Լորենցո Յուրինա. «Ես սիրահարվեցի այս երկրին»

    Հայ-իտալական համագործակցության ծրագրի շրջանակներում Հայաստանում էր իտալացի ճարտարապետ, Միլանի պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Լորենցո Յուրինան: Cultural-ը զրուցել է ճարտարապետի հետ Հայաստան կատարած այցի, վարած դասընթացի, արվեստի և մի շարք այլ հարցերի շուրջ:

       Առաջին այցս
    Առաջին անգամ Հայաստան եմ եկել 1995 թվականին Գայանե Կազնատիի, Մարիա Միմոյի, Ալպագո Նովելլոյի հետ: Սկսեցինք աշխատել Երերույքում շատ մեծ ոգևորությամբ, բայց տեխնիկապես շատ թույլ և աղքատիկ գործիքներով: Ուսումնասիրում էինք հուշարձանները: Այդ ժամանակ դա ավելի շատ կամավորական գործունեություն էր. դեռ որևէ համագործակցության ծրագիր չկար, կար միայն Գայանե Կազնատիի անձնական նախաձեռնությունը: Այն ժամանակ նա Միլանի պոլիտեխնիկական համալսարանի ուսանող էր, և նրա թեզը հենց Մարմաշենի վերաբերյալ էր: Կազնատին իր շուրջը հավաքեց մի խումբ, որը եկավ Հայաստան ու սկսեց աշխատել:

       Մի քիչ շաղախ
   Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը փոքր գումար հատկացրեց նյութերի և սարքավորումների ձեռքբերման համար. մի քիչ շաղախ գնեցինք, մի քանի գործիք, համենայն դեպս կարողացանք գալ և սկսել աշխատանքը: Գյուղի բանվորների հետ էինք աշխատում: Հետաքրքիր փորձություն էր և՛ նրանց համար, և՛ մեզ համար. կարելի է ասել` առաջին պիոներներն էինք այս ասպարեզում, որ Իտալիայից եկանք Հայաստան:

       Իմ աշխատանքը Հայաստանում
    1998թ.-ին 20 ուսանողների հետ Ամբերդ եմ գնացել, չափագրման աշխատանքներ իրականացրել: Աշխատել եմ նաև Տաթևում 2000-2002 թթ.-ին, որից հետո Անիում եմ եղել ՄԱԿ-ի կողմից ֆինանսավորված ծրագրով, զբաղվել եմ Անիի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվելու հարցով:
    Սա իմ 6-րդ այցն է Հայաստան: Եկել էի ծրագրի շրջանակներում, նպատակը դասավանդելն էր և Արուճում  աշխատանքներ իրականացնելը: Մեր նպատակը ոչ միայն ինչ-որ գործ անելն է, այլև թիմային աշխատանքը. որ և՛ մենք իրենցից ինչ-որ բան սովորենք, և՛ իրենք վերցնեն որոշ գիտելիքներ: Արուճում եկա այն եզրակացության, որ նույնիսկ երկար ուսումնասիրության պարագայում հնարավոր չէ գտնել եզակի լուծում, որ կլինի միակը և ամենաճիշտը հուշարձանի համար: Վերականգնման մեջ պետք չէ չոր կանոններ դնել. կարելի է այդ աշխատանքներն անելիս թեկուզ մի փոքր, բայց ինչ-որ փոփոխություններ անել:
    Կարևոր է ուսումնասիրել, վերլուծել խնդիրները և կարողանալ դրանք պատմել, ներկայացնել, հետազոտություններ անել՝ նոր մեթոդներ և տեխնիկաներ կիրառելով, պատրաստել մասնագետներ և իրականացնել նախագծեր: Այնպիսի նախագծեր, որոնց իրականացումն անհնարին չէ:

       Նման ենք, բայց և տարբեր
    Շատ բաներ կան, որ նման են Իտալիային: Նայում ես այդ նմանությունը և հասկանում այն խնդիրները, որ ամեն տեղ կան, բայց ամեն դեպքում տարբերություն կա, և հենց այդ տարբերությունը արդեն հետաքրքիր է և ուրախացնող: Հայերը մեծ հնարավորություններ ունեն, մեծ մշակութային ներուժ:  Ես սիրահարվեցի այս երկրին:

       Հնարավոր է` գամ և ապրեմ Հայաստանում
    Ապրել ժամանակավոր, որովհետև ինձ Իտալիայում ավելի լավ եմ զգում, այնտեղ երեխաներս, փոքրիկ թոռնիկներս կողքիս են: Բայց և՛ կնոջս, և՛ ինձ շատ դուր է գալիս ճամփորդել, գրեթե հինգ տարի ապրել ենք Հարավային Ամերիկայում, սովոր ենք և սիրում ենք թեկուզ երկար տարիներ լինել ուրիշ երկրներում և ինչու չէ, նաև Հայաստանում: Կինս երկու անգամ եկել է, Տաթև է այցելել: Մասնագիտությամբ մաթեմատիկ է. բայց շատ սիրում է իմ աշխատանքը և օգնում է ինձ:

       Քանդակներ եմ պատրաստում փայտից և օճառից
    Այդ պատճառով է, որ ինձ շատ դուր են գալիս ձեր եկեղեցիները, որովհետև բոլորն էլ պատված են քանդակներով:

      Երիտասարդ տարիներին արվեստի խումբ ունեի
    8-12 տարեկան երեխաների խումբ էր: Մոտ 7 տարի զբաղվել եմ այդ գործով, շատ հետաքրքիր աշխատանք էր: Թատերական ներկայացումներ էինք բեմադրում, միասին էինք աշխատում նաև տեքստերի հետ, ես նրանց ճիշտ  ասմունքել էի սովորեցնում:

      Մանրապատումներ եմ գրում
    Իմ ընկերների, ծանոթների շրջանակում ծանոթանում են գործերիս, բայց երբեք չեմ մտածել դրանք հրապարակելու մասին: Հիմա մասնագիտական հոդվածներ եմ գրում:

      Ամրակայման հարցեր կան նաև կյանքում
    Հնարավոր է` ծիծաղելի թվա, բայց իրական կյանքը կարելի է բերել ճարտարապետության դաշտ: Հիմա ուսումնասիրում եմ, թե ինչպես կարելի է ամրացնել գմբեթը հորիզոնական բեռի դեպքում, և հասկանում, որ այս դեպքում էլ օգտագործում  ես այն նույն մեթոդները, ինչ կրծկալ արձակելիս: Ըստ էության, նույն բանն է, դրա համար  էլ ինձ դուր է գալիս:
Զրուցեց Աննա Կարապետյանը
  • Created on .
  • Hits: 3068

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: