Չոմսկու, Սպիվակի, Վեսթի և մի շարք այլ մտավորականների բաց նամակը Արցախի համար

 

 

Los Angeles Review of Books-ում նախօրեին հրապարակվեց աշխարհի մի շարք հայտնի մտավորականների բաց նամակը, որտեղ նրանք կոչ են անում դադարեցնել պատերազմական գործողություններն Արցախում և մեղադրում են Էրդողանին տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը վտանգելու համար։ Ստորև ներկայացնում ենք նամակի թարգմանությունը։

 

 

Հարգելի՛ ընկերներ,

 

Սույն նամակը գրելով՝ հույս ենք հայտնում, որ կմիանաք հրադադարի միջազգային կոչին, որպեսզի վերջ դրվի արյունահեղությանը և մարդկային ու մշակութային սպանդին, որը տեղի է ունենում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած այսպես կոչված «դեֆակտո Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղ)»՝ Խորհրդային տարիների Ադրբեջանի սահմաններում։

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի ձևավորման ընթացքում տեղի ունեցող կատաղի բանավեճերի ժամանակներից ի վեր էթնիկ անհանգստությունը գաղտնի ծխում էր տարածաշրջանում և ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ բացահայտ բախման վերաճեց։ Այդ ժամանակներից սկսած հակամարտությունների և բազմաթիվ կարճաժամկետ հրադադարների պատմություն է եղել, որոնք պետք է խախտվեին։ Ռազմական լուրջ առճակատում սկսվեց 2016 թվականին, երբ նորից խախտվեց հրադադարը։ Այժմ բռնությունը կարծես ավելի ու ավելի արագ է մեծանում, և Ռուսաստանի միջնորդությամբ կնքված վերջին հրադադարը խախտվել է հոկտեմբերի 10-ին։ Ադրբեջանցիները ռմբակոծել են ոչ միայն Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հադրութ քաղաքը, այլ նաև հենց Հայաստանի մարզերից մեկը։ Շատ վիրավորներ և զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում, և չգիտենք՝ ինչ ակնկալել մոտակա օրերին։

Այս մասսայական ավերածությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տարածքային անզուսպ և բռնի քաղաքականության մի մասն է, որն ուղղված է տարածաշրջանում Օսմանյան իշխանության վերահաստատմանը։ Ավելի մոտ կլինեինք փոխզիջմանը, եթե Ադրբեջանը կառավարման ավելի բաց կարգ ունենար, քան Թուրքիան՝ ներքին զսպվածություններով և հակակշիռներով։ Վերոնշյալից ելնելով՝ հասկանում ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ իր էթնիկ հայ բնակչությունից է ազատում Արցախը (Լեռնային Ղարաբաղ)՝ հայկական պատմական անկլավը, որը գտնվում է իր՝ խորհրդային ժամանակաշրջանի սահմաններում։ Ըստ առկա տեղեկությունների՝ առաջնագիծը կազմված է ոչ միայն լիբիացի և սիրիացի վարձկաններից և ապստամբներից, այլ նաև Ադրբեջանում ապրող այնպիսի ազգային փոքրամասնություններից, ինչպիսիք են լեզգիները, թալիշները, ավարները, թաթերը, ուդինները, ցախուրները, ինգիլոները, ուտուլներն ու քրդերը։ Այդ փոքրամասնություններին կոչ ենք անում աջակցել, այլ ոչ թե դիմակայել հայ փոքրամասնությունների պայքարին։ 1997-2006 թթ․ Ադրբեջանի կողմից Նախիջևանում հայկական մշակույթի ոչնչացումը ցույց է տալիս քաղաքացիական կյանքերի և գույքի, իսկ ավելի կոնկրետ վաղեմի փոքրամասնությունների անողոք բնաջնջման և շարունակական բռնության լրջության մասին, որոնց ականատեսն ենք վերջին տասնամյակներում։ Հիշեցնենք, որ ռմբակոծման ենթարկվող տարածքում են գնտվում այնպիսի հնագիտական հուշարձաններ, ինչպիսին է հնագույն հայկական քաղաք Տիգրանակերտը։

Մինչև առաջին համաշխարհային պատերազմի և 20-րդ դարի բերած ավերածությունները ադրբեջանցիները և հայերը այդ տարածաշրջանում կոնֆլիկտային համակեցության պայմաններում էին ապրում, որոնց ծանոթ ենք աշխարհի բազմազգ երկրների օրինակով։ Այժմ ոչ միայն հրադադար ենք պահանջում, այլև պնդում ենք, որ այդ հրադադարը պահպանվի, և պաշտպանվեն հայ փոքրամասնությունների ինքնորոշման ջանքերը։ Հույս ունենք, որ արդարադատության միջազգային հաստատությունների միջնորդությամբ տվյալ տարածաշրջանի էթնիկ հայերի ժողովրդավարական կամքը վերջիվերջո կարող է ճանաչվել։

 

Ի նշան համերաշխության՝

Գայաթրի Չակրավորտի Սպիվակ, Կոլումբիայի համալսարան,

Թարիք Ալի, գրող,

Վիկեն Բերբերյան, գրող

Նոամ Չոմսկի, Արիզոնայի համալսարան

Ջուդիթ Հերման, Հարվարդի բժշկական դպրոց

Քորնել Ուեսթ, Հարվարդի համալսարան

Սեյլա Բենհաբիբ, Եյլի համալսարան։

 

 

Անգլերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

  • Hits: 1645

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: