Նշումներս, թերթից մեկ համար և լուսանկարները պահել եմ մի մեծ թղթապանակում։ Հարցազրույցի տեքստն  ու լուսանկարները հանում եմ այնտեղից։ Ուղիղ երեք տարի է անցել։ Համալսարանի վերջին կիսամյակում էի և ներգաղթյալների հասարակական խնդիրների վերաբերյալ հետազոտությանս համար համագործակցում էի Էսեն քաղաքի տեղական թերթի հետ։ Պետք է հարցազրույց վերցնեի Քեյվան Շուրաբադի անվամբ տասներեք տարեկան մի տղայի հետ, որը համակարգչային ծրագրի նախագծման շնորհիվ դարձել էր Էսեն քաղաքի կրթության ստեղծագործական մրցույթի դափնեկիր։           

Առաջին անգամն էր, որ իրանցի գաղթական ընտանիքին այցելելու էի գնում։ Տունը Վիլհելմ փողոցի հին շենքերից մեկի երրորդ հարկում էր։ Շքամուտքի դռան դիմաց մի նիհար տղամարդ զբաղված էր դռան սղնիով, և ձեռքի գործիքներից ակնհայտ էր, որ նորոգող մասնագետ է։ Հայացքով ինձ հասկացրեց, որ դուռը չի աշխատում, և ներս անցնեմ։ Սակայն ես սեղմեցի երրորդ զանգը, որի վրա լատինատառ գրված էր «Շուրաբադի», և տնախոսի հետևից մի ձայն իրանական խոսվածքով համեմված գերմաներենով ասաց՝ բարձրանամ երրորդ հարկ։ Շենքում վերելակ չկար, իսկ աստիճանահարթակը լցված էր նկուղից բարձրացող տաք կերակուրների բույրերով, և եթե աչքերդ կապեիր, կթվար, թե Գերմանիայում չես։ Կանգնեցի երրորդ հարկի բնակարանի դռան դիմաց և զանգը տվեցի, երբ մի շան հաչոց լսվեց, և Քավեն՝ Քեյվան Շուրաբադիի ավագ եղբայրը, բաց արեց դուռը։ Նիհարիկ շունն էլ նրա ոտքերի արանքով առաջ ցատկեց՝ սկսելով հոտոտել ոտքերիս՝ բոկոտիկի դուրս մնացած ներկած եղունգները։ Քավեն ոտքով խփեց շան փորատակին՝ ասելով․         

- Է՛յ, շա՛ն թուլա, մի՛ կոմ անցիլ, վեգ-վեգ[1]։     

- Բարև,- պարսկերեն ասացի,- ես «Մորգեն Բերիշտ» թերթից եմ։   

Շունը, որ ուժեղ ընկել էր, կաղկանձեց և մի քանի մետր հեռու կանգնելով՝  նայեց ինձ։        

- Է՜․․․ դուք իլանցի՞ եք,- լայն ժպտալով ասաց Քավեն,- նելս համեցեք։ - Դուռն ամբողջությամբ բաց արեց՝ ձեռքով միջանցքի վերջը ցույց տալով։            

- Հա, իրանցի եմ, անունս Բիթա է,- ասացի ես։            

Սև աչքերն ուղիղ հառել էր վրաս։ Բարձրահասակ էր, թխամաշկ, բեղերով և խիտ, գանգուր մազերով։ - Ես էլ Քավեն եմ։ - Շունը տարուբերեց պոչը և դեպի ինձ շարժվելով՝ եկավ հյուրասենյակ։ Սենյակի պատերը կակաոյի գույնի էին, իսկ ներսում դեռ կեսօրվա բրնձի հոտն էր զգացվում։               

Ինչպես շատ ներգաղթյալներ, այդքան էլ գույք չունեին։ Նստեցի սենյակի ծայրի բորդո, հնամաշ կաշվից բազմոցի անկյունին և հարցրի․           

- Դուք Քեյվանի եղբա՞յրն եք։

- Հա, իմ փոքլ եղբայլն է,- Քավեն էլ, շունն էլ նայում էին ինձ,- պապայիս հետ գնացել է՝ մազելը կտլի։ Հիմա կգան։

Շունը ցատկեց, կանգնեց բազմոցին՝ իմ կողքը՝ ականջները բարձրացնելով ու պոչը կամացուկ թափահարելով։ Զգուշորեն շոյեցի գլուխը, որից ուրախացած հպվեց ինձ։ Քավեն էլ նստեց բազմոցի մյուս անկյունում և ինչքան էլ փորձեց շանն իր մոտ քաշել, նա միայն պոչն էր հանգիստ աջ ու ձախ անում և չէր էլ նայում։

- Ալի, էստեղ ա՛յ բողկ, քո՛մ-քո՛մ[2]։ - Ինձ թվաց՝ անունը Բողկ է, և ծիծաղս եկավ։ Քավեն վեր կացավ և կանգնելով դռան շրջանակի մեջ՝ ասաց,- թեյ կուզե՞ք։ 

Շնորհակալություն հայտնեցի, ասացի, որ ոչինչ չեմ ցանկանում, միայն թե, եթե դեմ չէ, մինչև Քեյվանի գալը մի քանի հարց տամ իրեն։ Ասաց՝ կլինի, և նորից գնաց, նստեց բազմոցի ծայրին։ Աջ ոտքն անընդհատ ճոճում էր և հետս խոսելիս շարունակ հեռախոսն էր ստուգում։ Մի քանի հարց տվեցի իրենց ընտանիքի անդամների քանակի և Գերմանիա գալու տարեթվի վերաբերյալ։ Հարցերիս արանքով քմծիծաղով ասաց․          

- Ելևում է՝ ելկալ ժամանակ եք Գելմանիայում, հա՞։  

Պատասխանեցի, որ ութ տարի կլինի՝ եկել եմ սովորելու և այժմ էլ մասնագիտանում եմ։ Իրար հետևից հարցեր էր տալիս։ Այն աչքերից ուներ, որ ոչ մեկի հանդեպ վստահություն չունեն։ Կարծես փորձում էր իր հայացքով ներսս թափանցել։ Նրա սառը քմծիծաղից ինձ մոտ վատ զգացողություն էր ի հայտ գալիս։ Ասես նա էր հարցազրույց անցկացնում, ոչ թե՝ ես։ Վերջին հարցին պատասխանելիս ասացի․          

- Չէ՛, դեռ չեմ ամուսնացել։ Ասացիք՝ վեց տարի առաջ եք եկել Իրանից և երկու տարի էլ ապաստանել եք Ստամբուլում։ Հիմա էստեղ սովորո՞ւմ եք։     
Ուզում էր պատասխանել, երբ սենյակում շամպունի թարմ ու խոնավ մի հոտ տարածվեց։

- Ողջո՛ւյն, ես Մահսան եմ՝ Քեյվանի քույրը։      

Շունը ներքև ցատկեց՝ գնալով բաց ներկած վարսերը ուսերին փռած աղջկա մոտ։ Մահսան չսպասեց իմ պատասխան բարևին և Քավեից հարցրեց․ 

- Բա ինչի՞ չեն եկել։      

Քավեն ուսերը թոթվեց և դուրս եկավ սենյակից։ Մահսան ու Քավեն երկուսն էլ պարսկերեն առանց ակցենտ էին խոսում և տասնինը, քսանմեկ տարեկան էին։ Մահսան, գրկեց շանը, եկավ, նստեց իմ դիմաց և շանը շոյելով ասաց․    

- Պապան Քեյվանի մրցանակի տեղը նրան է վերցրել։ Քեյվանը նրան Էփ է ասում, էն նույն էփի[3] պատվին, որ նախագծել է։ Բայց էս խելառ Ափը մեր հոգին կերել է։ Դեռ չի սովորել։    

- Փոքր է, շուտ կսովորի,- ժպտալով ասացի ես։           

Վերցնում եմ խոշորացույցը՝ ակնդետ նայելով Շուրաբադիների ընտանիքի լուսանկարին։ Տեր և տիկին Շուրաբադիները նստած են կաշվե բազմոցին, իսկ Քեյվանն ու նրա քույրը՝ Մահսան, կանգնած են իրենց ծնողների մեջքի հետևում։ Սակայն Քավեն, ով ամենաբարձրահասակն է, իր քրոջից ու եղբորից հեռու կանգնել, նայում է ֆոտոխցիկի օբյեկտիվին։ Սենյակի միակ զարդարանքը գունաթափ ձեռագործ գոբելենն է և ոսկեգույն ինքնաեռը։ Խեղճ շունն էլ կա նկարում։ Մեկնվում եմ բազմոցին՝ փորձելով ավելի լավ հիշել այդ օրը։ Քավեն մի քանի րոպե անց իր քառասանուերեքամյա մոր հետևից վերադարձավ սենյակ։ Տիկին Շուրաբադին սպիտակամաշկ, կարճահասակ ու գիրուկ կին էր՝ ոտքից գլուխ սև հագած, և անհնար էր չնկատել նրա աչքերի տրտմությունը։ Ինձ «Հույն Զոռբայի» այրի կանանց էր հիշեցնում։ Թեյի սկուտեղն ու բիսքվիթի ափսեն պահել էր իմ ուղղությամբ՝ պնդելով, որ թեյի հետ մի կտոր բիսքվիթ ուտեմ, երբ լսվեց բանալու պտտվելու ձայնը։ Էփը ցատկեց միջանցք ու հաչաց։ Քեյվանն ու հայրն աղմուկ-աղաղակով մտան ներս, և պարոն Շուրաբադին, իր հպարտ հայացքով աչքերը իմ վրայից սահեցնելով դեպի Քեյվանը, ասաց․

- Ողջո՛ւյն, խանում, բարով եք եկել։ Ներեցեք, որ մի փոքր ուշացանք։ Ինժեներին վարսավիրանոց էի տարել։               
Քեյվանի մազերը մեջտեղի հատվածում ավելի երկար էին և սանրված էին վեր։ Միայն նա էր պարսկերենը մի փոքր ակցենտով խոսում, և ձայնն էլ կոկորդային էր և ինչ-որ չափով զվարճալի։

- Պա՞պ, ինչո՞ւ ես էդպես ասում,- ասես հորից ձանձրացած ձայնով հարցրեց նա,- ես դեռ ինժեներ չեմ։   

Պարոն Շուրաբադին ծիծաղեց, աչքով արեց ինձ և ձեռքը դնելով Քեյվանի ուսին՝ ասաց․   

- Ինձ համար դու հիմիկվանից էլ ինժեներ ես։ Գնա, նստի՛ր․ տիկնոջը շատ սպասեցրինք։

Ամբողջ ընտանիքը նստած էր սենյակում, երբ սկսեցի իմ հարցազրույցը։ Նախ գերմաներեն մի քանի հարց տվեցի Քեյվանին և մոտիկից մի քանի լուսանկար արեցի նրա ճերմակ դեմքը, որի վրա՝ աղվամազերի տակից մի քանի կարմիր պզուկներ էին ի հայտ եկել։ Տղան մատով աջ հոնքն էր ոլորում և մի քանի անգամ էլ ձեռքը տարավ դեպի ափսեն ու բիսքվիթները տակնուվրա արեց, բայց ոչինչ չվերցրեց։ Մի քանի անգամ էլ Էփին ձայն տվեց, բայց շունը Մահսայի գրկից չիջավ։ Քեյվանն անընդհատ շուռումուռ էր գալիս ու տեղը փոխում և նույնիսկ մի անգամ ինքն իրեն վեր կացավ, նստեց բազմոցի թևին։               

- Քեյվա՛ն, մարդավարի նստիր,- միանգամից սաստեց պարոն Շուրաբադին,- Բիթա խանումը հարց է տալիս։               
Քեյվանի սպիտակ այտերը շիկնեցին, իսկ Քավեն բարձրաձայն ծիծաղեց և դառնալով հորը՝ ասաց․          

- Ինժեներն իրար է խառնվել։

Պարոն Շուրաբադին աչքերը կկոցեց և առանց Քավեին նայելու ասաց․      

- Մարդավարի՛ նստիր։             
Քավեն քմծիծաղ տվեց, քթի տակ ինչ-որ բան ասաց, որը չհասկացա, և նորից հեռախոսը միացրեց՝ ցույց տալով, որ ուշք ու միտքն ուրիշ տեղ է։ Տիկին Շուրաբադին կարծես գերմաներենով չէր հասկանում իմ ու Քեյվանի հարց ու պատասխանները․ երբեմն շրջազգեստի փեշն էր ուղղում՝ աչքերը հառած հավանաբար Իրանից հետները բերած գորգի կարմիր ծաղիկներին։ Մահսան ու Էփն ինձ էին նայում, Մահսան կամ իր մազերի հետ էր խաղում կամ էլ Էփին էր շոյում։ Որպեսզի Քեյվանը հանգստանա, գերմաներեն ասացի․   

- Գիտեմ՝ էս հարցերը քեզ նման խելացի տղայի համար հաստատ ձանձրալի էին, սա վերջինն է և ուզում եմ պարսկերեն հարցնել։ Եթե չհասկացար, ասա՝ գերմաներեն ասեմ։- Քեյվանը հոր նկատողությունից հետո խրվել էր բազմոցի մեջ և գլուխն այնպես էր կախել, որ չէի կարողանում տեսնել նրա աչքերը։ - Քեյվա՛ն, հիշո՞ւմ ես Իրանը։ Կուզե՞ս հետ գնալ։

Տղան նայեց իր մորը և կարծես տատասկների միջից դուրս եկող ձայնով պարսկերեն ասաց․

- Մամային ասել եմ՝ երևի հետո իր հետ գնամ։ Իրանը միշտ ֆոտոներով եմ տեսնում, բայց քիչ բան եմ հիշում։               

Երբ առաջարկեցի լուսանկարել իրենց ընտանիքին, Քեյվանի մայրը բլուզի փեշը քաշեց շրջազգեստի վրա․ պարզ էր՝ իրար վրա հպված ճարպաշերտերից էր ամաչում։ Հետո ասաց՝ կլինի չնկարվեմ։ Մինչ պատասխան կտայի, պարոն Շուրաբադին, ձեռքը դնելով կնոջ շրջազգեստին, ասաց․      

- Թարանե՜, քեֆդ քոք պահի։ Մի նկար է, էլի․ նստի՜։

Պարոն Շուրաբադիի աչքերն ուրախությունից փայլում էին, և ձեռքն էլ կնոջ շրջազգեստին էր, երբ ֆոտոխցիկի օբյեկտիվին նրանց ընտանիքի լուսանկարը պատկերվեց։ Ես ֆոտոխցիկն էի հավաքում, երբ պարոն Շուրաբադին ասաց․

- Ո՞ւր։  

Զարմացած շրջվեցի և տեսա, որ Քավեին նկատի ունի։        

- Գալիս եմ։       

Քավեի հետևից գնացած Էփի ոտնաձայները լսվեցին, հետո՝ կարճ կաղկանձ, այնուհետև՝ դռան փակվելու ձայն։ Սիրտս ցավեց Էփի համար․ հաստատ նորից քացի էր կերել։

Առավոտյան՝ նախքան շարժվելս, Շուրաբադիների ընտանեկան լուսանկարը դրեցի պայուսակս, իսկ թերթն ու մնացած նշումները՝ թղթապանակը։ Ճանապարհին մտածեցի, որ անհնար է՝ ինձ չհիշի։ Բժշկական քարտն ու հանդիպման թույլտվությունը պարզեցի հսկիչին։ Երբ դուռը բացվեց, լյումինեսցենտային լամպի սպիտակ ու սառը լույսի տակ տեսա Քավեի սև աչքերը, որ զարմացած ինձ էին նայում։ Քարացա, մարմինս փշաքաղվեց։  

- Ողջո՛ւյն, պարո՛ն Քավե։ Բիթա Սադրին եմ։ Հիշո՞ւմ ես ինձ։              
Քավեն առաջ կռացավ և աչքերը կկոցեց։ Համոզվեցի՝ ճանաչել է ինձ, հենվեց աթոռի թիկնակին և էլ չնայեց ինձ։      

- Ընտրել եմ, որ լեզվական խնդիրներ չառաջանան․ պիտի միասին մի քանի թեստ անենք։ - Հսկիչին նշան արեցի, որ կարող է փակել դուռը։ Քավեն կախել էր գլուխը։ - Ինչքան շատ խոսեք, այնքան շատ կարող եմ օգնել ձեզ։ Պատրա՞ստ եք՝ սկսենք մեր գործը։

- Ոտնաթաթը շրջանաձև պտտում էր հատակին և չէր նայում ինձ։ Նստեցի նրա դեմ դիմաց՝ աթոռին։ - Հիշո՞ւմ եք՝ քանի տարի առաջ էի հարցա․․․    

Չթողեց՝ նախադասությունս ավարտին հասցնեմ։ Գլուխը բարձրացրեց վեր։ Զգացի, որ երեսը երեք տարի առաջվանից ավելի է սմքել։  Ծաղրալից մի հայացք, ինչպես նիզակ, նետեց իմ դեմքին ու ասաց․    

- Հիշում եմ։ Խանում, դոկտո՞լ ես դալել։ Հավես չունեմ ․․․ ինձ օգնություն պետք չի։ Ասա՝ հանգիստ թողեն ինձ․․․ ուզում եմ՝ քնեմ։

Նրա գործերի միջի փաստաթղթերի համաձայն՝ այդ ողբերգությունից մոտ չորս ամիս առաջ աշխատանքի էր ընդունվել և հիմնականում օրերն անց էր կացնում իր աշխատավայրում՝ իրանցի վաճառականի գորգի խանութում։ Հուլիսի յոթին էլ, ինչպես միշտ, իր համար գնում է խանութ։ Այնտեղ էլ հենց ձերբակալել էին։ Զենքը հավանաբար խանութի գրասեղանի թաքնադարակից էր վերցրել։           

Երեք տարի առաջ պարոն Շուրաբադին իր կրտսեր որդու՝ Քեյվանի հանդեպ ունեցած իր ողջ հպարտությամբ մնաս բարով անելիս ինձ ուղեկցելու պատրվակով եկել էր մինչև մեքենան ու ասել․         

- ․․․ եթե էս ինժեների պահը չլիներ, ընդհանրապես էստեղ չէինք մնա, Բիթա՛ խանում։ Կյանք չունենք։ Էն Թարանեն քսանչորս ժամ լացում է ու ասում՝ հետ դառնանք Իրան։ Մահսան էլ ասում է՝ ես չեմ վերադառնա։ Ասում եմ՝ ա՛յ կին, հեչ մտածել ե՞ս՝ ոնց կարող ես աղջկան թողնել ու գնալ։ Վաղը մի գերմանացի չգա, խելքն ուտի, դառնա քեզ փեսա։ Դե էն Քավեին էլ տեսաք․ անգամ չկարողացավ էստեղ դիպլոմ վերցնել։ Անընդհատ ընկնում է լեհ ու թուրք լակոտ-լուկուտների խելքին։ Վերջը ինքն էլ է մի փորձանք բերելու մեր գլխին։ Որ Իրանում էլ էինք, նույն պատմությունն էր։ Մի օր ստիպված գնացի, ոստիկանությունում երաշխավորեցի։ Բայց գոնե էնտեղ բերաններս լեզու կար, Բիթա՛ խանում, իմ հայրենիքն էր, անուն-պատիվ ունեի։ Տեսնում եք՝ մեծ տղա, փոխանակ աշխատի, նստել է տունը։ Սրտիս մենակ էս Քեյվանն է։ Մեծ խնդրանք է, եթե մի գործ ունենաք ձեր աչքի տակ իմ կամ Քավեի համար, երախտապարտ կլինեմ։ Ինչ գործ էլ լինի, կապ չունի։ Ոնց էլ չլինի, թերթում եք աշխատում, լիքը մարդկանց եք ճանաչում։           

Այսպես խոսեց պարոն Շուրաբադին, իմ հետևից փակեց մեքենայի դուռն ու վառեց իր ծխախոտը։ Պատուհանն իջեցնելով՝ ասացի․        

- Ես ժամանակավորապես եմ համագործակցում թերթի հետ ու շատ մարդկանց էլ չեմ ճանաչում։ Առանց մասնագիտացման էստեղ շատ դժվար է գործ գտնել։ Բայց, աչքիս վրա, թե մի բան իմանամ, ձեզ իմաց կանեմ։ 

Երբ հեռանում էի, ինձ մայթից ձեռքով արեց, և դեմքը կողային հայելու մեջ խունացավ ծխախոտի ծխի հետևում։         

Ընտանեկան լուսանկարը դրեցի նրա առաջ։              

- Երբվանի՞ց էիր եկել էդ մտքին։         

 Ձեռքը տարավ մազերին՝ հայացքը գամելով մոխրագույն պատին։               

Փոքլուց ծեծում էլ։ Մամային՝ ինձնից շատ։    

 Նկարին չէր նայում։   

- Քավե՛, գիտե՞ս՝ երբվանից էր լեզուդ փակվում։ Ինչ-որ մի բան հիշո՞ւմ ես։

Ընտելացել էի նրա դեմքի քմծիծաղին։ Երբ բարկանում էլ էր, դեմքի միմիկան չէր փոխվում։

- Մի՛շտ, մի՛շտ․․․, էստեղ էլ էր ծեծում։ Հանգի՛ստ թող ինձ, ա՛յ մարդ։

- Իսկ Քեյվանին ու Մահսայի՞ն,- հարցրի ես։

- Չէ՛, մենակ ինձ ու մամային։

 - Կարծում ես՝ պիտի պատժվեի՞ն։ Կարո՞ղ ես հիշել այդ օրը։             
 

Ամեն ինչ հիշեց, բայց՝ խառը ժամանակագրությամբ։ Զեկույցս էլ համալրեցի թեստերի պատասխաններով, իսկ դրսից լսվող շան ձայնը խեղճ Էփին հիշեցրեց։

Պարոն Շուրաբադին երեք օր կոմայի մեջ էր մնացել, բայց հետո մահացել էր։ «Մորգեն Բերիշտ» թերթը երկու ամիս անց գլխագիր էր գրել․ «Իր ընտանիքի չորս անդամներին ու շանը քնած ժամանակ սպանած իրանցի ներգաղթյալ մի պատանի դատապարտվել է ցմահ ազատազրկման»։


     

        

[1] Weg – մի կողմ անցնել (գերմ․):

[2] Komm -արի՛ (գերմ․):

[3] Էփ (application) – ծրագիր։  

 

 

 

Պարսկերենից թարգմանեց Արեգ Բագրատյանը

  • Hits: 2858

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: