ԿԱՅԱՑԱՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ «ՍՏԱՆԴԱՐՏ» ՏՐԻԵՆԱԼԵՆ

Առաստաղից կախված կապույտ ծաղիկներ, ապակու վրա նկարներ, անկյունում դիմաքանդակների մի կույտ ու առեղծվածային ձայներ...

Առաջին հայացքից տարօրինակ, բայց հետաքրքիր միջավայր, որն անիրական է թվում, բայց և կան բազմաթիվ բանալիներ, որոնք օգնում են բացահայտել ու ընկալել այս գործերի հեղինակների ուղերձները: Բոլոր այս աշխատանքները տրիենալեին են մասնակցում, որ կազմակերպվել էր Գյումրիում:

Ֆրանսիացի սյուրռեալիստ գրող  Ռենե Դոմալի անավարտ «Անալոգ լեռը» վեպի փիլիսոփայությունն է դրված «Ստանդարտ» ժամանակակից արվեստների տրիենալեի հիմքում: Հեղինակը վեպը սկսել է գրել 1939թ.-ին, երբ տեղեկացել է, որ հիվանդ է տուբերկուլյոզով: 1940 թ.-ին Ռենե Դոմալին, ում կինը հրեա էր, ստիպված է լինում լքել Փարիզը՝ նացիստական օկուպացիայի ճիրաններում չհայտնվելու համար: Եռամյա ընդմիջումից հետո հեղինակն ի վերջո կարողանում է անդրադառնալ վեպին: Հինգերորդ գլուխը գրելիս նա մահանում է եւ վեպը մնում է անվարտ:

trienale 3
Գյումրու Ս. Մերկուրովի թանգարանի մտնելու ճանապարհին այցելուին դիմավորում են Մարիա Ցագարի սպասման կապույտ ծաղիկները: Ներշնչանքը բանաստեղծ Նովալիսի անավարտ վեպն է, որում երիտասարդը փնտրում է կապույտ ծաղիկը, որ մարմնավորում է իդեալական կյանքի ու արժեքների փնտրտուքների ճանապարհը:

trienale gyumri 2
Կիսամուտքին գյումրեցի նկարիչներից Ալեքսեյ Մանուկյանը դեռ շարունակում է աշխատանքը՝ դրոշմելով գյումրվա դարպասը: «Սա ուրբան դրոշմանիշ է, միտքը քաղաքային ժառանգությունը նոր տեսանկյունից դիտելն ու նոր իրականության մեջ տեսնելն է»,-նշեց Ալեքսեյ Մանուկյանը: 

Իտալացի Ռիկարդո Արենայի այս ինստալյացիան եւս ոգեշնչված է բանաստեղծ Ռընո Դոմալի (1908-1944) «Անալոգ լեռը» անավարտ վեպից: Ներկյացված ամենաազդեցիկ աշխատանքներից մեկն էլ Ջուզեպպե Կակավալեի համադրումն էր, որտեղ, կյանքի ու մահվան հավերժական շրջապտույտն էր ներկայցված՝ Ս. Մերկուրովի քանդակների ու բանաստեղծական տողերով:
trienale 5

«Մեր նպատակն էր ժամանակակից արվեստը բերել նաեւ Գյումրի: Ես կարծում եմ, որ տրիենալեն պետք է հետաքրքրի եւ ոգեշնչի հայ երիտասարդ արվեստագետներին: Սա շատ լավ հնարավություն է քաղաքն ավելի ճանաչելի եւ զբոսաշրջության համար գրավիչ դարձնելու համար»,-ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը տրիենալեի գլխավոր համադրողն է: Նա ծանոթ չէր Գյումրիում 1998-ից մինչեւ 2012թ.-ն անցկացված բիենալեների պատմությանը: Նշեց միայն, որ անցյալի ձեռքբերումները ներկայով չշարունակելն ուղղակի մեղք գործելուն հավասար մի բան կլիներ:

trienale 4Նշենք, որ տրիենալեն շրջիկ պարբերական ցուցահանդես է: Տրիենալեի անվանումը վերցված է 1924 թ.-ին տպագրված «Ստանդարտ»՝ հայկական ավանգարդ պարբերականի անունից։ «Ստանդարտ» առաջին տրիենալեի համար Արվեստների Հայկական Խորհրդի ղեկավարությունն իբրեւ գլխավոր համադրող է ընտրել Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին, որը եղել է նաեւ 2015 թ. Վենետիկի 56-րդ բիենալեում «Ոսկե Առյուծ» մրցանակը նվաճած Հայկական տաղավարի համադրողը։

Անահիտ Հարությունյան
  • Created on .
  • Hits: 2723

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: