Բեզանսոնում էի։ Մի օր, մտնելով իմ սենյակ, տեսա՝ այնտեղի աշխատողը, իր կապույտ, կեղտոտ գոգնոցը կապած, փոշիներն է սրբում։ Ինձ տեսնելուն պես գնաց, սեղանից վերցրեց պատերազմի մասին գերմաներենից նոր թարգմանված մի գիրք և ասաց․
- Կլինի՞ այս գիրքը տաք՝ կարդամ։
- Ձեր ինչի՞ն է պետք,- զարմացած հարցրի ես,- դա վեպ չէ։
- Գիտեմ, գիտեմ։ Բայց ախր ես էլ եմ պատերազմում եղել, գերի եմ ընկել բեշերին։
Քանի որ գերմանացիների արարքների մասին սուտ ու ճիշտ բաներ էի լսել, հետաքրքրվեցի, ուզեցի մի խոսք քաշել նրանից, բայց մտածեցի, որ բոլոր ֆրանսիացիների պես հիմա կսկսի հազար ու մի հայհոյանք թափել գերմանացիների հասցեին։
Ձեզ հետ շա՞տ վատ են վարվել բեշերը (ֆրանսերենում «գերմանացի» բառի փոխարեն ծաղրական այսպես են դիմում)։ Հնարավո՞ր է՝ պատմեք ձեր գերության մասին։
Իմ այդ հարցը դիպավ նրա սրտի խոցերին և այսպես սկսեց պատմել․
- Ես երկու տարի գերի եմ եղել Գերմանիայում։ Կարճ ժամանակ էր, ինչ ծառայության էի անցել, Նանսի քաղաքի մոտ էի, երբ պատերազմը սկսվեց։ Մոտ երեք հարյուր հոգի կլինեինք։ Գերմանացիները շրջափակեցին մեզ ու սկսեցին օդ կրակել։ Մենք էլ այլ ելք չունեինք, չէինք կարող դիմադրել, բոլորս գցեցինք մեր զենքներն ու ձեռքներս վեր բարձրացրինք։ Գերմանացիներից մի քանիսը առաջ եկան, նրանցից մեկը ֆրանսերենով ասաց․ «Ձեր բախտը բերել է, որ պատերազմն ավարտվեց ձեզ համար։ Շատ կուզեինք, որ ձեր փոխարեն լինեինք»։ Հետո մեր գրպանները փորփրեցին, ինչքան զենք ունեինք, վերցրին և մեզ խմբերի բաժանած՝ հսկելով ուղղորդեցին։ Մեր շարքերում մի քանիսը վիրավոր էին, նրանց հոսպիտալ ուղարկեցին։ Երկու օր ճանապարհ անցնելուց հետո ինձ ու մի ֆրանսիացու վիրավոր ռուս գերիների սենյակի հսկիչ կարգեցին։ Բայց այդ գործն այնքան կեղտոտ էր և ռուս վիրավորներն էլ այնքան էին թքում գետնին, որ ես մի քանի օրից ավել այնտեց չմնացի։ Խնդրեցի՝ գործս փոխեն, նրանք էլ համաձայնեցին։ Ինձ ուղարկեցին Քյոլն քաղաքի մոտակայքի գյուղերից մեկը՝ գյուղատնտեսական աշխատանքների։ Ընկերս էլ հետս էր։ Առավոտյան ժամը վեցից արթնանում էինք, մտնում գոմ, ձիերին էինք մաքրում, հսկում գետնախնձորի արտերը։ Մեր գործը դա էր։ Հենց այնտեղ էլ ես ու ընկերս մտքներիս դրեցինք փախուստի դիմել։ Երկու օր, երկու գիշեր ոտաբոբիկ զարտուղի ճանապարհներով այս ու այն կողմ էինք գնում, փորձում էինք Հոլանդիայով գնալ Ֆրանսիա։ Հիմնականում գիշերով էինք ճանապարհ ընկնում, ցավոք սրտի՝ գերմաներեն չգիտեինք։ Քանի որ լսողությունս էլ վատ էր, ես գերմաներեն մի քանի բառից ավել չսովորեցի, բայց ընկերս ինձնից շատ էր սովորել։ Մի օր, ի վերջո, բռնվեցինք, մեր տեղը փոխեցին՝ ուղարկելով Գերմանիայի հարավ։
- Վերջներդ չտվեցի՞ն։
- Չէ՛։ Մենակ վախեցրին, որ եթե մեկ անգամ էլ նույնը փորձենք, մեր ազատությունը կսահմանափակեն ու ավելի դժվար գործեր կհանձնարարեն, բայց անելիքներս նախկինի պես գյուղատնտեսական գործերն էր, տեղներս էլ ավելի լավն էր դարձել։ Աղջիկների հետ սիլի-բիլի էինք անում։ Այսինքն՝ ցերեկները, երբ գործ էինք անում անտառներում, հսկիչ կար, որ գերիներից մեկը հանկարծ չփախչի, իսկ գիշերները գաղտագողի դուրս էինք գալիս։ Մի կին ընկերոջիցս հղիացավ։ Քանի որ մեր պարանոցներից թվանշաններ էին կախել, գիշերները դրանց վրա մի սպիտակ թաշկինակ էինք կարում և ամեն օր՝ երեկոյան ժամը ութին, դուրս էինք գալիս դաշտից։ Երկաթգծի մոտակայքը մեր ու աղջիկների հանդիպման վայրն էր։ Ծիծաղելին այն էր, որ մենք չէինք հասկանում նրանց լեզուն։ Իմ աղջիկը շիկահեր էր։ Ես շատ էի սիրում նրան և երբեք չեմ մոռանա։ Վերջը մի քանի խորամանկներ գլխի ընկան, բողոքեցին մեզանից, մենք էլ մի քանի գիշեր չգնացինք, հետո փոխեցինք մեր հանդիպման վայրը․․․
- Գերմանացիների վատ վերաբերմունքը ձեր հանդեպ ո՞րն էր։
- Ոչ մեկը։ Քանի որ մենք մեր գործն անում էինք, նրանք էլ գոհ էին մեզնից և գործ չունեին մեզ հետ։ Միայն երկու-երեք անգամ մեր թղթերը չհասցրին։
- Ի՞նչ թուղթ։
- Գերիների համար փոխանակության թղթեր կային։ Այդկերպ գերմանացի գերիների թղթերը ֆրանսիացիներն էին վերցնում, իսկ գերմանացիներն էլ ֆրանսիացի գերիների թղթերն էին բաժանում իրար մեջ։
- Պատճառը ո՞րն էր։
- Ասում էին՝ Ֆրանսիայում գերի ընկած գերմանացիներին ֆրանսիացիները Ալժիր են ուղարկել և նրանց ստիպել ծանր գործեր անել և նրանց հանդեպ էլ վատ էին վերաբերվում։ Այդ պատճառով գերմանացիներն էլ մեր թղթերը չէին հասցնում, բայց երբ լսեցինք, որ նրանք պարտվել են, և որոշված էր, որ պիտի Ֆրանսիա վերադառնանք, ընկերոջս հետ այնքան անկարգություններ արեցինք։ Ո՞վ ռիսկ կաներ հետներս լեզու թրջել․
Դրանից հետո կես ժամ էլ պատմեց իր գերությունից, մի հոգոց հանեց ու ասաց․
- Կյանքիս լավագույն շրջանը Գերմանիայում գերությանս օրերն էին։
Եվ ավելը վերցնելով՝ դուրս եկավ սենյակից։
10-ը ապրիլի, 1932
Պարսկերենից թարգմանեց Արեգ Բագրատյանը
- Hits: 3860