«ԱՅԲ»․ ՑՈՒՑԱՀԱՆԴեՍ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻՆ
Գյումրու «Գալերի 25» պատկերասրահում բացվել է Հրայր Հակոբյանի «ԱՅԲ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է հայոց այբուբենը տարբեր ոճերի ու զարդանախշային նկարազարդումներով:
«ԱՅԲ. մեկ տառի անվանում, որի հիմքում ընկած է ամբողջ հայկական այբուբենի ձևավորման սկզբունքը»,- այսպես է կարծում գյումրեցի Հրայր Հակոբյանը, ով արդեն 3 տարի է՝ փորձում է բացահայտել հայոց այբուբենի գաղտնիքն ու հասկանալ Մեսրոպ Մաշտոցին, ով արարել է՝ առաջնորդվելով հատուկ համակարգով:
Այս ամենն սկսվել է այն ժամանակ, երբ Պոլիտեխնիկական համալսարանում սովորելու տարիներին հանձնարարել են ուսումնասիրել Թորոս Ռոսլինի մանրանկարները: Ուսումնական առաջադրանքը դարձել է վճռորոշ: Հրայր Հակոբյանը սկսել է պրպտել ու ուսումնասիրել ոչ միայն ռոսլինյան նկարազարդումները, այլև մյուս մանրանկարիչների գործերը:
«Սկսեցի 4 ավետարանիչների նկարները վերարտադրել և տեսա, որ ոչ բոլոր տառերը կան, փորձեցի նմանությամբ վերականգնել մանրանկարներում բացակա տառերը: Առաջին աշխատանքս մի կերպ կարողացա ստանալ, մեծ դժվարությամբ: Հարկավոր էր լուրջ ուսումնասիրություն կատարել, ու հասկացա, որ ամեն մի տառ ունի իր առանձնահատկությունը, ոչ մի մասնիկ հենց այնպես արված չէ: ԱՅԲ. այս երեք տառերից կարելի է ստանալ ողջ այբուբենը: Օրինակ՝ Ճ, Հ, Ջ, Զ տառերը կարծես ընդհանուր սիմետրիայից դուրս մնան»,- ասում է Հրայր Հակոբյանն ու փաստում, որ այս հարցում իրեն շատ օգնել է դիզայներական կրթությունը: Մաթեմատիկայի լեզվով ու տրամաբանությամբ էլ պարզել է, որ հայոց այբուբենը իր հնչյունային հերթականությամբ նման է հունականին:
Այբուբենը բացահայտելու հետ միաժամանակ շարունակում է վերծանել հայ մանրանկարիչների աշխատանքները: Ոճային նմանություններն ու առանձնահատկությունները հաշվի առնելով՝ երեք տարի առաջ էլ սկսել է նկարել, թեև ընդամենը երկու ամսվա նկարչական կրթություն ուներ: Մեկը մյուսին հաջորդեցին տարբեր զարդանախշերով այբուբեններ: Այժմ արդեն սրբապատկերներ է նկարում: Հոգևորականների խորհուրդներն ի գիտություն ընդունելով՝ որոշ աշխատանքներ տրամադրում է Էջմիածնի Մայր տաճարին կից գործող խանութ-սրահին:
Ցուցահանդեսին ներկա էր նաև Հրայր Հակոբյանի դասախոս Ալեքսան Արզումանյանը։
«Թորոս Ռոսլինին իշխաններից մեկն ասում է, թե քո ամեն մի նկարի համար մի ձի կտամ, միայն թե նկարածներդ ինձ տուր: Մանրանկարիչն էլ պատասխանում է, որ 20 տարի հետո այդ ձիերի վրնջոցն էլ չի լսվի, իսկ իր նկարների գույներն անգամ չեն փոխվի:
Ուզում եմ, որ Հրայրը հասնի այնպիսի վարպետության, որ ոչ մի գույն ու ոչ մի շեղում չլինի, ինչքան էլ ժամանակ անցնի: Սկսած գործը պետք է հասցնել կատարելության»,- ասաց Արզումանյանը։
Նշենք, որ «Գալերի 25»-ում մեր այբուբենը կդիտարկվի երաժշտական, պատմական ու գիտական տեսանկյուններից։
Անահիտ Հարությունյան
- Created on .
- Hits: 3202