Նյումեգ հրատակչության Ձմեռային փառատոնը ամփոփեց հերթական տոնը

Գիրք նվիրելու տոնին ընդառաջ գրքասերների համար հերթական ձմեռային փառատոնն էր կազմակերպել Նյումեգ հրատարակչությունը: Մի քանի տարի շարունակ Նյումեգը մեկ հարթակում համախմբում է ժամանակակից հեղինակների և ոչ միայն, երաժիշտների և արվեստագետների, դե իսկ օրը, իհարկե, տոնի է վերածվում գրքասերների համար: Փառատոնի հանդիսավոր բացումն ազդարարեց Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախումբը, ելույթով էլ հանդես եկան հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը, գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը և գործընկեր ընկերություններից ներկայացուցիչներ:
«Նյումեգ Ձմեռային փառատոնը մեր ամենամեծ փառատոնն է իր բազմամարդությամբ, իր մասշտաբով, բովանդակային ու ժանրային բազմազանությամբ: Փառատոնները խոսում են այն մասին, որ մարդիկ հետաքրքրված են հետաքրքիր ու լայն բովանդակությամբ, որը մատուցվում է հետաքրքիր և ժամնակակից մեթոդներով»,-ասում է Նյումեգ հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը:
Այս տարի Ձմեռային փառատոնին առաջնահերթություն էր տրվել ժամանակակից հայ հեղինակներին: Ահա օրինակ Սյունե Սևադան առաջին անգամը չէ, որ համագործակցում է Նյումեգի հետ: Ընթերցասերներն էլ հիշում են հեղինակի և Նյումեգի հրատարակած նախորդ ստեղծագործությունը՝ «Աղի թեյ»-ը: Այս անգամ Սյունե Սևադան ներկայացավ «Արիության մետաղ» ստեղծագործությամբ: Սյունե Սևադայի 3-րդ գիրքն անդրադառնում է 1990-ականների Երևանի քաղաքային լեգենդներից մեկին՝ այն է՝ Բժշկական համալսարանում նկարահանված ենթադրյալ տեսանյութին, որի շուրջ ծավալվում են դեպքերը:
Փառատոնը ներկայացավ 5 նոր գրքերով՝ հայ հեղինակների ստեղծագործություններով: Նրանցից մեկը Հերմինե Ավագյանն է: Ինչպես նշում են հրատարակչությունից, Newmag-ի ռազմավարության մեջ է մտնում նաև աջակցությունը արցախցի հեղինակներին։ Այս փառատոնին էլ ներկայացվեցին արցախցի գրող Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքեր» և հեռուստալրագրող, հաղորդավար Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գրքերը: Աշխատանքները կյանքի են կոչվել Ամրոց Հիմնադրամի աջակցությամբ: Գրքերի շնորհանդեսն էլ եզրափակվեց «Արցախի ձայներ» խմբի անդամների ելույթով։
Ահա, նրանցից մեկը՝ Newmag հրատարակչության ու «Թովմասյան» հիմնադրամի հայտարարած Արցախցի հեղինակների գրական մրցույթի դափնեկիր Հերմինե Ավագյանը, ներկայացնում է Արցախյան պատերազմի, լքված հայրենիքի, անքնության ու հանդիպման սպասումի մասին պատմվածքների ժողովածուն՝ «Հրաժեշտի աչքերը»։
«Ստեղծագործությունը զուտ նամակի ժանր չէ, օրեր էին լինում, որ պատմվածքներ էի գրում, օրեր էին լինում, որ բանաստեղծություններ էին ծնվում, ու դրանք ներկայացնում էի մայրիկիս, որ կամրջից այն կողմ էր: Սկզբում դրանք խորագրեցի «Նամակներ մորս» շարքով, հետո դրանք դարձան «Նամակներ երկրին»: Մայրս և երկիրս նույն հայացքով են ինձ նայում: Ես հասկացա, որ դա մեկ ամբողջություն է»,- ասում է Հերմինե Ավագյանը:
Արցախցի լրագրող, հեռուստահաղորդավար, «Ականատեսը» հեռուստանախագծի հեղինակ Ծովինար Բարխուդարյանն էլ ներկայացնում է «Վերջին կարմիր շրթներկը. արցախյան օրագիր» գիրքը։ Իր «Ականատեսը» հեռուստանախագիծն էլ այդտեղ է հանգրվանել: Ծովինար Բարխուդարյանը պատմում է իր և տասներկու արցախցի կանանց անձնական հուշերը և ապրումները։ Արցախի բլոկադան ու հայաթափումն են, որոնց մասին մտորում են կանայք։ Իսկ կարմիր շրթներկը մի մետաֆոր է, հույսի խորհրդանիշ: Ծովինար Բարխուդարյանը հիշում է, թե ինչպես էին Արցախում նրան ասում՝ եթե եթերում կարմիր շրթներկը շուրթերիդ է, ուրեմն ամեն ինչ լավ է:
«Այդպես պայմանականորեն վերադառնում էի Արցախ, իմ մանկություն․ այդ գաղափարից էլ կառչեցի։ Հիմա բոլորը նվիրում են ինձ կարմիր շրթներկ․ հյուս ունեմ, որ հաջորդ պատմությունը մեր վերադարձի պատմությունը կլինի»,- ասում է Ծովինար Բարխուդարյանը:
«Բեսթսելլերից մեկ տարի անց» վերտառությամբ քննարկմանն էլ մասնակցում էին Անի Քոչարը, Աստղիկ Սահակյանը, Գոռ Կարապետյանը, Թովմաս Առաքելյանը: Նախորդ տարի փառատոնի ընթացքում տեղի էին ունեցել հեղինակների գրքերի շնորհանդեսները: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում, ինչպիսի՞ նոր պլաններ ունեն, պատմում են հեղինակները:
Հրատարակչությունը շարունակելու է ակտիվ գործունեությունը։ Ինչպես նշվում է, արդեն շուտով ընթերցողների սեղանին կհայտնվի «Հայկական Տեխնոթռիչքն ու Պոլիտեխնիկը» գիրքը։ Գիրքը նվիրված է Հայաստանի Պոլիտեխնիկական Համալսարանի պատմությանը։ Սպասվող գրքի մասին քննարկումն էլ ընթացավ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի, գրքի հեղինակ Գոհար Մանուկյանի, Rearrange փոդքասթի հեղինակ Նարեկ Ամիրխանյանի մասնակցությամբ։ Դե իսկ այսօր էլ ինչ քննարկումներ, առանց արհեստական բանականության մասին մեջբերման։
Գրքի փառատոնի ընթացքում գրքերը հնարավոր դարձավ ձեռք բերել 40% զեղչով։ Փառատոնի ընթացքում այցելուները բացի գրական նվերներից, հնարավորություն ունեցան դիտելու Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Մարիամ Մանուկյանի «Լռությունից լույս» խորագրով կտավների շարքը։ Փառատոնի երաժշտական հատվածը զարդարեցին Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախումբը, երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, երգիչ Գոռ Սուջյանը և «Արցախի ձայներ» խումբը:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 108