Քանի որ այնպես է ստացվել, որ ընթերցողը (կամ ընթերցողուհին, ինչն ինձ համար է՛լ ավելի հաճելի է) պատահաբար բախվել է այս փոքրիկ պատմվածքին, քանի որ որոշել է մի քանի րոպեով վստահել այս տեքստին և թույլ տալ, որպեսզի ինչ-որ անծանոթ երևույթ ներթափանցի իր հոգու մեջ, խնդրում ենք ինչպես որ հարկն է մտապահել «Անդրաշխարհի դահիրա» բառակապակցությունը և ներողություն ենք հայցում նրա համար, որ ստորև տարբեր բառարաններին հղումներ են հանդիպելու և խորհրդածություններ այնպիսի բաների մասին, որոնք առաջին հայացքից անմիջականորեն չեն առնչվում ընթացիկ թեմային․ այդ ամենն իր բացատրությունը կստանա։ Բացի այդ ի՞նչ է նշանակում թեմային առնչվող կամ թեմային չառնչվող։ Չէ՞ որ գիտակցության համար անտեսանելի կապը կարող է գոյություն ունենալ զուգորդական մակարդակի վրա, որտեղ տեղի են ունենում ամենանուրբ հոգևոր գործընթացները։

Մտաբերեցի այն միջադեպը, որը նկարագրված է բժիշկ Չազովի[1]՝ Ֆրանսիայում վերջերս հրատարակված հիշողություններում․ մի անգամ Տրետյակովյան պատկերասրահում նրա հետ զբոսնելիս Բրեժնևը վախեցած հարցրել է, թե այդ ինչ տղամարդ է՝ մոխրագույն կոստյում հագած, մահառաջի մեգից այդպես տարօրինակ նայում իր վրա։ Չազովը զգուշորեն պատասխանել է, որ դիմացը հայելի է։ Բրեժնևը մի որոշ ժամանակ մտազբաղ է եղել, իսկ հետո, ըստ երևույթին, ծագած զուգորդության ազդեցության տակ զրույցի նյութը փոխել է՝ տանելով դեպի արտացոլանքի լենինյան տեսություն, որը, համաձայն գլխավոր քարտուղարի, որն իր մտերիմ անձանց երբեմն սիրում էր հաղորդել մարքսիզմի մռայլ գաղտնիքները, իրականում ռազմական գաղտնի ուսմունք էր, որն ուղղված էր ռազմական գործողությունների միաժամանակյա ծավալմանը ցամաքում, ջրում և օդում։ Տեսնում ենք, թե որքան տարօրինակ է դժոխային կոմունիստական հոգեբանության մեջ բեկվում այն եզրույթը, որը, թվում է, բացատրության որևէ երկակիություն չի ենթադրում։ Զարմանալի է նաև այն, որ կարևոր իմաստային առանցքը (հայելի) մեր պատմվածքում անսպասելիորեն առաջ է գալիս Բրեժնևի օրինակով, որն Անդրաշխարհի դահիրայի հետ ոչ մի կապ չունի։

Սակայն չափից ավելի տարվեցինք օրինակով, որ հիշատակվել էր միայն ցույց տալու, որ մեր գիտակցության մեջ ծագող իմաստային կապերը հաճախ նույնիսկ մեզ համար են անորսալի, չնայած որ, եթե լուրջ խորհենք, ամեն ինչ պարզ է։ Ենթադրում ենք՝ վերևում բերված օրինակից հետո ընթերցողը չի զարմանա, եթե մինչև բուն Անդրաշխարհի դահիրային անդրադառնալը խոսքը գնա ճառագայթների մասին, մանավանդ որ նման կտրուկ անցման պատճառը շուտով պարզ կլինի։

«Ճառագայթ՝ 2․ ցանկացած տեսակի մասնիկների կամ էլեկտրամագնիսական տատանումների էներգիայի ուղղորդված շարժում, ինչպես նաև շարժման ուղղությունը որոշող գիծ»։

Այսպիսին է «ճառագայթ» եզրույթի համար տրվող սահմանումներից մեկը ռուսերենի՝ ԽՍՀՄ-ի Գիտությունների ակադեմիայի կողմից հրատարակված չորսհատորյա բառարանում։ Հետաքրքրական է, որ մեջբերված տեքստի փոքր հատվածում անգամ իմաստային շատ ճյուղավորումներ են ուրվագծվում։ Ճառագայթ կարող են լինել մասնիկների շարժումը, մագնիսական տատանումները և սոսկ վերացականությունը ՝ գիծը։ Մի շարք այլ բաներից բացի՝ տվյալ սահմանումից կարելի է նաև հետևյալ իմաստը դուրս բերել․ «ճառագայթները էներգիայի ուղղորդված շարժումն են»։

Հետաքրքիր իրավիճակ է ստացվում։ Մի բառին սահմանում տալով՝ առաջին սահմանման բաղադրիչ եզրույթները սահմանելու անհրաժեշտությանն ենք բախվում։ Այնպես, ինչպես լույսն է հատուկ ուրվագիծ (պրիզմա[2]) ունեցող թափանցիկ առարկայի միջով անցնելուց հետո շերտավորվում և տարրալուծվում, այդպես էլ մեկ բառում ամփոփված իմաստը լղոզվում է մի քանի բառով, և մեզ հետաքրքրող իմաստային սպեկտրի[3] դուրսբերման համար հակառակ գործողությունն իրականացնելու անհրաժեշտություն է ծագում՝ համարժեք այն ներգործությանը, որը մեկ այլ օպտիկական առարկա (հակառակ պրիզմա) կարող է ունենալ տարրալուծված լույսի վրա։ Ամեն դեպքում փորձենք պարզաբանել սահմանման մեջ կիրառված արտահայտությունները։

Ի՞նչ է էներգիան։ Վերոհիշատակյալ բառարանը առաջարկում է հետևյալ սահմանումը․ «էներգիան որևէ մարմնի, նյութի և այլնի աշխատանք կատարելու կամ այն ուժի աղբյուրը լինելու ունակությունն է, որը կարող է աշխատանք կատարել»։ Օրինակ է բերված․ «Երկար ժամանակ տայգայական մոլեգին հեղեղի էներգիան էժանագին գորշ ածուխ ստանալու համար օգտագործելու մտքով էր համակված»[4]։

Հարկ ենք համարում ասել, որ մենք մի փոքր այլ մտքով ենք տարված։ Ամենաբազմազան գաղափարներն են ծագում, որոնցից մի քանիսը ավելի ուշ կներկայացնենք։ Առայժմ վերադառնանք «էներգիա» հասկացության քննարկմանը, որից մեզ շեղեց ամեն ինչից միանգամից խոսելու հիմար սովորությունը։ Հեշտությամբ կարելի է նկատել, որ ներկայացված սահմանման մեջ ֆենոմենների ամենալայն սահմանն է ընդգրկվում։ «Եվ այլն» կապակցության առկայությունը ցույց է տալիս, որ էներգիա կարող են ունենալ ոչ միայն մարմիններն ու նյութերը, այլ նաև այն ամենը, ինչ ունակ է ներգործելու, այդ թվում՝ իրադարձությունները, զուգադիպությունները, գաղափարները, արվեստը․ կարիք կա՞ շարունակելու թվարկումը։ Էներգիան հենց ինքը ներգործելու ունակությունն է, որը չափվում է այն ժամանակ, երբ ներգործություն է կատարվում։

Արդեն գրեթե մոտեցել ենք Անդրաշխարհի դահիրային և ևս մի փոքր համբերություն ենք խնդրում ընթերցողից, որն արդեն հավանաբար մահու չափ ձանձրացել է մեր շաղակրատանքից։

Մահու չափ ձանձրանալ․․․ Ամեն դեպքում ինչքան տարօրինակ է մեր իդիոմատիկան․ այնտեղ առօրյա իրավիճակը միահյուսված է ամենասարսափելի բանի հետ, որ սպասում է մարդուն։ Ինչպե՞ս հաշտվել մահվան անխուսափելիության հետ։ Այս հարցով մշտապես մտահոգվում են մարդկության լավագույն գլուխները, ինչը հեշտ կարելի է ապացուցել հենց միայն այն փաստով, որ անդրադառնում ենք այս թեմային։ Եվս մեկ անգամ բացենք հիշատակված բառարանը․

«Մահ՝ 2․ մարդու, կենդանի օրգանիզմի կենսագործունեության դադար»։

Առաջին սահմանումը չենք ներկայացնում, որովհետև այնտեղ մեզ շփոթության մեջ գցող բառ կա (կործանում)։ Ինչպես ասում է ալբանացի զավեշտաբան Գայդուր Ջեմալյան, նույնիսկ մահը հաղթահարած էակն է անօգնական դառնում կործանման առաջ։ Այստեղ, ի դեպ, հետաքրքիր խնդիր է ծագում․ որտեղի՞ց է առաջանում վախը։ Մեր հոգիներո՞ւմ է առաջանում, թե՞ հակառակը՝ հոգին ընդամենը միջնորդ գոյացություն է (յուրօրինակ արտացոլիչ), որը վերաուղղորդում է աշխարհում անկողմնապահորեն գոյություն ունեցող վախը՝ այնպիսի անկյամբ շրջվելով դեպի այն, որ դրա դժոխային առկայծումը, ինչ-ինչ պատճառներով արտացոլանք գտնելով մեր մեջ, հոգու ամենախոր շերտերն է ներթափանցում։ Ո՞վ իմանա։ Հատկապես ճնշող է այն, որ կարող ենք չզգալ այդ պահերը և աննկատելի, բայց չսպիացող և մահացու վերքեր ունենանք մեր ներսում․ լինում է, չէ՞, որ հանկարծ տրամադրությունը փչանում է, և մարդուն ընկճախտ է համակում, չնայած որ թվում է, թե դրա համար պատճառներ չկան․ ներսից վրա հասնող մահվան դեպքում նույնն է։

Այո՛, մահը մարդու գոյության դադարն է։ Հարցն այն է, թե որտեղով է անցնում կյանքի և մահվան միջև իրական սահմանը։ Ժամանակի ո՞ր պահին փնտրել այն։ Այն պահի՞ն, երբ սիրտը կանգ է առնում անգիտակից մարմնում։ Այն պահի՞ն, երբ գիտակցությունը կորչում է։ Չէ՞ որ դրանից հետո անհատն այլևս գոյություն չի ունենում։ Արդյոք այն պահի՞ն, երբ մեզ շրջապատող թույնով համակվելով՝ հոգին կերպափոխվում է, և մի մարդու փոխարեն մեկ ուրիշն է հասունանում։ Չէ՞ որ այդ դեպքում  նախկին անհատն աներևութանում է։ Այն պահին, երբ երեխան պատանի՞ է դառնում։ Պատանին՝ չափահա՞ս։ Չափահասը՝ ծերունի՞։ Ծերունին՝ դիա՞կ։ Արդյոք «մահ» բառի սահմանումը այն չէ, ինչը կյանքում անընդհատ տեղի է ունենում մեզ հետ։ Արդյոք կյանքը մահացումը չէ, իսկ մահը՝ դրա ավարտը։ Մի բան էլ, արդյոք չի՞ կարելի ասել, որ իրադարձությունը, ըստ էության, կատարվում է այն ժամանակ, երբ անշրջելի է դառնում։

Ժամանակին այս ամենի մասին հրաշալի մտքեր է արտահայտել Միշել դը Մոնտենը․ նրա խոսքերում զարմանալի կերպով միահյուսվում են մտքի ուժեղ էներգիան և նրբագեղությունը:

(«...Եթե կուզեք, Դուք մահանում եք, ապրելով Ձեր կյանքը, սակայն ապրում եք մահանալով․ մահն, անշուշտ, անհամեմատ ավելի ուժգին, շատ ավելի սուր ու խորն է խոցում մեռնողին, քան մեռածին»։

«Որքան էլ որ ապրեք, Դուք չեք կարողանա կրճատել մեռած մնալու ժամանակը։ Բոլոր ջանքերն այստեղ աննպատակ են․ այն վիճակում, որ Ձեզ խիստ սարսափ է ներշնչում, Դուք կգտնվեք ճիշտ այնքան, ինչքան եթե մեռնեիք ստնտուի գրկում»։

 «Որտեղ էլ Ձեր կյանքը վերջանա, այնտեղ է նրա վերջը»[5]:)

Ինչևէ, այս և նմանատիպ այլ հարցերով հետաքրքրվող բոլոր անձանց հղում ենք սկզբնաղբյուրին, որտեղ ամեն էջի վրա գաղափարների ամբողջականացման այն նույն մեթոդն է հանդիպում (թափանցիկ դիալեկտիկական պարույր[6]), ինչ մեջբերված հատվածներում։ Վերադառնանք վերջապես մեր Անդրաշխարհի դահիրային, բայց դրանից առաջ ևս մեկ անգամ մի փոքր շեղվենք։

Ենթադրենք՝ մեկի խելքին փչել է մահվան ճառագայթներ ստեղծել։ Նախորդ վերլուծությունից երևում է, որ դրա համար անհրաժեշտ է կառուցել մի սարք, որը նպատակասլացորեն կհաղորդի դեպի մահ տանող ներգործությունը։ Ավանդական եղանակը տեխնիկականն է։ Ընդ որում՝ հարկավոր է երկար ու բարակ զբաղվել զոդիչով և տարբեր դետալներ ջոկջկել, որոնցից մեկը (փողի՝ հոգու մեջ նայող փոքրիկ անցքը) ընդհանրապես չի էլ վաճառվում։ Այս եղանակը մեզ համար չէ։

Բայց ինչո՞ւ այլ տեսանկյունից չմոտենալ խնդրին։ Ինչո՞ւ պետք է ճառագայթումն անպայման սովորական էլեկտրասարքով անցնի։ Չէ՞ որ տեղեկատվությունը նույնպես տարբեր ներգործությունների փոխանցմանն ուղղված մեթոդ է։ Չի՞ կարելի մահվան մտային լազեր ստեղծել, որը փոքրիկ պատմվածքի տեսքով իրագործված կլինի։ Նման պատմվածքը պետք է օպտիկական համակարգի որոշակի առանձնահատկություններ ունենա, որի հանգույցները պետք է դրանց սովորական նկարագրությունների միջոցով հավաքվեն՝ ենթագիտակցական վիզուալացումը և համակցումը թողնելով ընթերցողին։ Պատմվածքը պետք է ուղղված լինի ոչ թե գիտակցությանը, որը կարող է ընդհանրապես չհասկանալ այն, այլ ենթագիտակցականության այն հատվածին, որը հակված է անմիջական ներշնչմանը, և այնպիսի բառերը, ինչպիսիք են «վիզուալացումն» ու «համակցումը», որպես հրաման է ընկալում։ Հենց այդտեղ կհավաքվի ճառագայթիչը, որի մտային օպտիկան առավել ապահովվածության համար մյուս հոգեբանական կաղապարներից պետք է առանձնացված լինի շեղ փակագծերով։

Որպես այդ թվացյալ սարքի աշխատող մարմին հարմար է օգտագործել ինչ-որ մեկի՝ մահվան մասին ունեցած խորը և հուզումնալից մտքերը։ Մտային լազերը կարող է աշխատել Սոլոգուբի[7], Դոստոևսկու, երիտասարդ Եվտուշենկոյի[8] և Մարկոս Ավրելիոսի միջոցով, Տոլստոյի «Խոստովանությունը» և Մոնտենի «Փորձեր» աշխատության որոշ հատվածներ նույնպես հարմար կլինեն։ Շատ կարևոր է նաև այդ սարքի անվանումը, որովհետև հոգեբանական էներգիան, որով այն աշխատում է, անվան միջոցով բանականության գիտակից հատվածից է ստացվելու, որը պետք է հաստատուն կերպով հիշողության մեջ ամրագրվի։ Ըստ իս՝ Անդրաշխարհի դահիրա բառակապակցությունը հենց այն է, ինչ պետք է․ ինչ-որ երեխայական և սրտառուչ բան կա դրանում, բացի դրանից՝ անհնար է մոռանալ այն։ Եվ վերջինը։ Խորաթափանց ընթերցողը հեշտությամբ կկռահի, թե որ պահին կաշխատի նրա ենթագիտակցության մեջ հավաքված մտային ինքնալուծարիչը։

Պակաս խորաթափանց ընթերցողին կհուշենք, որ դա տեղի կունենա այն պահին, երբ նա ինչ-որ տեղ կբախվի «մահվան ճառագայթը ֆոկուսացված է» բառերին։

Ամեն դեպքում որոշակի ժամանակի ընթացքում մահվան ճառագայթների ազդեցությունը դառնալի է։ Անձանց, որոնք հետաքրքրված են նրանով, թե ինչպես կարելի է ապասարքավորել Անդրաշխարհի դահիրան, խնդրում ենք «․․․» հաշվեհամարին «․․․» ռուբլի փոխանցել և նշել իրենց հասցեն։

Նրանց, ովքեր այս ամենը կատակ են համարում, առաջարկում ենք հասարակ փորձ անել․ ժամանակ պահել և փորձել ուղիղ վաթսուն վայրկյան չմտածել Անդրաշխարհի դահիրայի մասին։

 

 

[1] Եվգենի Իվանովիչ Չազով` ռուս սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

[2](ֆիզ․) Թափանցիկ նյութից պատրաստված այդ ձևի եռանիստ առարկա, որ օգտագործվում է լույսը սպեկտրի տարրալուծելու, լույսի ճառագայթների ուղղությունը փոխելու և այլ նպատակների համար:

[3] Բազմագույն շերտ, որ ստացվում է լուսային ճառագայթների՝ որևէ բեկող միջավայրով կամ պրիզմայի միջով անցնելիս, լուսակ:

[4] Բառացի թարգմանություն Вячеслав Шишков «Угрюм-река»։

[5] Միշել դը Մոնտեն, Փորձեր, էջ 100-109, Երևան, 1991։

[6] Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի՝ դիալեկտիկայի մասին տեսությունից։

[7] Ռուս բանաստեղծ, գրող, թատերագիր, հրապարակախոս, ռուս գրականության անկումային արվեստի ուղղության և ռուսական սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ։

[8] Ռուս բանաստեղծ, վիպասան, թատերագիր, սցենարիստ, դերասան, խմբագիր, թարգմանիչ և մի քանի ֆիլմի ռեժիսոր։

 

 

Ռուսերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

  • Hits: 253