Մենք դեռ շատ հեռու ենք զարգացած կինո ունենալուց. Զավեն Բոյաջյան

Օրերս «Գրելույս» գրական ակումբը հերթական գրական հանդիպումն էր կազմակերպել թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանի հետ: Cultural.am-ը նրա հետ խոսել է ժամանակակից կինոյի,  գրականության և այլ հարցերի մասին:

Խոսե՞նք գրող լինել-չլինելու մասին:

Վերջին տասնամյակներում մեր կյանքն արմատապես փոխվել է, սոցիալական ցանցերն ու ինտերնետը շատ գայթակղիչ են դարձել և կյանքը տեղափոխվել է մի հարթություն, որտեղ թացը չորից տարբերելու դժվարությունն ավելի է մեծացել: Եվ մարդիկ, որոնք այլ պայմաններում կարող էին գրող չհամարվել, այսօր շատ հանգիստ գրքեր են հրատարակում, հանդես են գալիս որպես գրողներ, արձակագիրներ: Եվ մարդիկ կան, որոնք թվում է՝ ֆեսյբուքյան ստատուսագրության արահետով անցնելով` հայտնվեցին գրական աշխարհում: Չնայած նրան, որ այսօր ինտերնետային մեծ հնարավորություններ կան, մարդու ինքնազարգացման ճանապարհին ոչ մի խոչընդոտ չկա, ու նա ցանկացած մասնագիտության կարող է հեռակա ձևով լիովին տիրապետել, բայց միևնույն ժամանակ մի տարօրինակություն կա՝ չենք կարողանում ազատվել մեր հայկական գավառականության շորշոփներից: Հայերը ինքնակենտրոնացած են, մտածում, գրում ու խոսում են իրենք իրենց մասին: Շատ սահամանափակ ենք մեր մտածողությամբ, դժվարությամբ ենք ինտեգրվում արտաքին աշխարհի անցուդարձին, և հայկականության դրոշմը զգալի է բոլոր գրողների ստեղծագործություններում:

Շատ մարդիկ համարում են՝ ինչ-որ տեղերից վերցված տեղեկություններով կարող են գիրք գրել, հետաքրքիր լինել, բայց ես միշտ համոզված եմ եղել, որ հատկապես արվեստագետն առաջին հերթին ինքն իրեն պիտի հարց տա՝ ինչով է տարբերվում հանդիսատեսից, ընթերցողից: Եթե օրինակ ես` որպես կինոգետ կամ թատերագետ, որևէ ներկայացման մասին պիտի կարծիք հայտնեմ, ու դա առանձնապես չի տարբերվելու շարքային հանդիսատեսի արձագանքից, ապա ինչո՞վ եմ արդարացնում իմ մասնագիտական գոյությունը: Մասնագիտության ընտրությունը և, ընդհանրապես, դրանով զբաղվելը ես հասկանում եմ այսպես. եթե ես տվյալ գործի մեջ ինձ չեմ դրսևորում լավագույնս, եթե ամենալավը չեմ կամ գոնե չեմ ջանում լավագույնների շարքին դասվել, ապա ինչո՞ւ եմ ես այդ մասնագիտությունն ընտրել: Հայաստանի մեծ դժբախտություններից մեկը սա է, որ ամենուրեք իշխում է միջակությունը, և սա զարմանալի էլ չէ, որովհետև մեր բուհերը ժամանակակից մասնագետներ չեն պատրաստում:

Zaven Boyajyan 2

Ինչպե՞ս եք ընտրում գրքերը, որոնք պիտի թարգմանվեն:  

«Անտարես» հրատարակչության հետ դեռ 2012 թվականին կազմել ենք գրականության ահռելի ցանկ, որտեղ ներառված են մեր կարծիքով աշխարհի լավագույն գրողների ստեղծագործությունները, որոնք կարելի է թարգմանել: Բացի այդ ես ունեմ իմ սեփական ցանկը, որտեղ իմ նախընտրելի գրողներն են:

Ես համարում եմ, որ ցանկացած գործ մարդը պիտի սիրով անի: Եթե դա այդպես չի արվում, ապա որակի և արդյունքի վրա դրսևորվում է, նկատվում է, որ իմիջիայլոց արված աշխատանք է: Բայց եթե  մարդն իր գործն անում է սրտով, ապա փորձում է դա անել լավագույնս, բոլորից լավ: Եթե ես ինչ-որ բան թարգմանել եմ, ուրեմն դա եղել է ինձ սրտամոտ: Սա ինձ համար սրբազան սկզբունք է, և միշտ առաջնորդվել եմ դրանով: Բայց այսօր մեր շուկան հեղեղված է իմիջիայլոց արված գործերով, այսինքն՝ երբ որ թարգմանիչը, թարգմանությունն ու գիրքը բոլորովին իրար չեն համապատասխանում: Թարգմանությունն, ըստ էության, կատարողական արվեստ հիշեցնող բան է, և շատ հաճախ մարդիկ ունենում են հնարավորությունների շրջանակ: Կարող է ես տվյալ գիրքը լավ թարգմանեմ, որովհետև ի  վիճակի եմ դա լավ անելու, բայց մի ուրիշ գրքի թարգմանության գործը չկարողանամ նույն հաջողությամբ հաղթահարել: Ուրեմն ցանկալի է, որ մարդը այնպիսի բան ընտրի, որն իր հնարավորությունների սահմաններում է:

Իմ պարագայում այսպիսի բան կա, քանի որ ցանկացած աշխատանք, որը դառնում է կյանքի հիմնական գործ, վաղ թե ուշ դառնում է մոնոտոն, իսկ թարգմանությունը շատ սևագործ աշխատանք է, տեխնիկական մասը շատ ճնշող է, դրա համար ես սովորաբար ընտրում եմ այնպիսի գործեր, որոնք ինձ համար հաճելի կլինի թարգմանելը: Եվ միշտ ուզում եմ ընտրել գործեր, որոնք իրարից տարբեր են իրենց թեմայով, բնույթով, լեզվով, որովհետև դրա մեջ մարտահարավերի պես մի բան կա, որ ես հասկանամ՝ կարող եմ այս կամ այն խոչընդոտը հաղթահարել, թե՝ ոչ:

Ձեր խոսքերով՝ հայ հասարակության երկու տոկոսն է կարդում, չկարդացող հասարակություն ենք: Կուզեի իմանալ՝ այդ փոքրաթիվ կարդացող մարդիկ ի՞նչ տեսակ գրականության սպառող են:

Այսպիսի մի տենդեց կա՝ Հայաստանում ժամանակակից գրականություն համարվում է Կաֆկա, Ֆոլքներ, Հեսսե, Կամյու, այսինքն՝ գրականություն, որը աշխարհում վաղուց 20-րդ դարի դասական գրականություն է համարվում:  Իմ նշած այդ կարդացող հասարակությունը կենտրոնացած է այս անունների վրա, մինչդեռ աշխարհը վաղուց փոխվել է: Ժամանակակից այնքան հետաքրքիր գրողներ կան, որոնց ստեղծած գրականությանը մենք ծանոթ չենք, որովհետև դրանք ո՛չ տպվում են, ո՛չ թարգմանվում, ոչ էլ դրանց մասին որևէ տեղեկություն ունենք: Ցավալի է, բայց  մենք կարծեք աշխարհի կողքով անցած լինենք: Նոր ենք տպում 20-րդ  դարի դրամատուրգիա, ու չգիտեմ՝ դա ողբալի է, թե ծիծաղելի: Մենք մեծ ուժեր, լավորակ բավականաչափ թարգմանիչներ չունենք, որ այդչափ թարգմանչական աշխատանքն արվի, ամենատարածված լեզուներով անգամ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հատուկենտ մարդիկ կան, որոնք ի վիճակի են տվյալ հեղինակին մատուցել ինչպես հարկն է: Թվում է՝ հեղեղի պես գրքեր են տպվում, բայց դա մի կաթիլ է օվկիանոսում:     

Zaven Boyajyan 3

Իսկ ներկայիս հայկական կինոարտադրության վիճակը Ձեզ  գոհացնու՞մ է:

Ինտենսիվ չեմ հետևում հայկական կինոարտադրությանը, բայց պարբերաբար հայտնվում եմ դա գնահատող հանձնախմբերում և հասկանում, որ մենք դեռ շատ հեռու ենք զարգացած կինո ունենալուց: Չնայած հիմա տեսնում եմ՝ երիտասարդները ինչ-որ հնարավորություններ են փնտրում, ֆիլմեր են նկարում, աշխուժություն կա, բայց մեր կինեմատոգրաֆիկ կրթությունը դեռ շատ արմատական թերություններ ունի և մենք, կներեք, բայց դեռևս շատ գավառական ենք աշխարհի համար:   Սկսնակների, թեկուզ նորավարտ մարդկանց աշխատանքները տեսնում եմ, ու ընդհանուր մակարդակը ցանկալիից շատ հեռու է, թեև լավ գործեր լինում են, երբեմն նույնիսկ զարմանալի լավ: Նույնը վերաբերում է նաև ներկայումս գործող մարդկանց, ովքեր ինչ-որ բաներ են նկարում, մրցանակներ են ստանում, բայց առայժմ ես չեմ տեսնում այն ճանապարհները, որոնցով մենք կինտեգրվենք համաշխարհային կինոարտադրության պրոցեսին: Չեմ տեսնում ինչ-որ մի հայկական ֆիլմ, որը կարող է դուրս գալ վարձույթ ու ցուցադրվել կամ գնա Բեռլինի փառատոնին ինչ-որ մրցանակ ստանա: Չնայած Ֆիլմի արժեքը մրցանակով չի վավերացվում. շատ ֆիլմեր կան, որոնք արժեքավոր են, և ոչ մի մրցանակ չունեն  և ֆիլմեր կան, որոնք միջակ են, բայց մրցանակակիր: Սա վերաբերում է նաև մյուս ոլորտներին:

Մենք նույնիսկ կողմնորոշված չենք՝ ինչ կինո ենք ստեղծում, որովհետև այսօր կինոն շատ տարանջատված է: Կա փառատոնային կինո, կա առավելապես լայն խավերին ուղղված կինո…բայց մեր շատ ռեժիսորներ իրենք իրենց տեղը նույնիսկ չեն պատկերացնում, թե իրենց ինչ կինո է  հետաքրքում՝ ժողովրդական, կոմերցիոն, արկածային, մարտաֆիլմ…. Այդ տարանջատումները նույնիսկ մեզ մոտ գոյություն չունեն:

Շատ մարդիկ էլ կան, որոնք պարզապես իրենք իրենց վրա չեն աշխատում` համարելով, որ իրենք շատ տաղանդավոր են, կնկարեն, կներկայացնեն, բայց ոչ, դա պատրանք է: Կինոյում դա այնքան դժվար է, որովհետև տեխնիկական կողմ կա, և եթե նույնիսկ տվյալ ռեժիսորը բնածին հանճար է, միևնույն է, իր ֆիլմը եթե տեխնիկապես թույլ է, չի կարող բավարարել այսօրվա աշխարհի պահանջներին:

Այդ դեպքում հայկական կինոն ի՞նչ ճանապարհ պիտի անցնի, որ հասնի  համաշխարհային ճանաչողության:

Գլխավոր խնդիրն այն է, որ այսօրվա աշխարհին ինտեգրված չենք:

Մոտ երկու տարի առաջ, որպես հանձնախմբի անդամ, նայեցի պետական աջակցությամբ ստեղծված կարճամետրաժ ֆիլմեր: Ինձ համար մտահոգիչ էր, թե ինչ թեմաներ են ընտրված, ինչպես է նկարված, ռեժիսորական ինչ ձեռագիր կա: Սյուժեները ժամանակից, մարդկային հարաբերություններից դուրս էին, ինչն այսօրվա աշխարհին հետաքրքիր չէ: Այսօրվա աշխարհում այնքան խնդիրներ կան, ու պիտի ձև գտնել դա ճիշտ մատուցելու: Իսկ մատուցման միակ ընկալվող ձևն այսօր այն է, որ պիտի կարողանաս ցավի մասին հումորով պատմել, որովհետև այսօրվա  մեր ապրած ամեն վայրկյանի մեջ և՛ ողբերգություն կա, և՛ զավեշտ, բայց մենք դա չենք հասկանում, որովհետև ո՛չ զբաղվում ենք մեզնով, ո՛չ գիրք ենք կարդում, ո՛չ ֆիլմեր ենք նայում…Սա շատ գլոբալ հարց է, որն առաջին հերթին գալիս է այն մարդկանցից, որոնք այդ կինոն նկարում են: Այդ մարդիկ չեն գիտակցում, որ բավարար չէ տաղանդավոր լինել, այդ տաղանդը պիտի ջրել, աճեցնել, ծաղկեցնել, որ դա պտուղ տա, հակառակ դեպքում այդ տաղանդով կարելի է լավ թե վատ մի ֆիլմ նկարել ու վերջ: Բա հետո՞:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 5011

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: