Ուրուագիծ դիմանկարի համար. Գեղամ Բարսեղեան (Կ․Պոլիս, 1883-1915, Այաշ)

Նախապես հարկ ենք համարում նշել,- ի պատասխան cultural.am-ի հարգարժան հետևորդների և ընդհանրապես արևմտահայ, սփյուռքյան գրականությամբ հետաքրքրվողների,- որ սույն շարքով բացառապես ներկայացնում ենք այն գրողներին, պատմագետներին, հրապարակագիրներին, մշակույթի, կրթության երախտավորներին, որոնք կամ ընդհանրապես հանիրավի մոռացված են և անծանոթ մերօրյա ընթերցողներին կամ Սփյուռքում և Հայաստանում նրանցից ոմանց գրքերը հրատարակվել են տասնամյակներ առաջ՝ սահմանափակ տպաքանակներով, մյուսների գրքերը ընդհանրապես չեն հրատարակվել և մնում են 19-րդ և 20-րդ դարի հատկապես արևմտահայ մամուլում, ի վերջո, բուհական դասընթացներում «արժան» չեն համարվել նրանց դասավանդումը, և այլն։
Այս ուրվագծումով անդրադառնալով բանաստեղծ, հրապարակագիր, գրական քննադատ, Գեղամ Բարսեղեանին` նախ նշենք, որ նրա ստեղծագործությունների ցայժմ միակ հատորը («Նահատակ գրագէտներու բարեկամներ» մատենաշարով, հտ․ 4, Փարիզ, 1932) մատենագիտական հազվագյուտ նմուշ է՝ վստահաբար իր հրատարակչին «սպասող»։
Յակոբ Օշականի բնորոշմամբ․ «Գեղամ Բարսեղեան իմացականութիւն մըն է՝ բառին տալով պատշաճ լրջութիւն․․․ Գեղամին գործերէն կազմած հատորը, կտորներու ընտրութիւնը կատարուած է մեծ խնամքով, տասը-տասնհինգ տարիներու գրական գործունէութիւն մը բոլոր երեսներէն յատկանշական նմուշներով – տպավորապաշտ էջեր, պատմում, քերթուած, հռետորական ելոյթներ, օրագիր, պատկերներ, խորհրդապաշտ յօրինումներ և այլն․․․ Կը հաւատամ հատորը կեանքի իրաւունք ունեցող ձեռնարկ մըն է․․․»։
Ցանկանանք թե՝ ոչ, բայց Հայ գրականության մեծատարած փառքի՝ Յ․Օշականի,- իմացական տարբեր ընկալումների հաճո կամ անհաճո կարծիքի հետ չենք կարող չհամաձայնել, մանավանդ, երբ թերթենք Մեծ եղեռնի զոհ 32-ամյա երիտասարդի ստեղծագործական տարեգրության էջերը․․․
Գեղամ Բարսեղեանը նախ ուսանել է Կետիկ Փաշայի ազգային դպրոցում՝ բարեբախտություն ունեանլով Լևոն Շանթից գրական-իմացաբանական դասեր առնել։ Այնուհետև Կեդրոնական վարժարանը ավարտելուց հետո աշխատակցում է «Մանզումէի Էֆքիար»,- «Սուրհանդակ» և այլ պոլսահայ լրագրերի, հանդեսների։ Նշանակալից էր 1908 թվականը, երբ սկսում է հրատարակել «Ազդակ» գրական հանդեսը /Հրատարակվել են 41 «թիւեր»/։ Առավելս նշանակալից է նրա գործունեությունը օրաթերթեր, հանդեսներ հիմնադրելու առումով․ «Ազատամարտ» /1909/, «Մեհեան» /1914/․ սույն հանդեսը արևմտահայ գրականության պատմության մեջ առանձնանում է շեշտ գաղափարաբանություն առաջադրելու իմաստով։ Յակոբ Քիւֆէթչեան /Յ․Օշական/, Դանիէլ Վարուժան, Կոստան Զարեան, Գեղամ Բարսեղեան//․ եթե նկատի առնենք, որ գրական-մշակութային ինչ հսկա անհատականությունների «հանդուրժության է» արժանացել՝ նրանց հետ «քալելու ճամբայ մը կ՛երթայ» Գ․Բարսեղեանը, ապա առավելս պարզորոշ կլինի վստահության այն աստիճանը, որ նրանք ունեին արդեն համակրանքի արժանացած «անիրական տղայի՝ այդպէս կ՛անուանէինք զինքը» հանդեպ։
Այդ տարիներից իսկ խորացման «պայքարի» մեջ էր Գ․Բարսեղեանը, պայքար՝ ինքն իր դեմ, իմացական-հասունացման՝ ազգային, մշակութային առումներով․ օրաթերթերի, հանդեսների «անիւն ալ Գեղամի լուծն էր» ժամանակակիցների կարծիքով, առ նա վստահություն դրսևորող , և դժվար էր հաշտվում «թեր գրողներու ու գործիչներու հետ»՝ լինելով կուսակցական գործիչ, ՀՅԴ շարքերում ակնառու նկատելիություն ունեցող, քանզի, ինչպես սակավ գործիչների՝ «իրեն համար կուսակցական կեանքը ուրիշ բան մը չէր, եթէ ոչ կազմակերպումը այս ժողովուրդին․․․»․ մաքրություն, բարություն, հոգեկան գեղեցկություն ներշնչող առաքինություններով․․․
․․․Գեղամ Բարսեղեանը այս գիտակցված նվիրումով էր ստեղծագործում, աշխատակցում ժամանակի մամուլին՝ ի հաշիվ իր ստեղծագործական աշխատանքի։
Արթուր Անդրանիկեան
+374 94 423159
+374 91 423159
Գեղամ Բարսեղեան
Դարձը
/հատուած/
- Մեկնումիս առթիւ կ՚ուզեմ յիշատակ մը թողուլ քեզի, ըսած էր բարեկամս, որ արուեստագէտ մըն էր, նկարիչ մը:
Է՜հ, կա՞յ աւելի սիրուն, աւելի հաճելի, աւելի գգուելի յիշատակ մը քան յիշատակը զոր կը թողու արուեստագէտ մը: Ապահովաբար թանկագին նուէր մը պիտի ըլլար անիկա, ապահովաբար նկար մը, կը մտածէի. ու կը մտածէի միեւնոյն ատեն բարեկամիս տաղանդին վրայ, նորափթիթ տաղանդ մը, բոյրով ու խոստումով լեցուն կոկոն մը, որուն շնորհալի թերթիկները քիչ ատենէն ա՛յնքան պերճ ու ա՜յնքան շքեղ պիտի դառնան:
Ու երբ ա՛յնքան հաւատալից էի բարեկամիս տաղանդին համար, իրաւունք չունէի՞ ենթադրելու թէ իր նուէրն ալ անոր համեմատական պիտի ըլլար: Ո՜վ գիտէ, ի՜նչ նրբին յղացում մը պիտի ըլլար ան, այդ նկարը՝ անտարակոյս, ի՜նչ թրթռուն, ի՜նչ հրաշարուեստ արտայայտութիւն մը: «Բորթռէ՞»ն պիտի ըլլար արդեօք օրիորդ Ս…ին, որուն դէմքին կերտուածքն ու դիմագծերուն ինքնատպութիւնը, որուն նայուածքին քաղցրութիւնն ու միամտութիւնը անբծութեան իտէալը կը ստեղծէին. արդեօք մերկութի՞ւնը պիտի ներկայացնէր կնկան մարմնին, խղճամիտ ու նրբախոյզ ուսումնասիրութեամբ մը բաբախուն. թէ՝ երջանիկ ու հանդարտ վերջալոյս մը՝ ծառերու մէջէ դիտուած, մամռապատ աղբերահոս քարաժայռ մը, կամ ծովէն պատառ մը՝ փրփրալից կամ անդորր:
Անտարակոյս պիտի յաջողէր բարեկամս՝ այս ամէնուն մէջն ալ, անոնցմէ ո՛րն ալ ըլլար: Անթերի նկարիչ մը ըլլալու համար բան մը չէր պակսէր իրեն: Ստեղծելու ընդունակ էր, աւիւնալից երեւակայութիւն մը ունէր, գերազանցապէս նրբին զգայականութիւն մը, յետոյ գեղեցկութեան լիալիր ըմբռնումը, յետոյ խոր գիտակցութիւն՝ արուեստին, եւ վերջապէս մաքուր արուեստագէտի խորք մը: Իր մէկ քանի նկարները դիտած էի արդէն, ու զմայլած: Չէ՛, վստահաբար, անիկա կոյր ընդօրինակիչ մը չէր բնութեան, ու բոլոր զինքը գրաւող ձեւերուն. անիկա գիտցած էր իր բոլոր նկարներուն մէջ դնել արուեստագէտին եսը, եւ վրձինին բոլոր տենդերն ու հետքերը ընդանցընել իր ուրոյն խառնուածքին մէջէն, զգացնել այն բանը որ խորհիլ կուտայ թէ իրօք արուեստը հաղորդիչ գործ մը ըլլալէ անկախաբար ու ինքն իր մէջ ուժ մըն է արդէն. թէ ճշմարիտ արուեստը իրօք արտաքին աշխարհին ու արուեստագէտին հոգւոյն զուգընդխառնումն իսկ է, ու անո՛վ մեծ է, անո՛վ ներգործիչ:
… Ու մեր մտերմիկ տեսակցութիւններուն մէջ, ու մեր ընկերովի գնացքներու միջոցին, ո՜րքան խօսիլ տուած էր մեզի արուեստը, որուն պաշտամունքովը առլցուած էինք երկուքս ալ, ան՝ ջերմակրօն քուրմ մը, ես՝ հաւատարիմ հետեւող մը: Մեր տեսակէտները յայտնած էինք ու ընդլայնած իրարու, ըսած էինք ինչ որ կը խորհէինք արուեստին համար, ինչ որ կը ներշնչէր ան մեզի: Շատ անգամ կանգ կ’առնէինք տեսարանի մը առջեւ, եւ կը թուէր թէ կը ծծէինք բոլոր հմայքը, որ կը ծորէր անկէ, բոլոր քաղցրութիւնը՝ որ կը թանձրանար անոր շուրջը: Շա՛տ, շա՜տ հեղ կը տեսնէինք վարպետներու գործերը, վերարտադրութիւններ հանճարային արարչութիւններու, ու կը խօսէինք նորէն, կը խօսէինք, ամէն բան, ամէն խօսակցութիւն վերջ ի վերջոյ տանիլ արուեստին կապելու ինքնաբեր մղումով մը:
- Hits: 3800