«Լռություն». Երբ ու ինչպես պատերազմի ծուխն արվեստ դարձավ

«Պատերազմից հետո աղմուկը շատ էր, և ես հասկացա, որ իմ մեջ էլ է մեծ բան փոխվել։ Ինձ լռություն, դադար ու ժամանակ էր պետք»։

Հենց այստեղից էլ առաջացել է Հայաստանի ազգային պատկերասրահում հունվարից մինչև այժմ ցուցադրվող արվեստագետ Լուսինե Նավասարդյանի «Լռություն» մուլտիմեդիա նախագծի անվանումը՝ դառնալով «Հեռապատումներ» ծրագրի մեկնարկային ցուցահանդեսը։

Lrutyun cucahandes 2

Այն պատերազմի, դրա հետևանքների և կյանքի ուժերի միջև փոխհարաբերության մասին է։ Նկարը պատկերում է արցախյան պատերազմի ծուխը, այն պատկերասրահի հենց մեջտեղում է տեղադրված։ Առջևից նկարն է, հետևում վիդեպրոյեկտը, որը ցուցադրում է նկարի ստեղծման ընթացքը։

Մեզ հետ զրույցում Լուսինե Նավասարդյանը պատմում է, թե ինչպես է ստեղծվել նախագիծը․ «Նկարելու գաղափարը ծնվել է պատերազմի օրերին։ Պատերազմում եղած լրագրողներից խնդրեցի հենց այն տեսանյութերը, որոնց մեջ սև գույնի ծուխ կար, բայց ամենասկզբից էլ մտքումս գիտեի, որ սևը պետք է ստանամ տարբեր գույներով։ Բոլոր գույները կան, բացի սևից ու մոխրագույնից»։

Lrutyun Lusine Navasardyan 2

Աշխատանքը անելուց, ըստ արվեստագետի, գաղափարական իմաստով կարևոր է եղել շեշտադրել ապրելը, կյանքը, կյանքի տարբեր կողմերը։ Ցույց տալ, որ կյանքում թե՛ աղետալի, թե՛ երջանիկ պահեր են լինում․ «Պատերազմից հետո նաև իմ, մեր փոփոխության, մտածելու մասին է, ու այդ փոխվելու շրջանակներում ես սկսեցի այնպես նկարել, որ մինչ այդ չէի նկարել։ Հետևաբար ընթացքում մտածելու, ինչ-որ բաներ բացահայտելու տեղիք էր տալիս»։

Նավասարդյանի «Լռություն» մուլտիմեդիա նախագիծը կենտրոնանում է հետևյալ խնդիրների վրա. ․ կարո՞ղ է արդյոք արվեստը օգնել մեզ ընկալել այս ողբերգության աներևակայելի ծավալը և հետևություններ անել, նախքան այն կդառնա պատմական հիշողության ևս մեկ բեռ։

Lrutyun Lusine Navasardyan 3

Առաջին գործի ցուցադրությունը բաղկացած է 2021-2024 թվականների ընթացքում ստեղծված չորս մետրանոց մոնումենտալ գծանկարից և դրա ստեղծման ընթացքը վավերագրող վիդեոպրոեկցիայից։ Վերացականության ու փաստագրության միջև տատանվող գծանկարի սևագուշակ առարկան վկայակոչում է պատերազմի բնաջնջող ուժը։ Սակայն ուշադիր ու երկար դիտելու դեպքում սկսում են ի հայտ գալ գույներ և տարատեսակ ձևեր, որոնք հետզհետե ցրում են պատկերի մռայլությունը։

«2021-ը կարող ենք համարել հետազոտական շրջան՝ թուղթ, մատիտ, ստենդ գտնելը։ Վիդեպրոյեկտի համար հագուստը պետք է լիներ սպիտակ։ 2022 թվականին նկարել եմ երկու ամիս, հետո մի շրջան դադարեցրել եմ աշխատանքն ու շարունակել 2024 թվականին, այդ տարվա ձմռան սկիզբն աշխատանքն արդեն ավարել էի։ Ինչ-որ պահից հասկացա, որ նկարելուց չեմ ուզում արհեստական լույսեր։ Ենթարկվում էի արևին, 10 ժամ նկարում էի՝ արևի դուրս գալու պահից սկսած մինչև մայր մտնելը»,- պատմում է նա։

Lrutyun Lusine Navasardyan 4

Վիդեոյի գաղափարը նույնպես հետաքրքիր կերպով է առաջացել․ «Պատերազմից հետո ինձ չէի ճանաչում, եթե մի քիչ ավելի գնանք այն կողմ, որ կանայք մարմնի ձևերի, չափերի հետ խնդիր էին ունենում, ես այդ խնդիրը չէի ունեցել, պարզապես ինձ համար անճանաչելի էր իմ մարմինը։ Ես որոշեցի ինքս ինձ նկարել այն կետից, որտեղից մարդիկ իրենց չեն տեսնում՝ հետևից։ Այն կադրերը, որոնք ընտրել եմ կապված են հենց այն ժեստերի հետ, որոնց ես անում միշտ։ Մարդիկ մտածում էին, որ մի քանի մատիտ եմ վերցրել և նկարել, բայց ամեն շրջանը մի մատիտով եմ նկարել, որոնք պարբերաբար սրում էի»։

Նրա խոսքով՝ այն ամենը, ինչը ինքը ցանկացել է ցույց տալ՝ կյանքի բնույթը, կարևորությունը, ապրված մարմնի ժամանակը, հաջողվել է դա փոխանցել։ Նկարն ամենասկզբում որևէ մեկը չի տեսել, միայն երբ այն 90 տոկոսով պատրաստ է եղել արվեստագետը ցույց է տվել իր ընկերներին։ Հետո սկսվել է ցուցադրման ընթացքը։

Lrutyun Lusine Navasardyan 5

«Ուզում էի, որ այն անպայման ցուցադրվի, քանի որ սա էլ արվեստագետի արձագանքն էր այն ամենին, ինչը մեզ հետ տեղի էր ունեցել։ Համագործակցությունը համընկավ Վիգեն Գալստյանի ծրագրերի հետ։ Այսինքն՝ նա ցուցահանդեսը համադրողն է։ Համագործակցությունը ստացվեց հիանալի։ Իմ աշխատանքն ու ներկա աշխատանքները կարծես երկխոսում են միմյանց հետ․ խորհրդավոր բան կա մեջը։ Ցուցադրության բացման ընթացքն էլ շատ հաջող ստացվեց․ մարդկանց մի մասը վիդեոարտն էր նայում, մյուսը՝ նկարը, ու կլոր շրջան էր ստացվել։ Մարդիկ շատ ողջունել են այն ու գալիս են ցուցադրությունը դիտելու։ Ինձ ուրախացրել է նաև երեխաների հետաքրքրությունը»,- նկատում է նա։

Վաղը ցուցահանդեսի վերջին օրն է։

Այժմ Լուսինե Նավասարդյանը սկսել է աշխատել այլ գործերի ստեղծման ուղղությամբ։ Ասում է՝ կարևոր է նույնքան անկեղծ լինել արվեստի ու իր մտքերի միջև։

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 255

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: