Ուրուագիծ դիմանկարի համար Վիկտոր Գորդոն (Վահրամ Կաքաւեան, Վան, 1903-1973, Փարիզ)

Այս հարատևող զգացողություն,- Երկնքում՝ դրախտ, երկրում՝ Վան,- ապրեցնող է Վանա ցանկացած արյունակրի-ոգեկրի համար, այդ թվում և ինձ՝ պարտավորեցնող․․․ Եւ Վիկտոր Գորդոն վիպագրի, հրապարակագրի պարագային այդ զգացողությունը եղել է տարերային՝ իր դժվարին ապրած կյանքն իմաստավորող։

Թիֆլիսի Ներսիսյան դպրոց, այնուհետև Կ․Պոլսի Կեդրոնական վարժարան ավարտած նաև դասավանդած, հետագայում Փարիզի Սորբոնի համալսարանում ուսանած գրողը, որ մանկուց ազգային-քաղաքական մթնոլորտում որոշապես կոփվել էր,- հայրը Արմենական կուսակցության համահիմնադիրներից էր,- ականատեսն էր 1915-1917 թ․թ․ ինքնապաշտպանական մարտերի․․․ այնուհետև Վանա վերջին նահանջից հետո անցնում է Թիֆլիս, որտեղ և,- պատմությանը հայտնի է, ծանոթանում է Անաստաս Միկոյանի հետ։ Հետագա տարիները շրջադարձային եղան պատանու համար․ 1917-1920թ․թ․ Ռոստով, այնուհետև Կ․Պոլիս տեղափոխվելուց հետո, 1923 թ․ վերջապես հաստատվում է Ֆրանսիայում։ Այդ ժամանակվանից ի վեր գործուն հարաբերություններ է հաստատում Փարիզի հայկական շրջանակների հետ՝ ազգային, մշակութային, քաղաքական։

Երկրորդ աշխարհամարտի սկզբում գերեվարվել, ապա և խույս տվել գերմանական գերությունից և «Վիկտոր Գորդոն» մականունով ակտիվորեն մասնակցել է ռազմական-պարտիզանական գործողությունների։ 1947թ․ արժանացել Պատվո լեգեոն շքանշանի, այդ տարիներից իսկ հիմնել է «Հայկական ծագումով ֆրանիսացիների ֆեդերացիա» կազմակերպությունը՝ անդամակցել «Վասպուրականի գրողների» միությանը, ֆրանսիահայ և ֆրանսիական մամուլներում տպագրել ազգային, քաղաքական, մշակութային, փիլիսոփայական հոդվածներ։

Վիկտոր Գորդոնը ֆրանսահայ մտավորականության շրջանում, հատկապես Երկրորդ աշխարհամարտի հաջորդած տարիներին, լայն ճանաչում է ձեռք բերել։ Նրա բարեկամությունը «Յառաջ» օրաթերթի հիմնադիր-խմբագրի՝ ժամանակակիցների բնորոշումով ամենայն Հայոց խմբագրապետ Շաւարշ Միսաքեանի և այլոց հետ վկայությունները բազմիցս են, մեծանուն բանաստեղծ Նիկողոս Սարաֆեանը իրենց մտերմությանը անդրադարձել է բանաստեղծությամբ․

Եթե նվազ խելացի,

Նվազ փնտրող ըլլայի,

չէի զգար առանձին

զիս ու այսպես ամայի՝

Սա միսերուս տակ ունայն

Աքսորյալի մը նման․․․

«Վերադարձի երկ․ քեզի՝ Կաքաւեան»

Բանաստեղծն իրենց աքսորյալություն-սփյուռքացումն է վկայակոչում, որ ամայություն է սփռում շուրջբոլոր, բայց էականը ոգեղինացած ապրելու, ի վերջո, օտարված՝ ոչ ամայացած՝ լինելությամբ ապրելու կոչնակ է հնչեցնում․․․

Այսպիսով, Վիկտոր Գորդոնին իբրև վիպագրի չենք կարող չներկայացնել իր հիմնական առաքելությամբ․ նկատի ունենք «Զմրուխտավառ ասպետը» և «Կյանքի կանաչ արևը» վեպերը /1990թ․ «Սովետ․գրող» հրատ․, ֆրանս․ թարգմանությունը Վահե Միքայելյանի/։ Վերջին վեպը 1907-1908 թ․թ․ Վանի ինքնապաշտպանական մարտերի գեղարվեստական տարեգրությունն է։ Վեպի հմայքը իրապես փոթորկալից ազդեցություն է թողնում․ մարդոց կերպարներ, իրավիճակային եղելություններ՝ պատանի Վահրամի հոգևոր պոռթկումներով առլեցուն տեսարաններ, այս ամենից շփոթահար տարիներ առաջ «հանդգնեցի» գրել կինոսցենար «Վան-1908» խորագրով։ Արժանահիշատակ բեմադրիչ Ալբերտ Մկրտչյանը ընթերցելուց հետո հորդորեց․ «Այս կինոսցենարը պետք է անպայման էկրանավորի․․․ միայն թուրք ռեժիսոր, և այն էլ Ֆատիհ Ակինի պես,- «Սպի» ֆիլմի ռեժիսոր,- Ա․Ա․,- լայն դիտողունակություն ունեցող մեկը»։ Միջանկյալ նշեմ, որ կինոսցենարը թարգմանվել է նաև թուրքերեն /թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյան/ և իցիվ թե օրերից մի օր էկրանավորվի․․․

Վիկտոր Գորդոնը իր ժամանակին՝ հենց վիպագրելու ընթացքում կարծես թե նախամտածել-նախատեսել է, որ վեպը ֆիլմի պետք է վերածվի, երբ հայերեն թարգմանության առաջաբանում փափագ է հայտնում․ «Քանի-քանի անգամ, շատ տարիներ ի վեր ես տենչացել եմ մի անծանոթի բարեկամությունը, որպեսզի ցուցադրեմ մի ֆիլմ, որը ոչ ոք չի տեսել և որը եղել է իմ կյանքը․․․ Գուցե այդ «անծանոթը» ե՞ս եմ, որ աներևույթ, բայց այժմ ինձ համար որոշապես տեսանելի հոգեխառնություն ապրելուց հետո համարձակվեցի,- շուրջ մեկ տարի ժամանակագրական այլազան վավերագրեր ուսումնասիրելուց հետո գրել․ մինչ այդ աշխատասիրաբար հրատարակել էի Ասքանազ Վարդանյանի «Վանի վերջին նահանջը» /2010/ ականատեսի վկայագիրքը․․․

․․․Վիկտոր Գորդոնը տենչացել է․ «Ես տենչացել եմ», հիմա մի կողմ թողնենք «ես»ը խորհելու համար միայն ճշմարտության մասին՝ այն անձնական խստությամբ, որ նա է պահանջում, իսկ երբ ճշմարտությունը անձնավորված է՝ հեղինակային կնիքով, ապա «Երկնքում՝ դրախտ, երկրում՝ Վան» պատգամախոսությունը մշտաբար առկա է։

Արթուր Անդրանիկեան

andranikean@yahoo.com

+374 94 423159

+374 91 423159

  • Hits: 10818

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: