Եղիշե Չարենցի տուն-թանգարանում նշվեց պոետի 127-ամյակը

Այս տարի լրացավ հայ մեծանուն պոետ Եղիշե Չարենցի ծննդյան 127-ամյակը։ Հոբելյանի առթիվ ակտիվ գրական միջոցառումներով էր զարդարվել Եղիշե Չարենցի տուն-թանգարանը։ Այս տարի Չարենցյան տարվա խորագիր է ընտրվել «Իմ աչքերի մեջ այնքան…» խորհրդանշական բանաստեղծական տողը։

Եղիշե Չարենցի ծննդյան 127-ամյակի շրջանակում իրականացվեցին մի շարք միջոցառումներ։ Նախ Եղիշե Չարենցի հուշակոթող այցելությամբ  հարգանքի տուրք մատուցվեց սիրելի պոետի հիշատակին, այնուհետև իրականացվեց «ՉարՉարենց» հարցախաղը, որը պոետի ծննդյան եռուզեռի ամենասպասված և սիրելի դարձած հատվածներից մեկն էր։

Չարենցի պատվին են կոչվել մի շարք կենտրոններ, իսկ Երևանի Օղակաձև այգում է գտնվում Եղիշե Չարենցի հուշարձանը, որը տեղադրվել է 1985 թվականին (Ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան)։ Երևանի թիվ 67 դպրոցը 1955 թվականին անվանակոչվել է Եղիշե Չարենցի անունով։ Չարենցի անունն է կրում նաև գրականության և արվեստի թանգարանը։ Երևանի սրտում է գտնվում Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, որը հիմնադրվել է 1964 թվականին այն բնակարանում, որտեղ 1935-1937 թվականներին ապրել է Չարենցը: Երևանի Կենտրոն վարչական շրջանում էլ գտնվում է Չարենցի փողոցը։

Charenc.127 2

Գրական ու մտավոր շրջանակից զատ օրվա ընթացքում հուշակոթողի մոտ իրենց հարգանքի տուրք են մատուցում բազմաթիվ քաղաքացիներ, դպրոցականներ։ Աշակերտներն ասմունքում ու հիշում են  մեծն Չարենցի խորհրդավոր տողերը։ Նրանց են միանում նաև ուսանողները։ Բանասեր Աիդա Քոչարյանն էլ նրանցից մեկ  է, Չարենցի մտքի սիրահարը, որն ուսումնասիրում է Չարենցյան սիմվոլիզմի առանձնահատկությունները։

«Եղիշե Չարենցը մեր ավանդական գաղափարախոսության կրողն է, ջահը, որը լույս է բերում խավար օրերում։ Չարենցի ոգին պետք է միշտ արթուն պահել, որպեսզի հավերժ ապրի նաև հայ ստեղծագործական միտքը։ Չարենցի ոգին, որն ազատ է նախապաշարմունքներից, միաժամանակ պահպանում է գենետիկ կոդը, նախնիների կանչն ու հայացքը դեպի հեռուն է սևեռում»,- ասում է Ա. Քոչարյանը։

Թանգարանի գիտաշխատող, Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը նշեց. «Բանաստեղծի թոռնուհին լինելը մեծ հպարտություն է, միաժամանակ՝ պատասխանատվություն։ Չարենցն իմ իմացած ամենալուսավոր մարդկանցից է թե՛ էությամբ, թե՛ պոեզիայով»։

Charenc.127 3

Հայաստանի գրողների միության քարտուղար Նորեկ Գասպարյանն էլ հորդորեց հիշել Չարենցի պատգամները և երբեք չփորձել մասնատել Հայաստանը։ Գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանը ևս շնորհավորեց Եղիշե Չարենցի ծնունդը և նշեց, որ բանաստեղծին պետք է միշտ անդրադառնալ, քանի որ գործ ունենք մի բացառիկ հանճարի, համաշխարհային նշանակության մեծ գրողի հետ։ Դեպի Չարենց են գալիս բոլոր ստեղծագործական ճամփաները։

Պոետի գրական ժառանգության հանրայնացմանն ու վերարժևորմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը «Չարենց», «Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը» գրքերի շնորհանդեսն է, որոնց հեղինակն ու կազմողն է չարենցագետ, բ.գ. դ. Դավիթ Գասպարյանը։ Հեղինակը տուն-թանգարանի գրադարանին նվիրեց այդ գրքերը։
Իսկ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանն  ասաց․ «Եղիշե Չարենցի ծննդյան տոնը նշելը ամեն տարի կարծեք թե որոշակի ամփոփման, հաշվետվության է նման։ Այս տարի ևս հերթական անգամ ամփոփում ենք Չարենցյան տարին ու ձեռնարկումները։ Այս տարի ևս մեկ առիթ կա՝ թանգարանի հիմնադրման 60-ամյակն է, և միջոցառումները ևս թանգարանին են նվիրվում։ Այս անգամ ևս մի քանի հոբելյանական միջոցառումներ են սպասվում։ Ահա օրինակ «ՉարՉարենց» հարցախաղը, որին մասնակցողները պետք է չարչարվելով պատասխանեն հարցերին։ Հաղթողներին անակնկալներ են սպասվում»։

Չարենցյան օրն ամփոփվեց «Իմ աչքերի մեջ այնքան…» համերգով։
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի կատարմամբ հնչեցին Չարենցի ստեղծագործություններից։ Կոմպոզիտորը տուն-թանգարանին նվիրեց Չարենցի չորս ստեղծագործությունների հիման վրա գրված նոտաները։ Միջոցառումներին ներկա էին մտավորականներ և արվեստի գործիչներ։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 224

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: