի հարյուր ամյակը լրանում է, կարող է և՛ առանց սիրո, և՛ առանց ընկերության ապրել։ Հիվանդությունները և մահվան վախն այլևս չեն սպառնում նրան։ Արվեստով, մաթեմատիկայով, փիլիսոփայությամբ է զբաղվում կամ ինքն իր հետ շախմատ խաղում։ Երբ որ ցանկանա, կսպանի ինքն իրեն։ Մարդն ինքն իր կյանքի և իր մահվան տերն է։

-Մեջբերո՞ւմ է, - հարցրի ես։

-Անշո՛ւշտ։ Մեջբերումներից բացի ուրիշ ոչինչ չի մնացել մեզ։ Լեզուն մեջբերումների համակարգ է։

-Իսկ ի՞նչ կասես իմ դարաշրջանի մեծագույն իրադարձության՝ տարածության միջով ճամփորդությունների մասին, - ասացի ես։

-Շատ դարեր առաջ ենք հրաժարվել նմանատիպ տեղաշարժերից, որոնք, անխոս, հիանալի էին։ Բայց երբեք չենք կարողանա ազատվել «այստեղ» և «հիմա» հասկացություններից։ - Եվ ժպտալով ավելացրեց, - Բացի այդ՝ բոլոր ճամփորդություններն էլ տարածության միջով են։ Մոլորակից մոլորակ ճամփորդելը դիմացի ֆերմա գնալու նման մի բան է։ Երբ այս տան դռնով ներս մտար, տարածության միջով ճամփորդություն կատարեցիր։

-Ճի՛շտ է, - պատասխանեցի ես։ - Մեզ մոտ նաև քիմիական նյութերի և բնաջնջվող կենդանիների մասին էին շատ խոսում։

Այժմ տղամարդը մեջքով դեպի ինձ էր շրջվել և ապակու միջով դուրս էր նայում։ Դրսում լուռ իջնող ձյան և լուսնի լույսի ներքո սպիտակում էր հարթավայրը։

Համարձակվեցի հարցնել․

-Թանգարաններ, գրադարաններ կա՞ն։

-Ո՛չ։ Ուզում ենք մոռանալ անցյալը, որը եղերերգություն հորինելու համար է միայն պիտանի։ Ո՛չ հիշարժան օրեր ունենք, ո՛չ հարյուրամյա հոբելյաններ, ո՛չ էլ մահացածների լուսանկարներ։ Յուրաքանչյուրն իր հայեցողությամբ է զարգացնում այն գիտությունները և արվեստները, որոնց կարիքը զգում է։

-Այսինքն՝ ամեն մեկն իր համար Բեռնարդ Շոո՞ւ է, ինքն իր համար Հիսուս Քրիստո՞ս, ինքն իր համար Արքիմե՞դ։

Առանց որևէ բառ արտասանելու՝ գլխով արեց։ Շարունակեցի հարցուփորձ անել․

-Իսկ կառավարությանն ի՞նչ է պատահել։

-Ըստ ավանդույթի՝ աստիճանաբար դուրս եկավ գործածությունից։ Ընտրություններ էին նշանակում, պատերազմներ էին սկսում, հարկեր էին հավաքում, ունեցվածքներ էին բռնագրավում, կալանքներ էին սահմանում ու գրաքննություն իրականացնում, բայց աշխարհում ոչ ոք չէր ենթարկվում նրանց։ Մամուլը նրանց դեկլարացիաների ու լուսանկարների հրապարակումը դադարեցրեց։ Քաղաքական գործիչները ստիպված եղան իրենց արժանի զբաղմունքներ գտնել․ ոմանք ընտիր կատակաբաններ դարձան, ոմանք էլ՝ հեքիմներ։ Իրականում ամեն ինչ, անկասկած, շատ ավելի բարդ էր, քան պատմեցի։

Մի փոքր այլ տոնով շարունակեց․

-Տունս այնպես եմ կառուցել, ինչպես որ ուրիշները։ Կահույքն ու բոլոր այս իրերը ինքս եմ պատրաստել։ Հերկել եմ արտը, որը նոր մարդիկ, որոնց դեմքերը չեմ տեսնելու, ինձանից լավ կհերկեն։ Մի բան կարող եմ ցույց տալ քեզ։

Հարևան սենյակ գնացի նրա հետևից։ Առաստաղից կախված լամպը վառեց։ Անկյունում դրված տավիղ տեսա, որը սովորականից քիչ լարեր ուներ։ Պատերից կախված քառակուսի և ուղղանկյուն կտավներ նկատեցի, որոնցում դեղինի երանգներն էին գերակշռում։

-Իմ ստեղծագործություններն են, - հայտարարեց նա։

Նայեցի բոլոր կտավները և ամենափոքրի մոտ կանգ առա, որը արևի մայր մտնելն էր պատկերում կամ հիշեցնում և ինչ-որ անսահմանություն էր բովանդակում։

-Եթե հավանում ես, կարող ես որպես ապագա ընկերոջ մասին հիշատակ վերցնել, - հանգիստ ձայնով ասաց նա։

Շնորհակալություն հայտնեցի նրան, բայց ուրիշ կտավներ շարժեցին հետաքրքրությունս։ Չէի ասի, որ դրանք սպիտակ էին, բայց սպիտակավուն էին թվում։

-Դրանք այնպիսի ներկերով են նկարված, որ քո վաղեմի աչքերը ունակ չեն տեսնելու։

Ձեռքերը նրբորեն դիպան տավիղի լարերին, բայց հազիվ մի քանի հնչյուն որսացի։ Հենց այդ պահին մեկը դուռը թակեց։ Մի բարձրահասակ կին և երեք կամ չորս տղամարդ ներս մտան։ Կարելի էր կարծել, թե նրանք բոլորը բարեկամներ էին, կամ ժամանակը նրանց մեկը մյուսի նման էր դարձրել։ Սկզբում տանտերը կնոջը դիմեց․

-Գիտեի, որ այս գիշեր դո՛ւ էլ կգաս։ Նիլսին տեսնո՞ւմ ես։

-Երբեմն՝ երեկոները։ Միշտ նկարչությամբ է հափշտակված։

-Հույս ունենանք՝ որդին ավելի մեծ հաջողություն կունենա, քան նրա հայրը։

Ձեռագրեր, նկարներ, կահույք, սպասք․ ոչինչ չթողեցինք այդ տանը։

Կինը տղամարդկանց հետ հավասար աշխատեց։ Ամաչում էի թուլությանս համար, որի պատճառով համարյա չէի կարողանում օգնել նրանց։ Ոչ ոք չփակեց դուռը և դուրս եկանք՝ իրերով բեռնված։ Նկատեցի, որ տանիքը երկթեք[13] էր։

Տասնհինգ րոպե քայլելուց հետո ձախ թեքվեցինք։ Մոտակայքում գմբեթով պսակված աշտարակի նման մի բան նշմարեցի։

-Դիակիզարան է, - ասաց ինչ-որ մեկը։ - Ներսում մահվան խցիկն է։ Ասում են՝ այն մի «մարդասեր» է հորինել, եթե չեմ սխալվում, Ադոլֆ Հիտլեր անունով։

Պահակը, որի հասակն ինձ արդեն չէր զարմացնում, դարպասները բացեց մեր առաջ։ Տանտերը մի քանի բառ շշնջաց։ Մինչև ներս մտնելը ձեռքը թափահարելով՝ հրաժեշտ տվեց։

-Նորից ձյուն է գալու, - ասաց կինը։

Մեքսիկա փողոցում գտնվող աշխատասենյակումս պահում եմ այն կտավը, որը հազարավոր տարիներ հետո ինչ-որ մեկը կնկարի նյութերով, որոնք այժմ աշխարհով մեկ են սփռված։

 

 

[1]  Պամպաս(ներ)՝ пампас(ы), իտալ․ pampas՝ կեչուա լեզվից, հարավամերիկյան խոտառատ հարթ տափաստան։

[2] Ուրուգվայցի բանաստեղծ, էսսեիստ, փիլիսոփա և բժիշկ:

[3] Օքսիտաներենի (պրովանսալերեն) բարբառ, որն օգտագործվում է Լիմուզանում և Ֆրանսիայի հարավ-արևմուտքում։

[4] Արուբայի, Կյուրասաոյի և Կարիբյան Նիդերլանդների պաշտոնական լեզուն։

[5] Թովմաս Աքվինացու փիլիսոփայական և աստվածաբանական տրակտատ։

[6] Լատ․՝ հավերժության լույսի ներքո։

[7] Ռուներ կամ ռունական այբուբենի տառեր, որոնք օգտագործվում էին գերմանական լեզուներում մինչև լատինական այբուբենի ներմուծումը։ Այբուբենի սկանդինավյան անվանումն է Ֆուտարկ, անգլոսաքսոնական անվանումը՝ Ֆուտորկ։

[8] Քաղաք Շվեյցարիայում։

[9] Հետևակային կամ հեծյալ զորամասի զինվոր կամ սպա (սկզբնապես՝ ձեռքի նռնակ նետելու վարձված զինվոր)՝ ցարական Ռուսաստանում և Եվրոպայում:

[10] Լատ․՝ գոյություն ունենալ նշանակում է ընդունելի լինել։

[11] Հրեա քահանա։

[12] Քաղաք Արգենտինայում։

[13] Երկու կողմից տարբեր ուղղություններով թեքություն ունեցող։

 

 

Իսպաներենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

  • Hits: 3375

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: