«ՀԵՏՈ ԿԵՐԵՎԱ՝ ՍԱ ԲԱՐՁՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է, ԹԵ ՈՉ». ԳԱՅԱՆԵ ԳԻՆՈՅԱՆ

 Շվեյցարացի ժամանակակից գրող Մելինդա Նադյ Աբոնիի «Աղավնիները թռչում են» վեպն արդեն կարող է համալրել նաև հայ ընթերցողի գրադարանը:

2010 թվականին լույս տեսած վեպը գերմաներենից հայերեն է թարգմանել Գայանե Գինոյանը, հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը:

Փետրվարի 16-ին Գերմաներենի ուսուցման կենտրոնում այն ներկայացվեց ընթերցողին:

«Հաճախ եմ մասնակցում գերմանական գրքի տոնավաճառների Ֆրանկֆուրտում, Լայպցիգում և այլուր: Հետաքրքրված եմ այն գրքերով, որոնք տվյալ պահին ավելի շատ ընթերցողներ ունեն: Այդպես 2010 թվականին ձեռքս ընկավ այս վեպը: Ինձ գրավեց դրա լեզուն, թեման, հեղինակի ոճը»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց Գայանե Գինոյանը:

«Աղավնիները թռչում են» վեպը Կոչիշ ընտանիքի մասին է, որը հունգարական փոքրամասնություն է Հարավսլավիայում և արտագաղթում է Շվեյցարիա: Օրինակելի վարքի և աշխատասիրության շնորհիվ նրանք քաղաքացիություն են ստանում և բավական եկամտաբեր սրճարան են աշխատեցնում:

Դուստրերը՝ Իլդիկոն և Նոմին, մեծանում են երկու մշակույթների միջև, հրապուրվում մեկ Վոյվոդինայում կորցրած հայրենիքով, մեկ շվեյցարական հասարակության մաս կազմելու ցանկությամբ: Երկար ժամանակ է անցնում, մինչև Իլդիկոն հասկանում է, որ շվեյցարական անվրդով, իդեալական կյանքի հետևում պարզորոշ թշնամանք կա օտարների հանդեպ: Մելինդա Նադյ Աբոնին ներկայացնում է, թե ինչ դժվարությունների հետ է կապված ինտեգրացիան:

«Հետո կերևա՝ սա բարձր գրականություն է, թե ոչ, կարևորը ընթերցողին հուզել կարողանալն է,- ասում է թարգմանիչը.- երբ ես որպես հայ եմ կարդում գործը, ու ինձ հուզում է դրա թեման, նշանակում է՝ գրողը համամարդկային թեմա է շոշափում: Գրեթե բոլոր հասարակությունների կյանքում նման դեպքեր լինում եմ: Դրանք անցյալ չեն, այսօրվա պատմություններ են:

Իմ ընտանիքի մեծ մասը Հայաստանում չի ապրում, և ես ինքս եմ տեսնում՝ ինչ է նշանակում, երբ հարազատներդ հեռանում են երկրից: Ճիշտ է՝ կարողանում են հիմնավորվել արտասահմանում, քաղաքացիություն ձեռք բերել և այլն, բայց նրանց աչքը միշտ այստեղ է: Նույն բանը նաև վեպում ենք տեսնում. երբ հերոսներն ընտանիքով գնում են Հարավսլավիա, նրանց հետաքրքրող առաջին բանն այն է, թե արդյո՞ք ամեն ինչ իր տեղում է, արդյո՞ք անցած տարվա նման է, երբ իրենք դեռ այդտեղ էին, հո որևէ բան չի՞ փոխվել: Երբ ամեն ինչ առաջվա նման է, իրենք իրենց տանն են զգում»:

Առնո Գայգերի «Ծեր թագավորը իր աքսորավայրում» վեպի, Ինգեբորգ Բախմանի «Զիմուլտան» պատմվածքների ժողովածուի, Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպի և գերմանալեզու այլ ստեղծագործությունների թարգմանիչ Գայանե Գինոյանը հիմա թարգմանում է շվեյցարացի ժամանակակից գրող Պետեր Շտամի «Ագնես» վեպը, որը ևս կհրատարակի «Զանգակ»-ը:

«Հիմնականում ուշադրությունս սևեռում եմ այսօր ստեղծվող գրականության վրա, դա ինձ ավելի հոգեհարազատ է: Հաճախակի լինելով Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում՝ տեսնում եմ՝ ինչպես են ապրում մարդիկ, ու կարողանում եմ ավելի հեշտությամբ ընկալել նրանց կյանքը, մտնել տվյալ իրավիճակի մեջ»,- նշեց մեր զրուցակիցը:

Մելինդա Նադյ Աբոնին ծագումով հունգարացի է: Ծնվել է 1968 թվականին Բեչեյ գյուղաքաղաքում: Ընտանիքը պատկանում էր Հարավսլավիայի (այժմ՝ Սերբիա) Վոյվոդինա մարզի ազգային փոքրամասնությանը:

1973 թվականին ընտանիքի հետ նախկին Հարավսլավիայից արտագաղթել է Շվեյցարիա: Ցյուրիխի համալսարանում սովորել է գերմանական բանասիրություն և պատմություն: Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Հերման Գանցի, Ցյուրիխի գրական մրցանակներին:

Իր մասին գրողն ասում է. «Ես հունգարացի սերբ եմ, ով ապրում է Շվեյցարիայում, և ես սիրում եմ գերմաներենն այնպես, ինչպես հունգարերենը»:

«Աղավնիները թռչում են» վեպը, որտեղ գլխավոր հերոսը պատմում է իր ընտանիքի այցելությունների մասին նախկին Հարավսլավիա, Շվեյցարիայում որպես ներգաղթյալ հաստատվելու դժվարությունների և Բալկանյան պատերազմի մասին, արժանացել է ամենամյա «Գերմանական գրքի մրցանակին»: Առաջին անգամ այս մրցանակը շվեյցարացի է ստացել, և առաջին անգամ դրան արժանացել է մեկը, ում մայրենի լեզուն գերմաներենը չէ: Գիրքն արժանացել է նաև «Շվեյցարական գրքի մրցանակին»:

Սիրանուշ Հայրապետյան
  • Created on .
  • Hits: 3794

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: