Հայկական առաջին բազմաձայն պատարագը

    XIX դարի վերջին քառորդին արևելահայ իրականության մեջ Քրիստափոր Կարա-Մուրզան (1853-1902 թթ.) հանդիսացավ ամենաաչքի ընկնող երաժշտական-հասարակական գործիչներից մեկը, ով իր երաժշտական գործունեությամբ անգնահատելի ծառայություն մատուցեց մեր ժողովրդին: Նա առաջինն էր հայ կոմպոզիտորներից, որ իր ուշադրության կենտրոնում դրեց հայկական ժողովրդական երգերի հավաքման, ձայնագրման, քառաձայն մշակման և տարածման գործը: Համառ և անձնուրաց աշխատանքի շնորհիվ նա հայկական իրականության մեջ ձևավորեց համերգային կյանք, երաժշտությունը դուրս բերեց արիստոկրատական սալոններից և դարձրեց ժողովրդական ամենալայն զանգվածների սեփականությունը: 
    XIX դարի վերջին քառորդին հայկական երաժշտության զարգացման կենտրոնական հարցը բազմաձայնության արմատավորումն էր: Դարեր շարունակ միաձայնության սկզբունքով զարգացած հայ երաժշտությունը հասել էր զգալի բարձրության: Սակայն XIX դարում, երբ համաշխարհային երաժշտական մշակույթը բազմաձայնության ընձեռած հարուստ հնարավորությունների շնորհիվ հսկայական քայլերով առաջ էր ընթանում, հայկական երաժշտության զարգացումն արգելափակված էր:
kara-murza    Ահա թե ինչու Կարա-Մուրզան իր կյանքի նպատակը դարձրեց բազմաձայնության ներմուծումը մեր երաժշտության մեջ: Հաղթահարելով ամեն տեսակի արգելքներն ու խոչընդոտները` կոմպոզիտորն ուղի հարթեց բազմաձայնության տարածման համար:
    Քրիստափոր Կարա-Մուրզայի գործունեությամբ այսօր էլ մասնագետները շարունակում են հետաքրքրություն դրսևորել: Նյու-Յորքաբնակ ազգությամբ հայ երաժշտագետ Գրիգոր Փիթեջյանը հայ միջնադարյան երաժշտությանը նվիրված երեք գրքերի հեղինակ է: Տարիներ շարունակ ուսումնասիրելով Ք. Կարա-Մուրզայի կյանքն ու գործունեությունը` Փիթեջյանն իր հերթական գիրքը ծրագրել էր նվիրել հենց այդ ուսումնասիրությանը: Երաժշտագետը քաջատեղյակ էր, որ մինչ այժմ հրատարակված է Կարա-Մուրզայի ստեղծագործությունների միայն փոքր մասը, իսկ մնացած մասը համարվում է կորսված: Այդ առիթով դեռևս 2007 թ. Երևան կատարած այցի ժամանակ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում Ռ. Մելիքյանի ձեռագրերի պահոցում Գր. Փիթեջյանը հայտնաբերել էր Քրիստափոր Կարա-Մուրզայի մի շարք ձեռագրեր, այդ թվում նրա կողմից բազմաձայնված հայ առաքելական եկեղեցու սբ. պատարագի երգեցողությունները և մի քանի տասնյակ աշխարհիկ երգեր ու խմբերգեր, որոնց նոտաները երկար տարիներ մեզ համար համարվել են կորսված:
     Գր. Փիթեջյանը պատարագի նոտաները գտել է լիմոնջյանական նոտագրությամբ ձեռագիր տարբերակով: Ձեռագիրը թերի էր և խմբագրման կարիք ուներ, քանի որ ներառում էր միայն երգչախմբային հատվածները: Ինչպես նշել է Կարա-Մուրզայի մի շարք ստեղծագործությունների խմբագիր կոմպոզիտոր Ռ. Մելիքյանը. «Իբրև երաժիշտ-հասարակական գործիչ Կարա-Մուրզան ժամանակ չի ունեցել ո'չ հիվանդանալու, ո'չ սիրելու, էլ ի'նչ մնաց համբերություն ունենար իր գրվածքները մշակելու կամ խմբագրելու»[1]:
     Գրիգոր Փիթեջյանն ստանձնեց այդ պատասխանատու աշխատանքը և խմբագրեց Կարա-Մուրզայի ձեռագիրը: Նա ավելացրեց սարկավագների երգեցողությունները, ինչպես նաև համակարգեց երգչախմբային հատվածները: Այդպիսով 17 էջից բաղկացած ձեռագիրը վերածվեց շուրջ 80 էջ ընդգրկող ավարտուն, ծավալուն ստեղծագործության: Որից հետո պատարագի կատարման առաջարկով Գր. Փիթեջյանը դիմեց Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանին: Վերջինս սիրով ընդունեց այն, և 2013 թ. հոկտեմբերի 29-ին պատարագն առաջին անգամ ամբողջապես հնչեց Գևորգյան ճեմարանում: Երգչախումբն արդեն հասցրել է նաև ձայնագրել այն:
     Շուտով լույս կտեսնի մեծ կոմպոզիտորին նվիրված Գր. Փիթեջյանի ծավալուն աշխատությունը, ուր տեղ են գտել կոմպոզիտորի կենսագրությունը, լուսանկարները, նոտային հավելվածը (մինչ այժմ հրատարակված շուրջ 40 երգերի և խմբերգերի փոխարեն այժմ կհրատարակվեն 80-ից ավելին), ինչպես նաև պատարագի ձայնագրությունը:
    Նոյեմբերի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Երևանի պետական երգչախումբը գլխավոր դիրիժոր Հ. Թոփիկյանի ղեկավարությամբ հանդես եկավ Կարա-Մուրզայի ստեղծագործություննեին նվիրված համերգով, որի ընթացքում հնչեցին պատարագի երգչախմբային հատվածները (թվով 24) և մի շարք աշխարհիկ խմբերգեր, որոնց թվում առաջին անգամ կատարվեցին «Մեր հայրենիք», «Լռեց», «Քեզի մեռնիմ, Էջմիածին» խմբերգերը: Մենակատարներն էին` Թամարա Մոսինյանը (սոպրանո), Մաքրուհի Խաչատրյանը (սոպրանո), Վահագն Վարդազարյանը (տենոր) , Արտակ Մելիքյանը (տենոր) և Սեյրան Ավագյանը (բաս): Համերգը պատմական նշանակություն ուներ և մեծ ոգևորություն հաղորդեց ունկնդրին:
    Հայ առաքելական սբ. եկեղեցու պատարագի սրբասացությունները Քրիստափոր Կարա-Մուրզան բազմաձայնել է 1886 թ., և 1887 թ. առաջին անգամ այն հնչել է Բաքվի սբ. Գևորգ հայկական եկեղեցում, իսկ 1892 թ. կատարվել Էջմիածնի մայր տաճարում` սբ. Թադեոսի և սբ. Բարդուղիմեոսի տոնի կապակցությամբ: Ավելի քան մեկ տասնամյակ (1886-1897 թթ.) Կարա-Մուրզան հայկական եկեղեցիներում կատարել է իր մշակած պատարագը, թեև հոգևորականությունը միշտ աշխատել է խոչընդոտել նրա գործունեությանը և թույլ չտալ, որպեսզի քառաձայն երգեցողությունը մուտք գործի եկեղեցի: Եվ միայն Մակար Եկմալյանի «Պատարագի» լույս ընծայումից և եկեղեցու կողմից պաշտոնապես ընդունվելուց հետո այդ արգելքը վերացավ: Դա տեղի ունեցավ 1896 թ.: Կաթողիկոսը հատուկ կոնդակով օրհնեց Եկմալյանին և կարգադրեց ամեն տեղ կատարել նրա մշակած պատարագը: Կարա-Մուրզան ևս, ծանոթանալով Մ. Եկմալյանի «Պատարագի» հետ, հանձն առավ կատարել հենց այդ տարբերակը` այդ մշակումը համարելով Եկմալյանի ստեղծագործական գործունեության գագաթնակետը:
    Կարա-Մուրզայի մշակած պատարագն ունի պատմական մեծ նշանակություն: Սակայն այն ներդաշնակված է եվրոպական երաժշտության հարմոնիկ համակարգի սկզբունքներով և ունի կոմպոզիտորի կողմից ներմուծված բազմաձայնությանը բնորոշ ուղղահայաց ակորդային կառուցվածք, որում հաշվի չեն առնված հայ հոգևոր երաժշտության յուրահատկությունները: Դա միանգամայն արդարացված է, քանզի հայ իրականության մեջ բազմաձայնության առաջին փորձն է:
    Նախնական համեմատության ենթարկելով Ք. Կարա-Մուրզայի և Մ. Եկմալյանի «Պատարագները»՝ կարող ենք տեսնել բազմաձայնման սկզբունքների որոշ տարբերություններ: Կարա-Մուրզայի «Պատարագում» ձայները չունեն ինքնուրույն մեղեդիական գծեր, այլ դիտվում են ուղղահայաց` ակորդի մաս կազմելով: Հաճախ է կիրառված զուգահեռ տերցիաներով և սեքստաներով շարժումը` հատկապես վերևի 2 ձայներում, իսկ բասը շատ պասիվ է և հիմնականում շարժվում է գլխավոր աստիճաններով (գերակշռում է T-S-D-T ֆունկցիոնալ շարժումը): Ի տարբերություն Կարա-Մուրզայի, Եկմալյանը մնացած ձայներին ևս որոշակի ինքնուրույնություն է հաղորդել` առավել հաճախ կիրառելով ձայների հակադիր շարժումը, այդ էլ հիմնականում ոչ հարևան ձայներում:
    Ինչպես հայտնի է Մ. Եկմալյանի մշակած պատարագը ևս բազմաձայնված է եվրոպական երաժշտության հարմոնիայի սկզբունքներով և միայն Կոմիտասի անձնվեր աշխատանքի շնորհիվ XX դարի I կեսում մենք ունեցանք հայ հոգևոր երաժշտության սկզբունքներով բազմաձայնված պատարագ: Այս իմաստով Կարա-Մուրզայի «Պատարագի» պատմական նշանակությունը շատ մեծ է, քանզի նա առաջ բերեց պատարագի երգեցողությունները բազմաձայնելու անհրաժեշտությունը, որն իր զարգացումը գտավ Եկմալյանի և Կոմիտասի ստեղծագործության մեջ:
    Այս տարի նշվում է Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան 160-ամյակը և այդ կապակցությամբ հայ ունկնդրին մեծ անակնկալ մատուցվեց. շուրջ 110 տարի անց կրկին կատարվեցին նրա մի շարք կորսված ստեղծագործություններ:

                                                                                                                           Քնարիկ Բաբաջանյան                                                                                                                                           երաժշտագետ 

[1] ՔրիստափորԿարա-Մուրզա, Խմբերգեր, Ե., 1978, էջ 7:

Օգտագործված գրականություն
1. Մ. Հ. Մուրադյան, Քրիստափոր Կարա-Մուրզան և բազմաձայնության արմատավորումը հայ երաժշտության մեջ, Ե., 1956 թ.: 
 2. Քրիստափոր Կարա-Մուրզա, Խմբերգեր, Ե., 1978թ.:
  • Created on .
  • Hits: 6757

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: