Ուրվագիծ դիմանկարի համար. Ալբերտ Կոստանեան (1927-1996)
Վերստին դույզն ինչ անտեսելով դիմանկարային «պայմանավորվածությունս», որ միտված է արևմտահայ և սփյուռքյան գրողներին, բանաստեղծներին, գրադատներին, մշակույթի երախտավորներին ներկայացնելուն, գրականագետ, մշակութաբան Ալբերտ Կոստանյանին անկարող եմ չներկայացնել՝ նկատի ունենալով նրա հոգեմտավոր կապվածությունը արևմտահայ իրականությանը և գրականությանը։
Ավելի քան երեսուն տարիների ժամանակագրության իմ տիրույթում Ալբերտ Կոստանյանի չափազանց ինքնօրինակ կերպարը իմ վրձնած դիմանկարակիրների շարքում պարտադիր է՝ մոռցության չտալու համար։
60-ական թվականների գրականագետներից, թերևս միակն էր, որ խոսում, գրում էր Հակոբ Օշականի, Ինտրայի, Եղիա Տեմիրճիպաշյանի մասին, նրանց ոգեղեն բացակայությունից խիստ դժգոհ էր․ երբ աշխատում էինք «Նորք» հանդեսում, ինձ թևանցուկ անելով մասնակից էր դարձնում իր հայտարարած «պատվո պտույտներին»։ Այդ ընթացքում երբեմն լռելով, երբեմն էլ իր բացօթյա դասախոսությունների միակ ունկնդրիս ապշեցնելու չափ ներառնում էր իր խոսքի տարողունակ միջավայրում։
Իրապես, միջավայրում, որովհետև իր խոսքը որոշակի սահմաններով էր «ներկայանում»․ որքան իր լռակյացությամբ էր հայտնի, նույնքան էլ բանախոսի լրջմտությամբ գիտեր ով է խոսակիցը և ինչ հարցեր պետք է շոշափեր՝ միշտ մի տեսակ կասկածալից ինքնաներշնչումով․․․
Ալբերտ Կոստանյանի կենդանագրին,- ինքն այս բառին ուրույն իմաստ էր տալիս,- «մոտեցող» իմ զգացումները՝ շուրջ երկու տարի նրան ճանաչելուց հետո, և․․․ այդպես էլ չճանաչելով եմ նրան հիշում․․․ Բարակիրան կազմվածքով, բարձրահասակ, առանձնահատուկ քայլքով, միշտ անորոշորեն ժպտուն, ընդհանրապես, ձեռքը մեկնել-բարևելուն՝ անհաշտ, ճերմակով զգեստավոր տարվա ցանկացած եղանակի։ Ինչու ընդգծեցի ճերմակ բառը․․․ Մի օր ասացի․ «Կոստանյան,- այդպես էի դիմում,- ի՞նչ տարբերություն սպիտակի և ճերմակի միջև»։ «Սրիկա, ի՞նձ ես փորձում, տարբեր գույներ են, սպիտակը շուտ է աղտոտվում, ճերմակը՝ անաղարտ է, միշտ անաղարտ»։ Եւ ժպտաց իրեն բնորոշ հարցախույզ հայացքով՝ սպասելով իմ պատասխանին։ Չգիտես ինչու, բայց ինքզինքս այն տպավորությունն եմ «ստեղծում», կամ այլք կարող են կարծել, որ ես տարիներ անընդմեջ օրագիր եմ պահել՝ գրառելով օրվա անցուդարձը՝ որոշակի ճշգրտությամբ։ Հավատացնում եմ, այդպես չէ, պարզապես երբ ցանկացած մարդ եթե փորձի «քջջել» իր ոչ հեռավոր անցյալի ամենատարբեր դրվագներ՝ հիշողությանը սիրով և միայն սիրով զորաշարժի կենթարկի և կհամոզվի, որ․․․ անցյալը ներկա է միշտ և շարունակական ընթացքի մեջ է՝ մեզ ոգևորող, գուցե հիասթափեցնող,- ընթերցողի ճաշակին եմ թողնում, ում ինչպես հաճո է, թող մտածի ու վերակազմավորի իր և իր անցյալի միջև եղած հարաբերությունները,- Ալբերտ Կոստանյանը գալիս էր, ինչպես սովորաբար լինում է ոչ թե անցյալից, այլ ապագայից։ Նույնիսկ Թիֆլիսում ծնված լինելու հանգամանքը նրան չէր հետաքրքրում, գուցե միայն տրամադրության անկման պահերին էր հիշում ծննդավայրը, ինձ այդպես էլ անհայտ մնաց, երբեմն փորձում էի «խոստովանեցնել» ինձ համար կոլորիտային Թիֆլիսի մասին մտորելով, երևակայելով նրան իր ծննդավայրում, բայց իզուր։
Առ արևմտահայերենն ունեցած իր բացառիկ սերն էր կարծես մեզ մտերմացրել․ երբեմն արևմտահայերն էի խոսում, ինքը լսողի դերում էր, երբ ընդհատում էի խոսքս, նեղված ասում էր․ «Երաժշտությունը նորեն միացուր»։ Եւ եթե այլ մեկը լիներ «Նորք» հանդեսի մեր սենյակում կամ մեր պտույտների ընթացքում մեզ լսեր՝ կզարմանար․․․ Դեպքեր են եղել, երբ նույնիսկ խմբագրատան սեմին կանգնած շատերը մեզ տեսնելով ետ-ետ են գնացել՝ թողնելով մեզ իրենց հակացուցված մեր խոսքնուզրույցը և Ալբերտ Կոստանյանը իրեն չզսպելով ասում էր․ «Չդիմացան սրիկանները, այ սրիկա, գնացին»։
Ինքը հայտնի էր իր թվացյալ սակավագրությամբ․ ամեն տեղ և ամենուր ներս չէր մտնում, չէր գրում պատեհ-անպատեհ։ Ինչ որ իր իմացական ոլորտին էր վերաբերում՝ սրտացավ էր․ ողջ ժառանգությունը ամփոփվեց հետմահու, Երվանդ Տեր Խաչատրյանի կազմած հատորում։ Բացառիկ մի հատոր, որ այդպես էլ,- ինչը որ սպասելի էր,- անուշադրության մատնվեց։ Լռելյայն ապրած մի անկրկնելի կյանք ևս իր սկզբի և վերջի հանգուցալուծումը գտավ ամենքից անկախ, ինչպես ինքն էր իրենից անտեղյակ, բայց նրա Գիրը կմնա հիշատակող՝ վերաբերի Չարենցին, Կոստան Զարյանին, թե Թումանյանին, ում նկատմամբ քիչ է ասել պաշտամունք ուներ, երկյուղածն վերաբերմունք ու միշտ նրանց հետ էր, դրանով իսկ գրական շրջակա միջավայրից մեկուսացված՝ իր իսկ կամոք։ Այս առումով ես խոնարհումով եմ հիշում իրեն․․․ ժամանակը «յոթ սարի ետևում չէ», մի օր «հայտնաբերելու ենք» Ալբերտ Կոստանյանին, մանավանդ 2027-ին, երբ լրանում է նրա 100-ամյակը։ Ամեն դեպքում պարտավորվածությունը մենք երբեմն բնազդով ենք ընկալում և կյանքի կոչում՝ «վերաբնակեցնելով» մերօրյա մշակութային ակներև ամայի տարածքը, որ կարոտ է իմացականության․ «Ես միշտ մենակ եմ եղել իմ ծանոթների շրջանում»․ Կոստան Զարյանի այս խոսքերը հիմնավորապես վերաբերում են Ալբերտ Կոստանյանին։
Արթուր Անդրանիկեան
+374 94 423159
- Hits: 402