Ուրուագիծ դիմանկարի համար. Մկրտիչ Պուլտուքեան (1938-2024)
Ով ճանաչել է Մկրտիչ Պուլտուքեանին, վստահ եմ՝ հիացել է նրա՝ բազմիմաց մտավորականի եռանդով․ ճարտարապետ, նկարիչ, ազգային, հանրային, մշակութային նվիրյալ, և այս ամենը նրա բազմաշխատության արգասիք՝ ի շահ վերջին ավելի քան կեսդարյա բեյրութահայ կյանքի տարբեր ոլորտներում։
Ամիսներ առաջ էր, Մկրտիչ Պուլտուքեանի մահվան լուրը, ինչպես շատերին, ինձ ևս վհատեցրեց․ առաջին /2009թ․/ և վերջին անգամ եմ հանդիպել նրան, վայելել բարեկամությունը բառի խորին իմաստով մտավորական մի գործչի, ով հիմա հավիտենական խաղաղության մեջ է․․․
Ինձ հանդիպած սակավաթիվ մարդկանցից էր, ովքեր միանգամից տպավորվում են իրենց բազմաշերտ մտահղացումները կյանքի կոչելու վճռակամայնությամբ․ մեր առաջին հանդիպումից հետո, երբ Երևան վերադարձա, «Իրատես» օրաթերթում տպագրեցի հոդված՝ հատկապես Սփյուռքի զարգացման իր մտահղացումների վերաբեր՝ ազգային ինքնությունը նշանակետային համարվող, ինչպես և ինչ ուղղություններով պետք է կազմակերպվի, և սա ոչ միայն լիբանանահայության, այլ համասփյուռքյան առումներով։ Տարիներ անց ինձ ուղարկեց «Սփիւռք» յուշատետր նոր տեսլականի» աշխատությունը /2011/։ Ցանկություն ուներ, որ այն հրատարակվեր Երևանում, ավաղ, ինչ-ինչ պատճառներով չիրականացավ, բայց այդ աշխատությունը ինձ խորապես զարմացրել էր, եթե ոչ հիացրել, քանի որ ես նմանատիպ այլ աշխատության մինչ այդ ծանոթ չէի, որտեղ ազգային գաղափարաբանությունից զատ քննվում, մեկնաբանվում էր ազգային հավատամք, համազգային նպատակների հետ առնչվող այնպիսի հարցադրումներ՝ լիբանանահայ գաղութի օրինակով, արծարծվում էին խնդիրներ, տրվում կյանքի կոչելու, իրականացնելու ճշգրիտ վճիռներ․ Սփյուռքի կրթական համակարգ, կրթական քաղաքականություն, սփյուռքյան վարժարանների համընդհանուր տագնապ, նույնիսկ առաջարկվում էր առաջիկա քսանհինգ տարիների կրթական ծրագրերի հիմնադրույթներ և այլն։
Այս ամենը Մկրտիչ Պուլտուքեանի դիտարկումներում միայն Մայր Համայստան- Սփյուռք փոխհամագործակցությամբ էր իրականանալի․ Հայաստանը որպես հզոր խթան Սփյուռքի հայապահպանության․․․ Մեր խնդիրը հիշյալ աշխատության վերլուծությունը չէ, գոնե այս պարագային, գուցե մի օր անդրադառնամ կամ ավելի ցանկալի է վերահրատարակեմ, բայց չեմ կարող աշխատության «Եզրակացություն»ից չմեջբերել Մկրտիչ Պուլտուքեանի մեծագույն փափագը, որ պատգամի պես է հիմա հնչում․ «Համազգային գերագոյն ղեկավարութեան մը բացակայութեան, ազգային հիմնական նպատակներու սահմանումը կը մնայ անորոշ, վտանգելով աճող սերունդներու ինքնութիւնը․․․ Արդ Հայաստանի հանրապետութեան ու Սփիւռքի համայնքներում ղեկավարութեան ամենէն էական ու անհետաձգելի պարտականութիւնը պէտք է ըլլայ, ամենաբարձր մակարդակի վրայ, դրական եւ գործնապաշտ երկխօսութեամբ․․․»։
Ինչ երանելի ցանկություն, որ տասնամյակներ շարունակ մնում է «ձայն բարբառոյ յանապատի»․ ժամանակին Սփյուռքի հարցերի նախարարություն կոչված վրիպանքի՞, թե հաջորդած Սփյուռքի հանձնակատարի նույքան անհասկանալի, Սփյուռքի հետ բնավ առնչություն չունեցող գրասենյակի գոց ականջներում հնչող այս հորդորը․․․ Շահնուրին երկրորդելով մնում է արձանագրել․ «Մեղայ, մեղայ․․․ Սփիւռքին»։
Մկրտիչ Պուլտուքեանի գործունեությանը անդրադառնալիս անկարելի է չնշել նրա գործունյա ներդրումը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կազմակերպած բազում խորհրդաժողովներին․ 1950-ական թվականներից լինելով ՀԲԸՄ Լիբանանի շրջանային վարչական, կրթական հանձնախմբի ատենապետ, իսկ 1998-2000թ․թ․ եղել է Լիբանանի հայ ճարտարապետների և ճարտարագետների միության ատենապետ։ Այս և այլ հանձնառությունները վկայում են նվիրյալ մտավորականի մեծագույն ավանդը․ ինչպես իրավացիորեն նշված է նրա մահախոսականում․ «Մկրտիչ կը ձգէ մեծ դատարկութիւն մը, բայց սիրոյ անխզելի կապը հաստատ յաւերժ պիտի մնայ․․․»։
Արթուր Անդրնիկեան
+374 94 423159
- Hits: 2579