ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 15-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

 Եվրոպական կինոյի դասականներից ռեժիսոր Քեն Լոուչի «Ես`Դենիել Բլեյք» ֆիլմով այսօր «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի հոբելյանական 15-րդ փառատոնը։

Ատաղձագործ Բլեյքն ապրում է Նյուքասլում։ Սրտի կաթվածից հետո հիմնական աշխատանք չունի։ 59-ամյա Դենիելը պետության աջակցության հույսին է մնացել, բայց սոցիալական ապահովության համակարգի ներկայացուցիչները ամիսներ շարունակ բյուրոկրատական քաշքշուկի մեջ են պահում նրան։

Իր կյանքի այս դժվարին օրերին, սակայն, նա կարողանում է ձեռք մեկնել կարիքի մեջ գտնվող Քեթիի ընտանիքին։ Քեթին ու նրա երկու երեխաները՝ Դեյզին ու Դիլանը դառնում են Դենիելի ընտանիքի անդամ՝ փորձելով միասին հաղթահարել սոցիալականից մինչև հոգեբանական խնդիրներ։

«Ես`Դենիել Բլեյք» ֆիլմը մեծ էկրան է բարձրացրել 2016 թվականին, սակայն այս կարճ ժամանակահատվածում հասցրել է երկու անգամ արժանանալ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին, ինչպես նաև դառնալ «Տպավորիչ բրիտանական ֆիլմ» անվանակարգի մրցանակակիր BAFTA մրցանակաբաշխության ժամանակ։

Փառատոնի բացմանն ու ֆիլմի ցուցադրությանը ներկա էր նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը։

«Բրիտանական ֆիլմերի փառատոնն իր հաստատուն տեղն է զբաղեցրել Հայաստանի մշակութային օրացույցում։ Այս տարի լրանում է նաև Հայաստանի և Միացյալ Թագավորության հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Այս տարիներին հենց մշակույթն է օգնել, որ հայերն ու բրիտանացիներն իրար ավելի լավ ճանաչեն ու հասկանան։

Կարևորում եմ այն հանգամանքը, որ այս տարվա ֆիլմերը բարձրաձայնելու են մարդու իրավունքների, բազմազանության և ներառականության թեմաները։ Ֆիլմը ժամանց է, բայց կարող է և պետք է նաև մտածելու, աշխարհին այլ հայացքով նայելու, մեր ենթադրությունները հարցականի տակ դնելու հնարավորություն տա»,- ասաց նա։

Փետրվարի 18-24-ը Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում կինոսերներին կներկայացվի յոթ ֆիլմ։ Յուրաքանչյուր ֆիլմ կցուցադրվի միայն մեկ օր, բայց չորս անգամ։ Ֆիլմերը կարելի է դիտել 17:00-ին, 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում (անգլերեն) և 18:00-ին, 20:00-ին Կապույտ դահլիճում (թարգմանված): Ցուցադրությունների մուտքն ազատ է։

Փառատոնային ֆիլմերը դիտելու հնարավորություն կունենան նաև Դիլիջանի, Գյումրու, Մարտունու և Արմավիրի կինոսերները։ Եվ Երևանում (Հայ-ռուսական համալսարան և Fiction ակումբ), և մարզային այցելությունների ընթացքում բացի հիմնական ծրագրից կցուցադրվեն նաև մարդու իրավունքների թեմայով կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ընդգրկված են փառատոնի հատուկ ծրագրում։ Կինոդիտումներից հետո կկազմակերպվեն թեմատիկ քննարկումներ։

Հայ-Ռուսական համալսարանում և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կանցկացվեն վարպետության դասեր փառատոնի հյուրեր Սառա Մոսսեսի (Together Films  ընկերության տնօրեն) և Քերոլայն Պիրեսի (Nerdero ընկերության տնօրեն) գլխավորությամբ։ Դասերի ավարտին ուսանողները կնկարահանեն ֆիլմեր, լավագույնները կարժանանան մրցանակների։

Այս տարի փառատոնի ուշադրության կենտրոնում է նաև ներառականության թեման։ Կազմակերպիչները հայտարարել են «Ներառականությունն իմ համայնքում» լուսանկարների մրցույթ։

Բրիտանական ֆիլմերի հոբելյանական 15-րդ փառատոնն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից՝ Երևանում Բրիտանական դեսպանատան և Beeline-ի աջակցությամբ։

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2762

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: