Ո՞ր ստեղծագործություններն են ճանաչվել տարվա բեսթսելերներ՝ ըստ «Արմենպրես» լրատվական գործակալության

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունն ամփոփեց «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագիծը: Հետևելով փետրվարյան գրքառատ տոների խորհրդին՝ լրատվական գործակալությունն էլ իր այս նախագծով արդեն ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ ոգեշնչում է հեղինակներին։ Արդյունքում լավագույն աշխատանքներն արժանանում են մրցանակների։ Ինչպես «Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանը նշեց` «Երևանյան բեսթսելեր»-ը, յուրահատուկ հայելի է, որն արտացոլում է և՛ ընթերցողների նախասիրությունները, և՛ ստեղծագործողների գրական ճաշակը, և՛ հրատարակիչների ու հրատարակչական գործի զարգացման միտումները։
«Տարին մեկ անգամ ձգտում ենք գործակալության հյուրընկալ հարկի տակ համախմբել ստեղծագործողներին, հրատարակիչներին, ընթերցողներին, որպեսզի արժանին մատուցենք նրանց կատարած աշխատանքին, քանի որ ավելի քան մեկ տասնամյակ համատեղ ճամփորդում են։
«Երևանյան բեսթսելեր»-ը ստեղծվել է «Արմենպրես»-ի նախորդ տնօրեն Արամ Անանյանի ջանքերով, իսկ փետրվարը գրքի տոն է դարձել նրա հոր՝ Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի ջանքերով։ Նա հայ հասարակությանը, հայ ընթերցողին, գիրքը սիրողին նվիրել է ապրեցնող տոն՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը հռչակել է որպես Գիրք նվիրելու օր, որին բոլորն են սպասում»,- ասաց Ն. Նազարյանը։
«Տարվա բեսթսելերների հրատարակիչ» անվանակարգում մրցանակը տրվեց Էդիթ Պրինտ Հրատարակչությանը՝ մշակութային գործիչների կյանքին ու գործունեությանը նվիրված «Մշակույթի հայ հայտնիները» շարքի հրատարակման համար: Հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը, հաջողություն մաղթելով «Երևանյան բեսթսելեր»-ին, նաև շնորհակալություն հայտնեց բոլոր ընթերցասերներին։ Նրա խոսքով` եթե նրանք չլինեին, չէին լինի ո՛չ հրատարակչությունները, ո՛չ նախագիծը։
««Երևանյան բեսթսելեր» նախագիծն իրականացնելը հեշտ աշխատանք չէ, սակայն այն երկար ճանապարհը, որ անցնում է հրատարակիչների հետ, օգնում է, որ Հայաստանում ընթերցանությունը զարգանա։ Մենք միշտ ասում ենք, որ քիչ են կարդում, կցանկանանք՝ շատ կարդան, և այս նախագիծն օգնում է դրան»,- ասաց Դավիթ Սամվելյանը։
«Տարվա մանկական բեսթսելեր» անվանակարգում մրցանակի արժանացավ Հայկ Աջապահյանը «ԴաՎինչի» հրատարակչության՝ «Կախարդական գրադարանը» գրքի համար: Ըստ Աջապահյանի` այսպես կոտրվում են նաև կարծրատիպեր, քանի որ գրքի հաջողությունն ապացուցում է, որ հայ ծնողները պատրաստ են իրենց երեխաների համար գնել ժամանակակից հեղինակների գործեր։ Հիշեցնենք, որ գիրքը լույս է տեսել դեկտեմբերին ու կարճ ժամանակում սիրվել ընթերցասերների կողմից ու դարձել բեսթսելեր։
«Տարվա ամենապահանջված թարգմանության» անվանակարգում մրցանակի արժանացավ NEWMAG հրատարակչության Ալեքս Մայքլիդիսի «Ցասում» վեպը։
Հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը շնորհակալություն հայտնեց «Արմենպրես»-ին և ընթերցողներին՝ «Նյումեգ»-ն ընտրելու համար։
«Հաղթող գիրքը, որի թարգմանիչն Աստղիկ Աթաբեկյանն է, մեզ համար շատ յուրահատուկ է, քանի որ նախորդ տարի առաջին անգամ էր, որ Հայաստանում գիրք էր հրատարակվում հենց այն ժամանակ, երբ այն աշխարհում էր լույս տեսնում։ Հաջորդ նման գիրքը դարձավ Յուվալ Նոյ Հարարիի «Nexus»-ը։ «Ցասում»-ը բացեց ճանապարհ, երբ թարգմանությունները կարող են լինել ժամանակին, և հայ ընթերցողը կարող է կարդալ լավագույն վեպերը, նոր գործերը աշխարհի հետ միաժամանակ»,-ասաց Անի Հակոբյանը։
«Տարվա փաստավավերագրական բեսթսելեր» անվանակարգում մրցանակի արժանացան Արա Թադևոսյանը և Լուսինե Ղարիբյանը՝ «Վանոն ու Վազգենը. երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գրքի համար։
«Մեզ համար անսպասելի էր գրքի հաջողությունը։ Իհարկե, ցանկացած հեղինակ հույս ունի, որ գիրքը հաջողություն կունենա, բայց նման բան չէինք ակնկալում. հոկտեմբերի կեսից մինչ օրս 2 հազար 200 օրինակ է վաճառվել, և չորրորդ խմբաքանակն է տպվում։ Մեզ համար կարևոր է, որ գիրքը հետաքրքիր էր երիտասարդներին ու շարունակում է այդպիսին լինել»,- ասաց գրքի համահեղինակ Արա Թադևոսյանը։
«Տարվա բեսթսելերների հրատարակիչ» անվանակարգում մրցանակի արժանացավ Անտարես հրատարակչությունը՝ նոր մատենաշարով հայ դասականների գործերի հրատարակման և նորովի ներկայացման համար։ Հրատարակչության PR ղեկավար Ռոզա Գրիգորյանը, որը նաև «Երևանյան բեսթսելեր» նախագիծն է իրականացնում, երկարակեցություն մաղթեց նախագծին՝ նշելով, որ հրատարակչությունը շարունակում է ուշադրություն դարձնել ոչ միայն համաշխարհային բեսթսելերների թարգմանությանը, այլև հայ դասական և ժամանակակից ստեղծագործողների գրքերի լույսընծայմանը։
«Տարվա բեսթսելերների թարգմանիչ» անվանակարգում մրցանակը ստացավ Զարուհի Անտոնյանը՝ «ԴաՎինչի» հրատարակչության» Օմեր Մայքի «Մարդասպանի աչքերով» գրքի համար։
«Տարվա հայ հեղինակ» անվանակարգում էլ մրցանակի արժանացավ Ռուբեն Եսայանը՝ «Վանականներն ունեն գաղտնիք» գրքի համար։ Հատուկ մրցանակի արժանացավ Բուկինիստ հրատարակչությունը՝ «Գրքի գիշեր» ավանդույթի հիմնադրման և դրա միջոցով գրքի և ընթերցանության նկատմամբ սիրո ամրապնդման գործում նշանակալի ներդրման համար: Հատուկ մրցանակի արժանացավ նաև Զանգակ հրատարակչությունը՝ գիտաֆանտաստիկ գրականության նկատմամբ սիրո խթանման ջանքերի, Ֆրենք Հերբերթի «Դյուն» գիտաֆանտաստիկ վեպի համար:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 41