Шаблоны для Joomla 3 здесь

ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

Ստեղծվել է՝ Շաբաթ, 06 Մայիս 2017 Հեղինակ՝ cultural
 «Լուսնյակ գիշեր» (1987), «Սումգայիթ» (1988-89), «Տագնապ» (1989), «Ինքնանկար» (1979), «Վերջը» (2001-02), «Գիշերային աղոթք» (2003), «Երեկո» (1972). սրանք անվանի նկարիչ Սարգիս Մուրադյանի (1927-2007) այն գործերից են, որոնք երբևէ չեն ցուցադրվել անավարտ լինելու պատճառով:

Այսօր արդեն կարելի է դրանք տեսնել «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում: Ապրիլի 5-ին այստեղ բացվեց «Սարգիս Մուրադյանի «լույսն» ու «ստվերը»» խորագրով ցուցահանդեսը, որտեղ բացի հիշյալ գործերից, ցուցադրված են նաև նկարչի հայտնի ստեղծագործություններից:

Լույսը շատերիս ծանոթ կտավներն են՝ լուսավոր, լավատեսական ու անվրդով, ստվերը՝ ուշ շրջանի երբևէ չցուցադրված կտավները՝ տագնապալի, ողբերգական, միստիկական:

«Հայրս հավանաբար չէր ցուցադրի այդ աշխատանքները, որովհետև շատ բծախնդիր նկարիչ էր և սիրում էր ավարտված գործեր (նույնն էլ ինձ էր սովորեցնում, ասում էր՝ երկար աշխատիր նկարի վրա): Բայց քանի որ ժամանակն անցնում է, ու դրանք դառնում են արդեն պատմական աշխատանքներ, որոշեցինք ցուցադրել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նկարչի դուստրը՝ նույնպես նկարիչ Զարուհի Մուրադյանը:

Սարգիս Մուրադյանը 1980-90-ական թվականներին ակտիվորեն ներգրավված է եղել Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Դա է պատճառը, որ այդ շրջանում քիչ է ստեղծագործել, մի մասն էլ անավարտ աշխատանքներ են:

«Այդ տարիներին նրա մեջ այնքան բաներ էին կատարվում, որ հենց ժամանակ էր գտնում, ինչ-որ բաներ պատկերում էր»,- պատմում է նկարչի դուստրը:

Նա հիշում է հոր մասնակցությամբ վերջին ցուցահանդեսը:

«Ես էի նախաձեռնել Ազգային պատկերասրահի այն ժամանակվա տնօրեն Փարավոն Միրզոյանի հետ: Հայրիկին ասացինք բացվելուց մեկ շաբաթ առաջ: Սարսափելի հուզվեց, ասաց՝ ինձ խայտառակ եք անելու, առանց ինձ ի՞նչ եք անում… Ասացի՝ լավ, կգաս, կտեսնես, կասես՝ լավ էր, թե վատ:

2007 թվականն էր, պահոցներից հանեցինք նրա ամենահայտնի գործերը և ցուցադրեցինք չորս դահլիճում: Այդ ժամանակ արդեն հիվանդ էր, քիչ էր տանից դուրս գալիս, ընկերներից շատերը մահացել էին, և նրան թվում էր՝ արդեն մոռացել են իրեն, իսկ մեծերն ուշադրության կարիք ունեն: Մարդաշատ այդ ցուցահանդեսը նրան համոզեց, որ իրեն չեն մոռացել»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց Զարուհի Մուրադյանը:

Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը ցուցահանդեսի բացման ժամանակ ընդգծեց, որ որևէ խնդիր չի տեսնում նկարչի անավարտ գործերը ցուցադրելու մեջ, քանի որ արվեստի պատմության մեջ ընդունված երևույթ է այդ անավարտությունը պատմականացնելը:

«80-ականներին վարպետն ավելի քիչ էր ստեղծագործում, հասարակական ակտիվությունը թույլ չէր տալիս ամբողջովին նվիրված մնալ իր արվեստին: Բայցևայնպես, զարմանալի կլիներ, եթե պատմական թեմայի վրա իր ստեղծագործության հիմքը դրած արվեստագետը չանդրադառնար, օրինակ, սումգայիթյան թեմային, անկախացման շրջանի հետ կապված փոփոխություններին: Փաստորեն այդ գործերը կան, և շատ կարևոր է, որ այսօր տեսնենք դրանք»,- նշեց նա:

Արվեստաբանի համոզմամբ՝ մենք խորհրդային անցյալի արվեստը նորովի բացահայտելու խնդիր ունենք, և Մուրադյանն այդ գործընթացի կարևոր դեմքերից մեկն է:

«Խորհրդային տարիների, հատկապես 20-րդ դարի երկրորդ կեսի մեր կերպարվեստը գրեթե ուսումնասիրված չէ: Մեր ունեցած բոլոր աշխատությունները խորհրդային ակադեմիական ոգով գրված գործեր են»,- նկատեց Լիլիթ Սարգսյանը:

Ցուցահանդեսը նվիրված է Սարգիս Մուրադյանի 90-ամյակին և մոտ մեկ ամիս բաց կլինի:

Սիրանուշ Հայրապետյան

Դիտումներ: 1158