Հետմիջօրե էր։ Կինը, դեմքով դեպի պատուհանը, նստած էր աթոռին։ Հոնքերն էր հանում՝ քթի տակ երգ դնդնալով։ Տղամարդը, նստած ծաղկավոր բարձերով երկաթյա բազկաթոռին, թերթ էր կարդում։ Կինը մոտեցավ պատուհանագոգին դրված փոքրիկ հայելուն, բացեց ունելիի շուրթերը, մոտեցրեց հոնքին ու քաշեց։ Աչքերն արցունքոտվեցին, սկսեց փռշտալ։     

Դրսից ուժեղ արգելակման ձայն և վազող մարդկանց ոտնաձայներ լսվեցին։ Տղամարդը ծալեց թերթն ու հորանջեց։ Կինը մատով հարթեցրեց հոնքը։ Փողոցում ինչ-որ մեկը բղավեց․ «Բռնե՛ք նրան»։            
Կինը հայացք գցեց պատուհանից։ Տղամարդը վեր կացավ տեղից։ «Նորից մեկին բռնեցին։ Էս կո՛ղմ արի․ հնարավոր է կրակոցներ լինեն»։

Կինը վերևից նայեց փողոցին։ Մարդ չկար։ Վեր կացավ աթոռից՝ գնալով ննջասենյակ։ Տնային հագուստի կոճակներն էր արձակում։ «Գնամ, գուլպա առնեմ»։              

Տղամարդը պատուհանից դուրս նայեց։ Հետո թեքվեց դեպի կինը։ «Ավելի լավ չի՞ լինի՝ հիմա չգնաս։ Մարդ չգիտի՝ դրսում ինչ է կատարվում։ Փողոցում մի քանի սպիտակ փեյքան[1] եմ տեսել»։ Կնոջ ձայնը ննջասենյակից խուլ էր լսվում։ «Ա՜յ մարդ, ինձ հե՞տ ինչ գործ ունեն։ Հո իմ հետևից չեն եկել»։

Տղամարդը նորից պատուհանից դուրս նայեց ու կզակը տրորեց։ «Հիմա գուլպան էդքան անհրաժե՞շտ է»։        
Կինը դուրս եկավ ննջասենյակից։ Կանաչ զգեստ էր հագել՝ մանր, սպիտակ ծաղիկներով։ Բանալիների խուրձը դրեց պայուսակն ու գնաց միջանցք։ «Հա, անհրաժեշտ է։ Էսօր հյուր ենք գնալու․ գուլպա չունեմ։ Մի՛ վախեցիր։ Շուտ կգամ»։ Անցնելով բնակարանի դռնով՝ նայեց տղամարդուն, ծիծաղեց ու ծամածռություն արեց։ Հետո դուռը փակեց և մրմնջալով իջավ աստիճաններով։      

Աստիճաններին համարյա մութ էր։ Փողոցից հաստ ապակու միջով ներս սողոսկող լույսը միայն մուտքի չորս անկյուններն ու աստիճանների տակի փոքրիկ մառանն էր լուսավորում։ Կինը ձեռքը երկարեց՝ բացելու տան դուռը։ Մի պահ հապաղեց, հետո ձեռքը հետ քաշեց։ Ինչ-որ մեկը դրսից սեղմվել էր դռանը։ Կինը, ինչպես բոլոր այն դեպքերում, երբ զարմանում էր, գլուխը միկողմ թեքեց, ապա ձեռքն ինքնաբերաբար առաջ տարավ ու բացեց դուռը։    

Երիտասարդ տղամարդը սարսափած շրջվեց ու հետ-հետ քաշվեց։ Նա ու կինը նայեցին մեկմեկու։ Մի էգ կատու, գլուխը մի տեսակ ծռած, նայում էր իր ձագին։ Ունելին, բաց պատուհանը, արգելակներն ու աղաղակները, երիտասարդ տղամարդու քրտնածոր դեմքը, վերնաշապիկը, որ մեծ պատռվածք ուներ, հայացքը, որ սարսափելի էր։ Մի ավտոմեքենայի, հետո մեկ ուրիշի արգելակման ձայն լսվեց։ Էգ կատուն գլուխն ուղղեց, մլավեց և մի քանի երկար ու կարճ շունչ քաշեց։ Գլուխն առանց շարժելու՝ աչքերը գնդակների պես աջ ու ձախ պտտվեցին։ Կատվի ձագը կծկվեց, դարձավ գնդակ։ Ամբողջ մարմինը դարձավ երկու աչք, և միայն նայեց։ Ոտքեր էին վազում ու մոտենում։ Կինը ձեռքը երկարեց, բռնեց երիտասարդ տղամարդու ձեռքը, նրան քաշեց ներս ու փակեց դուռը։ Բաց արեց պայուսակը՝ բանալու խուրձը դուրս հանելով։ Բանալիներից մեկը մտավ մառանի դռան կողպեքի անցքը։ Մի անգամ պտտեց։ Երկու անգամ պտտեց։ Դուռը բացվեց։ Կինը երիտասարդ տղամարդուն ներս հրեց։ Ինքն էլ մտավ մառան ու դուռը փակեց։ Մթության մեջ ձեռքը չէր գտնում բանալու անցքը։ Ձախ, աջ, վերև, ներքև, մինչև բանալին ու անցքը մեկտեղվեցին։ Բանալին պտտվեց, և դուռը կողպվեց։ Կինը հենվեց դռանը։ Փակեց աչքերն ու հիշեց արտաշնչել։ Հետո ոտքերը ծալվեցին։ Հեռացավ դռնից, ծալապատիկ նստեց դռան մոտ ու փակեց աչքերը։       

Դռան զագը երկար էր, հատու ու սուր, որ նախ զնգաց կնոջ ականջներում, ապա դիպավ կրծքին, սիրտն ընկավ ծնկները, և հետո ասես պատռեց փակ կոպերը։ Կինը աչքերը պլշեց դիմացի մթությանը։ Ոչինչ չէր տեսնում։ Միայն մեկ այլ մարդու գոյություն էր զգում։ Բայց դա էլ անորոշ մի զգացում էր։ Միակ բանը, որ տակնուվրա էր անում ողջ ներաշխարհը, սարսափն էր։ Պատի այն կողմից ամուսնու ձայնը լսեց․ «Չէ՛, ցա՛վդ տանեմ, մարդու էլ չեմ տեսել։ Վստահ եղեք՝ մարդ չի մտել շենք»։  

Կնոջ կողքի անձև զանգվածը, որն ավելի մութ էր, քան ներսի խավարը, չէր շարժվում։ Կինը քրտինքի մեջ կորած էր։ Ինչ-որ ոտքեր աստիճաններով վերև վազեցին։ Ինչ-որ մեկն ասաց․ «Այս ի՞նչ է»։            
Մի ձեռք մի քանի անգամ ցնցեց մառանի դռան բռնակը։ Կինը չէր շնչում։ «Սա մառան է, ցա՛վդ տանեմ։ Դուռը կողպված է։ Կարող եմ գնալ, բանալին բերել»։      

Կինը վստահ էր, որ պատի մյուս կողմի մարդիկ կլսեն իր սրտի տրոփյունը։ Աչքերը փակեց՝ կոպերն ամուր սեղմելով։ Կարծես ուզում էր իր ու պատի միջև մի տակ պատ էլ շարել։ Ինչ-որ ոտքեր աստիճաններով ներքև վազեցին։ Անթարգմանելի քչփչոցներ էին լսվում։ Հետո բացվեց փողոցի դուռը։ Փակվեց։ Մի զույգ ոտքեր՝ բոբիկ ու ծանր, բարձրացան աստիճաններով, իսկ հետո՝ լռություն։     

Կնոջը թվաց, թե քայլում է ձյունածածկ, ճերմակ մի մարգագետնով, իսկ ձյուները շիկացած էին։ Հետո ձյուներն աստիճանաբար զովացան, սառեցին, սառցակալեցին։ Նա բաց արեց աչքերը։ Մարմինը սառցակալել էր։ Կողքի մութ զանգվածը շարժվեց։ Կինը գլուխը մեղմիվ պտտեց ու նայեց։ Թվաց՝ արթնացել է խոր քնից, մի բարձր սարից ներքև է վազել կամ վերջապես իջել է անասելի արագությամբ պտտվող կարուսելից։ Վեր կացավ տեղից՝ դանդաղ ու ծանր։ Ոտքերը թմրել էին ու ծակծկում էին։ Ողջ ուշադրությունը կենտրոնացրեց ականջներին։ Դրսից ոչ մի ձայն չէր լսվում։ Բաց արեց մառանի դուռը։ Ասես սպասում էր, որ դռան հետևում ինչ-որ մեկին կտեսնի, բայց այնտեղ միայն հետմիջօրեի կաթնագույն լույսն էր։ Բաց արեց փողոցի դուռը։ Ինչ-որ մի բան շարժվեց իր հետևում։ Կինը շրջվեց։ Տղամարդը պատրաստ սպասում էր փախչելու։ Կինը նայեց նրան։ Տղամարդը հետ-հետ քաշվեց։ Կինը մի քայլ արեց՝ նայելով փողոցի կողմը։ Մարդ չկար։ Կրկին հետքայլ արեց, դիպավ դռան շրջանակին ու փակեց աչքերը։            

Երբ աչքերը բացեց, միայնակ էր։ Ուզում էր լաց լինել։ Ուզում էր փաթաթվել մեծ ու տաք ծածկոցով։ Ուզում էր քնել։ Փակեց փողոցի դուռը։ Հետ դարձավ և աստիճաններով բարձրացավ վեր։ Ձեռքը դողում էր մետաղյա բազրիքի վրա։ Ձեռնափի քրտինքը դիպչում էր բազրիքին ու հետք թողնում։

Բնակարանի դուռը բաց էր։ Ամուսինը վազեց նրան ընդառաջ։ «Ինչո՞ւ ուշացար։ Շատ վախեցա։ Լցվել էին էստեղ։ Ինչ-որ մեկին էին փնտրում։ Ամենուր ման եկան։ Ահագին վախեցա։ Գուլպա առա՞ր։ Լա՞վ ես զգում քեզ»։

Կինը գնաց, նստեց պատուհանին նայող աթոռին։

Փողոցով իրենց երեխայի հետ մի տղամարդ ու կին էին անցնում։

 

 

[1] Փեյքան – իրանական արտադրության ավտոմեքենա։

 

 

Պարսկերենից թարգմանեց Արեգ Բագրատյանը

  • Hits: 2624

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: