Պատուհանագոգին ճնճղուկ նստեց,  ցատկոտեց, ծլվլաց, գլուխը տմբտմբացրեց և ապակին կտցահարեց։ Հետո մոտ թռավ ու ներս պրծավ։ Կուլյուշան կիսափակեց օդանցքը, արագ վերցրեց սրբիչը, քշեց և հարվածելով աթոռի հետևը գցեց նրան։

Նրա գլուխ չհաջողվեց ոլորել, ինչպես հավինը։ Դրա համար երկու մատով պոկեց, այնպես քաշեց ու պոկեց, ինչպես ծաղիկը ցողունից։

Գորշ հեղուկ հորդեց ականջներից, ողողեց աչքերը։

Ցավից չորեքթաթ սողալով՝ կողքի վրա շուռ եկավ և ուշաթափ սսկվեց՝ հանգստանալու։

Անգլուխ ճնճղուկը մի փոքր էլ թևով սողաց, կծկվեց, ևս երկու վառ կարմիր կաթիլ հանձնեց խռչակից և նույնպես սսկվեց՝ կողքի վրա մեկնվելով։

Վառարանի վրայից անշարժ նայում էր Իվանը։ Մինչև մթնշաղ առանց որևէ շարժում անելու՝ նայում էր պառկած մորը, կտուցին, կիսով չափ գորշակապույտ թաղանթով ծածկված աչքին։ Այն ուլունքի նման փայլում էր Կուլյուշայի արյունոտ ափի մեջ։ Ժամանակ առ ժամանակ Իվանն ընկղմվում էր ճնճղուկի այդ աչքի մեջ՝ դրա մոխրագույն, քամոտ լույսի մեջ՝ մերկ ճյուղի վրա օրորվող․ ճոճից սկսում էր վատ զգալ իրեն, հետ էր գալիս և նորից լույսով ողողված գորնիցան[1] էր տեսնում, հանգիստ պառկած մորը, նրա այտի վրայով սողացող ճառագայթը, փոշոտ պատուհանը, ցանկապատը, մութ ճանապարհն ու դրա հետևում փռված տափաստանը։

Մայրամուտին մայրն արթնացավ, նստեց գետնին։ Նայում էր սև ափին, թռչունի գլխին ու չէր շարժվում։

Բոսորագույն սառը տափաստանը, հեղեղատի համար դեպի երկինք սևեռված թևի նման կորանալով, երկարաշունչ քամին իր վրա էր ընդունում։ Հանդարտվելով քամին հորիզոնի ետևն էր անցնում՝ անմիջապես արյունաթաթախ արևի հետևից, ինչպես պատմուճանը՝ մարդասպան թագավորի հետևից։

Պսպղուն հնձած արտում լանջի վրայով, լայնորեն տարածվում էր առաջին, ծակծկող, մանր ձյան ճերմակը։ Այնպես էր թափվում, ինչպես փոշին՝ իրերի վրա, աննկատ՝ ծանրաշարժ, քիստավոր, ալիքների պես սահող ամպերի ահեղ բարձրությունից։ Վերջալույսի այդ բարձր ամպերը միևնույն ժամանակ և՛ հանքաքարերի էին նման, և՛ եփված ձկան ծխացող փափկամսի՝ լեռնաշղթայի երկայնքով ցրիվ տրված։ Կուլյուշան Աստրախան տանող ճանապարհին էր տեսել հանքաքարեր, ուր ձկան հետևից գնալիս նրան տանում էր ամուսինը․ գագաթներին քամուց ծխում էին ավազային ալիքները։ Անցյալ գիշեր երազում ձուկ էր տեսել, չնայած որ վաղուց դադարել էր ուտելիքի մասին երազներ տեսնելուց։

Սակայն առաջին երկու ամիսների ընթացքում ուտելիքը երազում դահիճից դաժան էր տանջում նրան։ Մե՛րթ քույրերը ձևավոր կարկանդակներ և փորոտիքով կուլեբյակա[2] կբերեին Զատկին։ Մե՛րթ ինքը շաքարե բլիթներ կթխեր և երեխաներին անուշ անելու և հոնի տաք եփուկ խմելու կնստացներ։

Իսկ հետո հանկարծ դադարեց։ Երազները հնձած արտի նման դատարկ դարձան։

Այժմ հենց այդ էր տեսնում երազում։ Բարձունքին՝ արեգակնային պրոտուբերանեցում[3], սև ստվերապատկերով կանգնած էր ձիավորը։ Ձին պտտում, տարուբերում էր գլուխը, այս ու այն կողմ էր գնում, և ճառագայթագեղ նիզակը մե՛րթ վառ կարմիր մթությամբ մռութի տակից մխրճվում էր նրա քթարմատի մեջ, մե՛րթ թեթևացումով դուրս էր քաշվում։

Հնձած արտն ամբողջ մարմինը ծակծկում էր։ Ընկնելիս իր հետևից քաշելով Իվանին, հողին սեղմելով նրան՝ Կուլյուշան քիչ էր մնում ինքն իր աչքը հաներ․ կարճ, կոշտ ցողունը արյունոտեց աչքի տակի փոսը։

Հողում պառկելու, դրա սառնությանն ամբողջությամբ տրվելու ցանկությունն անհաղթահարելի էր․ ամուսնու կարոտին էր միախառնվում։ Ամուսինը նրա ապաստանն էր, այնտեղ՝ հեռվում՝ հողի տակ, զգում էր նրան, ինչպես որթը՝ ջուրը․ սառը, սև, բայց հարազատ, պարթևահասակ, ուժեղ, ինչպես հենց ինքը մահը։

Ամուսնուն թաղել չկարողացավ, փողոցում ուշաթափվեց։ Հոկտեմբերից արդեն շրջում էին տնետուն․ նրան էլ տարան։ Մի օր հիվանդ պառկեց․ չկշտացավ նրան նայելուց։ Երեխաները սող էին տալիս նրա վրայով, խաղում էին, արթնացնում էին հորը, քթից էին քաշքշում։ Եկան, ձեռքերից բռնած՝ սանդղամուտքից քաշեցին տարան։ Թույլ չէր տալիս Կուլյուշան, բայց ինչպե՞ս հաղթահարեր։ Կառչում էր ամուսնուց։ Աջակցող հանձնաժողովը հետ էր մղում նրան․ արդեն իսկ ծանր էր։ Բակով տարան, դռնակով անցկացրին, դրին կույտին՝ մյուս մեռելների կողքին։ Կուլյուշան երկար նայեց մեռելներին, ոչ ոքի չճանաչեց։ Ծանր ու դանդաղ նստելով՝ նայեց շուրջը։ Այն նույն քառանիվ սայլն էր՝ փորագրված, ներկած ձողերով, որով պարենային մասնատրման[4] հետևից նրանց մոտ էր եկել Կոպիլովը։ «Առե՛ք, - շշնջացել էր այն ժամանակ Կուլյուշան, - ահա՛ Ձեզ հաց։ Ահա՛ սա է Ձեր մասնատրումը։ Սա չէի՞ք փնտրում»։

Ցեխի մեջ նստեց։ Սայլը տեղից շարժվեց, բայց կառապանն ասաց «թփռո՜ւ», շրջվեց ու նրան նայեց․

-Լսի՛ր, կնի՛կ, միգուցե ամուսնուդ կողքի՞ն պառկես։ Ինչո՞ւ հալումաշ լինես։

Ձիավորը, ձեռքը ճակատին դրած, դեպի տափաստանն էր նայում․ մտրակով սրնքապանին էր թեթևակի հարվածում։ Վերջապես տեսավ նրանց։ Ծանրաշարժ կերպով քայլատրոփ ընթանալով՝ մոտեցավ նրանց։ Ահա արդեն բոլորովին մոտ էր, հողի տակից կրծքով զգում էր  քայլերը, բայց ձին կանգ չառավ, ուղիղ նրանց վրա եկավ, տրորեց ազդրը, թիակը, գլուխը․ և գլուխը ճարպոտ գնդերի բաժանվեց սևահողի վրա։

Այն գիշեր երազում ձուկ էր տեսել, որովհետև արդեն երրորդ օրն էր, ինչ այդ բարձրաբերձ, ավազի նման ալիքավոր ամպերը մայրամուտին անշարժացել մնացել էին։ Կուլյուշան նայում էր դրանց, և թվում էր, թե այդ նարնջագույն փոքրիկ թմբերով Ենոտաևկա[5] են գնում ամուսնու հետ։ Մե՛րթ քայլ անելով մինչև գոտկատեղ խրվում են դրանց մեջ, մե՛րթ հաստատուն քայլով կարծր լանջով վեր են բարձրանում (կալմիկների[6] մոտից են վերադառնում պարկերով) ձուկ բերելու՝ նայելով, թե երբ են հորիզոնում երևալու գյուղը, եկեղեցին, Վոլգայի անտառոտ, ողողվող ափը․․․ Պարկերի մեջ ձիթհանքից քուսպի մամլած կտորներ էին տանում՝ խայծ։ Երբ հասան, հենց առաջին օրն Ալյոշան այդ քուսպով հորձանուտից իր առաջին կես փութանոց ծածանը բռնեց, որին մեկ ամբողջ ժամ դուրս էր քաշում՝ տապին տանջվելով։ Թելը, կարժից դեպի քարթ[7] գնալով, դողում և զիգզագաձև հատում էր ջուրը։ Հետո անցկացրեց թոկի վրա՝ հատուկ ձևով խռիկների տակով անցկացնելով, որպեսզի չխեղդեր․ ժամանակ առ ժամանակ ցցիկից հանելով՝ քուռակի նման ման էր ածում ծանծաղուտում։ Վերջում կավի մեջ եփեց։ Օ՜, ինչպիսի գեղեցկություն էր փայլում հետո շրջակայքում՝ ավազի վրա և ջրում ոսկեդրամների նման խոշոր թեփուկների՝ արևի տակ շիկակարմիր երևացող շերտեր։ Հսկայական բեղավոր գլուխ էր ընկած՝ եփված աչքահատերով և վարդագույնին խփող ամուր կմախքով։ Սաստիկ զարմանալով՝ Կուլյուշան աչքերին մոտեցրեց այն․ ողնաշարի երկայնքով հեռադիտակի նման այն ուղղեց դեպի լուսատուն, և ձուկը բոցավառվեց նրա առաջ, շողշողաց և անհամբեր լողաց՝ հուժկու, լայնարձակ և գեղակազմ, ինչպես Գրիգորոպոլիսյան ստանիցայի[8] տաճարը․․․

Եվ ահա երազում հսկայական ոսկեգույն ծածանը՝ պնդակազմ, ինչպես հրեղեն ձին, փողփողացող ունկերով, լողաթևերով, պոչով (իսկը մանկական գրքի ոսկե ձկնիկի պես) գորնիցայով մեկ հետ ու առաջ էր լողում՝ հարվածելով ձեռքերին, ականջին, ուսերին, համբուրելով այտերը, աչքերը, ինչպես դանդաղկոտ թիթեռը մարող լամպին։

Այդ գրքի նկարները ամենակրտսերին էր ցույց տալիս, երբ հրաժեշտ տալիս նրան գիրկն առած քայլում էր։ Ցերեկը հանկարծ ձայնը կտրեց, դեմքը հարթվեց․ հասկանալով, որ մահանում է՝ գիրկն առավ նրան, հետ ու առաջ գնաց, օրոր ասաց, հեքիաթ պատմեց, աղու արեց, ծիծաղեց։ Սերյոժան դեռ երեկոյան էր մահացել, բայց նրան գիրկն առած՝ շրջեց ամբողջ գիշեր և այդպես էլ ընկավ։ Իվանն արթնացրեց․ իջավ վառարանի վրայից, նրա ձեռքը կծեց,  և Կուլյուշան արթնացավ՝ կրծքի վրայից սառը կոճղիկը ցած նետելով։

Սերյոժային Իվանի հետ արտ տարան, անցք փորելով՝ դրեցին արջամկան բնի մեջ։ Փոսը լցրին։ Մի փոքր էլ նստեցին, հանգստացան։ Սովորության համաձայն՝ շուրջը նայեցին․ արդյոք թմբլիկ մոխրագույն սյունիկ չի երևա որևէ տեղից։ Չնայած գիտեին, որ արջամկները դեռ  հոկտեմբերին էին հեռացել իրենց արտերից։ Եթե նույնիսկ տեսնեին էլ, ուժ չկար որսալու։

Գյուղի կողմից Կոպիլովը երևաց՝ ձի թամբած։ Անտարբեր մոտեցավ։ Իվանը չհամբերելով գրպանները շուռ տվեց և մատներով հայհոյանշան ցույց տվեց։ Չունեն, իբր, հացահատիկ, «ինքդ տե՛ս՝ արդեն ոչինչ չկա արտում»։ Մայրն, ուշքի գալով, նույնպես շուռ տվեց ժակետի գրպանները և ուղղեց փեշը։ Հոկտեմբերին գիշերները ծածուկ արտ էին գալիս, մկների բներն էին մատներով պրպտում, դատարկում էին նրանց ձմեռվա հացահատիկային պաշարները․ պատահում էր, որ մի բուռ էլ էին հավաքում։ Իսկ այժմ ոչինչ չկար այնտեղ, դափ-դատարկ էր։

Ձին խռմփացրեց, պոչը տնկեց և արդեն ոտքի վրա բվվալով՝ մի կտոր գոլորշացող քակորի կտոր վայր գցեց։

Կոպիլովը ձորակի մերկ ծառերի հետևում անհետացավ։

Մայր և որդի, երկար ժամանակ աչքերը փակ, ժամանակ առ ժամանակ անհետացող տաք, կշտացնող, նուրբ  բույրի շիթն էին շնչում։

Երբ վեր կացան, նրանց թվաց՝ կուշտ են։

Կուլյուշան փետրահան արեց ճնճղուկին, փորը թափեց, թաթիկները չկտրեց, գլխի հետ միասին մարխի[9] վրա խանձեց։ Ծղոտով վառեց վառարանը․ կովերի հետ միասին անհետացել էր նաև աթարը։ Սագախոտ[10] և այծոտն[11] կտրատեց կճուճի մեջ, ճնճղուկին դրեց ու աղ արեց։

Սկզբում Իվանը հետևում էր մորը, իսկ հետո նորից այդ անհասկանալի մռայլ քամով տարվեց։

Ապուրն Իվանին շատ համեղ թվաց։ Մի քիչ բարձրացավ տեղից։ Այծոտնի երկար ցողունները խանգարում էին մսապուրը կլանելուն։ Մայրը չէր զիջում՝ նրա շուրթերի վրայով շարժելով կանաչիներով կախկխված գդալը։ Բայց հիմա նայելով գդալին, ուր այժմ ճնճղուկի մերկ գլուխն էր դրված՝ ինքնուրույն բերանը դրեց այն և զգուշորեն ներծծեց։ Մոր կողմից նրա համար կոտրած մսեղիքի[12] կեսն էլ կերավ միանգամից։ Սպասելով, որ որդին ծամի վերջացնի՝ Կուլյուշան ինքն էլ սկսեց ուտել։ Երրորդ գդալն արդեն համտեսել էր, չորրորդը ագահաբար կուլ էր տվել՝ ատամներով կծելով ծայրը։

Իվանը ձայն տվեց․

-Էլի՛ տուր։

Գլուխը բարձրացրեց։ Իվանը ճնճղուկի մյուս կեսն էր ցույց տալիս թաթիկով․ մի քանի լուցկու նման ոսկորներ և մսի թելեր էր գդալի մեջ հավաքել ու բերանի մոտ պահել այն։

-Ահա՛, թե ինչ խորամանկն ես դու, Իվա՛ն, - ասաց Կուլյուշան, կուլ տվեց ու մինչև վերջ խպշտեց այն, ինչ մնացել էր։

Երեկոյան Իվանն անսովոր երկար մնաց քամոտ ցուրտ սենյակում։ Տարուբերվում էր ճյուղի վրա, անխնա ճոճվում, հազիվ էր կարողանում բռնվել։ Քամին ամբողջովին գզգզել էր փետուրները, մե՛րթ մի թևի տակ էր թաքցնում գլուխը, մե՛րթ մյուս, մաշկի վրա էր շնչում, որ տաքանար, բայց ճյուղի վրա այնպես էր ցնցվում, որ ստիպված էր գլուխը հետ տանելու, որպեսզի կարողանար հավասարակշռությունը պահպանել։ Ամբողջ ուժով ջանում էր արթնանալ, դուրս պրծնել, աչքերը բացել ու նայել մորը, առանց նրա վախենալու էր, բայց հանկարծ մի ուժեղ պոռթկում հարվածեց մեջքին, սեղմած թաթիկները բացվեցին, սառցե դատարկությունը վրա ընկավ և կուլ տվեց։

Կուլյուշան, Իվանին գիրկն առած, շրջում էր և փորձելով ամեն կերպ արթնացնել ՝ ինչքան ուժ ուներ օրորում էր նրան։ Երբ զգաց, որ սառչում է, աչքերի առաջ սևացավ և ընկնելիս ծոծրակն աթոռին հարվածեց։

1933 թվականի ձմռանը մահացան Ակուլինայի ամուսինը, երկու երեխաները, մայրը, երկու եղբայրները։

Ակուլինայի և նրա երեք քույրերի՝ Նատալիայի, Արինայի և Պոլիայի մասին հոգ է տարել հինգերորդ ամենակրտսեր քույրը՝ Ֆենյան, որի ամուսինը, լինելով կոլտնտեսության քարտուղարի կնքահայրը, կարողացել էր էգ հորթ գաղտնի պահել նկուղում։ Որպեսզի չբառաչեր, նրա լեզուն էր կտրում  և շուրթերը մակաճեղքում։ Հենց դեկտեմբերի սկզբին վերջապես սկսեց կաթ տալ։

Գարնանը թեթևացան։ Գետի սառույցը հալեց։ Կուլյուշան շիվերից խաչ հյուսեց, բմբուլե թաշկինակ քաշեց վրան և հազիվ քարշ տալով ուռած ոտքերը՝ գնաց բանջարանոցների հետևը՝ գետի մոտ։ Կես կճուճ մանիշաձուկ քամեց և մարմանդաեփ տվեց վառարանում։ Նրա առաջին պինդ սնունդն էր։

Մայիսին, երբ ուժերի հետ վերադարձավ նաև բանականությունը, դժբախտություն տեղի ունեցավ նրա հետ։ Լուսաբացին դուրս եկավ գյուղից և մի փոքր աջ թեքվելով՝ տափաստանով գնաց ծագող արևի հետևից։ Այնքան գնաց, մինչև որ մթնշաղին ընկավ գետնին։ Արթնանալով վախեցավ, իր կյանքի ամենամեծ վախն էր․ խոշոր աստղերով լի երկինքը սրընթաց ընկնում էր նրա վրա, և թաքնվելու տեղ չկար։ Հաջորդ գիշեր շրջակայքում պտտվող գայլերի ոռնոցն էր լսում, բայց գլխի ընկավ շուրջը անցյալ տարվա խոտը վառել։ Վեցերորդ օրը Կուլյուշան աղի արտել հանդիպեց տափաստանում՝ բարաք և երկու ցախատուն։ Շինությունների մոտից գամփռ դուրս թռավ, և մինչև երեկո Կուլյուշան ստիպված դեմքով դեպի գետին մնաց, մինչև որ մարդիկ տափաստանից վերադարձան։ Արտելն ընդունեց նրան։ Մի քանի ամիս բոլորի հետ աղուտներ էր գնում, աղ հավաքում, կայարան տանում այն, Աստրախանի գնացքին սպասում և մի մասը (քաշով մեկը մյուսին հավասար) ձկան հետ փոխում։

Աշնանը փող վաստակելու համար Կուլյուշային սեզոնային աշխատանքի հավաքագրեցին Արխանգելսկ, բայց հավաքագրողները շփոթեցին ցուցակները, և նա Բաքվում հայտնվեց։ Աստրախանով վագոնի տանիքին նստած՝ գնում էր․ նորից  Վոլգայի թմբերն էր տեսնում, մեծ ջրային երկիրը, ռուսական հողի հոսքը, կղզիները, եղեգների պատը, վտակները, ծովեզերքի անծայրածիր թեք ու հարթ մակերեսները, դրանց վրայի կարապների երամը։ Ձախից երկար-երկար ձգվում էին Ստրելեցկի ավազուտները, որոնց գագաթներից քամին փչում էր ծխանման, սահուն, կրակի բոցերի նման ժիր, նարնջագույնին խփող քղանցքը։

Բաքվում Կուլյուշային տեղավորեցին մեծն հնգամյակների[13] շինարարական նախագծերից մեկում՝ երկրում առաջին սինթետիկ կաուչուկ արտադրող գործարանում։ Երբ գրանցվում էր կադրերի բաժնում, թելադրեց․ «Ամուսինս մահացել է սովի ժամանակ»։ Կադրային զինվորականը գունատվեց, հետ թեքվեց, առաջ եկավ և ատամները սեղմած ասաց․ «Տխմա՛ր կին։ Բերանդ փա՛կ պահիր»։

Բայց չպահեց։ Սիրում էի լսել Կուլյուշային, նրա՝ տափաստանի նման անծայրածիր պատմությունները մանկության մասին, գյուղական աշխատանքի, նրա այրի տատիկի՝ Երուսաղեմ ոտքով կատարած ուխտագնացության մասին, որից վերջինս չէր վերադարձել՝ մեկ տարի անց հայրենիք գրելով, որ ամուսնացել էր րաբբի[14] Պինխաս բեն Էլիշի հետ ու հրեա դարձել։ Սիրում էի լսել նրա՝ սրամիտ, երբեմն առաջին հայացքից անհեթեթ, երբեմն մարգարեական դատողությունները կյանքի մասին, և նույնիսկ նրա՝ սովի մասին մանրամասն, սարսափելի պատմությունները։ Հիմա, երբ հիշում եմ Կուլյուշային, ինձ համար վերջապես պարզ է դառնում այն, թե ինչու է Աստված մարդուն հողից ստեղծել․ որպեսզի հոգին կարողանա աճել դրանից, նույնիսկ մեռյալից, ինչպես բույսը․․․

Նրա պատմություններում հատկապես սիրում էի այն, թե ինչպես եմ աղուտով գնում նրա հետ՝ մինչև հորիզոն մթամած բաց կապտավուն բյուրեղներով շաղախված արևոտ բացարձակ հարթությամբ, և երբեմն ինձ Իվան էի երևակայում։ Իվան, որ միշտ Կուլյուշայի կողքին էր։ Ընդհանրապես ինձ հետաքրքիր էր մտածել այն մասին, թե ինչպես են մարդիկ ապրում մահանալուց հետո։ Այն մասին, որ մահն ամենատարածված առեղծվածն է։ Բացի դրանից՝ ինձ, չգիտեմ ինչու, թվում էր, թե Իվանի մասին մտածելով՝ օգնում էի անմխիթար Կուլյուշային ներողություն խնդրել նրանից։

Հետո մեծացա, Կուլյուշան մահացավ, էլի մեծացա, մոռացա մանկությունը՝ ծովը, գետակը, արտը, անտառը, երջանկության հսկայական, կլոր տարածությունը ծիածանի նման անհետացավ, և սկսեցի դանդաղ մահանալ անզգայությունից ու կսկիծի հանգստությունից։ Չափից շուտ և չափից ավելի խորաթափանցորեն հասկանալով, որ կյանքն առանց մանկության այնքան կարճ է, որ ասես բոլորովին էլ չի եղել՝ ակամայից  կենսադադարային իրավիճակի մեջ խորասուզվեցի այնպես, ինչպես եթե բնակարանումս ծորակից հանկարծ Լեթայի[15] ջուրը հոսեր․․․ Այս ամենը շարունակվեց տասը տարի և հետագայում էլ կշարունակվեր, եթե նախանցյալ տարի անսպասելիորեն մի իրադարձություն չկատարվեր, որը հանկարծ դուրս բերեց ինձ անզգայացումից։

Այդ ժամանակ՝ մի փոքրիկ ձանձրալի գրասենյակից վերջնականապես աշխատանքից ազատվելուց առաջ, հետաքրքիր բնույթի մեկամսյա նշանակում ստացա։ Ինձ գործուղեցին մի լուծարվող պահեստ, որտեղ պետք է վերջին ստուգումն իրականացնեի։ Մեր գրասենյակը դադարեցնում էր ցուցասարքերի մեծածախ վաճառքը, ու դրա համար ազատվում էր դրանց զբաղեցրած պահեստային տարածքներից։ Այդ պահեստը գտնվում էր մայրաքաղաքի հյուսիսում՝ Ծովակալ Մակարով փողոցում՝ շրջանի երկաթգծի մոտակայքում։ Հին աղյուսե օդանավարան էր՝ մի քանի տասնյակ նմանատիպ օդանավարաններից մեկը, որը գտնվում էր ապրանքների ընդունման երկաթգծի կայարանի փլատակների մոտ: Յուրաքանչյուրի ճակատային մասում սպիտակ աղյուսներով մեծ-մեծ գրված էր «Չծխե՛լ»։

Հունիսի եռուն շրջանն էր, պարզվեց՝ հեշտ գործ էր, ու ես վայելում էի միայնությունս։ Վերահաշվելով և կավիճով նշելով վերնաշխատային խորանարդների ծավալը, որոնցով զատ-զատ այստեղ ու այնտեղ լցված էր օդանավարանը՝ նստում էի աթոռին և հաճույքով ծխում ստվարաթղթե արկղերից կառուցված շատ բարձր ջրհորի հատակին` արևի ճառագայթներով շեղակի խոցված, որոնք հին հերձաքարե (շիֆեր) տանիքի ճեղքերից դուրս էին գալիս փայտամածերի[16] մոտ։ Ծուխը քուլա-քուլա վեր էր բարձրանում, փարթամանում, հանդարտվում ու թափանցիկ մոխրագույն շերտերի պես կախ ընկնում։ Ջրածիծառները[17], շրիշակի[18] կիսախավարից դուրս գալով, լույսի վրա բացականչական զիգզագներ էին ուրվագծում և ծխանցքների՝ ծայրերից մի փոքր շարժվող, տարբեր բարձրությունների վրա գտնվող անցքերը կարկատում։ Չոր էր, տաք և հանգիստ։ Թունդ քաղցր թեյով բաժակը ձեռքումս բռնած՝ կարդում էի գրադարանից հատուկ վերցված Ծովակալ Մակարովի մասին գիրքը․ նրա հետազոտական ռազմածովային ոգու մասին, Ցուսիմայի ճակատամարտում[19] թույլ տված սխալի մասին, ճապոնացիների նապալմային ռումբերի մասին, որոնց միջոցով պարտության մատնվեցին ռուսական զրահակիր նավերն ու դրեդնոուտները[20]։ Շուրջը՝ պահեստային գոտու ողջ տարածքում, բեռնման, բեռնաթափման, հաշվառման եռուզեռն էր տիրում, և ժամանակ առ ժամանակ վատնած գումարների վեճ էր բռնվում։ Ինչ վերաբերում է ինձ, արդեն մեկ շաբաթ էր՝ իմ տիրույթներում անդորրն էի վայելում։

Հանկարծ այն խախտվեց։ Մի խումբ ճնճղուկներ վարժվեցին իմ օդանավարանի տանիքի տակ մտնել և փոթորկալից ճռվողյունով ու ծլվլոցով՝ ժամերով խելակորույս պտտվել և բարդ ստվարաթղթե բնատեսքի վերևում դեսուդեն նետվել, ինչպես Փերլ Հարբորում[21] ճապոնացի կամիկաձեները[22] նավատորմի վերևում։ Երեք օր շարունակ պրծում չկար ճնճղուկներից, և ստիպված պետք էր մի բան ձեռնարկել։ Հեծանիվի պոմպից, տախտակի կտորից, բժշկական քուղից, մի կտոր տավոտից[23] և մի պատառ թաղիքից օդամղիչ հրացան սարքեցի։ Փամփուշտները շինարարական կպչուկով էի լցնում, որը օդանավարանի դարպասի կողափայտից էի փորել հանել․ ոչնչացնելու կարողության համար լիցքի մեջ կապարագնդիկ ավելացրի։ Մեկ օր պահանջվեց հրաձգության համար։ Իրիկնադեմին հրաձգության իմ հատվածի արկղները ճեղքվածքների շերտով ծածկվեցին։ Հաջորդ երկու օրը օդամղիչը պատրաստ՝ դարան մտած մնացի և ոչ մի հատ չխփեցի։ Հենց այդ տեսքով՝ հրացանը ձեռքիս, գտավ ինձ պահեստի շրջիկ ուղեպահը։

Բացատրվեցի։ Ծերուկը կարեկցանքով լսեց ինձ և պատմեց, որ ճնճղուկները այնտեղի բոլոր պահեստների դժբախտությունն են․ մի օդանավարանից մյուսը գնալով՝ աղտոտում են ապրանքը, անհանգստացնում, վախեցնում են բեռնակիրներին՝ անկյունից հորդայով հանկարծակի թռչելով դեմքին։ Իմացա, որ ճնճղուկները վաղեմի ժամանակների ժառանգությունն են, երբ երեսունականների սկզբին կառուցված այս ամբողջ պահեստային գոտին որպես հացահատիկային ռազմական պահեստարան էր ծառայում Մոսկվայի համար։ Առաջներում այստեղ բազմաթիվ ճնճղուկներ կային, այնպես որ աչքերի առաջ սևանում էր, իսկ հիմա սրանք ինչ են որ, մնացորդներ․․․

Երբ շրջիկ ուղեպահը գնաց, օդանավարանի ետնամաս գնացի, կոթով երկու բուռ հող փորեցի հավաքեցի։ Լուսավոր տեղ դուրս եկա և ստվարաթղթի վրա հողի հետ հավաքված աղբը ջոկջկեցի։ Ափիս մեջ չորս սև հացահատիկ մնաց։

Մոտիկից նայեցի և տեսա։ Հացահատիկներով սայլակառքերը Լադովսկայա Բալկայից, Նովոալեքսանդրովկայից, Գրիգորոպոլիսյան ստանիցայից, ամբողջ Ստավրապոլից, Կուբանից և Ուկրաինայից գնում էին դեպի երկաթգծի կայարաններ, բեռնվում փոխադրագնացքների մեջ, որոնց մի մասը գնում էր արտասահման՝ ոսկու և արդյունաբերական սարքավորումների հետ փոխանակվելու, մյուս մասը՝ Մոսկվա․ հացահատիկը բեռնաթափվում էր հենց այստեղ՝ այս գաղտնի պահեստում՝ ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի բազմաքանակ պահակախմբերի վերահսկողության ներքո։

Հարյուր ռուբլիանոց թղթադրամի մեջ փաթաթեցի դրանք և անձնագրի շապիկի տակ դրեցի։

Աշխատանքից ազատվելով՝ Վելեգոժ տարա դրանք և թթխմորի լուծույթի մեջ թրջեցի։ Մեկը ծիլ տվեց․ անցյալ տարի իսկական սևահողով (որի համար հատուկ Միչուրինսկ էի մեկնել) լցված կճուճում հասկ աճեց։

Իսկ այս տարի մարգումս արդեն քսաներկու հասկ է հասունանում։ Եվս մեկ տարի անց Իվանին բլիթով հյուրասիրելու հույս ունեմ․ փոքրիկ, նշխարից ոչ մեծ։

 

[1] Խրճիթի մաքուր մասը։

[2] Կերակուր։

[3] Շիկացած գազերի ժայթքում արեգակի մակերեսի վրա։

[4] Ռազմական կոմունիզմի շրջանում գյուղատնտեսական մթերքների մթերման ձև, որ գործադրում Էր սովետական պետությունը մինչև 1921 թվականը:

[5] Գյուղ Ռուսաստանի Աստրախան մարզում։

[6] Կալմիկներ (խալմըղ (մոնղ.՝ халимаг), ժողովուրդ։ Ապրում են գլխավորապես Կալմիկիայում, ինչպես նաև ՌԴ Աստրախանի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերում և Ստավրոպոլի երկրամասում։

[7] Փայտի՝ մետաղի ևն վրա սուր գործիքով արված կտրվածք։

[8] Կոզակների մեծ գյուղ։

[9] Եղևնու և այլ կոնաբեր ծառերի արտադրած խեժը, որ հեշտությամբ այրվում է:

[10] Թելուկազգիների ընտանիքին պատկանող խոտաբույս, որ օգտագործվում Է որպես ուտելի բանջար, սադախոտ, թայլ, թախտիկ:

[11] Հովանոցավորների ընտանիքին պատկանող խոտաբույս, չիմ:

[12] Մորթած, մաշկած և փորոտիքը հանած անասունի ամբողջ միսը։

[13] ԽՍՀՄ տնտեսության զարգացման հնգամյա պլաններ՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորման հիմնական ձևը։ Դրանց միջոցով սովետական պետությունը ռեսուրսներն ուղղում էր կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման և ժողովրդի բարեկեցության բարձրացման խնդիրների լուծմանը։

[14] Հրեական կրոնական համայնքի հոգևոր պետ և պաշտամունքի սպասավոր:

[15] Լեթա (հուն․՝ Λήθη, բառացի` մոռացություն) հին հունական դիցաբանության մեջ հինգ գետերից մեկը (Ստիքս, Աքերոն, Կոկիտոս և Ֆլեգետոն գետերի հետ), որ հոսում է Աիդի ստորերկրյա թագավորությունում, մոռացության գետ:

[16] Փայտե կառույց շինարարական հրապարակներում՝ հող, քար ևն բարձրացնելու, ինչպես և վրան կանգնելու և շինարարական աշխատանքներ կատարելու համար:

[17] Փոքրիկ ծիծեռնականման թռչուն, որ սովորաբար կյանքն անց է կացնում օդում, բայց նաև լողանում է ջրում:

[18] Տախտակի նեղ ու բարակ շերտ։

[19] Ծովային մարտ, որ տեղի է ունեցել 1905 թվականի մայիսի 14–15 (27–28)-ին Կորեական նեղուցում՝ Ցուսիմա կղզու մոտ, 1904-1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմի ընթացքում։

[20] Մեծ զրահանավ։

[21]  Նավահանգիստ Օահու (Հավայի) կղզում։

[22] Ճապոնացի ինքնասպան օդաչու, որը հարձակվող ինքնաթիռի հետ միասին զոհվում էր մարտում։

[23] Թանձր քսայուղ՝ մեքենաների, մեխանիզմների իրար քսվող մասերի համար:

 

Ռուսերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

  • Hits: 3282

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: