Արմեն Մարտիրոսյան, Սիրո շղթա, «Նաիրի» հրատարակչություն, Երևան, 2003թ.:
***
***
Երկու կյանքերի հորիզոններում
աղավնու երկու թևեր են ճախրում,
երկու կարոտ կա ծովերի վրա
և հառաչանքի ծովերի ծալքում.
- Հանի´ր, սիրելիս,
մտքիցդ հանի´ր
ջրահարսների ճերմակ վերարկուն:
Երկու կարոտ կա ծովերի վրա
և հառաչանքի ծովերի ծալքում.
- Փռի´ր, սիրելիս,
հեզորեն փռի´ր ալիքների մեջ
ջրահարսների ճերմակ վերարկուն:
Իմ և քո կյանքի խորհուրդների մեջ
աղավնու երկու թևեր են ճախրում,
երկու փետուր է պոկվում թևերից
և հառաչանքի ծովերին բախվում,
իմ կյանքի համար ընկած փետուրից
տխրության երկու բառեր են կախվում.
- Հանի´ր, սիրելիս,
մտքիցդ հանի´ր
ջրահարսների ճերմակ վերարկուն:
Իմ և քո կյանքի խորհուրդների մեջ
աղավնու երկու թևեր են ճախրում,
թևերը կարոտ ծովերին բախվում
և մերկանում են փետուր առ փետուր,
և մերկանում են թևերը մեկ-մեկ.
ճերմակ աղավնին գնում, է կորչում
տրտմության, պահի, օրերի հերկում.
- Իմ կարոտների ստվերների մեջ
փռի´ր, սիրելիս,
հեզորեն փռի´ր
ջրահարսների ճերմակ վերարկուն:
***
Ես գիտեի, որ քեզ մի օր կկարոտեմ,
իմ ցանկացած, սիրած, իմ միամիտ աղջիկ,
ես աղոթքի նման լուռ հալվեցի քո դեմ,
ինչպես հոգեվարքի ճառագայթը վերջին:
Հարկավո՞ր էր արդյոք ճամփան այս քարքարոտ՝
հին սերերից խանձված, մաշված իմ վրանում,
որ արթնացավ իբրև ջահելության կարոտ՝
իմ ծերացած հոգու սառած դամբարանում:
«Ախ, հրդեհներ դեռ կան քո աչքերում ծերուկ,
և կա, - ասում էիր, - լուռ անթեղված կարոտ»,
ինձ կմարես, աղջիկ, այրող քո բոցերում,
կհասցնես մահվան գերեզմանին քարոտ:
Դու գիտերի, որ ես՝ և ծեր, խանձված, և ծեր,-
եթե վառեմ հոգիս սիրո հրդեհներում,
ուրեմն՝ վերջ: Զարթնող լուսաբացի գծեր
մարող մայրամուտիս էլ չեն հետևելու:
Բայց դու արի նորից, իմ ծերության աղջիկ,
քեզ կանչում եմ այրվող ոսկորներիս ճիչով,
թող մոխրանամ մեկից ճարճատյունով վերջին,
իսկ դու – դեռ տաք – քայլիր մոխիրներիս միջով:
Ես գիտեի, որ քեզ կկարոտեմ մի օր,
դու՝ ծերերին տրված երեխայի հասակ
և խավարս ցրող վերջին իմ աստնվոր –
իմ ցուրտ գերեզմանին հալվող լուսապսակ:
***
Կեսգիշերվա լռությունը տերևն ի վար
տերև-տերև կանաչում է,
և հղի են տերևները գաղտնիքներով,
և լռությամբ, և պահերով արարումի:
Եկ, սիրելիս,
որ գաղտնիքը ճյուղավորվի տերևի մեջ,
որպես աչքեր արցունքաթաց,
որպես շուրթեր հուղարկավոր,
որ տանում են օրը մեռած
կեսգիշերի մեջ թաղելու:
Եկ, սիրելիս,
որ երկարի ակնթարթը կեսգիշերի
և գաղտնիքը ճյուղավորվի տերևի մեջ,
որպես սկիզբ կանաչ օրվա
կանա՜չ, կանա՜չ արարումի:
***
Սուզվում է ցանցը՝
ծովի խորքերում ձուկ որոնելու,
և ձկնորսների հայացքը սուզվում է՝
ծովի խորքերում ձուկ որոնելու:
Եվ հայացքները փայփլում են ծովերի վրա
մարգարիտների ճերմակությամբ,
որ աղջիկները լողալով հավաքում են:
Եվ հայացքները փայլփլումն են ծովերի վրա
սպասումների ճերմակությամբ,
որ աղջիկները լողալով հավաքում են:
Իր թիակների նվագակցությամբ
երգում է ձկնորսը.
«Եթե այս անգամ իմ բախտը բերի,
ես տուն կգնամ՝
լուսնի լույսի տակ ինձ հետ տանելով
ջրահարսների արծաթ թագուհուն:
Եթե այս անգամ իմ բախտը բերի,
եթե այս անգամ,
եթե այս անգամ…»:
Լողացող աղջիկները լսում են երգը,
լողացող աղջիկները տխուր հառաչում են,
և նրանցից մեկը,
որ ամենից գեղեցիկն է,
և նրանցից մեկը,
որ ամենից տխուրն է,
ծովի խորքերից յոթ անգամ ահա
ձգում է ցանցը՝
թե՝ ձկնորս, ձկնորս, այս է քո բախտը՝
սպասումներիդ ճերմակության մեջ…
Եվ ձկնորսը դանդաղ քաշում է ցանցը,
և աղջիկը դանդաղ ելնում է վեր…
Եվ թագավորն ահա´ իր նավակի վրա,
և թագուհին,
և նավակի վրա՝
թափվո´ղ, թափվո´ղ, թափվո´ղ մարգարիտներ:
***
Եվ մեղր է, օր է և գարուն է,
և խնկահոտ է տափաստանի,
և խնկահոտ է, որ կսպանի
քո մեջ՝ քո մահվան արարումը:
- Ձուլվի´ր,- ասում է քեզ գարունը,-
Աստծո արարած խնկահոտին,
և Աստծո գամված ձեռ ու ոտին
թող իջնի կաթ-կաթ քո արյունը:
Եվ քո մեջ հնչող օրհներգումը
ահա, ուր որ է, հերկը կանի
կհերկի գարնան շարականի
արյան պես կարմիր ծեքծեքումը:
Այս ի՞նչ է, հե՞րկ է, թե՞ արյուն է,
թե արարումն է մահվան բոթի.
քո Աստծո գամված ձեռ ու ոտին՝
օր է, գարուն է, Հարություն է:
***
Իմ սևակնած, ամպե սարսուռների միջից
ահա ձյուն է մաղում տանիքների վրա,
և ճերմակում են տանիքները,
և ճերմակում են անցած տարիները:
Հեռվում երևում է թռչունների երամը,
և ծառերի շարքը հեռվում երևում է,
և երկնքից սահող փետուրները,
և ծառերից պոկվող տերևները
համբուրում են իրար – գետնատարած:
Թռչունների երամը և ծառերի շարքը
ահա մերկանում են,
և ձմեռվա ցրտում տաքանալու համար՝
այրում են իրենց մերկությունը.
ահա մի օրով էլ ճերմակեցին ծառերը,
թռչունները,
մարդիկ,
ահա մի օրով էլ ճերմակեցին բառերը
ու գնում են.
բառերը գնում են դեպի մանկություն,
և մարդիկ գնում են դեպի մանկություն –
ահա մի օրով էլ ճերմակեց մանկությունը:
***
Ծփում է լույսը,
և կոհակների հետ բազմանում են
ժամանակի և տարածության ստվերները,
և բազմանում են առագաստները,
և նավորդները նույնպես շատանում են:
Նավաստիները լույսի ծփանքում
փռում են իրենց ստվերները՝
տաքացնելու համար:
Նրանք բոլորն էլ նավազ չեն կարգին,
և հազիվ սովորել են
լույսի ծփանքում թիավարելը…
Նրանք նետել են տառապանքները
և առօրյա հոգսերը նետել են մի կողմ.
նրանք բոլորն էլ նավազ չեն կարգին,
նրանք բոց ծովում խաղալիքներ են,
և քշում են իրենց մակույկները՝
ուր խելքները փչի:
Բաց ծովում փռված նրանց ստվերները
նավակների համար առագաստներ են,
որ խառնիփնթոր քշվում են լույսից,
որ խառնիփնթոր քշվում են լույսից:
Նրանք գիտեն միայն ժամանակի երգը
և երգում են,
նրանք գիտեն միայն լույսի ծփանքում
իրենց ստվերները տաքացնելու երգը,
և երգում են,
և նավակների առագաստները,
որ իրենց ստվերներն են,
ուռչելով տաքանում են,
որ խառնիփնթոր քշվում են լույսից,
և լուսաբացից մինչև մայրամուտ
նրանք բաց ծովում ապրում են
և քշում են իրենց նավակները,
մինչև կպատռվեն առագաստները,
և ստվերները ջերմանալով կպատռվեն:
Իսկ լույսը ծփում է,
և կոհակների հետ բազմանում են
ժամանակի և տարածության ստվերները:
***
Ճակատի աստղը հուշեց անսխալ՝
կինն այդ ծնվել էր հաստատ ինձ համար,
իմ դեմքի վրա մեղմ թրթռացող հովիկն է ծալ-ծալ
նրա հայացքի շարունակությունը:
Դա պարզ երևաց,
երբ կիսատ կողը կրծքավանդակիս
ինքն իրեն խաղաց.
իր կեսն էր գտել վաղուց կորցրած:
Ճակատագիրս, ինչպես գրիչի հիշատակարան,
կախվել է աստղի ճոճվող շողերից.
նա լույս է տալիս բոլորասփյուռ,
և լույսի թարթվող հայացքի վրա
դաջվել էին պարզ ու ընթեռնելի
ճակատագրիս բառերը բոլոր՝
մինչև այդ կինը անհայտ մնացած:
Էլ ոչ մի շաման ու աստղահմա...
Այդ ես եմ, ես եմ վերծանում խաղաղ
ճակատագրիս ծածկագիրը մութ,
և ոչ մի գաղտնիք չկա ինձ համար,
կինն այդ գաղտնիքը հանեց ջրերես:
Իմ գտած կողի տեսիլքին հլու,
ինչպես դրախտի պարտեզում ծաղկուն,
ուր վերծանել եմ առանց սխալի,
ես՝ Կենաց Ծառի խորհուրդը թաքուն,
ուր չկա, չկա վտարման երկյուղ,
քո գրկում, սեր իմ, ես չեմ մեռնելու:
***
Այս գարունը դարձյալ ուշացումով կգա,
ինչպես թռչուն դարձի իր երամից շեղված
ու մոլորված:
Ում որ սպասում ես երկարուձիգ,
ախ, նա երկարուձիգ ուշանում է,
չի համբերում միայն սերը հասունացած:
Սերը շուշանաթույր իր գլխիկը հանել,
դողդողում է, մրսում ձյունոտ տափաստանում:
Այս գարունը դարձյալ ուշացումով կգա աններելի,
և սխալի համար անպատասխան՝ չի պատժվի ոչ ոք՝
ոչ բնություն, ոչ մարդ, ոչ էլ Աստված...
Այդպես՝ ինքը՝ Աստված, հապաղում է հաճախ անժամանակ,
երբ իր հավերժական նորոգումի ճամփին
լվանում է մարդկանց հոգսը լեռնակուտակ,
հազարամյա մեղքի տիղմը ժայռանման:
Չի հասցնում Աստված իր այդ լվացքի մեջ մշտանորոգ
հոգնած ու կռացած ողնաշարը շտկել
և հավասար աչքով շուրջը նայել:
Եվ ճաք կտա սերը ձյունոտ տափաստանում,
կթառամեն հասուն թերթիկները նրա
այս ուշացող գարնան խոր կարոտից:
Աստված ինքը սեր է համապարփակ՝
գույնի, նախշի, գույնի
հար ներդաշնակ հյուսվածք անվերջավոր,
չի նկատում նախշը՝ միամորիկ ծլած
գույնի, հոգսի, գույնի անծայր հորձանուտում:
Սերը տափաստանի անհալ ձյուների մեջ
ինձ համար է ծնվել շուշանաթույր
և իր կողմն է շրջել իր վարսանդը հասուն...
Այս ուշ գարնան նման
չհապաղեմ հանկարծ աններելի,
թե չէ էլ չեն զարթնի ծաղիկները քնած,
թե չէ իր չտեսած նախշը նկատելու
և հապաղման համար անժամանակ,
և թողնելու համար,
որ նա մրսի ձյունոտ տափաստանում –
ինձ չի ների Աստված:
Իմ տաք համբույրները – գարնան ավիշ ու ջուր –
և տատրակի օրոր քաղցրանվագ –
արթնացնում են սիրո ծաղիկները քնած:
***
Իմ անկողինը աղոթարան է մի սուրբ,
ես այնտեղ եմ պահում իմ խոհերը թաքուն
և իմ ապրումները – անձայն ճառագայթներ,
հոսում են միայն իմ վերմակի տակով,
և ես տաքացնում եմ ինձ այցելող բոլոր երազները,
որ չմրսեն հանկարծ իմ մեջ ճամփորդելիս:
Եվ ինձ թվում է, թե մոտեցել են կանչող աստղաբույլերը,
նրանք աղոթրանիս շուրջբոլորը ճախրող
ավետիսներ են աղավնատեսք,
և ինձ բերում են անհաս հեռուների խաղաղությունը,
որ մարդկային կրքի մանրիկ ներխուժումից
չի աղտոտվում երբեք:
Դրա համար է հենց, որ իմ աղոթրանում
պտղակալած սերը անթառամ է մնում ու միակը,
և արարված բանաստեղծությունը հնչում է աղոթքադեմ
և գույները – նախշեր անձեռակերտ –
չեն խունանում քամուց:
Ես այնտեղ եմ գրել բանաստեղծությունը իմ առաջին,
և վերջինը գուցե այնտեղ ծնվի մի օր:
... Արարումի ժամ է, աղոթրանս կանչեց հազարաձայն,
գնամ՝ անտեր ու խեղճ նա չմնա հանկարծ...
... Եվ յոթ մուսա մեկտեղ
պիրկ պարանն են ձգում զանգակատան,
ղողանջում են անվերջ զանագկները կանչող,
և իր տուն է մտնում աղոթելու
այս աշխարհի ամեն հավատացյալ:
***
Օրվա այտերին
դեռ չլվացված բառեր է փնտրում
լուսաբացի չուն,
և լվանալու համար երևի՝
վարդաջրեր է կտուցով տանում
և արեգակ է կտցում երկնքում
մի փոքրիկ թռչուն:
Մի կաթ արցունք ճշմարտությունը,
որ վախենում է պոկվել երևի,
ակնախոռոչից կախված դողում է.
այդպես թռչունի ստվերն է կախվել
ծառի կատարի կանաչ տերևից
և լույսերի հետ լռին լողում է:
Իր ճոճքում երկար նա չի դիմանա,
կսահի՝ պարտված ինքը իրենից
ու դողէրոցքից իր լուսաթաթախ,
և արցունք-արցունք կորցրած անդարձ
ճշմարտությունը գտնելու համար՝
լուսնոտն անցնում է հեռու անտառով,
լուսնոտն անցնում է դաշտերով հեռու
և ամեն մի դուռ բախում է նորեն՝
ճշմարտությունը մի տեղ գտնելու,
և չգտնելով՝
թռչնի ստվերից կախել է իրեն:
Օրվա այտերին
դեռ չլվացված բառեր է փնտրում
լուսաբացի չուն,
և անակնկալ գտնում է բառը,
և անակնկալ գտնում է բառը,
որից կախվել են լուսնոտ ու թռչուն:
- Hits: 7292