ԶՐՈՒՅՑ ՊԱՏԻ ԵՎ ԱՅԼ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳՐԻԳՈՐ ՊԸԼՏՅԱՆԻ ՀԵՏ

«Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի հայտնի սպիտակ պատին տեղ է գտել Գրիգոր Պըլտյանի անտիպ բանաստեղծությունը։ Փարիզաբնակ ականավոր հայ բանաստեղծ, արձակագիր, գրաքննադատ Պըլտյանը 1974 թվականին հեղինակած «Երկիր» բանաստեղծությունը բնորոշում է որպես «պատի բանաստեղծություն»։ Չնայած այն գրվել է հեղինակի առաջին գրքից տարիներ առաջ, սակայն Պըլտյանն այն գրական մամուլում և հետագա գրքերում նույնպես երբեք չի տպագրել՝ հարմար չգտնելով պատի համար գրված բանաստեղծությունը տպագրել թղթի վրա:
«Երկիրը» բաղկացած է երեք սյունակից։ Պըլտյանի խոսքով՝ չնայած ամեն մեկն ունի հիմնական մոտիվ, թեմա`սյունակները կարելի է կարդալ և՛ որպես առանձին միավոր, և՛ որպես ճյուղավորվող մասեր։
«Եթե կարդանք բանաստեղծության միայն կենտրոնական հատվածը, կստեղծվի տպավորություն, թե այդ հատվածի շուրջն են պտտվում մյուս ութ հատվածները։ Պտտվող անիվ է։ Կարդացողը պետք է ակտիվ, գործող լինի, պասիվ դիրքում լինել չի կարող»,- ընթերցողների հետ «Զրույց բանաստեղծության մասին» խորագրով հանդիպման ժամանակ ասաց հեղինակը։
«Պատի բանաստեղծություն» գրելու նպատակը բանաստեղծությունը տարածական դարձնել է եղել։
«Փորձում էի այնպես անել, որ տեքստի մեջ ոչ թե մեկ, այլ երկու ձայն լիներ։ Օպերա չէ, որ յոթ ձայն լինի, յոթն էլ՝ լսելի։ Գրականության մեջ, եթե կա մի ձայն, երկրորդը չի լսվում։ Մտածում էի՝ ինչպես անել, որ երեք ներկա լինի միաժամանակ, գտնել թեմաներ, որոնք ընդհանուր եզրեր ունեն և զարգացնել դրանք երեք սյունակում»,- նշեց Պըլտյանը։
Գրողի համոզմամբ բանաստեղծությունը ժամանակի միավոր է, տարածությանը տեղ տվող,ոչ թե տարածության մեջ տեղ զբաղեցնող։ «Երկիր» բանաստեղծությունը «Լոֆթի» սպիտակ պատին տեղադրելը, ըստ երևույթին, ժամանակի և տարածության չափումների համադրման փորձ է Պըլտյանի կողմից։

«Գրածս առաջին բանաստեղծությունից միայն երկու բառ եմ հիշում՝ մոխիր, ծառեր։ Բանաստեղծությունը կորցրել եմ»,- հիշում է հեղինակն ու ավելացնում,- հայկական դպրոցների ուսուցիչները սիրում են աշակերտներին գրելու մղել։ Մեր վարժարանում էլ էր այդպես։ Ստեղծագործությունները տպագրվում էին դպրոցի թերթում, այնուհետև տարեգրքում։ Մրցակցություն կար։ Բոլորն ուզում էին գրել»։
Բեյրութի «Թորգոմյան» վարժարանում սովորելու տարիներին էլ սկսել է գրել։
«Դպրոցի թերթի համար էի գրում։ Շատ էի աշխատում ինձ վրա, բայց չէր ստացվում։ Պետք էր տաղաչափություն սովորել։ Ֆրանսերենի համար գրքեր կային, հայերենի համար՝ ոչ։ Եղածները նկարագրական հատորներ էին»,- ասում է Պըլտյանը։
Ի տարբերություն շատ հայ և օտարազգի հեղինակների՝ Գրիգոր Պըլտյանը հակված չէ ռոմանտիկ, զգայական, անձնական մոտիվներով բանաստեղծությունների։
«Չէի ուզում հայելի լինել բանաստեղծություն համար, ինչ էի ես, ընդամենը քսանմեկ տարեկան։ Ուզում էի ոչ թե ենթակայական, այլ առարկայական բանաստեղծություն գրել։ Պետք էր ազատվել բոլոր ավանդական ձևերից, ինչը մեծ աշխատանք էր պահանջում։ Այդտեղ է, որ փիլիսոփայությունն ինձ փրկեց»։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3542