Ուրուագիծ դիմանկարի համար. Զարուհի Պահրի (Կ․Պոլիս, 1880-1958, Պուլոն (Ֆրանսիա))

145-ամյակի առթիվ

Զարուհի Պահրին` ժամանակի հանրածանոթ իրավաբան-փաստաբան Նազարեթ Շահբազի դուստրը, ՀՅԴ հայտնի գործիչ Բարսեղ Շահբազի քույրը, պատանեկան տարիներից է հրապուրվել գրականությամբ, սակայն ստեղծագործելու տենչը ի հայտ է եկել բավականին հասուն տարիքում, և միանգամից վեպ գրելուն ձեռնամուխ է եղել՝ իր իսկ խոստովանմամբ ոչ թե «մուսայական պարտադրումով», այլ ներքին ապրեցնող մղումով ու գիտակցությամբ, հատկապես «կյանքի ծանր բովով անցած ըլլալը» պատկերելու նպատակամղումով՝ իր ապրած ազգային-հանրային կյանքի խորապատկերի վրա․․․

Եւ միանգամից եռագրություն գրելու մտահղացումը,- «Վոսփորին ափերուն վրայ» ընդհանուր խորագրով, որ որոշակի ժամանակագրության կնիքն է կրում,- առաջին վեպը՝ «Փառանձեմը» ճամբաներուն երկայնքին – 1872-1942, տարեգրություն, որը 70 տարիների ազգային, հանրային, քաղաքական՝ նախաեղեռնյա, հետեղեռնյա հայության, ըստ էության սփյուռքացման տարիների համընդգրկուն ընկերային, հոգեբանական նկարագրերով, պատմագիտական չափազանց ուշարժան տեղեկատվություն է պարունակում, այն գրողի ապրած կյանքի հանրագիտարանը կարելի է իրավամբ համարել։

Ինչպես գրում է Գ․Խոսրովյանը «Փառանձեմ» վեպի առաջաբանում․ «Այս գիրքը անսեթևեթ, անպաճույճ, բայց որքան առինքնող․․․ առաջին էջերեն իսկ կը շարժի հետաքրքրությունդ, կարծարծի տակավ և կը հանգի անայլայլ համակրության։ Կը հետևիս քայլ առ քայլ, զի հույզերով երբեմն ալ թաց աչքերով վեպ մըն է այն, կազմված համաձայն   վիպասանական գրականության կամ արդյո՞ք նոր ուղի մը, դպրոց մը․․․»։ Եւ իրապես, «Ամբողջ վեպին վրա, ծայրե ծայր, վեհանձն շունչ մը կը շրջի։ Ցեղի հոգի՞ն արդյոք, անզուսպ, աննվաճելի»։

Եռագրության «Տագրը» խորագրյալ վեպը նույնպես ունի որոշակի ժամանակագրություն /1875-1877/, որը կազմում է երկրորդ հատորը /Պեյրութ, 1995/, իսկ վիպաշարի առաջին հատորը «Տայան Գեորգ» /Պեյրութ, 1952/ ինչպես վկայում է առաջաբանի հեղինակ, նշանավոր իրավաբան Շավարշ Սևյոնքյանը․ «Զարուհի Պահրի արդ լույս տեսած վեպերուն ամենաառաջինն է թե իբրև նյութ, թե իբրև ոճ, և թե իբրև հորիվածք, իբր արվեստ մեկ խոսքով, և Տյուսաբով է որ նոր դարաշրջան մը կսկսի հայ իգական սեռին համար, այնքան ալեկոծումով սկիզբները, և այդ նոր դարաշրջանի լույսին տակ չէ, որ կրնանք դատել խավար անցյալի մը դեպքերը․․․»։

Իսկ այդ տաժանելի «խավար անցյալի» անդառնալի իրողությունները՝ սուլթանական վարչակարգն ընդգրկող Մեծ աղետի ժամանակաշրջանը շրջագոցող տարիները ինչպիսի ցնցումներով են «փորձություն» ու վերապրումներ հաղորդել Զարուհի Պահրին, որ իր ապրած իրականության «ինչպես որէ»ն սերունդներին փոխանցելու անկոտրում հավատքն ու ձգտումն ունենա՝ անպատկերելի է․ կանացի տոկունության ինչ վեհացնող օրինակելիություն, ակնածալից, խոնարհուն․․․

Ամենևին մեր նպատակը չէ վերլուծաբանորեն ներկայացնել եռագրությունը, անդրադառնալ գրողական հոգեբանական այն «միջամտություններին», որոնցով կորսված աշխարհի մարդոց բարքերի  և ընդհանրապես գոյություն ունեցող մղձավանջային իրականությանն է անդրադառնում գրողը՝ ինքնօրինակ պատում-գրելաոճով, բայց որ արևմտահայերենի զմայլելի պերճանքը ոճաստեղծմամբ առավելս է մեր զգայականության մեջ արթնացնում կարոտի պոռթկումներ՝ ակնհայտ է, իսկ պատկերված բնօրրանը  մեր կարոտաբաղձությունը շարունակբար է արթնացնում․․․

Ի վերջո, Զարուհի Պահրի վեպերը «օր մը օրանց» հրատարակելու ցանկությունը մեզնից անկախ գոյության լիիրավ իրավունք ունի․ հատկապես հավաստելու համար, թե ինչ ժամանակաշրջաններում են ապրել այն մարդիկ և ինչպիսի կենցաղվարություն են դրսևորել․ գրողի ոչ հավակնոտ գրելաոճի շնորհիվ ակնհայտ տեսանելի է այն, ինչ ընդհանրապես բնորոշ է կենսագրական վեպերին, որոնք մեր գրականության մեջ սակավաթիվ են՝ մանավանդ արևմտահայոց  կենաց և մահու իրականությունը բացահայտող․․․

Արթուր Անդրանիկեան

andranikean@yahoo.com

+374 94 423159

+374 91 423159

  • Hits: 9063

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: