Ի՞նչ անակնկալներ ու միջոցառումներ են սպասվում գրքի տոնին.

Հայաստանյան գրական աշխարհում մեկ տասնյակից ավելի է, ինչ փետրվարի 19-ին նշվում է գրքի նվիրատվության տոնը։ Տոնը երկակի նշանակություն ունի, քանզի այսօր նշվում է նաև Ամենայն հայոց բանաստեղծ, անմահ լոռեցի, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Տոնի առթիվ Cultural.am-ը շնորհավորում է ընթերցասերներին և մեկտեղել է մի շարք միջոցառումների ցանկը։ Ներկայացնում ենք, թե ինչպիսի միջոցառումներ են նախատեսում Հայաստանի մի քանի մշակութային, գիտակրթական օջախներ։

Փետրվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, գրքատոնին կմիանա Մայր բուհը՝ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում կմեկնարկի Գրքի օրվան նվիրված միջոցառումը։

12:00, 13:00, 14:00, 15:00 - ԵՊՀ ուսանողների և հյուրերի շրջայցեր (գրադարանի նախասրահից (կենտրոնական մուտքի կողմից))։

14:00 - Հնատիպ և հազվագյուտ տպագրությունների ցուցադրության բացում (գրադարանի նախասրահ (կենտրոնական մուտքի կողմից)։

14:30 - «Հետազոտողը՝ գրող (և հակառակը)». աշխատարան (ընթերցասրահ (503))։
15:00 - «Անհատը և հանրայինը. տեքստեր փոխհարաբերության մասին» թարգմանական ժողովածուի քննարկում (բանասիրական գիտությունների ընթերցասրահ (501))։

16:30 - «Ինչպես կերտել կերպար և տնօրինել ճակատագրեր». աշխատարան (ճշգրիտ գիտությունների ընթերցասրահ (503))։

17:00 - Դ. Քանեմանի «Մտածողություն. արագն ու դանդաղը» գրքի քննարկում (բանասիրական գիտությունների ընթերցասրահ (501))։

Առաջնորդվելով՝ Գրքի տոն՝ նվիրելով գիտելիք ու ջերմություն կարգախոսով՝
ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովն էլ կազմակերպել է հանդիպում-քննարկում նվիրված գրքի տոնին։

«Ընծայագիր․ գիրք նվիրելու արվեստը» ցուցադրություն

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Գրականության և արվեստի թանգարանն էլ տոնելու է թանգարանի ֆոնդերից առանձնացված գրքային ընծայագրերի ցուցադրությամբ։ Ընծայագրերն առանձնանում են իրենց հետաքրքիր բովանդակությամբ, ինքնատիպ ձևավորումներով, նրբագեղ շեշտադրումներով, առանձնահատուկ ձեռագրերով և անկրկնելի ոճով՝ բացահայտելով գրական ժառանգության անկեղծ ու ջերմ էջերը։

Ի՞նչ գրքեր էին նվիրում միմյանց հայ, արևմտահայ և այլազգի նշանավոր մտավորականները՝ վերածելով ընծայագրերը հիացմունքի և երախտագիտության խոր արտահայտման, այցելեք Գրականության և արվեստի թանգարան և կունենաք մի շարք բացահայտումներ։ Ընծայագրերի ցուցադրությունը կգործի մինչև մարտի 7-ը։

«Զանգակ» գրատունը մի քանի օր է, ինչ միացել է տոնին՝ «Զանգակ»-ը գրքեր է նվիրում։ Փետրվարի 17-19-ը կատարելով 8000 դրամի և ավել գնումներ «Զանգակ» գրատների ցանցից ու www.zangakbookstore.am կայքից, կարող եք ստանալ նվեր գրքեր։

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան- ինստիտուտը տոնին հրավիրում է թանգարան՝ հետաքրքիր ցուցադրությունից զատ, նաև գիրք նվեր ստանալու։ Թանգարանը բաց է 10:00-17:00, մուտքն ազատ է:

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Բուկինիստ գրախանութում իրենց սիրելի գրքերով էլ կիսվում են փոքրիկ գրքասերները

Գիրք նվիրելու օրը Ս․ Կապուտիկյանի տուն-թանգարանում, փետրվարի 19, 14:00

Գրքի շնորհանդես – Կներկայացվի նոր հրատարակված «Բանաստեղծուհու ներաշխարհը» գիրքը՝ նվիրված Ս․ Կապուտիկյանի գրական ժառանգությանը։

«Գիրք` լավագույններին» – Տուն-թանգարանի հետ սերտորեն համագործակցող դպրոցների լավագույն աշակերտները կներկայացնեն Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործություններից հատվածներ և կպարգևատրվեն գրքերով։

Տոնի կապակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տարաբնույթ միջոցառումներ են իրականացվելու փետրվարի 19-21-ին։

Տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի այսօր, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում՝ Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների գրքային ցուցահանդեսով։ Եռօրյա տոնական միջոցառումների շրջանակում միջոցառումներ կիրականացվեն ինչպես գրադարանում, այնպես էլ գրադարանից դուրս:

Գրքասերներին սպասվում են տիկնիկային ներկայացումներ, գրքերի շնորհանդեսներ, տարվա լավագույն ընթերցողների պարգևատրում, նրանց համար ճանաչողական էքսկուրսիա Հայաստանի պատմության թանգարանում, նկարչական ցուցահանդես, գիրք-նվերներ նորածիններին և այլ հետաքրքիր միջոցառումներ։

Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն էլ հրավիրում է «Մեր ազգի սիրած «Վերք Հայաստանին»» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացմանը։

Միջոցառումների շրջանակում փետրվարի 19-ին՝ ժամը 14:30-ին, Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա Ընթերցանության օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը: Օրվա շրջանակում թարգմանիչ, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը երեխաների հետ կանցկացնի քննարկում՝ նրանց տարիքային խմբին համապատասխան գրական ստեղծագործությունների վերաբերյալ։ Միջոցառման ավարտին՝ ժամը 16։00–ին, երեխաները կայցելեն Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարան՝ ծանոթանալու հայ գրատպության անցած պատմությանը։

Մաղթում ենք գրքառատ, հետաքրքիր ու արկածային օր։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 292

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: