Վիկտոր Պելևին․ Զիգմունդը սրճարանում

 

 

«Հաճախ արձանների քարե դեմքերի հետևում դատարկության և ճեղքվածքների լաբիրինթոսներ են թաքնված, որոնցում տարբեր տիպի թռչուններ են բնակություն հաստատում»։

Ջոզեֆ Լևենդեր «Զատկի կղզի»

Ինչքանով որ հիշում էր, Վիեննայում երբեք այդքան ցուրտ ձմեռ չէր եղել։ Ամեն անգամ, երբ բացվում էր դուռը, և սառը օդի ամպ էր ներս մտնում, թեթևակի կուչ էր գալիս։ Երկար ժանանակ էր, ինչ այցելուներ չէին երևացել, և Զիգմունդը ծերունական թեթև քուն էր մտել, բայց ահա դուռը նորից շրխկաց, և նա բարձրացրեց գլուխը։

Երկու նոր այցելու մտան սրճարան՝ այտամորուքով տղամարդ և բարձր կեղծամով կին։

Երկար, սուր անձրևոց կար կնոջ ձեռքին։

Տղամարդը մուգ, փայլուն մորթիով եզրակարված փոքրիկ կանացի պայուսակ էր տանում, որը հալված փաթիլների պատճառով փոքր-ինչ խոնավ էր։

Կախարանի մոտ կանգ առան և սկսեցին հանվել․ տղամարդը հանեց թիկնոցը, ճարմանդից կախեց այն, իսկ հետո կախարանի վերևի պատից դուրս ցցված փայտե երկար ելուստներից մեկի վրա փորձեց կախել գլխարկը, բայց վրիպեց, և գլխարկը, նրա ձեռքից դուրս պրծնելով, հատակին ընկավ։ Տղամարդն ինչ-որ բան փնթփնթաց, բարձրացրեց գլխարկը, այնուամենայնիվ կախեց ելուստից և կնոջ մեջքի հետևում իրար անցավ՝ օգնելով նրան հանել մուշտակը։ Մուշտակից ազատվելով՝ կինը բարեհաճորեն ժպտաց, վերցրեց պայուսակը, և հանկարծ այլայլված ծամածռություն հայտնվեց նրա դեմքին․ պայուսակի փականը բացվել էր, և լիքը ձյուն էր լցվել դրա մեջ։ Կինը, մուշտակից ազատվելով, անձրևոցը անկյունում դրեց՝ ինչ-որ պատճառով բռնակով դեպի ներքև շրջելով այն, թևանցուկ արեց իր զուգընկերոջը և նրա հետ սրահ մտավ։

- Ըհը՜,- կամացուկ ասաց Զիգմունդն ու տարուբերեց գլուխը։

Բարի կանգնակի և պատի միջև՝ ոչ հեռու այն սեղանից, դեպի որը ուղևորվեցին այտամորուքով տղամարդն ու նրա զուգընկերուհին, դատարկ անկյուն կար, որտեղ խաղում էին տիրոջ երեխաները՝ սև շեղանկյունիներով ծածկված լայն սպիտակ սվիտեր հագած մոտավորապես ութ տարեկան տղան և բրդյա զոլավոր նեղ շալվար հագած մի քիչ ավելի կրտսեր աղջնակը։ Նրանցից ոչ հեռու՝ հատակին, կիսաթսկած ռետինե գնդակ և խորանարդիկներ էին դրված։

Երեխաները չտեսնված խելոք էին։ Տղան կողքերին գույնզգույն նկարներ ունեցող խորանարդիկների բուրգով էր խաղում, բավականին տարօրինակ ձև ու դիմացի պատի մեջ լուսաճեղք ունեցող տնակ էր կառուցում դրանցից․ կառույցն անընդհատ քանդվում էր, որովհետև լուսաճեղքը շատ մեծ էր ստացվում, և վերևի խորանարդիկն անընդհատ կողքի պատերի միջև եղած ճեղքի մեջ էր ընկնում։ Ամեն անգամ, երբ խորանարդիկները թափթփվում էին, որոշ ժամանակ վշտացած կեղտոտ մատով քիթն էր քչփորում։ Դիմացը՝ հենց հատակի վրա, նստած էր քույրը և առանց առանձնակի հետաքրքրության՝ եղբորն էր հետևում՝ մանր մետաղադրամներով խաղ անելով․ մե՛րթ հատակի վրա էր շարում դրանք, մե՛րթ կույտ էր անում դրանցից և իր տակը մտցնում։ Շուտով ձանձրացավ այդ զբաղմունքից, հանգիստ թողեց մետաղադրամները, մի կողմ թեքվեց, մոտակա աթոռի ոտքերից բռնեց, դեպի իրեն քաշեց այն և սկսեց հատակով մեկ շարժել այն՝ դրա ոտքերով թեթևակի հրելով գնդակը։ Մի անգամ հրումը շատ ուժեղ ստացվեց, գնդակը տղայի կողմ գլորվեց, և նրա երերուն կառույցը փուլ եկավ հատակին հենց այն պահին, երբ պատրաստվում էր դրա գագաթին դնել վերջին խորանարդիկը, որի կողքերին պատկերված էին նարինջներով ճյուղ և հրդեհադիտանոց։ Տղան բարձրացրեց գլուխն ու բռունցքով սպառնաց քրոջը, ինչին ի պատասխան՝ քույրը բացեց բերանն ու լեզու ցույց տվեց նրան․ այնքան երկար լեզուն դուրս հանած պահեց, որ հավանաբար կարելի էր բոլոր մանրամասնություններով դիտարկել այն։

-Ըհը՜, - ասաց Զիգմունդը և հայացքը թեքեց դեպի այտամորուքով տղամարդն ու նրա կինը։

Արդեն նախուտեստ էին մատուցել նրանց։ Պարոնը ոստրեներ էր կուլ տալիս՝ փոքրիկ արծաթե դանակով վստահորեն բացելով դրանց խեցիները, և ինչ-որ բան էր ասում զուգընկերուհուն, որը ժպտում էր, գլխով անում և շամպինյոններ դնում բերանը․ երկատամ պատառաքաղով դրանք հատ առ հատ վերցնում էր ափսեից և ուշադիր զննում մինչև թանձր դեղին սոուսի մեջ թաթախելը։ Այնուհետև պարոնը, շշի վզիկը բաժակի ծայրին զրնգացնելով, սպիտակ գինի լցրեց իրեն, խմեց այն և մոտ բերեց ապուրով ամանը։

Մոտեցավ մատուցողը և սկուտեղի մեջ դրված տապակած մեծ ձուկ դրեց սեղանին։ Ձկանը նայելով՝ կինը հանկարծ ափահարեց ճակատն ու սկսեց ինչ-որ բան ասել իր զուգընկերոջը։ Վերջինս նրա վրա բարձրացրեց հայացքը, որոշ ժանանակ լսեց նրան և թերահավատությամբ ծամածռվեց, այնուհետև ևս մի բաժակ գինի խմեց ու սկսեց խնամքով ծխախոտ լցնել կարմիր կոնաձև ծխամորճի մեջ, որը մատնեմատի և ճկույթի միջև էր բռնել։

- Ըհը՜,- ասաց Զիգմունդն ու հայացքը հառեց սրահի հեռավոր անկյանը, որտեղ կանգնած էին հաստատության տիրուհին և պնդակազմ մատուցողը։

Այնտեղ մութ էր, ավելի շուտ ավելի մութ, քան մյուս անկյուններում․ առաստաղից կախված էլեկտրալամպն այրվել էր։ Տիրուհին վերև էր նայում՝ գեր ձեռքերը կոնքերին հենած․ այդ դիրքի և գույնզգույն զիգզագներով գոգնոցի պատճառով անտիկ ամֆորայի[1] էր նմանվում։ Մատուցողն արդեն բերել էր երկար ձեռնասանդուղքը, որն այժմ դատարկ սեղանի կողքին էր դրված։ Տիրուհին ստուգեց, թե արդյոք ամուր է դրված ձեռնասանդուղքը, մտազբաղ քորեց գլուխը և ինչ-որ բան ասաց մատուցողին։ Վերջինս շրջվեց և գնաց բարի կանգնակի մոտ, դրա հետևը մտավ, կռացավ և որոշ ժամանակ ընդհանրապես չէր երևում։ Մեկ րոպե հետո ուղղվեց և ինչ-որ փայլուն ձգված առարկա ցույց տվեց տիրուհուն։ Տիրուհին եռանդով գլխով արեց, և մատուցողը վերադարձավ նրա մոտ, գտած լապտերը վեր բարձրացրած ձեռքում պահելով՝ այն մեկնեց տիրուհուն, բայց վերջինս բացասական շարժում արեց գլխով և մատով հատակը ցույց տվեց։

Հատակի մեջ՝ դատարկ սեղանի կողքին, մեծ քառակուսի մտոց[2] կար։ Այն գրեթե անտեսանելի էր այն պատճառով, որ կափարիչը պարկետային շեղանկյուններով էր ծածկված, ինչպես ամբողջ հատակը, և միայն փայտի մեջ ընկղմված պղնձե օղակից և պարկետային պաճուճական նախշերը հատող երկշերտ եզրազարդից կարելի էր գլխի ընկնել դրա գոյության մասին։

Ծնկներից կոկիկ վեր քաշելով շալվարը՝ մատուցողը կքանստեց, բռնեց պղնձե օղակը և մեկ հուժկու շարժմամբ բացեց մտոցը։ Տիրուհին դեմքը ծռմռեց և մե՛րթ մի ոտքի վրա հենվեց, մե՛րթ՝ մյուս։ Մատուցողը հարցական նայեց նրան, տիրուհին նորից եռանդով գլխով արեց, և նա իջավ ներքև։ Ըստ երևույթին, գետնի տակ կարճ սանդուղք կար, որովհետև սև քառակուսու խորության մեջ էր ընկղմվում կարճ ձգումներով, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում էր մեկ անտեսանելի աստիճանի։ Սկզբում կափարիչն ինքն էր բռնում, բայց երբ բավականաչափ խորը իջավ, տիրուհին օգնության հասավ նրան․ առաջ թեքվելով երկու ձեռքերով բռնեց այն և լարված հայացքը հառեց սև անցքին, որտեղ անհետացել էր իր գործընկերը։

Որոշ ժամանակ անց մատուցողի բաճկոնը, որն արդեն բավականին կեղտոտվել էր փոշուց և սարդոստայնից, կրկին հայտնվեց հատակի մակերևույթին։ Դուրս գալով՝ վճռականորեն փակեց մտոցն ու քայլեց դեպի ձեռնասանդուղք, բայց տիրուհին ժեստով կանգնեցրեց նրան և հրամայեց դեպի իրեն շրջվել։ Մանրակրկիտորեն թափ տալով մատուցողի բաճկոնը՝ վերցրեց էլեկտրալամպը, շնչեց դրա ապակու վրա և մի քանի անգամ նրբորեն ափն անցկացրեց դրա վրայով։ Ձեռնասանդուղքի կողմ քայլ անելով՝ ոտքը դրեց դրա ներքևի աստիճանին, սպասեց, մինչև մատուցողը ամուր բռներ այն երկու կողմից, և բարձրացավ։

Այրված էլեկտրալամպը  նեղ ապակե լուսամփոփի ներսում էր գտնվում, որը երկար լարի վրա էր կախված, այնպես որ հարկավոր չէր շատ բարձրանալ։ Հինգ կամ վեց աստիճան բարձրանալով՝ տիրուհին ձեռքը մտցրեց լուսամփոփի մեջ և փորձեց պտտեցնելով հանել էլեկտրալամպը, բայց այն չափից ավելի ամուր էր ներպտուտակված, և լուսամփոփը սկսեց լարի հետ միասին պտտվել։ Այդ ժամանակ նոր էլեկտրալամպը բերանը դրեց՝ շուրթերով զգուշորեն բռնելով ցոկոլից, և բարձրացրեց երկրորդ ձեռքը, որով բռնեց լուսամփոփի ծայրը, դրանից հետո գործն ավելի արագ ընթացք ստացավ։ Պտտելով հանելով այրված էլեկտրալամպը՝ գոգնոցի գրպանը դրեց այն և սկսեց ներպտուտակել նորը։ Ուժեղ ձեռքերով սեղմելով ձեռնասանդուղքը՝ մատուցողը զմայլված հետևում էր նրա գեր ափերի շարժումներին՝ ժամանակ առ ժամանակ լեզվի ծայրով լիզելով չորացած շուրթերը։ Հանկարծ անփայլ լուսամփոփի տակ լույս վառվեց, մատուցողը ցնցվեց, աչքերը կկոցեց և մի վայրկյանով թուլացրեց բռնելաձևը։ Ձեռնասանդուղքի մասերը սկսեցին հեռանալ միմյանցից, տիրուհին թափահարեց ձեռքերն ու քիչ մնաց ընկներ հատակին, բայց ամենավերջին պահին մատուցողը հասցրեց բռնել ձեռնասանդուղքը, և անիրական արագությամբ երեք կամ չորս սանդուղք հաղթահարելով՝ վախից գունատված տիրուհին թռավ պարկետին և քարացավ մատուցողի հանգստացնող գրկում։

- Ըհը՜, ըհը՜,- բարձրաձայն ասաց Զիգմունդը և հայացքը հառեց սեղանի շուրջ նստած զույգին։

Կեղծամով կինը հասցրել էր աղանդերին անցնել․ ձեռքին կրեմով երկարավուն ձողիկ կար, որը լայն կողմից կամաց-կամաց կրծոտում էր։ Երբ Զիգմունդը հայացքը նրա վրա բարձրացրեց, կինը հենց այդ պահին պատրաստվում էր մեծ կտոր կծել․ ձողիկը բերանը մտցնելով՝ ատամներով սեղմեց այն, և սպիտակ թանձր կրեմը, պատռելով ոսկեգույն բարակ տուփիկը, ճզմվելով դուրս եկավ խմորեղենի հետևի մասից։ Այտամորուքով տղամարդը միանգամից արձագանքեց, և խմորեղենից դուրս պրծած կրեմային պրոտուբերանեցը[3] սփռոցին ընկնելու փոխարեն ընկավ պարոնի ափի մեջ։ Տիկինը բարձրաձայն ծիծաղեց։ Պարոնը կրեմով լի ափը մոտեցրեց բերանին և մի քանի անգամ լիզեց այն, ինչը ևս մեկ ծիծաղի պոռթկում առաջացրեց նրա զուգընկերուհու մոտ․ վերջինս նույնիսկ մինչև վերջ չկերավ խմորեղենը և ձկան կմախքով սկուտեղի մեջ գցեց այն։ Կրեմը լիզելուց հետո պարոնը բռնեց տիկնոջ ձեռքն և զգացմունքայնորեն համբուրեց այն, իսկ տիկինը վերցրեց նրա առջև դրված ոսկեգույն գինով գավաթը և մի քանի կում խմեց։ Դրանից հետո պարոնը նորից ծխեց՝ ծխախոտը լցնելով կոնաձև կարմիր ծխամորճի մեջ․ մի քանի անգամ ներս քաշեց, հետո սկսեց ծխի քուլաներ թողնել։

Անկասկած, այդ բարդ արվեստի մեծ վարպետն էր։ Սկզբում ալիքավոր եզրով գորշակապույտ մեծ օղակ բաց թողեց, իսկ հետո ավելի փոքր օղակ, որն առաջինի միջով անցավ՝ բացարձակապես չդիպչելով դրան։ Դիմացը՝ օդի մեջ, թափահարելով՝ քանդեց ծխային ողջ կառույցը և երկու նոր օղակ բաց թողեց՝ այս անգամ նույն չափի, որոնք մեկը մյուսի վերևում կախված մնացին՝ համարյա ճշգրիտ «ութ» ձևավորելով։ Նրա զուգընկերուհին հետաքրքրությամբ հետևում էր կատարվածին՝ մեքենաբար փայտե ծամակալով հրելով ափսեի մեջ դրված ձկան գլուխը։

Եվս մեկ անգամ թոքերի մեջ ծուխ հավաքելով՝ պարոնը երկու բարակ, երկար շիթ բաց թողեց, որոնցից մեկն անցավ վերևի օղակի միջով, իսկ մյուսը՝ ներքևի, որտեղ դրանք դիպան միմյանց և միահյուսվեցին մանուշակագույն աղոտ քուլայի մեջ։ Տիկինը ծափահարեց։

- Ըհը՜,- բացականչեց Զիգմունդը, և պարոնը շրջվելով հետաքրքրված հայացքով ոտքից գլուխ չափեց նրան։

Զիգմունդը նորից երեխաներին նայեց։ Ըստ երևույթին, նրանցից մեկը հասցրել էր խաղալիքների նոր չափաբաժնի հետևից գնալ։ Այժմ, բացի գնդակից և խորանարդիկներից, նրանց շուրջը թափված էին գզգզված տիկնիկներ և գունավոր պլաստիլինի տձև կտորներ։ Տղան առաջվա նման խորանարդիկներով էր խաղում, բայց այժմ ոչ թե տուն էր կառուցում դրանցից, այլ երկար ցածր պատ, որի վրա հավասար հեռավորությամբ կանգնած էին երկար կարմիր փետրափնջերով անագե զինվորիկները։ Պատի մեջ մի քանի անցք էր թողնված, որոնցից յուրաքանչուրը երեքական զինվոր էր հսկում, մեկը՝ դրսից, երկուսը՝ ներսից։ Պատը կիսակլոր էր, իսկ դրանով ցանկապատված տարածության կենտրոնում՝ չորս խորանարդիկներից կոկիկ կառուցված պատվանդանի վրա, գնդակն էր դրված․ այն միայն խորանարդիկներին էր հենված՝ առանց հատակին դիպչելու։ Աղջնակը մեջքով էր նստել եղբորը և ցրված կերպով կրծոտում էր փոքրիկ դեղձանիկի խրտվիլակի պոչը։

- Ըհը՜,- անհանգիստ գոռաց Զիգմունդը։- Ըհը՜, ըհը՜։

Այս անգամ նրան խեթ-խեթ նայեց ոչ միայն այտամորուքով տղամարդը (նա և իր զուգընկերուհին արդեն կախարանի մոտ էին և հագնվում էին), այլ նաև տիրուհին, որը երկար փայտով ուղղում էր պատուհանների վարագույրները։ Զիգմունդը հայացքն ուղղեց տիրուհուն, իսկ տիրուհուց՝ պատին, որտեղ մի քանի նկարներ էին կախված․ լուսինով և փարոսով հիմար ծովանկար ու ևս մեկ հսկայական և անհասկանալի կերպով այնտեղ հայտնված ավանգարդային կտավ՝ երկու բացված դաշնամուր, որոնց մեջ մահացած պառկած են Բունյուելը[4] և Սալվադոր Դալին՝ երկուսն էլ տարօրինակ երկար ականջներով։

- Ըհը՜,- ամբողջ ուժով գոռաց Զիգմունդը։- Ըհը՜, ըհը՜, ըհը՜։

Այժմ բոլոր կողմերից նրան էին նայում և ոչ միայն նայում էին։ Մի կողմից տիրուհին էր մոտենում նրան՝ երկար փայտը ձեռքին, մյուս կողմից՝ այտամորուքով տղամարդը, որի ձեռքին գլխարկ կար։ Տիրուհու դեմքն ինչպես միշտ մռայլ էր, իսկ տղամարդունը՝ հակառակը, կենդանի հետաքրքրություն և հիացմունք էր արտահայտում։ Դեմքերը մոտենում էին և շուտով փակեցին ողջ տեսադաշտը, այնպես որ Զիգմունդը վատ զգաց իրեն և ամեն դեպքում կուչ գալով՝ փափկափետուր գնդիկ դարձավ։

- Ի՜նչ գեղեցիկ թութակ ունեք,- ասաց այտամորուքով տղամարդը տիրուհուն։- Էլ ի՞նչ բառեր գիտի։

- Տարբեր,- պատասխանեց տիրուհին։- Ապա՛, Զիգմո՛ւնդ, մի ուրիշ բան ասա մեզ։

Տիրուհին բարձրացրեց ձեռքը և գեր մատի ծայրը ճաղերի արանքը մտցրեց։

- Կեցցե՛ Զիգմունդը,- պչրանքով ասաց Զիգմունդը՝ ամեն դեպքում ձողի վրայով վանդակի ամենահեռու անկյունը գնալով։ - Զիգմունդը խելացի է։

- Խելացին խելացի է,- ասաց տիրուհին,- բայց ամբողջ վանդակը կեղտոտել է։ Մաքուր տեղ չկա։

- Այդքան խիստ մի՛ եղեք խեղճ կենդանու հանդեպ։ Չէ՞ որ դա նրա վանդակն է, ոչ թե Ձերը, - ասաց այտամորուքով տղամարդը՝ մազերը կոկելով։- Այնտեղ ապրողն ինքն է։

Հաջորդ պահին հավանաբար անհարմար զգաց նրա համար, որ բարի գռեհիկ տիրուհու հետ է զրուցում։ Քարացած դեմք ընդունելով և գլխարկ հագնելով՝ շրջվեց ու գնաց դեպի դուռը։

 

Ռուսերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

 

Ծանոթագրություններ 

[1] Անտիկ անոթ՝ բարձր, ուռուցիկ, դեպի ներքև սեղմվող իրանով, նեղ վզով և վերձիգ զույգ կանթով։

[2] Կափարիչով փակվող անցք՝ ներքև կամ մի բանի ներսն իջնելու համար (լյուկ):

[3] Արևի մակերեսի ժայթքումները։

[4] Կինեմատոգրաֆիայում սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։

 

 

  • Hits: 2816

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: