Անդառնալիության կետը. Աստղիկ Սիմոնյան

Երբ իմացա, որ Վաչիկն ամուսնացել է, մի քիչ զարմացա: Իսկ երբ Աիդային տեսա, զարմանքս կրկնապատկվեց: Վաչիկը լուռ, մուզմուզ, ինֆանտիլ  տղաների տեսակին էր պատկանում: Ոչ մի բանով առանձնապես աչքի չէր ընկնում, թերևս միակը տարիքին ոչ համապատասխան հանդարտությունն էր, բայց դա էլ, նշեցի, տեսակի հարց էր: Աիդան աշխույժ էր, շփվող, միշտ ժպտադեմ  ու շատ գեղեցիկ: Ամեն անգամ նրանց միասին կամ առանձին տեսնելիս փորձում էի հասկանալ՝ ի՛նչն էր նրանց կապել ու այդպես էլ համոզիչ պատասխան երբևէ չգտա...

Առաջնեկը տղա էր՝ Հարութիկը: Վաչիկն ասել էր՝ երազ է տեսել, երբ դեռ Աիդան հղի էր:  Իբր Ս. Հարությունն էր եկել, ասել, որ տղա է լինելու, հետևաբար, Վաչիկը որոշել էր եկած սրբի պատվին անվանակոչել որդուն: Վաչիկին իմանալով՝ չէի զարմանա, եթե պարզվեր, որ երազն ինքն է հորինել՝ հոր անունը չդնելու համար: Հեռու չէր Վաչիկից, հոր աչքերին նայելով իր ցանկությունը ասողներից  չէր: Ինչևէ, Հարութիկը ծնվեց ու շատ շուտով մեր ամբողջ շենքի սիրելին դարձավ: Համ քաղցրարյուն էր, համ էլ շատ գեղեցիկ, միաժամանակ՝ տղա՛ երեխայի գեղեցկություն էր․ աղջկա չէիր նմանեցնի: Բայց ամիսներ անց բոլորն էլ սկսեցին նկատել, որ Հարութիկը մշտապես ինչ-որ մեկի գրկին էր: Ինքնուրույն քայլելիս, խոսելիս, նույնիսկ թաթիկն առաջ պարզելիս ոչ մեկը նրան չէր տեսել: Հետո պարզվեց, որ երեխան զարգացման հետ խնդիրներ ունի: Ֆիզիկականն անշեղորեն առաջընթաց էր ապրում, մինչդեռ մտավորը՝ ոչ մի քայլ:

Մեկ-երկու ամիս հետո մեր շենք բժշկական խալաթով ու շտապ օգնության փոքր մեքենայով երկու հոգի եկան ու շատ արագ էլ հեռացան՝ Հարութիկին հետները գրկած տանելով: Շենքը պապանձվեց, երբ իմացավ, որ երեխային տանողները Գյումրուց էին, ինչ-որ մանկական հաստատությունից, որտեղ և՛ մտավոր, և՛ ֆիզիկապես թերզարգացած երեխաներ էին ապրում: Բայց Հարութիկը երկար չապրեց այդ տանը: Ոմանք պնդում էին, որ հիվանդությունն էր խնդիրը, ոմանք, որ կարոտից էր: Չգիտեմ՝ ինչ էր զգացել նրա փոքրիկ սիրտը, բայց այն դադարել էր բաբախել: Հարութիկին վերջին հրաժեշտ տալու ոչ ծնողները գնացին, ոչ էլ տատն ու պապը: Ավելի ուշ իմացանք, որ երեխային մանկական հաստատություն հանձնելու և վերջին հրաժեշտին չգնալու որոշումները տատին ու պապին էին պատկանել: Վաչիկին ու Աիդային ասվել էր որոշման մասին, Վաչիկը լուռ ենթարկվել էր, Աիդան՝ չգիտեմ... Ամեն դեպքում դրանից հետո Աիդան նույնիսկ խանութ չէր գնում: Այնպես որ հասկանալ, թե ինչ վիճակում էր, ոչ ոք չէր կարող...

Տարիներ անցան, ու բժշկական հաստատությունները Երևանում արդեն սպառվել էին․ Աիդային հերթով բոլոր կլինիկաներով պտտել էին․ չէր հղիանում: Բժիշկները միաբերան նույնն էին կրկնում՝ երկուսի մոտ էլ ամեն բան կարգին է, բայց երեխա՝ չկար: Վաչիկի ծնողները բոլոր հետաքրքրվողներին միաբերան նույն պատասխանն էին տալիս՝ վախենում են հիվանդ երեխա ծնվի, երևի վախն է խանգարում: Աիդան առաջվա նման տանից համարյա դուրս չէր գալիս: Համարյայից այն կողմ, մեկ-երկու անգամ տեսնողներ եղել էին Վաչիկի հետ մուտքից արագ դուրս գալիս ու մեքենա նստելիս: Փոփոխությունները, որ նկատել էին՝ քարացած, անժպիտ դեմքն էր, մեկ էլ՝ առանձին քայլելը: Վաչիկի թևը չէր բռնում, նույնիսկ կողքով քայլելիս որոշակի տարածություն էր պահում...

Էլի ինչ-որ ժամանակ հետո Աիդան վերջապես հղիացավ: Բայց մենք այդ ժամանակ արդեն նույն շենքում չէինք ապրում, տեղափոխվել էինք: Հարևաններից մեկը, որ հաճախ էր գալիս մեզ այցի, կիսեց ուրախ լուրն ու հետն էլ ավելացրեց, որ երեխան աղջիկ է: Վաչիկն այս անգամ երազ չէր տեսել, բայց չգիտեմ էլ՝ երեխային տատի անունը տվեցին, թե՝ ոչ: Նույն հարևանը Աիդայի մասին խոսելիս աչքերը փախցնում էր: Հետո ի վերջո պատմեց, որ Աիդային մի երկու անգամ անծանոթ տղամարդկանց հետ է տեսել...

Երևի մեկ կամ երկու տարի էր անցել: Գրողի փորձառությունս  հուշում էր, որ պատմությունը դեռ չի ավարտվել... Ամեն անգամ հարևանիս հանդիպելիս կամ հետը խոսելիս հարցուփորձ էի անում Աիդայից: Ու մի օր էլ պատմեց մի բան, որ գուցե պատմության ավարտը չէր, բայց ինչ-որ հերթական անդառնալիության կետի անցում էր...

...Երեխային կնքել էին ու կնունքի խնջույքի համար Վաչիկենց ընտանիքը մեծ սրահ էր վերցրել, որը հեռու չէր մեր շենքից: Խնջույքի ժամանակ հարևանության, բարեկամության, ընտանիքի ու Վաչիկի աչքի առաջ Աիդան սրահի տիրոջ հետ ֆլիրտ էր սկսել: Մի քանի օր հետո էլ թևը մտած քաղաքում պտտվել... հետո՞... զգում էի, որ դեռ բան ունի ասելու հարևանս... Սկզբում փորձել էին Աիդային արգելել տանից դուրս գալ, բայց նա ամեն անգամ մի հնար գտել ու գնացել էր: Դրանից մեկ երկու օր հետո հարևանիս պիտի տեսնեի: Տաքսին կանգնեց մեր հին մուտքի դիմաց ու մինչ մեքենայից դուրս եկել, սպասում էի, որ վարորդը մանրը վերադարձնի, մուտքից դուրս թռավ գլխաշորով գլուխը փաթաթած, սև ակնոցներով երիտասարդ մի կին: Մի ակնթարթում հայացքը որսաց և՛ տաքսու նշանը, և՛ այն, որ տաքսին ազատ է․ հայացքս իրեն՝ դուռն էի փակում: Ու մինչ փորձում էի հիշողությունս փորփրելով հասկանալ՝ ո՛վ է, արագ նստեց տաքսին ու հեռացավ:

Աիդա՛ն  էր... Բայց ես դա ավելի ուշ հասկացա, երբ հարևանիս հետ սուրճ խմելիս իմացա, որ դեռ ուշ երեկոյան,  նոր տուն մտած Աիդայի ոտքն ու ձեռքը Վաչիկը կապել ու մազ խուզելու մեքենայով մինչև արմատները սափրել էր Աիդայի  գլուխը...

  • Hits: 8261

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: