Հարյուր հիսուն տարի առաջ էին թաղել այդ մարդուն։ Խորը փոս էին փորել սառած մանրախճում և հավերժական սառցույթի մեջ տեղավորել նրան, որպեսզի գայլերը չկարողանային հասնել։ Կամ էլ ընդամենը ենթադրություն է։

Երբ փոսը փորեցին, հավերժական սառցույթը հասանելի դարձավ մթնոլորտին, որն ավելի տաք էր։ Դա ստիպեց հավերժական սառցույթին հալվել։ Բայց մարդուն թաղելուց հետո այն կրկին սառեց, այնպես որ երբ նրան դուրս բերեցին, ամբողջությամբ սառույցով էր պատված։ Հանեցին դագաղի կափարիչը, և այդ ամենը նման էր այն  մարասկինյան բալերին[1], որոնք արևադարձային արտասովոր ըմպելիքների համար սովորաբար սառեցնում եք սառցե խորանարդիկներով լի արկղներում․ խիտ ծածկույթի միջից ստվերագծվող աղոտ ուրվագիծ։

Հետո սառույցը հալեցրին, և նա պարզ երևաց։ Գրեթե այնպիսին է, ինչպիսին որ կար, երբ թաղեցին նրան։ Ջուրը սառել էր նրա շուրթերի միջև՝ զարմանքի արտահայտությամբ մերկացնելով ատամները, ինքն ամբողջությամբ մարմնագույն է վարդագույնի փոխարեն, ինչպես սոուսի կեղտաբիծը վուշի վրա, բայց ամեն ինչ դեռևս իր տեղում է։ Նույնիսկ ակնագնդեր ունի, միայն թե դրանք ոչ թե սպիտակ են, այլ՝ բաց շագանակագույն, ինչպես կաթով թեյը։ Եվ այդ թեյագույն աչքերով նայում է Ջեյնին․ անթափանց հայացք, անմեղ, վայրագ, զարմացած, բայց մտածկոտ, ինչպես խորհրդածող մարդագայլը, որին կայծակի փայլատակումը հենց այն վայրկյանին էր բռնեցրել, երբ նրա բուռն փոխակերպումն էր կատարվում։

Ջեյնը հազվադեպ էր հեռուստացույց դիտում։ Նախկինում ավելի հաճախ էր նայում։ Երեկոյան կատակերգական սերիալներ էր դիտում, իսկ երբ ուսանող էր, հիվանդանոցների և հարուստ մարդկանց  մասին ցերեկային սերիալներ էր դիտում, որպեսզի ժամանակ ձգեր։ Որոշ ժամանակ՝ բոլորովին վերջերս, երեկոյան լուրերն էր նայում՝ բազմոցի վրա ոտքերը ծալած և վերմակով ծածկված հետևելով ցուցադրվող աղետներին, և ռոմով կաթ խմում, որպեսզի քնելուց առաջ թուլանար։ Այդ ամենը փախուստի միջոց էր։

Բայց այն ամենը, ինչն օրվա ցանկացած ժամին ցուցադրվում է հեռուստացույցով, չափից ավելի մոտ է նրա սեփական կյանքին․ իհա՛րկե, Ջեյնի կյանքում այդ ամենը կանոնավոր կերպով չէ դասակարգված․ այստեղ՝ կատակերգություն, այնտեղ՝ թշվառ սիրային հարաբերություններ և սենտիմենտալ արցունքներ, դժբախտ պատահարներ և բռնի մահեր այն երեսուն վայրկյան տևողությամբ հոլովակներում, որոնք աղանդեր են կոչում, ասես դրանք շոկոլադե սալիկներ են։ Նրա կյանքում ամեն ինչ միախառնված է։ «Կծիծաղես, բայց մտածում եմ, որ կմահանամ»,- սովորություն ուներ ասելու Վինսենթը (շատ վաղուց)՝ մայրական ձայնով, որը տափակություն էր բարբառում․ ըստ էության, այդպես էլ լինելու էր։ Այդ պատճառով այժմ, երբ միացնում է հեռուստացույցը, բավականին արագ անջատում է այն։ Նույնիսկ գովազդներն իրենց սյուրռեալիստական առօրեականությամբ սկսում են մռայլ թվալ և իրենց պարզության, ճոխության, առողջության, հզորության և արագության հետևում ենթատեքստեր պարունակել։

Այսօր երեկոյան Ջեյնը հեռուստացույցը միացրած է թողել, որովհետև այն, ինչ տեսնում է, նման չէ այն ամենին, ինչ սովորաբար դիտում է։ Այդ սառած մարդու կերպարում ոչ մի մռայլ բան չկա։ Ամբողջությամբ ինքնուրույն է՝ ինքն իր համար։ «Ինչ տեսնում ես, այն էլ ստանում ես», - սովորաբար ասում էր Վինսենթը՝ աչքերը շլելով և մի կողմի վրա մերկացնելով ատամները՝ սարսափ ֆիլմի կերպարանք խաղալով։ Սակայն նրա մոտ երբեք էլ լավ չէր ստացվում։

Մարդը, որին փորել հանել էին և հալեցրել, երիտասարդ տղամարդ էր։ Կամ դեռևս «է»․ դժվար է որոշել, թե որ ժամանակով պետք է խոսել նրա մասին, քանի որ համառորեն շարունակում է լինել։ Չնայած սառույցի պատճառով առաջացած աղճատումներին և հիվանդության հյուծվածությանը՝ կարելի է նկատել նրա երիտասարդությունը, դաժանության և հոգնածության բացակայությունը։ Նրա անունով մետաղյա ցուցանակի վրա կոկիկ գրված ամսաթվի համաձայն՝ ընդամենը քսան տարեկան էր։ Անունը Ջոն Թորրինգթոն էր։ Ծովագնաց էր, նավաստի կամ այդպիսին էլ մնում է։ Սակայն ամրակազմ նավաստի չէր, այլ՝ սպա՝ նրանցից մեկը, որոնք հազիվ հրամաններ էին տալիս նավի վրա։ Հրամաններ արձակելը քիչ ընդհանուր բան ունի մարմնի ունակությունների հետ։

Առաջիններից մեկն էր, ով մահացավ։ Այդ իսկ պատճառով նրան դագաղ, մետաղյա ցուցանակ և հավերժական սառցույթի մեջ խորը փոս բաժին հասավ, որովհետև այդ ժամանակ դեռևս ուժ և բարեպաշտություն ունեին նմանատիպ բաներ անելու համար։ Հավանաբար թաղման ծիսակարգ էին կատարել և աղոթք կարդացել նրա վրա։ Ժամանակն անցնում էր և մշուշոտ դառնում, գործերը գնալով վատթարանում էին, իսկ ուժերը իրենց և աղոթքների համար էր հարկավոր խնայել։ Աղոթքները դադարեցին առօրյա լինելուց և դարձան հուսահատ, իսկ հետո՝ սրտաբեկ։ Նրանց համար, ովքեր ավելի ուշ էին մահանում, քարերից բուրգեր էին կառուցում, իսկ է՛լ ավելի ուշ մահացողները դրանց էլ չէին արժանանում։ Վերջում նրանցից մնացին ոսկորներ, երկարաճիտ կոշիկների ներբաններ և կոճակներ, որոնք ցիրուցան էին արված սառած, քարքարոտ, անտառազուրկ, անողոք հողի վրա՝ դեպի հարավ տանող արահետով մեկ։ Այն նման էր հեքիաթային արահետներին, որոնց վրա հացի փշրանքներ, սերմեր կամ սպիտակ քարեր էին գցում։ Բայց այստեղ ոչինչ ծիլ չէր տալիս կամ փայլատակում լուսնի լույսի ներքո՝ դեպի կյանք տանող կախարդական ճանապարհ ձևավորելով․ ոչ ոք չէր պատրաստվում նրանց փրկել։ Տասը տարի պահանջվեց, մինչև որ ինչ-որ մեկին գոնե աննշան բաներ հայտնի դարձան այն մասին, թե ինչ էր կատարվել նրանց հետ։

Նրանք բոլորը Ֆրանկլինի արշավախմբից էին։ Ջեյնը հազվադեպ էր պատմությամբ հետաքրքրվում, միայն այն ժամանակ, երբ այն առնչվում էր հնագույն կահույքին և անշարժ գույքին․ «սոճենու փայտից պատրաստված 19-րդ դարի սեղան» կամ «ի սկզբանե գտնվել է Ջորջիայի կենտրոնական սրահում, ռեստավրացիան անթերի է»․ բայց Ֆրանկլինի արշավախմբի մասին գիտեր։ Երկու նավեր իրենց անհաջող անվանումներով՝ «Ահաբեկում» և «Խավար»։ Այդ ամենի մասին նմանատիպ այլ ճակատագրական արշավների հետ միասին դպրոցում էր իմացել։ Այդ հետազոտողներից քչերն էին, որ լավ ավարտ էին ունենում։ Միշտ լնդախտով էին տառապում կամ անհայտանում։ Ֆրանկլինի արշավախումբը Հյուսիսարևմտյան անցումն էր փնտրում՝ Արկտիկայի վերին հատվածով անցնող ծովային բաց ուղին, որպեսզի մարդիկ՝ առևտրականները, կարողանային Անգլիայից գնալ Հնդկաստան՝ առանց շրջանցելու ողջ Հարավային Ամերիկան։ Ուզում էին այդ ճանապարհով գնալ, որովհետև այն ավելի մատչելի կլիներ և կմեծացներ իրենց եկամուտները։ Մարկո Պոլոյի կամ Նեղոսի վերին հոսանքների համեմատությամբ այդ ամենը պակաս էկզոտիկ էր․ այնուամենայնիվ, հետազոտությունների գաղափարը այն ժամանակ գրավում էր Ջեյնին․ նավ բարձրանալ և ուղղակի ինչ-որ տեղ մեկնել, ինչ-որ տեղ՝ առանց քարտեզի՝ դեպի անհայտություն։ Երկյուղ ապրել, պարզել՝ ինչն ինչոց է։ Չնայած բոլոր կորուստներին և անհաջողություններին կամ գուցե հենց դրանց շնորհիվ՝ ինչ-որ խիզախ և ազնիվ բան կար այդ ամենում։ Մինչև հակաբեղմնավորիչ հաբերի հայտնվելը ավագ դպրոցում սեռական հարաբերություններ ունենալու նման բան է, չնայած որ ձեռք ես առել բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները։ Աղջիկների դեպքում հենց այդպես էր։ Իսկ տղաները, որոնց համար նմանատիպ բաները պակաս ռիսկային էին, այլ բաներ պետք է անեին՝ զենքեր կամ մեծ քանակությամբ ալկոհոլ կամ էլ արագընթաց տրանսպորտային միջոցներ․ այն ժամանակ՝ վաթսունականների սկզբին, Տորոնտոյի քաղաքամերձ ավագ դպրոցում դրանք ծալվող դանակներն էին, գարեջուրը և շաբաթ երեկոյան գլխավոր փողոցներում անցկացվող մրցարշավները։

Այժմ հեռուստացույցին հառելով հայացքը, որտեղ սառույցն աստիճանաբար հալվում է, իսկ երիտասարդ ծովագնացի մարմինը նշմարվում է և պարզանում՝ Ջեյնը հիշում է տասնվեցամյա Վինսենթին, որն այն ժամանակ ավելի խիտ մազեր ուներ և ծաղրանքով բարձրացնելով հոնքը և շրթունքը՝ ասում էր․ «Ֆրանկլի՛ն, սիրելի՛ս, ես թքած ունեմ»։ Բավականին բարձր էր ասում, որպեսզի իրեն լսեին, բայց պատմության ուսուցիչը արհամարհում էր նրան՝ չիմանալով ինչպես վարվել։ Ուսուցիչներին դժվար էր Վինսենթին հնազանդ վիճակում պահել, որովհետև թվում էր՝ երբեք չէր վախենում նրանից, թե ինչ կարող էր պատահել իր հետ։

Այն ժամանակ արդեն փոս ընկած աչքեր ուներ․ հաճախ թվում էր, թե ամբողջ գիշեր արթուն էր եղել։ Այն ժամանակ արդեն շատ երիտասարդ ծերուկի էր նման կամ թեթևաբարո երեխայի։ Աչքերի տակի մուգ շրջագծերը ծերացնում էին նրան, բայց երբ ժպտում էր, հրաշալի փոքրիկ սպիտակ ատամներ ուներ, ինչպես ամսագրերի մանկական սնունդի գովազդներում։ Ամեն ինչի մասին կատակում էր, և բոլորը պաշտում էին նրան։ Նրան չէին պաշտում, ինչպես մյուս տղաներին, այն տղաներին, որ ունեին խոժոռված ներքևի շրթունքներ, յուղոտ մազեր և հասունացող սպառնալիքի տեսք։ Ընտանի կենդանու պես էին պաշտում։ Ոչ թե շան, այլ՝ կատվի։ Վինսենթը գնում էր, ուր ուզում էր, և ոչ մեկին չէր պատկանում։ Ոչ ոք նրան Վինս չէր կոչում։

Տարօրինակ է, բայց Ջեյնի մայրը հավանում էր նրան։ Սովորաբար, հավանություն չէր տալիս այն տղաներին, որոնց հետ Ջեյնը հանդիպում էր։ Հնարավոր է՝ հավանում էր Վինսենթին, որովհետև պարզ տեսնում էր, որ ոչ մի վատ հետևանք չէր լինի, եթե Ջեյնը հանդիպեր նրա հետ․ ո՛չ կոտրված սիրտ, ո՛չ ծանրություն, ո՛չ դժվարություն։ Ոչ մի բան նրանից, ինչ «հետևանքներ» էր անվանում։ Հետևանքներ․ մարմինը ծանրանում է, պտուղը զարգանում՝ հանգույցի նման պրկվելով, մանկասայլակի միջից երևում է թզուկի ժանյակազարդ փոքրիկ գլուխը։ Երեխաներ և ամուսնություն՝ այդ հերթականությամբ։ Այդպես էր Ջեյնի մայրը հասկանում տղամարդկանց խորամանկ, ծածուկ և անզուսպ ցանկությունները, քանի որ Ջեյնն ինքը «հետևանք էր»։ Սխալմունք էր, պատերազմի երեխա։ Հանցանք էր, որի համար նորից ու նորից հարկավոր էր վճարել։

Մինչև տասնվեց տարեկանը Ջեյնն այնքան էր լսել  դրա մասին, որ հերիք էր մի քանի կյանքի համար։ Մոր խոսքերով՝ կարճ ժամանակ երիտասարդ ես լինում, իսկ հետո անկում ես ապրում։ Ընկնում ես, ինչպես հասած խնձորը, և ճխլվելով հարվածում գետնին․ դու անկում ես ապրում, և ամեն ինչ քո շուրջը նույնպես անկում է ապրում։ Կողոսկրերն ու արգանդն իջնում են, իսկ մազերն ու ատամները՝ թափում։ Ահա ինչ է անում քեզ հետ երեխա ունենալը։ Ծանրության ուժին է ենթարկում քեզ։

Մինչև հիմա այդպիսին է հիշում մորը՝ մտատանջ, թորշոմած և վհատված։ Նրա կախ ընկած կուրծքը, բերանի թառամած գծերը։ Այսպես էր Ջեյնը երևակայում նրան․ ինչպես միշտ խոհանոցի սեղանի մոտ մի բաժակ կիսասառած թեյով նստած, «Իթոն» հանրախանութում վաճառողուհու աշխատանքից հետո տանջված․ ամբողջ օրը զարդերի վաճառասեղանի հետևում էր կանգնում՝ նստատեղը գոտևորված, ուռած ոտքերը պարտադիր միջին բարձրության կրունկներով կոշիկների մեջ խցկած, և իր նախանձկոտ և չխրախուսող ժպիտով ժպտում էր երես առած գնորդներին, որոնք արհամարհանքով էին վերաբերվում փայլփլուն անպետք իրերին, որոնք նա երբեք չէր կարող թույլ տալ իրեն։ Ջեյնի մայրը հոգոց է հանում և փորփրում պահածոյացված սպագետտին, որը Ջեյնն էր տաքացրել նրա համար։ Հազիվ լսելի բառերը դուրս են պրծնում, ինչպես նեխահոտ տալկը՝ «էլ ինչ կարելի է սպասել», և միշտ որպես պնդում, և ոչ երբեք որպես հարց։ Ջեյնը փորձում է խղճահարություն զգալ մոր հանդեպ, բայց չի ստացվում։

Ինչ վերաբերում է Ջեյնի հորը, նա փախել էր տանից, երբ Ջեյնը հինգ տարեկան էր՝ ծանր պահին լքելով մորը։ Մայրը հենց այդպես էլ ասում էր՝ «փախել էր տանից», ասես նա անպատասխանատու երեխա էր։ Ժամանակ առ ժամանակ գումար էին ստանում նրանից, բայց ընտանեկան կյանքում դա նրա միակ ներդրումն էր։ Ջեյնը նեղսրտում էր, բայց չէր մեղադրում նրան։ Բոլոր նրանք, ովքեր առնչվում էին Ջեյնի մոր հետ, վերջինից փախչելու սաստիկ ցանկություն էին ունենում։

Սովորաբար, Ջեյնն ու Վինսենթը նստում էին Ջեյնի տան՝ պատերազմի տարիներին բլրի ստորոտում կառուցված թեք պատուհաններով գաջած փոքրիկ բունգալոյի[2] նեղլիկ հետնաբակում։ Բլրի բարձունքին ավելի ճոխ տներն էին գտնվում, և ավելի հարուստ մարդիկ էին ապրում․ աղջիկները, որոնք քիշմիրից սվիտերներ էին կրում սինթետիկ և գառան բրդից կարված սվիտերների փոխարեն, որոնք այնքան ծանոթ էին Ջեյնին։ Վինսենթը դեպի բարձունք տանող ճանապարհի մեջտեղում էր ապրում։ Տեսականորեն դեռևս հայր ուներ։ Ջեյնը և Վինսենթը նստում էին հետևի ցանկապատի մոտ՝ նվաղուն զարդենիների[3] կողքին, որոնք ծաղկանոց էին հիշեցնում՝ որքան հնարավոր է հեռու տանից։ Ջին էին խմում, որը Վինսենթը թռցնում էր հոր ալկոհոլային պաշարներից և թաքուն լցնում գրպանի հին զինվորական տափակաշշի մեջ, որն ինչ-որ տեղից էր գտել։ Իրենց մայրերին էին նմանակում։

«Հալումաշ եմ լինում, մինչև ոսկորները մատներս քերում եմ, և ի՞նչ եմ ստանում որպես շնորհակալություն, - փնթփնթալով ասում էր Վինսենթը։ - Ոչ մի օգնություն չկա քեզնից, որդի՛ս։ Ճիշտ այնպիսին ես, ինչպիսին հայրդ է։ Թռչնակի պես ազատ ամբողջ գիշեր զբոսնում ես, անում ես այն, ինչ ուզում ես, և մազաչափ անգամ չես մտածում ուրիշների զգացմունքների մասին։ Հիմա տա՛ր և աղբը թափի՛ր»։

«Սերն է, որ մեզ այդ օրն է գցում, - մոր խոնարհ ու տանջալից ձայնով պատասխանում էր  Ջեյնը։ - Սպասի՛ր և կտեսնես, աղջի՛կս։ Օրերից մի օր դու էլ ցած կիջնես երկնքից»։

Թեև այս ամենն ասելով՝ Ջեյնը ծաղրում էր մորը, բայց «Սերը» մեծատառ «Ս»-ով էր պատկերացնում, որը մեծ քայլերով դեպի իրեն էր իջնում երկնքից։ Մոր կյանքն աղետ էր, բայց ըստ Ջեյնի՝ անխուսափելի աղետ, ինչպես երգերում և ֆիլմերում։ Մեղավորը Սերն էր, իսկ ո՞վ կարող է դիմադրել Սիրուն։ Սերը նման է շոգեքարշի, դրանից խուսափել չես կարող, այն գալիս ու անցնում է վրայովդ, իսկ դու գետնին պառկած ես մնում։

Ջեյնի մայրը վախով և նախազգուշացումներով, բայց ինչ-որ չարախինդ զգացմամբ սպասում էր, որ նույնը Ջեյնի հետ է կատարվելու։ Ամեն անգամ, երբ Ջեյնը նոր տղայի հետ էր հանդիպում, մայրը նրան որպես անկման հնարավոր սուբյեկտ էր ընդունում։ Այդ տղաների մեծամասնությանը չէր վստահում․ չէր վստահում նրանց նոթոտ ու փափուկ բերաններին, ծխախոտի ծուխը փչելիս կիսափակ աչքերին, նրանց դանդաղ, անշտապ քայլվածքին, նրանց հագուստներին, որոնք չափից ավելի նեղ էին նրանց փարթամ մարմինների համար։ Ջեյնի մոր վստահությանը չէին արժանանում նույնիսկ այն ժամանակ, երբ չէին երևակայում ու պարծենում, երբ հանուն Ջեյնի մոր դռան մոտ հրաժեշտ տալիս փորձում էին ժիր, աշխատասեր և հարգալից թվալ՝ վերնաշապիկ, փողկապ և արդուկված անպաճույճ կոստյում հագած։ Չէին կարող որևէ բան անել, այնպիսին էին, ինչպիսին կային։ Անօգնական էին․ մեկ համբույրը մութ անկյունում խոսելու ունակությունից կզրկեր նրանց, և իրենց սեփական հեղուկ մարմիններում լուսնոտներ կդառնային։ Փոխարենը Ջեյնը լիովին աչալուրջ էր։

Ջեյնը և Վինսենթը չէին հանդիպում։ Փոխարենը ձևացնում էին։ Երբ տեսադաշտը մաքուր էր, և Ջեյնի մայրը տանը չէր լինում, Վինսենթը գալիս էր վառ դեղին ներկած դեմքով, իսկ Ջեյնը իր լողանալու խալաթը թարսուշիտակ էր հագնում, չինական ուտելիք էին պատվիրում, վախեցնում առաքիչին և փայտիկներով անշնորհք կերպով ուտում՝ ոտքերը ծալած գետնին նստած։ Կամ Վինսենթը գալիս էր ձեռնափայտով՝ երեսուն տարվա վաղեմության հնամաշ կոստյում և կատելոկ[4] հագած, իսկ Ջեյնը տակնուվրա էր անում զգեստապահարանը՝ մոր՝ ճմռթված մանուշակներով և քողով գլխարկը գտնելու համար, ու քաղաքի կենտրոն էին գնում և բարձրաձայն քննարկելով անցորդներին՝ զբոսնում՝ ձևացնելով, թե ծեր են, աղքատ կամ խենթ։ Այդ ամենն անճաշակություն և թեթևամտություն էր, բայց երկուսին էլ դուր էր գալիս։

Վինսենթը ավարտական երեկոյին հրավիրեց Ջեյնին, և միասին ընտրեցին Ջեյնի զգեստը հագած շորերի խանութում։ Վինսենթը հաճախակի քթի տակ ծիծաղում էր՝ շոկ և հիացմունք առաջացնելու հույսով։ Երկմտում էին թափվող փայլերով վառ կարմիր և կոնքերն ընդգծող ու դիմացի հատվածում երկար բացվածքով սև զգեստների միջև, բայց ընտրեցին սևը, որպեսզի ներդաշնակ լիներ Ջեյնի վարսերին։ Վինսենթը դեղնականաչավուն թունոտ տեսքով խոլորձ ուղարկեց (ասաց՝ Ջեյնի աչքերի գույնին համապատասխան), և Ջեյնը կոպերն ու եղունգները այդ երանգով ներկեց։ Վինսենթը սպիտակ ֆրակ, փողկապ և մաշված գլանագլխարկ էր հագել, որը ծիծաղելու աստիճան մեծ էր նրա համար։ Չնայած երաժշտությունը տանգո չէր, նրանք նուրբ թղթից պատրաստված ծաղիկների ներքո տանգո էին պարում մարզասրահում՝ երբեմն-երբեմն առանց ժպտալու հատելով պաստելային շղարշի ծովը և կեղծ կիրք ձևացնելով․ Վինսենթը ատամների արանքում սեղմում էր Ջեյնի մարգարտե երկար վզնոցը։ Ծափահարությունները հիմնականում Վինսենթի համար էին, որովհետև բոլորը պաշտում էին նրան։ Թեև հիմնականում աղջիկները, ինչպես կարծում էր Ջեյնը։ Բայց նա կարծես բավականին հանրահայտ էր նաև տղաների շրջանում։ Հավանաբար, տխրահռչակ հանդերձարանում կեղտոտ զավեշտապատումներ էր պատմում նրանց։ Բավականին շատ գիտեր։ Ջեյնին հետ թեքելով՝ վայր գցեց մարգարիտներն ու շշնջաց նրա ականջին․ «Ո՛չ գոտի, ո՛չ գնդասեղ, ո՛չ բամբակ, ոչինչ չի խանգարի»։ Այդ բառերը տակդիրների գովազդից էր, որը, սակայն, նաև նրանց հիմնական սկզբունքն էր։ Այն էր, ինչ երկուսն էին ցանկանում․ ազատություն մայրերի աշխարհից, զգուշավորությունների աշխարհից, պարտականությունների և ճակատագրի աշխարհից, կանացի մարմնական դժվարին սահմանափակումներից։ Առանց հետևանքների կյանք էին ուզում։ Մինչև վերջերս հաջողվում էր։

Գիտնականներն արդեն ամբողջությամբ հալեցրել են երիտասարդ ծովագնացին, համենայն դեպս նրա վերին շերտը։ Զգույշ և համբերատար տաք ջուր էին լցնում նրա վրա․ չէին ուզում՝ չափից ավելի կտրուկ հալչի։ Կարծես Ջոն Թորինգթոնը քնած է, և չեն ուզում վախեցնել նրան։

Այժմ երևում են նրա ոտքերը։ Դրանք մերկ են և ավելի շատ սպիտակ, քան մարմնագույն․ նման են այն մարդու ոտքերին, որը ձմռանը սառը գետնի վրայով է քայլել։ Այդպիսին է վաղ առավոտյան դրանց արտացոլած ձմեռվա արևային լույսը։ Գուլպաների բացակայության մեջ ինչ-որ շատ ցավալի բան կա Ջեյնի համար։ Կարող էին դրանք թողնել նրան։ Սակայն գուցե ուրիշներն ունեին դրանց կարիքը։ Բթամատները միմյանց են կապված․ մեկնաբանող տղամարդն ասում է՝ այդպես էր արված, որպեսզի մարմինը կոկիկ կերպով փաթեթավորեին հուղարկավորության համար, բայց Ջեյնը  համոզված չէ։ Ձեռքերը մարմնին են կապած, իսկ կոճերը՝ միմյանց։ Այդպես են անում, երբ ուզում են, որ մարդը չշարժվի։

Այս հատվածը չափից ավելի է Ջեյնի համար, չափից ավելի շատ բան է հիշեցնում։ Արդեն ձգվում է դեպի հեռավարման վահանակը, երբ բարեբախտաբար շոուն (դա ընդամենը շոու է, ընդամենը հերթական շոու) պատմության երկու փորձագետների է ցույց տալիս, որոնք հագուստն են վերլուծում։ Խոշոր պլանով պատկերված է Ջոն Թորինգթոնի վերնաշապիկը՝ հասարակ, բարձր օձիքով, սպիտակ ու երկնագույն զոլերով և սադափե կոճակներով։ Զոլավոր նախշերը դաջված են, այլ ոչ թե գործած․ գործածն ավելի թանկ կարժենար։ Տաբատը մոխրագույն վուշից է։ «Է՜հ, - մտածում է Ջեյնը։ - Զգեստապահարան»։ Ավելի լավ է զգում իրեն․ այն է, ինչից գլուխ է հանում։ Ջեյնը սիրում է այն հանդիսավորությունն ու հարգանքը, որոնցով քննարկվում են զոլերն ու կոճակները։ Ժամանակակից հագուստի հանդեպ հետաքրքրությունը թեթևամտություն է, անցյալի հագուստի հանդեպ հետաքրքրությունը՝ հնագիտություն․ Վինսենթն ըստ արժանվույն կգնահատեր այս միտքը։

Ավագ դպրոցից հետո Վինսենթն ու Ջեյնը կրթաթոշակ ստացան համալսարանում, թեև Վինսենթը կարծես ավելի քիչ էր սովորում և ավելի լավ։ Այդ ամառ ամեն ինչ միասին էին անում։ Ամառային աշխատանք էին գտել համբուրգերների տաղավարում, աշխատանքից հետո միասին կինոթատրոն էին գնում, չնայած Վինսենթը երբեք չէր վճարում Ջեյնի փոխարեն։ Երբեմն դեռ հին հագուստներ էին հագնում, գնում քաղաքի կենտրոն և տարօրինակ զույգ ձևանում, բայց այդ ամենն այլևս անհոգ և անհեթեթ հնարամտություններով լի չէր։ Նրանց սկսում էր թվալ, թե վերջիվերջո հենց այդպիսին էին դառնալու։

Համալսարանում սովորելու առաջին տարում Ջեյնը դադարեց ուրիշ տղաների հետ հանդիպելուց, կեսդրույքով աշխատանքի կարիք ուներ, որպեսզի կարողանար վճարել իր ծախսերը․ ամբողջ ժամանակը վատնում էր աշխատանքի, դասերի ու Վինսենթի վրա։ Ջեյնը կարծում էր, որ հնարավոր է՝ սիրահարված է Վինսենթին։ Մտածեց, որ պարզելու համար լավ կլիներ սիրով զբաղվել։ Երբեք նման բաներ չէր արել․ չափից ավելի վախենում էր տղամարդկանց անհուսալիությունից և սիրո լրջությունից, չափից ավելի վախենում էր հետևանքներից։ Այնուամենայնիվ, մտածեց, որ պետք է վստահի Վինսենթին։

Բայց ամեն ինչ այլ կերպ ստացվեց։ Ձեռք ձեռքի տվեցին, բայց չգրկվեցին, գրկվեցին, բայց չգուրգուրեցին միմյանց, համբուրվեցին, բայց մոռացության չմատնվեցին։ Վինսենթին դուր էր գալիս նայել նրան, այնքան շատ, որ երբեք չէր փակում իր աչքերը։ Ջեյնը փակում էր իր աչքերը, հետո բացում ու տեսնում Վինսենթին, որի աչքերը փայլում էին փողոցային լապտերի կամ լուսնի լույսի ներքո․ հետաքրքրությամբ նայում էր Ջեյնին, կարծես սպասում էր, որ տեսնի, թե հետո էլ ինչ տարօրինակ բան է անելու, որպեսզի նրան հաճույք պատճառի։ Վինսենթի հետ սիրով զբաղվելը լիովին անհնար էր թվում։

(Ավելի ուշ, երբ Ջեյնը հայտնվեց ընթացիկ հոսանքում, որը վաթսունականների վերջին շարժման էր վերածվել, այլևս չէր ասում «սիրով զբաղվել», այլ՝ «սեռական հարաբերություններ ունենալ»։ Սակայն դա նույն բանն է։ Սեռական հարաբերություններ ես ունենում, որից բխում է սերը, դուր է գալիս դա քեզ, թե՝ ոչ։ Արթնանում ես անկողնում, կամ, ինչն ավելի հավանական է, ներքնակի վրա, քեզ գրկում է ինչ-որ մեկի ձեռքը, ու սկսում ես մտածել, թե ինչ կլինի, եթե նման կերպ շարունակես։ Այդ պահերին սովորաբար Ջեյնը սկսում էր ժամացույցին նայել։ Ամենևին չէր ուզում, որ իրեն դժվարին կացության մեջ թողնեին։ Ավելի լավ կլիներ նա ինքը թողներ։ Այդպես էլ անում էր)։

Ջեյնն ու Վինսենթը տարբեր քաղաքներ մեկնեցին։ Բացիկներ էին գրում միմյանց։ Ջեյնը մե՛րթ մի բանով էր զբաղվում, մե՛րթ՝ մեկ ուրիշ։ Վանկուվերում կոոպերատիվ մթերային խանութ է ունեցել, Մոնրեալում փոքրիկ թատրոնի ֆինանսական հարցերով է զբաղվել, փոքր խմբագրության գլխավոր խմբագիր է եղել, պարի խմբի գովազդով զբաղվել։ Կարողանում էր տարբեր մանրամասնություններ մտապահել և փոքր թվեր գումարել (համալսարանի դժվարին ուղու արդյունքն էր), և նմանատիպ աշխատանքները հասանելի էին, եթե շատ գումար չէիր պահանջում դրանց կատարման համար։ Ջեյնն իրեն ինչ-որ մեկի կամ ինչ-որ մի բանի հետ կապելու և հոգեկան տառապանքներին նվիրվելու պարտավորվածության պատճառ չէր տեսնում։ Յոթանասունականների սկիզբն էր․ կանացի սահմանափակումների, կանխազգուշացումների և հետևանքների հին ու ծանր աշխարհն անհետ կորել էր։ Շատ դռներ և պատուհաններ բացվեցին․ կարելի էր ներս նայել, մտնել, իսկ հետո նորից դուրս գալ։ Մի քանի տղամարդկանց հետ ապրեց, բայց յուրաքանչյուր բնակարանում նրան պատկանող ստվարաթղթե արկղեր կային, որոնք երբեք չէր բացում, քանի որ այդպես շատ ավելի հեշտ էր հեռանալ։ Երբ երեսուն տարեկան դարձավ, որոշեց, որ լավ կլիներ երբևէ՝ ավելի ուշ, երեխա ունենալ։ Փորձում էր մտածել՝ ինչպես կարելի է անել դա՝ առանց մայր դառնալու։ Ջեյնի մայրը Ֆլորիդա էր տեղափոխվել և կցկտուր ու դժգոհություն արտահայտող նամակներ էր ուղարկում, որոնց Ջեյնը հազվադեպ էր պատասխանում։

Ջեյնը վերադարձավ Տորոնտո և տեսավ, որ այնտեղ տասն անգամ ավելի հետաքրքիր է, քան այն ժամանակ, երբ նա հեռացել էր։ Վինսենթն արդեն այնտեղ էր։ Եվրոպայից էր վերադարձել, որտեղ կինոմատոգրաֆիա էր ուսումնասիրել, և դիզայնի սրահ բացել։ Վինսենթն ու Ջեյնը հանդիպեցին ճաշելու, և ամեն ինչ նույնն էր․ նույն ընդհանուր դավադրության մթնոլորտն էր, վրդովվելու հնարավորության նույն զգացումը։ Կարծես դեռ Ջեյնի ծաղկանոցում էին նստած՝ զարդենիների կողքին, արգելված ջին էին խմում և զվարճանում։

Ջեյնը սկսեց Վինսենթի շուրջբոլորը պտտվել։ Վինսենթը շատ մարդկանց էր ճանաչում, տարբեր տեսակի մարդկանց․ ոմանք նկարիչներ էին, ոմանք ուզում էին դառնալ, իսկ ոմանք էլ ուզում էին ճանաչել նրանց, ովքեր արդեն այդպիսինն էին։ Ոմանք փող ունեին, ոմանք աշխատում էին․ բոլորը վատնում էին դրանք։ Այդ ժամանակ նման մարդկանց շրջանում փողերի մասին խոսակցությունները շատ էին։ Նրանցից քչերը գիտեին՝ ինչպես տնօրինել դրանք, և Ջեյնն օգնում էր նրանց։ Փոքր բիզնես էր ստեղծել՝ նրանց գումարներով զբաղվելով։ Հավաքում էր նրանց փողերը, ապահով պահում, ասում էր, թե որքան կարող են վատնել, և նպաստ բաժանում նրանց։ Հետաքրքրությամբ գրանցում էր նրանց գնած իրերը՝ լրացնելով անդորրագրերը․ ինչպիսի կահույք, ինչպիսի հագուստ, ինչպիսի իրեր։ Նրանք հիացած էին իրենց փողերով, կախարդված էին դրանցով։ Նրանց համար այդ ամենը դպրոցից հետո կաթի և թխվածքի նման մի բան էր։ Տեսնելով՝ ինչպես էին իրենց փողերով խաղում՝ Ջեյնն իրեն պատասխանատու, զիջողամիտ և մի փոքր մեծամիտ էր զգում։ Սեփական փողերը հոգատարությամբ պահում էր և վերջիվերջո դրանցով բնակարան գնեց։

Այդ ամբողջ ժամանակ փոքրիշատե Վինսենթի կողքին էր։ Փորձեցին սիրեկաններ դառնալ, բայց անարդյունք։ Վինսենթը համաձայնեց, որովհետև Ջեյնն էր ուզում, բայց խուսափում էր և ոչինչ չէր խոստանում։ Այն, ինչ ուրիշ տղամարդկանց դեպքում աշխատում էր, նրա դեպքում չէր աշխատում․ կոչերը նրա պաշտպանական բնազդներին, խանդ առաջացնելու փորձերը, բանկայի կափարիչը բացելու խնդրանքները, երբ չէր բացվում։ Նրա հետ սիրով զբաղվելը երաժշտական պարապմունքի էր նման։ Չէր կարողանում լրջորեն մոտենալ դրան, իսկ Ջեյնին չափից ավելի լուրջ լինելու մեջ էր մեղադրում։ Ջեյնը մտածում էր, թե նա համասեռամոլ է, բայց վախենում էր հարցնելուց․ վախենում էր նրա համար անպետք լինելուց, նրա կյանքից վտարված լինելուց։ Ամիսներ պահանջվեցին, մինչև սովորական վիճակին վերադարձան։

Այժմ Վինսենթը, ինչպես որ ինքը, ավելի հասուն էր։ Քունքի և գագաթի վարսափնջերը նոսրացել էին, իսկ վառվռուն, հարցախույզ աչքերն ավելի էին ներս ընկել։ Այն, ինչ կատարվում էր նրանց միջև, կրկին սիրատածում էր հիշեցնում, բայց այդպես չէր։ Վինսենթը միշտ ինչ-որ բան էր բերում նրա համար՝ նոր յուրահատուկ ուտելիք, որպեսզի ուտեր, նոր գրոտեսկ, որ տեսներ, նոր բամբասանք, որն այնպես էր մատուցում, ինչպես յուրահատուկ առիթով բերված ծաղիկը։ Ջեյնն իր հերթին բարձր էր գնահատում նրան։ Վինսենթին գնահատելը յոգայի նման բան էր, անձրուկ[5] կամ քար գնահատելու նման մի բան։ Ամեն մեկի ճաշակով չէր։

Հեռուստացույցի էկրանին սև ու սպիտակ նկար է հայտնվում, հետո՝ մեկ ուրիշ․ տասնիններորդ դարի փորագրություններ։ Պարոն Ջոն Ֆրանկլինը, որ ավելի ծեր և գեր էր, քան Ջեյնը կարծում էր․ «Ահաբեկում» և «Խավար»՝ ամուր մխրճված սառույցի մեջ։ Հարյուր հիսուն տարի առաջ Արկտիկայի վերին հատվածներում խոր ձմեռ էր։ Ո՛չ արև կար, ո՛չ լուսին․ միայն սոսափող բևեռափայլ, որը էլեկտրոնային երաժշտության էր նման, և փոքր անփայլ աստղեր։

Ի՞նչն էր փոխարինում սիրուն այդ ժամանակ նրանց համար։ Ծածուկ միայնակ շոշափումները, այլայլված և տխուր երազները, վեպերի սուբլիմացիան[6]։ Սովորական երևույթ նրանց համար, ովքեր միայնակ են դարձել։

Ներքևում՝ նավամբարում, նավի կմախքի ճռռոցով և երկար ժամանակ փակի տակ մնացած մարդկանց նեխահոտով շրջապատված, մահանում էր Ջոն Թորինգթոնը։ Հավանաբար, նա գիտակցում էր այդ․ դեմքից երևում է։ Դեպի Ջեյնն է դարձնում իր շփոթված և կշտամբանքով լի թեյագույն հայացքը։

Ո՞վ էր բռնում նրա ձեռքը, ո՞վ էր կարդում նրա համար, ո՞վ էր ջուր բերում նրան։ Ո՞վ էր (եթե կար այդպիսի մեկը) սիրում նրան։ Ի՞նչ էին ասում այն մասին, ինչը սպանում էր նրան։ Թոքախտ, գլխուղեղի բորբոքում, նախածին մեղք։ Բոլոր այդ վիկտորյանական պատճառները, որոնք ոչ մի արժեք չունեին և սխալ էին։ Բայց հավանաբար սփոփում էին։ Երբ մահանում ես, ուզում ես իմանալ՝ ինչից։

Ութսունականներին ամեն ինչ սկսեց թարս գնալ։ Տորոնտոյում այլևս այդքան հետաքրքիր չէր։ Չափից ավելի մարդ կար այնտեղ, չափից ավելի աղքատ մարդ։ Կարելի էր տեսնել՝ ինչպես են բանեցրած գազով և մեքենաներով լի փողոցներում մուրացկանություն անում։ Նկարիչների էժանագին արհեստանոցները քանդվեցին կամ փոխակերպվեցին համեստ և բարձրակարգ ձեռնարկատիրական տարածքների․ նկարիչներն ուրիշ տեղեր տեղափոխվեցին։ Ամբողջական փողոցներ ավերվեցին կամ քանդվեցին։ Օդը քամուց քշված ավազով լի էր։

Մարդիկ մահանում էին։ Ժամանակից շուտ էին մահանում։ Ջեյնի հաճախորդներից մեկը՝ հնավաճառքի խանութի տերը, համարյա մի ակնթարթում մահացավ ոսկրային քաղցկեղից։ Մեկ ուրիշ հաճախորդ՝ մի կին, որը ժամանցային փաստաբան էր, խանութում զգեստ փորձելիս մահացավ սրտի կաթվածից։ Ընկավ, շտապօգնություն կանչեցին, բայց երբ այն հասավ, նա արդեն մահացել էր։ Թատրոնի բեմադրողը մահացավ ՄԻԱՎ-ից, իսկ լուսանկարիչը՝ բեմադրողի սիրեկանը, ինքնասպան եղավ կա՛մ վշտից, կա՛մ այն պատճառով, որ գիտեր՝ հաջորդը ինքն էր լինելու։ Ծանոթներից մեկի ընկերը թոքերի լայնացումից մահացավ, մյուսը՝ վարակային թոքաբորբից, երրորդը՝ տրոպիկական արձակուրդի ժամանակ ձեռք բերված հեպատիտից[7], չորրորդը՝ ողնուղեղի բորբոքումից։ Այնպիսի տպավություն էր, որ ինչ-որ խորհրդավոր նյութ էր թուլացնում բոլորին, անգույն գազի նման՝ տխրահռչակ և անտեսանելի, այնպես որ նրանց կողքին հայտնված ցանկացած մանրէ կարող էր մարմին ներթափանցել և ազդել նրանց վրա։

Ջեյնը սկսեց նոր բաներ նկատել, որոնց առաջ թռուցիկ կերպով էր ուշադրություն դարձնում։ Թխկիների՝ թթվային անձրևների հետևանքով ոչնչացող անտառներ, հորմոններ տավարի մսի մեջ, սնդիկ ձկան մեջ, պեստիցիդներ[8] բանջարեղենում, թույնով շաղախված մրգեր, և Աստված գիտի, թե ինչ ջրում։ Ջեյնը սկսեց շշալցված աղբյուրի ջուր պատվիրել, բայց հետո թերթում կարդաց, որ անօգուտ է, քանի որ ինչ էլ որ դա լիներ, այն ամենուր էր։ Ամեն անգամ շունչ քաշելիս մի փոքր դրանից էիր ներշնչում։ Մտածում էր քաղաքից հեռանալու մասին, բայց կարդաց թունավոր աղբակույտերի և ռադիոակտիվ թափոնների մասին, որոնք թաքցված էին այստեղ և այնտեղ՝ գյուղական համայնքներում ու փարթամ խաբուսիկ կանաչով ծպտված ծածանվող ծառերի հետևում։

Մի տարի չկար, ինչ Վինսենթը մահացել էր։ Նրան հավերժական սառցույթի մեջ չէին դրել կամ սառեցրել։ Նեկրոպոլ[9] ուղարկեցին՝ Տորոնտոյի միակ գերեզմանատուն, որի ընդհանուր մթնոլորտը հանգստավետ էր նրա համար․ Ջեյնը և ուրիշները նրա համար ծաղիկներ տնկեցին այնտեղ։ Մեծամասամբ Ջեյնը։ Հիմա՝ բոլորովին վերջերս՝ հարյուր հիսուն տարի անց հալեցված Ջոն Թորինգթոնը հավանաբար ավելի լավ տեսք ունի, քան Վինսենթը։

Վինսենթի քառասուներեքերորդ տարեդարձից մեկ շաբաթ առաջ Ջեյնը գնաց հիվանդանոց՝  նրան տեսնելու։ Անալիզներ պետք է հանձներ։ Այնքան կենսուրախ էր։ Ինչ-որ սարսափելի և անհայտ բան էր կատարվում նրա հետ։ Ըստ երևույթին, մուտացիայի ենթարկվող ինչ-որ վիրուս էր համակել նրան, որը դեռևս նույնիսկ անվանում չուներ։ Ողնուղեղով վեր էր բարձրանում, և երբ հասներ գլխուղեղին, Վինսենթը կմահանար։ Բուժում չկար։ Վինսենթը սպասման մեջ էր։

Հիվանդասենյակում ձմռան պես սպիտակ և հանգիստ էր։ Նրա շուրջը սառույց էին լցրել, որպեսզի ցավը մեղմանար։ Սպիտակ սավանի մեջ էին փաթաթել, որի տակից դուրս էին ցցվել սպիտակ բարակ ոտքերը։ Դրանք այնքան գունատ և սառն էին։ Ջեյնը հայացք գցեց նրա վրա (ասես սառույցի մեջ դրված սաղմոն լիներ) և սկսեց լաց լինել։

«Ա՜խ, Վինսե՛նթ, ի՞նչ եմ անելու առանց քեզ»։ Սարսափելի էր հնչում։ Ասես Ջեյնն ու Վինսենթը հնացած գրքերն ու ֆիլմերը և իրենց ծերացած մայրերին էին ծաղրում։ Նաև եսասիրաբար էր հնչում․ նա իր ապագայի և իր մասին էր մտահոգվում, երբ Վինսենթը հիվանդ էր․ բայց դա այդպես էր։ Առանց Վինսենթի համարյա անելու բան չէր լինելու։

Վինսենթը հայացքը հառեց նրան․ աչքերի տակ մթին ստվերներ էին գոյացել։ «Գլուխդ բա՛րձր պահիր, - ցածրաձայն ասաց նա, քանի որ արդեն չէր կարող բարձր խոսել»։ Այդ ժամանակ Ջեյնը, մի փոքր առաջ թեքված, նստել էր ու բռնել նրա ձեռքը։ Այն թռչունի մագիլի պես բարակ էր։ «Ո՞վ ասաց, որ մահանալու եմ, - մի պահ մտածեց, վերանայեց իր բառերը։ - Ճիշտ ես, - ասաց նա։ - Բռնվեցի։ Գտան ինձ այդ այլմոլորակայինները։ Ասացին, որ իրենց միայն իմ մարմինն է հարկավոր»։

Ջեյնն ավելի ուժգին լացեց։ Ավելի վատ զգաց իրեն, քանի որ Վինսենթը փորձում էր ծիծաղելի թվալ։ «Բայց ի՞նչ է դա, - ասաց Ջեյնը։ - Դեռ չե՞ն պարզել»։

Վինսենթն իր նախկին անհոգ, ժիր և տարակա ժպիտով ժպտաց։ Նրա հրաշալի և ինչպես միշտ մանկական ատամները երևացին։ «Ո՞վ իմանա։ - ասաց նա։ - Հավանաբար, ինչ-որ բան այն չեմ կերել»։

Ջեյնը նստել էր, իսկ արցունքները հոսում էին նրա դեմքով։ Լքված էր զգում իրեն, բախտի քմահաճույքին թողնված։ Իր և Վինսենթի մայրերը վերջապես հասան նրանց և ապացուցեցին, որ ճիշտ էին։ Վերջիվերջո հետևանքներ լինում են, բայց դրանք այն բանի հետևանքներն են, ինչի մասին նույնիսկ չես էլ ենթադրում։

Էկրանին կրկին գիտնականներ հայտնվեցին։ Հուզմունքից նրանց շուրթերը դողում են, նույնիսկ երջանիկ կարելի է կոչել նրանց։ Պարզել են, թե ինչից է մահացել Ջոն Թորինգթոնը․ վերջապես իմացել են՝ ինչու է Ֆրանկլինի արշավախումբն այդպիսի սարսափելի ավարտ ունեցել։ Կտրել են Ջոն Թորինգթոնի եղունգը և մազափունջը, տարբեր սարքերով ստուգել են դրանք և ստացել պատասխանը։

Հին պահածոյի տուփի լուսանկար են ցույց տալիս, որտեղ այն այնպես է բացված, որպեսզի երևա կարանը[10]։ Ռումբի պարկուճի է նման։ Մատնանշվում է պահածոյի թիթեղյա տուփը․ պատճառը հենց պահածոյի տուփն է, որն այն ժամանակ նոր տեխնոլոգիայով էր պատրաստվում և բացառապես ապահով էր սովի և լնդախտի դեմ։ Ֆրանկլինի արշավախումբը պահածոյի թիթեղյա  տուփերի մեծ պաշար ուներ, որոնք լի էին մսով և ապուրով ու զոդակցված էին կապարով։ Ամբողջ արշավախումբը կապարից էր թունավորվել։ Ոչ ոք այդ մասին չգիտեր։ Ոչ ոք չէր կարող զգալ այն։ Կապարը նրանց ոսկորների, թոքերի և ուղեղի մեջ էր ներթափանցում, թուլացնում էր նրանց և մթագնում ուղեղը, այնպես որ վերջիվերջո նրանք, ովքեր դեռ չէին մահացել նավերի վրա, հիմար արշավի էին դուրս գալիս սառած, քարքարոտ հողի վրայով՝ իրենց հետ քարշ տալով փրկարարական նավակը, որը լի էր ատամի խոզանակներով, օճառով, թաշկինակներով, մաշիկներով և այլ անպետք իրերով։ Երբ տասը տարի անց գտան նրանց, պատառոտված վերարկուներով կմախքների էին վերածվել՝ պառկած այնտեղ, որտեղ ընկել էին։ Դեպի նավերն էին վերադառնում։ Սնունդը դարձավ նրանց մահվան պատճառը։

Ջեյնն անջատում է հեռուստացույցն ու գնում խոհանոց (նախանցյալ տարի էր վերանորոգել այն և ազատվել յոթանասունականների հին կահույքից), որպեսզի ռոմով կաթ պատրաստի։ Հետո մտափոխվում է․ միևնույնն է, չի քնելու։ Այստեղ ամեն ինչ լքված տեսք ունի։ Տոստերը, որն այնքան անթերի է միայնակ ճաշկերույթների համար, բանջարեղենի համար նախատեսված միկրոալիքային վառարանը, նրա՝ էսպրեսոյի համար նախատեսված սրճեփը․ դրված բոլոր իրերը սպասում են, որ Ջեյնը հեռանա՝ այս երեկո կամ առհավետ, որպեսզի իրենց վերջնական և աննպատակ կերպարն ընդունեն այն իրերը, որոնք հանգամանքների բերումով հայտնվել են այս նյութական աշխարհում։ Նույն հաջողությամբ դրանք կարող էին լուսնի շուրջը պտույտ կատարող պայթած տիեզերանավի բեկորներ լինել։

Մտածում է Վինսենթի բնակարանի մասին՝ մանրակրկիտորեն կահավորված, գեղեցիկ կամ դիտավորյալ տգեղ իրերով լի, որոնք ժամանակին այնքան էր սիրում Վինսենթը։ Մտածում է նրա զգեստապահարանի մասին՝ լի նրա տարօրինակ հագուստներով, որոնք այլևս երբեք չեն հագնելու նրա ձեռքերն ու ոտքերը։ Այժմ այդ ամենը կորել է, վաճառվել և մոռացվել։

Ջեյնի տան մոտ գտնվող մայթն ավելի ու ավելի շատ է լցվում պլաստիկ բաժակներով, ոչ ալկոհոլային խմիչքների տրորված թիթեղյա տուփերով և օգտագործված ափսեներով։ Հավաքում է դրանք, թափում, բայց գիշերվա ընթացքում նորից են հայտնվում, ասես զինվորներն են գցել ռազմերթի ժամանակ կամ քաղաքի բնակիչները, որոնք փախչում են ռմբակոծությունից՝ դեն գցելով իրերը, որոնք ժամանակին այնքան կարևոր էին, իսկ այժմ չափից ավելի ծանր են տանելու համար։

 

 

[1] Հատուկ եղանակով շաքարապատված բալ, որն ի սկզբանե նախատեսված էր մարասկին կամ մարասկինո՝ անգույն, չոր, մրգային լիկյոր պատրաստելու համար։

[2] Միահարկ տուն՝ ամառանոց (հտկպ․ Հնդկաստանում)։

[3] Բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բույս:

[4] Տղամարդու եվրոպական ոճի կոշտ գլխարկ։

[5] Տառեխի ցեղին պատկանող մանր ձուկ (անչոուս):

[6]Սուբլիմացիա, սուբլիմում (ուշ լատ․ sublimatio՝ վսեմացում, լատ․ sublimare՝ բարձրացնել), հոգեբանության մեջ հոգեկան հուզմունքից բխող հակումների էներգիան վերափոխող և անձին հասարակական գործունեության կամ ստեղծագործական աշխատանքի մղող հոգեկան գործընթաց։ Սուբլիմացիան ինքնագիտակցության մակարդակի յուրահատուկ բարձրացում է՝ բյուրեղացնելու և վսեմացնելու այն ամենը, ինչ տարբեր պատճառներով (սոցիալական ու բարոյական պահանջներ, հոգեբանական ճնշում) չի կենսագործվում մարդու վարքի և գործունեության մեջ։

[7] Լյարդային հյուսվածքների բորբոքում։

[8] Նյութ, որն օգտագործվում է բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի ոչնչացման համար։

[9] Բառացի «մեռյալների քաղաք», հին աշխարհի գերեզմանների համալիր, մեծ գերեզմանատուն (ստորգենյա սրահ, դամբարաններ, խցեր)՝ տեղակայված հնագույն քաղաքների ծայրամասերում (Եգիպտոս, Փոքր Ասիա)։

[10] Շինվածքի զանազան մասերի միացման տեղը։

 

 

 

Անգլերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

  • Hits: 101