ԼԻԼԻԹ ՊԻՊՈՅԱՆ. ՄԵԿ ԿԻԹԱՌՈՎ ԵՐԳԵԼՆ ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ

Հայկական երգարվեստի ամենաինքնատիպ կատարողներից մեկը՝ Լիլիթ Պիպոյանը, ում մասին New York Times–ի հոդվածագիրը տարիներ առաջ գրել էր Արևմուտքի «պատասխանը» Էդիթ Պիաֆին կամ Ջոնի Միտչելին, շուտով կրկին մենահամերգ կունենա Երեւանում։
Օգոստոսի 18–ին Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում կայանալիք համերգը Լիլիթ Պիպոյանը ներկայացրել է՝ «մենահամերգ անակնկալ լուծումներով» ձևակերպմամբ։ Հնարավոր լուծումների բացահայտման նպատակով էլ զրուցել ենք երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանի հետ։   


Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մեյնսթրիմը գերակշռում է, աուտենտիկը՝ քիչ տարածված ու քիչ գովազդվող։ Ի՞նչ կասեք Հայաստանի մասին։


Ժողովրդական երաժշտությունը հարգված է և ունի իր հաստատուն հարթակը և ունկնդրին։ Ես կխոսեի ավելի շուտ այլ ուղղությունների մասին, որոնք թեկուզ որոշ չափով տարբերվում են «դասական-ժողովրդական-ջազ-ռոք» քառյակից։ Ցանկացած փորձարարություն, թեկուզ ամենանուրբ, Հայաստանում դեմ է առնում դժվարությունների։


Դուք ունեք 5 ձայնասկավառակ, ընդ որում վերջինը թողարկել եք 2013–ին։ Վերջին ձայնասկավառակից հետո ինչո՞վ է զբաղված Լիլիթ Պիպոյանը։


Ուրիշ գործերով, որոնք դուրս են երաժշտությունից։ Ես ունեմ նաև այլ հետաքրքրություններ։ Պատճառների մասին հարկ չեմ համարում խոսել։


Տարիներ առաջ Ձեր հարցազրույցներից մեկում ինքներդ Ձեզ բնութագրել էիք «ոչ շուկայական» երգչուհի։ Օրեր հետո ունենալու եք մենահամերգ։ Ո՞վ է Ձեր լսարանը և ո՞ւմ եք սպասում  համերգին։


Նրանց, ովքեր ինձ գիտեն և սիրում են իմ երգերը։ Նաև նրանց, ովքեր սիրում են գեղանկարչություն, քանի որ համերգին ներկայացնելու եմ նաեւ հայրիկիս՝ Հայաստանի վաստակավոր նկարիչ Սուրեն Պիպոյանի նկարներից։ Համերգի օրը նրա 95–ամյակն է և համերգ նրան է նվիրված։

Իսկ երգացանկը՞։

Երգացանկը համերգից առաջ երբեք չեմ հրապարակում, քանի որ այն մինչև վերջին վայրկյանը ենթակա է փոփոխության։


Հետ հայացք գցելով ձեր 20 տարվա  երաժշտական կարիերային, ի՞նչն եք ուզում փոխել հենց այս տարիքում։


Իմ ոճը զարգացում է ապրում։ Ինձ գրավում է ջազի և էլեկտրոնային երաժշտության համադրումը։ Մեկ կիթառով երգելն այժմ արդեն բավարար չէ։


Այդ փոփոխության մեկնարկը տրվե՞լ է։

Այո։ Համերգում կզգաք։


Զրուցեց Ալինա Նահապետյանը
  • Created on .
  • Hits: 2460

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: