ՌՈՆ ՀԱՆՆԱՀ․ «ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՕՊԵՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է»
«Շատ եմ սիրում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Ինձ համար մեծ պատասխանատվություն է Խաչատրյանի հայրենիքում օպերա ներկայացնելը»,- ասում է կանադացի կոմպոզիտոր Ռոն Հաննահը:
Խոսքը «Լուսավորիչ» օպերայի մասին է, որի առաջնախաղը տեղի կունենա ապրիլի 3-¬ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Ռոն Հաննահը մի քանի տարի առաջ է եղել Հայաստանում, անչափ տպավորվել է մեր պատմամշակութային հուշարձաններով, իսկ այցելությունը Խոր վիրապ հիմք է դարձել «Լուսավորիչ» օպերան գրելու համար:
«Օպերային ներկայացման մեջ կան հրեշտակներ, միջատներ, որոնց մասին երաժշտություն պետք է գրվեր, ի՞նչ եք կարծում, հե՞շտ է միջատների մասին երաժշտություն գրել: Ըստ լիբրետոյի՝ Խոր վիրապում կան երեք հրեշտակներ, որոնք հսկում են Գրիգոր Լուսավորչին, իսկ միջատները խայթում ու անհանգստացնում են նրան: Հրեշտակների օգնությամբ միջատները բարեկամանում են սուրբ Գրիգորի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ համառոտ ներկայացրեց Ռոն Հաննահը:
Նա իր օպերայում նաև հայկական ժողովրդական չորս երգ է ընդգրկել:
Թեև օպերան մանկական չէ, բայց բեմադրությունն իրականացնելու նպատակով «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչները, հեղինակները և Կամերային նվագախմբի դիրիժոր Հարություն Արզումանյանը լսումներ են անցկացրել Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում: Արդյունքում ընտրվել են կամերային նվագախմբի երաժիշտներ, դերակատարների երկու կազմ, պարային խումբ՝ կազմված Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաներից, և երգչախումբ՝ կազմված Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաներից:
Արզումանյանը կարծում է, որ երեխաների ու երիտասարդների համար օպերայում ներգրավվելը մեծ փորձ է, և վստահ է, որ այն հաջողություն կունենա:
«Միշտ չէ, որ նման սիրով ենք աշխատում ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների, հատկապես օպերաների վրա: Սակայն «Լուսավորիչը» ինքնատիպ լուծումներով գործ է: Հայկական մեղեդիներն էլ շատ յուրօրինակ կերպով են մշակվել, մեզ համար բավական անսովոր, բայց շատ հետաքրքիր»,- նշեց դիրիժորը:
Լիբրետոյի հեղինակը Անդրեա Մելիսն է: Ըստ նրա՝ լիբրետոյի հիմքում ընկած է գոյատևման, ողջ մնալու գաղափարը:
«Լուսավորիչը» մանկական օպերա չէ, պարզապես երեխաների մեծ ներգրավվածությունն է այդպիսի տպավորություն թողնում»,- ընդգծեց նա:
Մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում ապրիլի 4-ին օպերան կներկայացվի նաև Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:
Օպերայի բեմադրությունն իրականացնում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Սիրանուշ Հայրապետյան
- Created on .
- Hits: 3122