2017-Ի ՇԱԲԱԹՆԵՐԸ ՀԱԳԵՑԱԾ ԿԼԻՆԵՆ ՊՈԵԶԻԱՅՈՎ
Չնայած 2017-ը դեռ չի մեկնարկել, ընթերցասերներն արդեն կարող են ձեռք բերել «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության-2017» ընտրանի-օրագիրը։ Այս յուրօրինակ գրքում ներկայացված է անկախության շրջանի պոեզիան՝ 52 բանաստեղծի մեկական ստեղծագործություն։ Բանաստեղծությունների կողքին կա օրագրային հատված։ Ընթեցողները կարող են ստեղծագործել և դառնալ ընտրանի-օրագրի համահեղինակ։
«Տեղեկատվական տեխնոլոգիաները, ինֆորմացիոն հոսքերը մեզ կտրում են բանաստեղծությանն առնչվելու հնարավորությունից։ Մեզ զբաղեցնում են ամեն տեսակ բաներով, ուղղակի ժամանակ և ցանկություն չենք ունենում, պոեզիայի ծարավ չենք ունենում։
Կարևոր է, որ մարդն իր առօրյա հոգսերի, կենցաղի, ժամադրությունների և գործերի մեջ էլ հնարավորություն ունենա առնչվել բանաստեղծությանը»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց գրականագետ Հայկ Համբարձումյանը, ով կազմել և խմբագրել է ժողովածուն։
«Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության-2017»-ը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը։ Դեկտեմբերի 20-ին «Զանգակ» գրատանը կայացավ ընտրանի-օրագրի շնորհանդեսը։
Գրքի մտահղացումը հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանինն է։ Անկախության շրջանի պոեզիային թեմատիկ անդրադարձ են կատարել Հայկ Համբարձումյանի առաջարկով։ Ասում է՝ ընտրություն կատարելը դժվար էր, քանի որ անկախությունից հետո հարյուրավոր բանաստեղծական ժողովածուներ են տպագրվել։
«2000-ական թվականներից ստեղծագործող երիտասարդ հեղինակների անուններ գիտենք, բայց չգիտենք՝ նրանք որտեղից են գալիս։ Աշխատել եմ ընտրել հենց այն ստեղծագործությունները, որոնք կարող էին ակունք լինել։
Կան ժողովածուներ, որ 90-ականներին են հրատարակվել, և հեղինակներն արդեն մեզ հետ չեն, կան մամուլի էջերում առանձին արժեքավոր բանաստեղծություններ, բայց այսօր նույնիսկ մասնագետ ընթերցողին անհայտ են։ Ժամանակն անցել է, ստեղծագործությունները գրական շրջանառությունից դուրս են եկել, բայց դրանք անուրանալի գեղարվեստական առանձնահատկություններ ունեն, ժամանակավրեպ չեն։
Այնպես չէ, որ մենք ասում ենք՝ սա է գրականությունը, ուրիշ բան չկա, իհարկե շատ բան կա, որ ծավալի պատճառով չենք կարողացել ներառել»,- նշեց մեր զրուցակիցը։
Գրականագետի դիտարկմամբ՝ անկախության շրջանի պոեզիայի ձևավորման, զարգացման և կայացման վրա ազդեցություն ունեցած ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչների ստեղծած գրականությունը բազմազան է։
«Հեղինակներն իրենց դավանած բանաստեղծական սկզբունքներով շատ տարբեր են։ Իննսունականներին բնորոշ էր ընդդիմությունը, ամեն ինչ մերժելը, ժխտելը, նոր խոսք, արտահայտչամիջոցներ բերելը։
Այսօր էլ նոր խոսք ասելու խնդիր կա, բայց այդ ընդվզումը չկա, որովհետև գրականությունը կորցրել է իր հանրային նշանակությունը։
Գուցե սովետական շրջանի իներցիայով, բայց մարդիկ արձագանքում էին բանաստեղծությանը։ Ծանր տարիներ էին, սոցիալական ծանր պայմաններ, բայց «Գարուն» ամսագիրը և այլ պարբերականներ հրատարակվում էին։ Բանաստեղծները ցանկանում էին ասել խոսք, որը կնպաստեր պետականության կայացմանը, գիտակցում էին իրենց խոսքի զորությունը։ Այսօր մեր հեղինակներին գուցե պակասում է իրենց խոսքի զորության նկատմամբ հավատը։ Եթե նրանք հավատան, որ այդ խոսքը զորություն ունի և լսարան կգտնի, գուցե ամեն բան այլ կերպ լինի»,- ամփոփեց Հայկ Համբարձումյանը։
«Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության-2017» ընտրանի-օրագրի ստեղծագործական կազմը մտադիր է պոեզիան ներկայացնելու այս ձևաչափը դարձնել ամենամյա, ինչպես նաև անցկացնել ընթերցում-քննարկումներ գրքում ընդգրկված հեղինակների, գրականագետների և իհարկե ընթերցողների մասնակցությամբ։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3338