Լույսը հաճախ խանգարում է ինձ

    Արվեստի եռօրյա ակադեմիայի ամփոփիչ համերգի ժամանակ մասնակից նկարիչներից հանդիսատեսի մրցանակին արժանանացան Արաքս Ասատրյանի նկարները: Այս անգամ cultural.am-ի թղթակիցը զրուցել է հենց նրա հետ:


Ստեղծագործողները մասնակցում են մրցույթների,
որ ոչ թե համեմատության մեջ տեսնեն իրենց կամ մրցակցության մեջ լինեն, այլ փորձեն մի նոր բան գտնել, գուցե նոր մարդկանց տեսնել, ովքեր փորձում են իրենց պես մի բան անել:
«ԵՍ» բառը միշտ մեծատառերով եմ գրում, ասում են` եսասիրությունից է, դրա համար սկսել եմ «ԴՈՒ» բառն էլ մեծատառ գրել, դե բայց ինձնից ի՞նչ եսասեր: 
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ պետք է փորձել փախչել ժամանակից:
Լուսանկարչական սարքը հիշողությունն է: 
Երևակայությունը... չգիտեմ  ինչ է, որովհետև չեմ հասկանում, թե որն է սահմանը. ինչն է իրականություն և ինչը` երևակայություն:
Ակնոցը պատ է, ինքնախաբկանք:
Լույսը հաճախ խանգարում է ինձ: Գիշերը սիրում եմ, որովհետև ես եմ ընտրում` ինչը տեսնել ու ինչը` ոչ: 
Լուցկին կայծ է:  Կարևոր մարդկանց լուցկիներ եմ նվիրում: 
Բացարձակ արժեքների մասին խոսելն անիմաստ է: Վստահ չեմ, որ բացարձակ ինչ-որ բաներ կան, առավել ևս` արժեքներ: 
Ինձ չեն հետաքրքրում սահմանները, որոնք մարդիկ են ստեղծում: 
Եթե մարդիկ չլինեին, շատ լավ կլիներ հենց մարդկանց համար:
Փոքր ժամանակ ինձ շատ բաներ էին սովորեցնում: Ավելի լավ էր` չսովորեցնեին, թե ինչպես է պետք մեծ դառնալ: 
Վերջին ժամանակները կարոտ կա շատ: Ուզում եմ ազատ լինել: Դժվար է:
Ես գրեթե համոզված եմ, որ ճիշտ ու սխալ չկա: Ճշմարտություն չկա:
Եթե մարդիկ փորձեին հասկանալ, թե ինչի մասին են իրենք մտածում, ինչի համար են ժամանակ, էներգիա վատնում, երևի շատ բաներ կփոխվեին:
Գրողները տարօրինակ մարդիկ են, հիանում եմ նրանցով, բայց չեմ հասկանում: Գրելը ուրիշ լեզու է: Երբեք չի ստացվել գոնե մի տող գրել, երևի նրանից է, որ նկարելուն եմ սովոր:
Երաժիշտներին սիրում եմ, որովհետև սիրում եմ լսել:
Կոմերցիան աղբ է: Հնարավոր է, որ այդ աղբից մի լավ բան ստացվի, բայց պետք է դա ստանալու ձևն իմանալ:
Վերջում… ամեն ինչի վերջում լռությունն է: Այնքան, մինչև մի նոր բան սկսվի. մի քիչ ուրախություն, մի քիչ էլ կամ ավելի շատ ցավ:

                                                                         Արաքս Ասատրյանի պատասխաններին
                                                                     համբերատար սպասեց Աստղիկ Հակոբյանը
  • Created on .
  • Hits: 2735

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: