1892 թվականի Նոր տարվա օրը Էրզրումի մեր տանը քսանյոթ հոգի ենք եղել, 1916 թվականի Ամանորին` երեք հոգի, 1920 թվականի Նոր տարվա օրը` արդեն Երևանի մեր տանը, միայն մեկն էր ինքն իր Նոր տարին շնորհավորել… Եվ այն է, ուր որ է այդ մեկն էլ պետք է չլիներ, երբ նորից դարձել են երկուսը… Երկրորդը մայրս էր, որ չգիտես որ սոված գյուղից եկել, կանգնել էր հորս շեմքին, ու գաղթականը գաղթականին ասել էր. «Շնորհավո՜ր Նոր տարի…»:
Մայրս միշտ ուզեցել է, որ Նոր տարվա օրը մեր տանը նորից քսանյոթ հոգի լինեն, չի ստացվել… Եվ ինչպե՞ս պետք է լիներ, երբ հայրս թողել է մեր տունը, և մնացել ենք երկուսով` ես և մայրս: Ընդհանրապես մարդիկ միանում են, որպեսզի նորից հեռանան: Բազմանում են և հեռանում: Հետո նորից են հանդիպում իրար արդեն բազմացած վիճակում և իրար չեն ճանաչում…
«Ուրիշի գործերին մի խառնվիր»,- ասաց ինձ մայրս առաջին անգամ, երբ ինչ-որ մեկը «պարախոդ» կոչված արդուկով պատռեց այտս և ատամներս դրսից կարելի էր հաշվել… «Ուրիշի գործերին մի խառնվիր»,- ասում էր մայրս հաճախ, երբ ինձ տխուր էր տեսնում: Զարմանալի է, մայրս և ուզում է, որ բազմանանք, իրար հետ լինենք, և վախենում է, որ ես մարդկանց շատ եմ մոտենում: Ես նկատեցի, որ մարդիկ իրար մեջ միշտ տարածություն են թողնում: Այդ տարածությունը աշխարհի ամենահին իմաստությունն է: Եվ ինձ նման համբակները դրանից հազիվ թե բան հասկանան: Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովին տասը մետրից ավելի չէր կարելի մոտենալ: Եվ ինչքան իշխանավորը բարձր է, այնքան տարածությունը մեծանում էր: Եվ ոչ միայն պաշտոններն են տարածություն ստեղծում: Այլ նաև տարածությունն է պաշտոն և նման բաներ ստեղծում: Բոլոր մարդիկ որոշակի տարածություն են պահպանում: Ամբողջ աշխարհը այդպիսի տարածություններով է իրար միացած, սոսնձված: Մարդ նույնիսկ տարածություն է ստեղծում իր և իր միջև:
Մի անգամ Նոր տարվա օրը մայրս շատ ուրախ էր, որովհետև մեր տանը չորս հոգի էինք: Մեր դիմացի ծննդաբերականի հնոցապանն էր, որին Վարդան Փեսա էին կոչում, մեր թոշակառու հարևանը, որի դռան վրա փակցված էր պղնձե փորագրություն` «Բժիշկ Ճ. Ծ. Փալթոպետրոսյան»: Այդ գիրը դռան հետ մեկտեղ նա Ղարսից էր բերել. հանել էր դուռը իր տան վրայից, շալակով հասցրել մինչև Երևան: Ասես ոչ թե մի մաշած փայտե դուռ էր բերում, այլ իր անունը: Պետք է ասեմ նաև, որ ինձ միշտ թվացել է, թե մարդիկ իրենք իրենց հարգում են ինչ-որ բանի համար. մեքենա հնարելու, նվագելու, գեղեցկության և այլ բաների համար: Ինչ-որ բանի են հասնում և որոշում են` «Հիմա ես ինձ հարգելու իրավունք եմ վաստակել», ու հարգում են: Հետո գլխի ընկա, որ մարդիկ իրենց հարգում են հենց այնպես, ծնվում են այդպես` իրենց հարգելով (կամ չհարգելով): Հաստատ համոզված եմ, որ Լև Տոլստոյը իրեն ավելի քիչ էր հարգում, քան մեր շուկայի ետնամասում կերոսինկայի պատրույգ վաճառող Թորգոմը:
Մենք շատ ուրախ էինք, որ մի կերպ չորս հոգի հավաքվել ենք այս Ամանորին մեր տանը, և աշխատում էինք տարածությունները մարդկանց միջև կրճատել: (Վարդան Փեսայի, Ճ. Ծ. Փալթոպետրոսյանի, մորս և իմ):
Բոլորից շուտ իմ գլուխը տաքացավ:
- Մարդիկ սխալ են անում, որ իրար լքում են,- կենացի պես ասացի ես` նկատի ունենալով և՛ տարածությունները մարդկանց միջև, և՛ յուրաքանչյուրի դեմքի կնճիռը:
Մայրս տեղում շարժվեց.
- Մի խառնվիր ուրիշի գործերին:
Ես արդեն չգիտեմ՝ որն է ուրիշինը, որն է իմը: Ձեռքս տարա կրծքիս կողմը:
- Սա աում է` խառնվի՜ր, խառնվի՜ր… հրամայում է, հասկանո՞ւմ եք, ասում է` «բոլոր մարդիկ քո եղբայրներն են…», ասում է`«հավատա բոլորին, հավատա՛…»:
- Դրա համար էդ օրին ես,- ասաց մայրս:
- Թող… ,- բացվեցի ես…- Թո՛ղ, թող լինեմ… Այնուամենայնիվ, կլսեմ նրան… Նա մեկ-մեկ դուրս է գալիս ու նույնիսկ խոսում է ինձ հետ…
- Յաա˜…,- ասաց մայրս:
- Ոչ մի յա, դա խիղճս է… Կինո գնալիս նույնիսկ տոմս եմ վերցնում նրա համար… Երկու տոմս… ինձ և նրա համար…,- չափն անցա ես:
- Դա ենթագիտակցությունն է,- ասաց Ճ. Ծ. Փալթոպետրոսյանը:
- Աստված է,- լրջացած ու խեղճացած ասաց մայրս:
- Կիրակոսն է,- ասաց Վարդան Փեսան:
Նրա ասածը ինձ շատ դուր եկավ, բայց էլի հարցրի.
- Ո՞վ է Կիրակոսը:
Վարդան Փեսան բացատրեց.
- Մի հոգին երկուս է դառնում, երկուսը` չորս, չորսը` հարյուր… Բոլորից առաջ եղել է մի մարդ: Հետո այդ մարդը սկսել է բազմանալ… Մարդիկ շատացել են… Իսկ ինքը տեղավորվել է բոլորի մեջ առանձին-առանձին… Դա Կիրակոսն է… Բոլորի մեջ Կիրակոսներ կան, ինչքան մարդիկ աշխատում են, այնքան առաջին մարդու վիճակը վատանում է… Մարդիկ մոռանում են, իրար չեն հասկանում, իրար ուրիշ են համարում, նույնիսկ թշնամի, իրար բզկտում են… Կիրակոսը ներսից գոռում է` վատություն մի անի ուրիշին, դա ես եմ, այսինքն` դու ես… Հասարակ հաշիվ է…
- Ձեր ասածը սաղմն է,- ասաց Ճ. Ծ. Փալթոպետրոսյանը:
- Աստված է…
- Կիրակոսն է,- նորից պնդեց Վարդան Փեսան:
Ես համաձայն էի նրա հետ, ես համարյա տեսել էի Կիրակոսին. նա ճաղատ էր, խեղճ ու ծիծաղելի աչքեր ուներ, բարակ երկայն վիզ: Ու միշտ ծիծաղելի վիճակի մեջ էր գցում ինձ. սիրի՛ր, օգնի՛ր, զգա՛, մի՛ խաբիր…
Բայց էլի հարցրի.
- Իսկ ինչո՞ւ Կիրակոս… Ուրիշ անուն չկա՞…
- Եսիմ,- ասաց Վարդան Փեսան,- էդպես է, Կիրակոս…- ու ժպտաց:
Երևի առանց ժպիտի Կիրակոս չի կարելի պատկերացնել:
- Դրա համար էլ` մարդու լավություն կանես` լավությունը քեզ կվերադառնա,- շարունակեց Վարդան Փեսան,- վատություն կանես` վատությունը քեզ կվերադառնա, ինչ ձևի վատություն կգա քեզ… Օրենք է… Դրա համար, երբ մարդիկ միասին են, երջանիկ են…
Վարդան Փեսայի ասածը միանգամից ուղեղումս տեղավորվեց: Ինձ թվաց, որ ես ավելի խոր բան մտածեցի, քան Վարդան Փեսան ասում էր:
- Քիմիա է,- իմ գիտնականությունը ցուցաբերեցի ես:
- Մետաֆիզիկա է,- աչքի պոչով ինձ նայեց Ճ. Ծ. Փալթոպետրոսյանը:
- Ազգերն էլ են էդպես… Բարի ազգը միշտ բարին կստանա…
- Մենք ո՞ւմ ենք վնաս տվել,- անհանգստացավ մայրս:- Մեզ ինչի՞ են նեղացնում…
- Նրանք մեզ չեն նեղացնում… Նրանք իրենց են նեղացնում… Մեղք են…
- Ո՞վ,- զարմացավ մայրս:
- Մեզ նեղացնողները:
- Մե՞ղք են…- կրկին զարմացավ մայրս,- ուրեմն մենք նրանց խղճանք, իրենք մեզ նեղացնե՞ն:
- Իրենք իրենց են նեղացնում… Ինքնասպանություն է,- ասաց Վարդան Փեսան:
- Կիրակոսի՞ն են մորթում,- կես հարցական պատասխանեցի ես:
Կատակելով, թախծելով, իրար ձեռ առնելով` ինչ-որ մի բանում համաձայնեցինք: Մի խոսքով, այդ Նոր տարվա օրը մեր տանը ծնվեց Կիրակոսը:
Ու սկսեց նրանց բոլորի մեջ խոսել Կիրակոսը: Նրանք սկզբում խղճացին Չինգիզ խանին, որ էլի իրեն է վնաս տվել, հետո խղճացին Աղա խանին, որ էլի իրեն է վնաս տվել, և ինչքան պետք է դեռ տառապի, խղճացի՜ն, խղճացի՜ն…
Ու հպարտ էին մերոնք, որ միշտ զոհ են եղել իրենք, միշտ տուժել են, միշտ գաղթել են, լացել են…
Ճ. Ծ. Փալթոպետրոսյանը թխկթխկացնում էր իր փայտե ոտքին:
- Դեռ շատ պետք է տառապի այս ոտքս ուտողը… Կիրակոսի մարմնից է պոկած…
- Իսկ 15 թվակա՞նը… Այդ անխելքները ինչքան պետք է տանջվեն, որ վնասվածք են հասցրել Կիրակոսի մարմնին,- քիչ մնաց լաց լիներ Վարդան Փեսան:- Ախր երբ մարդ մարդուն վնասում է, ցավում է Կիրակոսի մարմինը…
Հետո մերոնք բոլորը սկսեցին հիշել ավելի փոքր վշտեր պատճառողներին և խղճալ նրանց ու հոգալ նրանց մասին…
Մի տարի անց Վարդան Փեսան այլևս չկար: Չկար նաև բժիշկ Ճ. Ծ. Փալթոպետրոսյանը:
- Մնացինք երկուսով,- Նոր տարվա օրը ասում է մայրս: (Մայրս յոթանասուն տարեկան է: Տրամվայ նստելիս նա նախ պայուսակն է դնում դռնից ներս, հետո ձեռքերով բռնում է աստիճանը, հետո դեռ ծնկներն է դնում աստիճաններին և այդպես բարձրանում):
- Ինչո՞ւ երկուսով,- ասում եմ ես:
- Բա քանիսը…
- Դու, ես և… Կիրակոսը,- ասում եմ ես ժպտալով:
Ժպտում եմ, որովհետև շատ լուրջ բանի մասին շատ լուրջ չի կարելի ասել… Ծիծաղելի կթվա…
Մայրս ձեռքն է տարուբերում: Ու քիչ է մնում՝ ես տխրեմ, որ մենք քիչ ենք մնացել, և որ Կիրակոսն ինձ հետ է և սիրտս է մաշում իր չարչարված ու խելոք ժպիտով:
Նայում եմ մորս դեմքին: Բարի է և մի քիչ ծիծաղելի, որովհետև քթին երկու ակնոց է շարած իրար ետևից: Մայրս դիտում է փոքրիկ, սրածայր բեղերով մի մարդու լուսանկար:
- Հա՞յրս է…- հարցնում եմ ես:
Մայրս վախեցած շրջվում է, ասես հանցագործության մեջ եմ բռնել նրան, կուչ է գալիս, աչքերը ճպճպացնում:
- Խղճում ես նրան, որ թողեց մեզ, գնա՞ց…- ասում եմ ես: Մայրս գլուխն է տմբտմբացնում: - Վախենում ես, որ իր արած վատությունն իրե՞ն կգնա…- շարունակում եմ ես:
Ես ու մայրս սկսում ենք մեկ-մեկ հիշել ու խղճալ բոլոր նրանց, ովքեր վատություն են արել մեզ:
- Ձյուն է գալիս: Փողոցի երկայնքով գոլորշու նման մառախուղը գալիս, լիքը-լիքը անցնում է մեր տան և ծննդաբերականի արանքով: Դիմացի պատուհաններում լույսերը հազիվ են երևում: Ու լսվում է այնտեղից ծննդի ճիչ: Քիչ անց` երկրորդը, ու մինչև գիշերը կես է լինում, ես ու մայրս հաշվում ենք.
- Քսանվեց…
- Քանյոթ…
«Բազմանում եմ,- ասում է Կիրակոսը:- Հիմա ավելի դժվար կլինի և ավելի հեշտ…»:
- Շատ լինենք, շատ լինենք…,- քունը գլխին մրմնջում է մայրս և աթոռը մոտեցնում է ինձ, որ իր աչքի առաջ միշտ մարդ լինի:
- Hits: 7358