«ԹՌՉՆԻ ՎԱՆԴԱ՞Կ Է ՍԱ»

 «Այս ցուցահանդեսն ինձ համար փոխակերպում է: Ջուր, որն անընդհատ եռում է, ալյուր, որ փոխակերպվում է լավաշի, քարերի հարվածներ, լսում ես ու զգում տիեզերքը, մի որոշ ժամանակով տեղափոխվում այլ աշխարհ:

Մարդիկ են գալիս, ներսուդուրս անում, նրանք էլ հնարավորություն ունեն փոխակերպվելու»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց  իտալացի արվեստագետ Բենյամին Թոմասին:

Բենյամինին հանդիպեցինք «Կարոյան» պատկերասրահում «Թռչնի վանդա՞կ է սա» ցուցահանդեսի բացման ժամանակ:

Ցուցահանդեսը Բենյամինի և նորվեգացի արվեստագետ Քրիստիանա Լիենի համագործակցության արդյունքն է: Ապրում ու ստեղծագործում են Վիեննայում: Հայաստան գալու որոշումը միասին են կայացրել և դիմել «Արվեստի կացարան» ծրագրին:

Երկուսն էլ ստեղծագործում են տարբեր մեդիաներով (ձայնային արվեստ, վիդեոարտ, ինստալյացիա, քանդակ):  Արվեստագետներն այլ նախագիծ էին ներկայացրել ծրագրին դիմելիս, սակայն Հայաստանում անցկացրած մեկ ամիսը նոր մտքեր ու գաղափարներ բերեց:

«Ի սկզբանե արվեստագետներին հետաքրքրել էին մեր ցայտաղբյուրները։ Առաջարկած նախագիծը Հայաստանի ջրերի ու քարերի մասին էր, բայց եկան ու հասկացան, որ ոչ միայն այդ աղբյուրները, այլև շատ այլ բաներ կարող են դառնալ ներշնչանքի աղբյուր:

Ուրախ եմ, որ ունենք հնարավորություն այստեղ ցուցադրելու նմանատիպ  ժամանակակից արվեստի նմուշներ: Մեդիաներն էլ մեզ համար նորարարական են: Չեմ կարծում, որ այսօր Երևանում վիդեո ինստալյացիայի, ձայնային արվեստի տարրերով  ցուցահանդեսներ շատ են լինում»,- մեզ հետ զրույցում նշեց ծրագրի ղեկավար, Today Art Initiative-ի հիմնադիր Լիլիթ Ստեփանյանը:

«Արվեստի կացարան» ծրագիրը 2014 թվականից իրականացնում է Today Art Initiative կազմակերպությունը: Այս տարիների ընթացքում կացարանը հյուրընկալել է արվեստագետների Մեծ Բրիտանիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Հոնկ Կոնգից:

Արվեստագետներին ընտրում են նրանց առաջարկած նախագծերի հիման վրա, ընտրված մասնակիցներին տրամադրում են համապատասխան պայմաններ, աջակցում հետազոտության ընթացքում և ավարտական աշխատանքը ներկայացնելիս:

«Մի քանի տարի է, ինչ ուզում եմ ջրի թեմայով ստեղծագործել: Չէի ասի, որ հետազոտող եմ, ուղղակի ուզում էի հասկանալ՝ ինչ է ջուրը մարդկանց համար, այդպես էլ բացահայտեցի հայկական ցայտաղբյուրները, իմացա, որ դրանք նաև հուշարձաններ են:

Մինչ այս, Հարավային Կովկասի ոչ մի երկրում չէի եղել: Սիրեցի Հայաստանը: Այստեղ մարդիկ ընկերասեր են:

Ցուցահանդեսը հայաստանյան զգացողությունների, ներշնչանքների և մեր փորձառության ամփոփումն է»,- անկեղծացավ Քրիստիանա Լիենը։

Հայաստանում եղած ժամանակ Քրիստիանան ու Բենյամինը հետազոտական նպատակներով եղել են Գեղարդում, Ջերմուկում և Մեծամորում:

«Ոգեշնչված եմ Հայաստանով, այն փորձառությամբ, որ ունեցանք այստեղ: Հատկապես գրավում է ձեր պատմությունը: Այն ամեն տեղ է: Օրինակ՝ Մեծամորի ատոմակայանի տարածքում»,- ընդգծեց Բենյամինը:

«Թռչնի վանդա՞կ է սա» ցուցահանդեսը «Կարոյան» պատկերասրահում կգործի մինչև ապրիլի 5-ը:

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2710

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: